2016
Մարգարեություն և անձնական հայտնություն
April 2016


Առաջին Նախագահության Ուղերձ

Մարգարեություն և անձնական հայտնություն

Նկար
youth and children first presidency message sidebars
Նկար
family watching general conference

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին վերականգնվել է և այսօր գոյություն ունի աշխարհում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միշտ առաջնորդվել է ապրող մարգարեների և առաքյալների կողմից, ովքեր մշտապես խորհուրդներ են ստանում երկնքից։

Այդ աստվածային օրինաչափությունը գործել է նաև հին ժամանակներում։ Աստվածաշնչում մենք սովորում ենք․ «Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին» (Ամովս 3.7):

Աստված կրկին խոսել է մեր օրերում Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Նա հայտնեց մեզ Հիսուս Քրիստոսի ավետարանն իր լրիվությամբ: Նա վերականգնեց Իր սուրբ քահանայությունը՝ բանալիներով և բոլոր իրավունքներով, զորություններով և քահանայության սուրբ զորության գործառույթներով։

Մեր օրերում ապրող մարգարեները և առաքյալները լիազորված են խոսելու, ուսուցանելու և առաջնորդելու Հայր Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի իշխանությամբ։ Փրկիչն ասել է Մարգարեին․ «Ինչ որ ես՝ Տերս, ասել եմ, ես եմ ասել, և չեմ արդարանում. ու թեև երկինքն ու երկիրը պիտի անցնեն, իմ խոսքը չպիտի անցնի, այլ բոլորը պիտի կատարվի, լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» (ՎևՈւ 1.38):

Տարին երկու անգամ գերագույն համաժողովի ժամանակ մենք օրհնվում ենք հնարավորությամբ՝ լսելու մեզ ուղղված Տիրոջ խոսքը Նրա ծառաների միջոցով։ Դա անգին արտոնություն է։ Սակայն այդ հնարավորության արժեքը կախված է այն բանից, թե արդյոք մենք ստանում ենք խոսքերը նույն Հոգու ազդեցությամբ, որի միջոցով դրանք տրվել էին այդ ծառաներին (տես ՎևՈւ 50․19–22)։ Ճիշտ ինչպես նրանք են առաջնորդություն ստանում երկնքից, այնպես էլ մենք պիտի ստանանք։ Եվ դա մեզանից պահանջում է նույն հոգևոր ջանքերը։

«Կատարեք ձեր առաջադրանքները»

Տարիներ առաջ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներից մեկը խնդրեց ինձ կարդալ համաժողովի ելույթը, որը նա պատրաստում էր գերագույն համաժողովի համար։ Ես քվորումի կրտսեր անդամն էի։ Ինձ համար մեծ պատիվ էր նրա վստահությանն արժանանալը, որ ես կարող էի օգնել իրեն գտնելու բառերը, որոնք Տերը կցանկանար, որ նա խոսեր։ Նա ժպտալով ասաց ինձ․ «Օ՜հ, սա ելույթի 22-րդ նախնական տարբերակն է»։

Ես հիշում եմ խորհուրդը, որը սիրելի և բարի Նախագահ Հարոլդ Բ․ Լին (1899–1973) տվեց ինձ տարիներ առաջ՝ շեշտելով ամեն մի խոսքը։ «Հալ, եթե դուք ուզում եք հայտնություն ստանալ, կատարեք ձեր առաջադրանքները»։

Ես կարդացի, խորհեցի և աղոթեցի այդ 22-րդ տարբերակի համար։ Սուրբ Հոգու ազդեցության ներքո ես փորձեցի որքան հնարավոր է լավ ուսումնասիրել այն։ Մինչ այն պահը, երբ քվորումի այդ անդամը ելույթ ունեցավ, ես կատարել էի իմ առաջադրանքը։ Վստահ չեմ, թե օգնեցի նրան, սակայն գիտեմ, որ ես փոխվել էի այդ ելույթը լսելիս։ Ես ստանում էի ուղերձներ, որոնք ավելին էին, քան իմ կարդացած և նրա ասած բառերը։ Բառերն ունեին ավելի մեծ իմաստ, քան նրանք, որոնք ես կարդացել էի նախնական տարբերակում։ Եվ ուղերձը կարծես թե նախատեսված էր ինձ համար՝ համընկնելով իմ կարիքների հետ։

Աստծո ծառաները ծոմ են պահում և աղոթում, որպեսզի ստանան ուղերձը, որը Նա ունի նրանց համար, որ տան նրանց, ովքեր ունեն հայտնության և ոգեշնչման կարիք։ Այդ և նմանատիպ շատ փորձառություններից ես սովորել եմ, որ ապրող մարգարեներին և առաքյալներին լսելուց մեծ օգուտ քաղելու համար մենք ինքներս պետք է վճարենք հայտնություն ստանալու գինը։

Տերը սիրում է յուրաքանչյուրին, ով լսում է Իր ուղերձը, և Նա գիտի յուրաքանչյուրի սիրտն ու պայմաններըը։ Նա գիտի, թե որ ուղղումը, որ քաջալերանքը և ավետարանի որ ճշմարտությունը լավագույնս կօգնի յուրաքանչյուրին՝ ընտրելու իր ուղին, որը կտանի դեպի հավերժական կյանք։

Մենք, երբ լսում և դիտում ենք գերագույն համաժողովի ուղերձները, երբեմն հետո մտածում ենք․ «Ի՞նչ եմ ես ամենալավը հիշում»։ Տերը հուսով է, որ մեզանից յուրաքանչյուրը կտա հետևյալ պատասխանը․ «Ես երբեք չեմ մոռանա այն պահերը, երբ իմ մտքում և սրտում զգացել եմ Հոգու ձայնը, որն ասում էր ինձ, թե ես ինչ կարող եմ անել, որպեսզի գոհացնեմ իմ Երկնային Հորը և Փրկիչին»։

Մենք կարող ենք ստանալ այդ անձնական հայտնությունը, երբ լսում ենք մարգարեներին և առաքյալներին և երբ հավատքով աշխատում ենք, որպեսզի ստանանք այն, ինչպես Նախագահ Լին է ասել, ինչ մենք կարող ենք։ Ես իմ փորձով և Հոգու վկայությամբ գիտեմ, որ դա ճիշտ է։