Նախագահների ուսմունքները
Գլուխ 39: Ամրացնել ընտանիքները ընտանեկան երեկոների ժամանակ


Գլուխ 39

Ամրացնել ընտանիքները ընտանեկան երեկոների ժամանակ

Ընտանեկան երեկոները ամրացնում են սերն ընտանիքում և հավատքը ընտանիքի յուրաքանչյուր անդամի սրտում:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Զոզեֆ Ֆ. Սմիթի համար իր ընտանիքը թանկ էր, իսկապես անգին: Նա հաճախ էր պերճախոս լեզվով արտահայտվում «Աստծո կողմից հաստատված տան» մասին և ասել է, որ «Աստծո արքայության, արդարակեցության, առաջընթացի, զարգացման հիմքը» դրվում է ընտանիքում:1

1915թ. Նախագահ Սմիթը և նրա Խորհրդականները Եկեղեցուն ներկայացրեցին ամենշաբաթյա ընտանեկան երեկոյի ծրագիրը, խնդրելով ծնողներին այդ ժամանակն օգտագործել իրենց երեխաներին սովորեցնելով Աստծո խոսքը: Հետագայում ընտանեկան երեկոյի ծրագիրը նկարագրելիս Նախագահ Սմիթը կոչ է արել ընտանիքներին «մեկ ժամ կամ ավելի անցկացնել միասին բարեպաշտության մթնոլորտում, երգելով օրհներգեր ու երգեր, աղոթելով, կարդալով սուրբ գրություններն ու այլ լավ գրքեր, գործիքային երաժշտություն կատարել, քննարկել ընտանեկան խնդիրները և ավետարանային սկզբունքների հատուկ ուսուցումներ անցկացնել և զրուցել կյանքի բարոյականության խնդիրների, ինչպես նաև ծնողների, ընտանիքի, Եկեղեցու, հասարակության և պետության հանդեպ երեխաների պարտականությունների ու պարտավորությունների մասին»:2

Ընտանեկան երեկոյի ծրագիրը արտացոլում էր Նախագահ Սմիթի ջերմեռանդ հավատքն առ այն, որ «այս ժողովրդի մեծ ու կարևոր պարտականությունն է ուսուցանել իրենց երեխաներին՝ օրորոցից մինչև հասուն տարիքը, ավետարանի յուրաքանչյուր սկզբունքը և ձգտել, որքանով հնարավոր է ծնողների համար, նրանց սրտում ներարկել սերը Աստծո հանդեպ, ճշմարտության, առաքինության, ազնվության, պատվի և այն ամենի հանդեպ, ինչը լավ է»:3

1917թ. Նախագահ Սմիթը հաղորդել է Սրբերին, որ ընտանեկան երեկոներ «անցկացնում են շատ ընտանիքներ, և շատ հետաքրքիր ու օգտակար երեկոներ են անցկացվում»:4 Այսօր Եկեղեցին շարունակում է շեշտել Նախագահ Սմիթի կողմից հաստատված սկզբնական ծրագրի հիմնական արժանիքներից շատերը:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Սովորեցրեք ձեր երեխաներին սիրել Աստծուն և ավետարանի սկզբունքները:

Աստծո արքայության, արդարակեցության, առաջընթացի, զարգացման, հավերժական կյանքի և հավերժական աճի հիմքը դրվում է Աստծո կողմից հաստատված տանը:5

Տիպիկ «Մորմոնական» տունը ընտանիքի տաճարն է, որտեղ տան անդամները հավաքվում են առավոտյան և երեկոյան աղոթելու և գովաբանելու Աստծուն, ասելով դա Հիսուս Քրիստոսի անունով … Այստեղ ուսուցանվում և քնքշորեն ներարկվում են բարոյական կանոններ և կրոնական ճշմարտություններ, որոնք միասին վերցված ստեղծում են այն արդարակեցությունը, որը վեհացնում է ազգին, կասեցնում է այն մեղքը, որը նախատինք է ցանկացած ժողովրդի համար:6

Ուսուցանեք ձեր երեխաներին սիրել Աստծուն: Ուսուցանեք նրանց սիրել Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկզբունքները: Ուսուցանեք նրանց սիրել իրենց մերձավորներին, և հատկապես իրենց ընկերներին, Եկեղեցու անդամներին, որպեսզի հավատարիմ լինեն Աստծո ժողովրդի հետ իրենց ընկերությանը: Ուսուցանեք նրանց պատվել քահանայությունը, պատվել այն իշխանությունը, որն Աստված շնորհել է Իր Եկեղեցուն՝ Իր Եկեղեցին պատշաճ կառավարելու համար: Աստծո տունը կարգուկանոնի տուն է, և ոչ թե խառնաշփոթի: … Ոչ մի տուն չի կարող կարգուկանոնի տուն լինել, եթե այն պատշաճորեն կազմակերպված չի, ինչպես կազմակերպված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին:7

Շատ քիչ կրոնական նվիրվածություն, սեր ու Աստվածավախություն կա տներում, փոխարենը անչափ շատ աշխարհիկություն, եսասիրություն, անտարբերություն և ակնածանքի պակաս կա ընտանիքում, այլապես այս ամենը երբեք այսքան շատ չէր դրսևորվի դրսում: Այդ պատճառով է, որ տունը վերափոխման կարիք ունի … Թող սերը, խաղաղությունը, Տիրոջ Հոգին, բարությունը, գթասրտությունը, ուրիշների համար զոհաբերությունը առատորեն լցված լինի ձեր ընտանիքներում: Հեռու վանեք կոպիտ խոսքերը, նախանձը, ատելությունը, չարախոսությունը, գռեհիկ լեզուն և զրպարտությունը, բամբասանքը, և թող Աստծո Հոգին տիրի ձեր սրտերում: Սովորեցրեք դա ձեր երեխաներին, հոգով և զորությամբ, ամրապնդելով և հաստատելով դա անձնական օրինակով: Թող նրանք տեսնեն, որ դուք անկեղծ եք, և ապրում եք ձեր քարոզած սկզբունքներով: Թույլ մի տվեք, որ ձեր երեխաներին ուսուցանեն այս բնագավառի մասնագետները, այլ ուսուցանեք նրանց ձեր իսկ կանոններով և օրինակով, ձեր օջախում: Դուք ինքներդ եղեք ճշմարտության մասնագետ: Թող որ մեր ժողովները, դպրոցները և կազմակերպությունները, չլինեն միակ կամ գլխավոր ուսուցիչները, այլ լինեն տանը մեր ուսուցումների և դասերի լրացումները:8

Ընտանեկան երեկոների ժամանակ սովորեցրեք ձեր ընտանիքին ուղիղ քայլել Տիրոջ առաջ:

Մենք խորհուրդ ենք տալիս Վերջին Օրերի Սրբերին ավելի ուշադիր պահել Տիրոջ պատվիրանը, որը տրված է Վարդապետություն և Ուխտերի 68-րդ բաժնում (25–28):

«Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում կամ նրա կազմակերպված ցցերում, որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, մեղքը լինի ծնողների գլխին:

Քանզի դա օրենք կլինի Սիոնի բնակիչների և նրա կազմակերպված ցցերի համար:

Եվ նրանց երեխաները պիտի մկրտվեն իրենց մեղքերի թողության համար, երբ ութ տարեկան են, և ձեռնադրվեն:

Եվ նրանք նաև պետք է իրենց երեխաներին սովորեցնեն աղոթել և ուղիղ քայլել Տիրոջ առաջ»:

Սիոնի երեխաները պետք է նաև ավելի լիովին պահեն Տիրոջ պատվիրանը, որը տրվել էր հին Իսրայելին, և կրկնվել Վերջին Օրերի Սրբերին. «Պատուիր քո հորը և քո մորը, որ քո օրերը երկարանան այն երկրի վրա՝ որ քո Եհովայ Աստուածը կտա քեզ» [Ելից Ի.12]:

Այս հայտնությունները մեծ ուժով ուղղված են Վերջին Օրերի Սրբերին, և այս Եկեղեցու հայրերից ու մայրերից պահանջվում է, որ այս պատվիրանները ուսուցանեն և կիրառեն իրենց տներում:

Այս առումով մենք տեղեկացնում և ներկայացնում ենք ամբողջ Եկեղեցում «Ընտանեկան Երեկո» ծրագրի հանդիսավոր բացման մասին, որի ժամանակ հայրերն ու մայրերը կարող են իրենց տղաներին և աղջիկներին հավաքել տանը իրենց շուրջը և ուսուցանել Տիրոջ խոսքը: Այդպես նրանք կարող են ավելի լավ իմանալ իրենց ընտանիքի կարիքները, միևնույն ժամանակ ճանաչելով իրենց երեխաներին և ծանոթացնելով նրանց Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկզբունքներին: Այդ «Ընտանեկան երեկոները» պետք է ընդգրկեն աղոթք, օրհներգեր, երգեր, գործիքային երաժշտության կատարում, սուրբ գրությունների ընթերցանություն, ընտանեկան խնդիրների քննարկում, ավետարանային սկզբունքների հատուկ ուսուցումներ, կյանքի բարոյական խնդիրների, ինչպես նաև ծնողների, ընտանիքի, Եկեղեցու, հասարակության և պետության հանդեպ երեխաների պարտականությունների ու պարտավորությունների մասին զրույցներ: Փոքր տարիքի երեխաների համար ծրագրի մեջ կարելի է ընդգրկել արտասանություններ, երգեր, պատմություններ և խաղեր: Լավ կլինի թեթև հյուրասիրություն մատուցել, որը կարելի է տանը պատրաստել:

Անհրաժեշտ է խուսափել ձևապաշտությունից և կաշկանդվածությունից, և ողջ ընտանիքը պետք է մասնակցի երեկոյին:

Այս հավաքները հնարավորություն կտան փոխադարձ վստահություն ամրապնդել ծնողների և երեխաների, եղբայրների և քույրերի միջև, ինչպես նաև առիթ կհանդիսանան ծնողների համար զգուշացման ու խորհրդի խոսքեր ասել իրենց տղաներին և աղջիկներին: Նրանք հնարավորություն կտան տղաներին և աղջիկներին պատվել իրենց ծնողներին, և իրենց երեխատագիտությունը հայտնել ընտանիքի օրհնությունների համար, որպեսզի նրանց տրված Տիրոջ խոստումը բառացիորեն կատարվի և նրանց կյանքը երկարի ու երջանիկ դառնա …

Մենք … խնդրում ենք Եկեղեցու բոլոր օժանդակ կազմակերպությունների ծառայողներին աջակցել այս ծրագրին և քաջալերել երիտասարդներին մնալ տանը այդ երեկո, և իրենց եռանդը ներդնել այն ուսուցողական, օգտակար և հետաքրքիր դարձնելու համար:

Եթե Սրբերը հնազանդվեն այս խորհրդին, մենք խոստանում ենք, որ մեծ օրհնություններ կունենան: Կավելանա սերը տան մեջ և հնազանդությունը ծնողների հանդեպ: Իսրայելի երիտասարդների սրտերում կզարգանա հավատքը, և նրանք ուժ կգտնեն մարտնչելու չարի ազդեցության և գայթակղությունների դեմ, որոնք շրջապատում են իրենց:9

Ամբողջ Եկեղեցում միասնության, նվիրվածության և հավատքի ոգին կտիրի .… Ընտանեկան երեկոյի ներմուծումը մեծ օգնություն է եղել այս առումով: Շաբաթը մեկ երեկոն … ընտանեկան զվարճանքի, կատարելագործման և վայելքի համար, որն անցկացվում է նախատեսված կարգով և կրոնական ոգով, կպարգևի ցանկալի հաջողություն, և սրտանց առաջարկվում է այն անցկացնել ամենուր:10

Մենք որպես Սիոնի ծնողներ պետք է հավատարմորեն կատարենք մեր պարտականությունները:

Վարդապետություն և Ուխտերում մենք կարդում ենք, որ ծնողներից պահանջվում է սովորեցնել իրենց երեխաներին «մինչև ութ տարեկանը հասկանալ վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի»: «Եվ նրանք նաև պետք է իրենց երեխաներին սովորեցնեն աղոթել և ուղիղ քայլել Տիրոջ առաջ»: Իսկ եթե ծնողները չեն անում այդպես, և երեխաները մոլորության մեջ են ընկնում ու շրջվում են ճշմարտությունից, ապա Տերն ասել է, որ մեղքը կլինի ծնողների գլխին [տես ՎևՈւ 68.25, 28] .…

Մենք պետք է հավաստիանանք, որ անում ենք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի որպես Սիոնի ծնողներ հավատարմորեն կատարենք մեր պարտականությունները: Կանայք պետք է միասնական լինեն իրենց ամուսինների հետ, ամուսիններն էլ՝ իրենց կանանց հետ, որպեսզի աշխատեն այդ ուղղությամբ ազդեցություն թողնել իրենց երեխաների վրա … Իմ երեխաները չպետք է և չեն շեղվի ճանապարհից առանց իմ համաձայնության: Եթե նրանք շեղվեն, ապա դա կլինի իմ բողոքից հետո և իմ օրինակի հակառակ: Ես կաղերսեմ իմ երեխաներին, ես գործի կդնեմ իմ ողջ ուժը, որպեսզի այնպես անեմ, որ նրանք այնքան ճշմարիտ ու հավատարիմ լինեն այս Ավետարանին, որքան հնարավոր է, որ ես լինեմ, որովհետև առանց նրանց, Աստծո արքայությունում ես կզգամ, որ իմ ընտանիքը կատարյալ չէ .…

Ես կցանկանայի, որպեսզի իմ երեխաները և Սիոնի բոլոր երեխաները իմանային, որ այս աշխարհում չկա ավելի արժեքավոր բան իրենց համար, որքան Ավետարանի գիտելիքը, որը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով երկրի վրա այս վերջին օրերին: Չկա ոչինչ, որ կարողանա համակշռել դրա կորուստը: Չկա ոչինչ երկրի վրա, որը կարողանա համեմատվել Հիսուս Քրիստոսի գիտելիքի գերազանցության հետ: Ուրեմն թող որ Սիոնի բոլոր ծնողները հետևեն իրենց զավակներին և ուսուցանեն նրանց Ավետարանի սկզբունքները, և որքան հնարավոր է այնպես անեն, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունները, ոչ թե մեխանիկորեն, որովհետև նրանց դրդում են դա անել, այլ փորձեն երեխաների սրտում ներարկել ճշմարտության և Ավետարանի հանդեպ մնայուն սիրո ոգին, որպեսզի նրանք իրենց պարտականությունները կատարեն ոչ թե, որովհետև դա հաճելի է իրենց ծնողներին, այլ որովհետև դա հաճելի է նաև խրենց:11

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, հոգ տարեք ձեր երեխաների համար: Նրանց մանկուց սովորեցրեք ճշմարտության սկզբունքները, սովորեցրեք նրանց ապրել մաքուր կյանքով հավատան Աստծուն և հավատքով կանչեն առ Տերը, որպեսզի կարողանան լիովին ընկերակցել Տիրոջ հետ և դառնան փրկության ժառանգներ Նրա արքայությունում:12

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչպիսի՞ եղանակներով է «Աստծո արքայության հիմքը» դրվում տանը: Ինչպիսի՞ կարևոր սկզբունքներ պետք է ուսուցանվեն տանը, որոնք կնպաստեն ամրապնդել մեր հասարակությունը:

  • Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել մեր երեխաներին սիրել Աստծուն և սիրել մյուս մարդկանց: Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել նրանց պատվել քահանայությունը:

  • Ի՞նչ խորհուրդ է տվել Նախագահ Սմիթը մեր տներում կրոնական նվիրվածությունը ավելացնելու և աշխարհիկը պակասեցնելու համար: Ինչպե՞ս եք փորձել աշխարհիկը երկրորդական տեղում դնել:

  • Ինչպե՞ս կարող են ընտանեկան երեկոները օգնել ծնողներին կատարել Վարդապետություն և Ուխտեր 68.25–28-ում տրված Տիրոջ պատվիրանները: Ինչպե՞ս կարող են ընտանեկան երեկոներն օգնել երեխաներին կատարել Ելից Ի. 12-ում տրված պատվիրանը:

  • Ի՞նչն է օգնել ձեզ ավելի արդյունավետ ընտանեկան երեկոներ անցկացնել: Ինչպիսի՞ ուղեցույցներ է Նախագահ Սմիթը տվել ընտանեկան երեկոների համար:

  • Ի՞նչ օրհնություններ են գալիս նրանց, ովքեր ընտանեկան երեկոներ են անցկացնում: Ինչպիսի՞ հետևանքներ կլինեն դրանք չանցկացնելու դեպքում:

  • Ինչո՞ւ մենք երբեք չպետք է հրաժարվենք մեր ընտանիքներին դեպի ճշմարտություն բերելու մեր ծնողական պատասխանատվություններից: (Տես նաև Գ Հովհաննես Ա.4; Մոսիա 27.14:)

  • Ինչո՞ւ պետք է ամուսիններն ու կանայք «միասնական լինեն … որպեսզի աշխատեն ազդեցություն թողնել իրենց երեխաների վրա»: Ինչպե՞ս կարող են ամուսիններն ու կանայք ամրացնել այդ միասնությունը:

Հղումներ

  1. “Editorial Thoughts,” Juvenile Instructor, Nov. 1916, 739.

  2. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 5:89.

  3. Gospel Doctrine, 5th ed. (1939), 292.

  4. In Messages of the First Presidency, 5:89.

  5. Gospel Doctrine, 304.

  6. “An Address: The Church of Jesus Christ of Latter-day Saints to the World,” in Conference Report, Apr. 1907, 7.

  7. In Conference Report, Apr. 1915, 5.

  8. Gospel Doctrine, 301–2.

  9. In Messages of the First Presidency, 4:337–39.

  10. In Messages of the First Presidency, 4:347.

  11. Deseret News: Semi-Weekly, 28 June 1898, 1; paragraphing added.

  12. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 30 Aug. 1906, 545–46.

Նկար
Smith family

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի ընտանիքի անդամները տան մոտ Սոլթ Լեյք Սիթիում 1891թ.: Նա ասել է. «Ես կցանկանայի, որպեսզի իմ երեխաները և Սիոնի բոլոր երեխաները իմանային, որ այս աշխարհում չկա ավելի արժեքավոր բան իրենց համար, որքան Ավետարանի գիտելիքը» (Deseret News: Semi-Weekly, 28 June 1898, 1):