Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 127


Բաժին 127

Ջոզեֆ Սմիթ Մարգարեի նամակն Իլինոյսի Նավուում գտնվող Վերջին Օրերի Սրբերին, որը ցուցումներ է պարունակում մահացածների համար մկրտությունների վերաբերյալ և գրանցված է Նավուում, 1842թ. սեպտեմբերի 1-ին (History of the Church, 5.142–144):

1–4՝ Ջոզեֆ Սմիթը հալածանքի և նեղության մեջ փառք է տալիս. 5–12՝ Գրանցումներ պետք է պահպանվեն մահացածների համար մկրտությունների վերաբերյալ:

1 Քանի որ Տերը հայտնել է ինձ, որ իմ թշնամիները, թե՛ Միսսուրիում և թե՛ այս նահանգում, կրկին հետապնդում են ինձ. և քանի որ նրանք ինձ հետապնդում են առանց պատճառի, և արդարադատության ու իրավունքի նվազագույն նշույլ ու նշան չունեն, որ իրենց կողմից մեղադրանքներ բարձրացնեն իմ դեմ. և քանի որ նրանց բոլոր պահանջները հիմնված են կեղծիքի ամենասև երանգի վրա, ես նպատակահարմար և իմաստուն համարեցի թողնել այս վայրը միառժամանակ՝ իմ ապահովության և այս ժողովրդի ապահովության համար: Կցանկանայի ասել բոլորին, ում հետ գործունեություն եմ ծավալում, որ իմ գործերը հանձնել եմ գործակալներին և գործավարներին, որոնք արագ և պատշաճ ձևով կվարեն բոլոր գործերն ու կհետևեն, որ իմ բոլոր պարտքերը ժամանակին մարված լինեն, վերադարձնելով ունեցվածքով կամ այլ ձևով, ինչպես հանգամանքները կպահանջեն, կամ ինչպես պայմանները թույլ կտան: Երբ ես տեղեկանամ, որ փոթորիկը հանդարտվել է, այն ժամանակ կրկին կվերադառնամ ձեզ մոտ:

2 Ինչ վերաբերում է վտանգներին, որոնց միջով ես կանչված եմ անցնելու, դրանք ինձ չնչին բան են թվում, քանզի մարդկանց նախանձն ու ցասումն իմ ամենօրյա բաժինն են եղել կյանքիս բոլոր օրերում. իսկ թե ինչ պատճառով, մնում է անբացատրելի, եթե ոչ այն, որ ես աշխարհի հիմնադրումից առաջ կարգված եմ եղել ինչ-որ լավ նպատակի համար, կամ վատ, ինչպես դուք կնախընտրեք անվանել: Դատեք ինքներդ: Աստված գիտի այդ ամենը՝ արդյոք լավ է, թե վատ: Բայց, այնուամենայնիվ, խորը ջրերում լողալն ինձ համար սովորական է դարձել: Այդ ամենը դարձել է իմ երկրորդ էությունը. և ես ցանկանում եմ, ինչպես Պողոսը, նեղության մեջ փառք տալ. քանզի մինչև այս օրն իմ հայրերի Աստվածն ինձ այդ ամենից ազատել է և կազատի նաև սրանից հետո. քանզի ահա, և տե՛ս, ես կհաղթեմ իմ բոլոր թշնամիներին, քանզի Տեր Աստվածն է ասել դա:

3 Հետևաբար, թող բոլոր սրբերը ցնծան և անչափ ուրախանան. քանզի Իսրայելի Աստվածն է իրենց Աստվածը, և նա վարձքի արդար հատուցում կբերի բոլոր իրենց ճնշողների գլխին.

4 Եվ բացի այդ, ճշմարիտ այսպես է ասում Տերը. Թող իմ տաճարի աշխատանքը, և բոլոր գործերը, որոնք ես նշանակել եմ ձեզ, շարունակվեն և չդադարեն. և թող ձեր ջանասիրությունը, և ձեր հետևողականությունը, և համբերությունը, և ձեր աշխատանքները կրկնապատկվեն, և դուք ոչ մի դեպքում չեք կորցնի ձեր վարձքը, ասում է Զորաց Տերը: Եվ եթե նրանք հալածում են ձեզ, ձեզանից առաջ այդպես հալածում էին մարգարեներին ու արդարակյաց մարդկանց: Այդ բոլորի համար վարձք կա երկնքում:

5 Եվ բացի այդ, ես ձեզ եմ տալիս խոսքը ձեր մահացածների մկրտության վերաբերյալ:

6 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը ձեզ ձեր մահացածների վերաբերյալ. Երբ որ ձեզանից մեկը մկրտվում է ձեր մահացածների համար, թող մի արձանագրող ներկա լինի, և թող նա ձեր մկրտությունների ականատեսը լինի. թող նա իր ականջով լսի, որ կարողանա վկայել ճշմարտության մասին, ասում է Տերը.

7 Որպեսզի բոլոր ձեր արձանագրությունները գրանցվեն երկնքում. ինչ-որ դուք կապեք երկրի վրա, կապված լինի երկնքում. ինչ-որ արձակեք երկրի վրա, արձակված լինի երկնքում.

8 Քանզի ես պատրաստվում եմ շատ բաներ վերականգնել երկրի վրա, որոնք կապված են քահանայության հետ, ասում է Զորաց Տերը:

9 Եվ բացի այդ, թող բոլոր գրանցումները կարգի բերվեն, որպեսզի դրվեն իմ սուրբ տաճարի հնադարաններում, որպեսզի պահվեն հիշողության մեջ սերնդե-սերունդ, ասում է Զորաց Տերը:

10 Կամենում եմ ասել բոլոր սրբերին, որ անչափ մեծ փափագով փափագում էի գալիք Հանգստության օրը բեմից դիմել նրանց՝ մահացաների համար մկրտության նյութի վերաբերյալ: Բայց քանի որ իմ զորությունից վեր է այդպես վարվելը, ես, ժամանակ առ ժամանակ, կգրեմ Տիրոջ խոսքն այդ նյութի վերաբերյալ, ինչպես և շատ այլ հարցերի վերաբերյալ, և կուղարկեմ ձեզ փոստով:

11 Արդ, ես առայժմ ավարտում եմ նամակս՝ ժամանակի սղության պատճառով. քանզի թշնամին արթուն է, և ինչպես Փրկիչն ասաց. Գալիս է այս աշխարհի իշխանը, բայց նա ինձանում ոչինչ չունի:

12 Ահա, իմ աղոթքն է առ Աստված, որ դուք բոլորդ փրկվեք: Եվ ես ստորագրում եմ՝ որպես Տիրոջ ձեր ծառա՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարգարե և տեսանող:

Ջոզեֆ Սմիթ: