2014
Մովսես
Ապրիլ 2014


Հին կտակարանի մարգարեներ

Մովսես

«Այնքան մեծ էր Մովսեսը, որ նույնիսկ Քրիստոսը նկարագրվում է որպես Իսրայելի զորքերի հնադարյան առաջնորդի նման Մարգարե»:1— Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկի (1915–85)

Ես ծնվել եմ Եգիպտոսում այն ժամանակ, երբ իմ ժողովուրդը՝ Իսրայելացիները, գերության մեջ էին: Վախենալով Իսրայելացի ստրուկների աճող թվերից, Փարավոնը հրամայեց, որ բոլոր արու Իսրայելացիներին ծննդյան ժամանակ սպանեն: Ինձ պահպանելու համար մայրս իմ ծննդից հետո երեք ամիս թաքցրեց ինձ, նախքան զամբյուղի մեջ կդներ Նեղոսի եղեգնուտում: Փարավոնի դուստրը հայտնաբերեց ինձ և մեծացրեց որպես իր որդի:2

Երբ ես մեծացա, հեռացա Եգիպտոսից և ապրեցի Մադիամի երկրում: Այնտեղ ես շնորհ գտա Հոթորի՝ մի հովվի և քահանայի մոտ և ամուսնացա նրա դստեր՝ Սեպփորայի հետ: Հոթորից ես ստացա Մելքիսեդեկյան Քահանայություն:3

Մի օր, երբ ես արածեցնում էի Հոթորի հոտը, Տերը հայտնվեց ինձ այրվող մորենու միջից և կանչեց ինձ ազատելու Իսրայելի զավակներին ստրկությունից:4

Ես վերադարձա Եգիպտոս և ասացի Փարավոնին, որ ազատ արձակի Տիրոջ ժողովրդին, բայց նա ընդհակառակը շատացրեց նրանց բեռները: Տերը մի քանի պատուհասներ ուղարկեց Եգիպտացիների վրա, բայց Փարավոնը կարծրացրեց իր սիրտը և շարունակեց մերժել ազատել Իսրայելացիներին: Վերջին պատուհասը կործանիչ հրեշտակն էր, որը սպանեց Եգիպտոսի ամեն մի ընտանիքի անդրանիկ որդուն: Իսրայելացիները պաշտպանվեցին կործանիչ հրեշտակից՝ քսելով անբիծ գառի արյունը իրենց դռան դրանդիներին և մնալով տանը: Իմ միջոցով Տերը հաստատեց Զատկի տոնը որպես մի արարողություն՝ օգնելու Իսրայելացիներին ամեն տարի հիշել այս հրաշքը:5

Վերջին պատուհասը փափկացրեց Փարավոնի սիրտը, և նա ազատ արձակեց Իսրայելացիներին: Բայց Փարավոնը հետագայում կարծրացրեց իր սիրտը և ուղարկեց իր զորքերը հեռացող Իսրայելացիների ետևից: Տերն ինձ օրհնեց զորությամբ, ոպեսզի բաժանեմ Կարմիր ծովը, և մենք փախանք չոր գետնի վրայով, մինչ ծովը հեղեղեց Փարավոնի բանակը:6

Այնուհետև Տերն առաջնորդեց մեզ անապատով ցերեկը ամպի միջից, իսկ գիշերը՝ կրակի սյունի: Նա ապահովեց մեզ ջրով, մանանայով և լորով:7

Ես բարձրացա Սինայ սարը, որտեղ ես մնացի 40 օր և ստացա Տասը Պատվիրանները Տիրոջից: Երբ ես վերադարձա սարից, Իսրայելացիները հեռացել էին Աստծուց և սարքել մի ոսկե հորթ՝ երկրպագելու համար: Նրանք այլևս արժանի չէին ստանալու Աստծո օրենքը, որ Նա տվել էր ինձ, այնպես որ ես կոտրեցի քարե տախտակները, որոնք պարունակում էին այն: Ես վերադարձա սար, որտեղ Տերը տվեց ինձ ավելի ցածր օրենքը, որը կոչվում է իմ անունով՝ Մովսեսի օրենք:8

Անապատում Տերը հայտնեց ինձ խորան՝ կամ շարժական տաճար կառուցելու նախագիծը: Մենք տանում էինք խորանը մեզ հետ, մեր ճանապարհորդությունների ընթացքում, որպեսզի կարողանայինք երկրպագել դրա մեջ: Խորանում մարդիկ ստանում էին արարողություններ և ես խոսում էի Տիրոջ հետ «դեմ առ դեմ, ինչպես մի մարդ իր բարեկամի հետ կխոսե»:9 Տերը նաև ցույց տվեց ինձ, թե ինչպես պետք է սարքեի ուխտի տապանակը, մի սուրբ մասունք, որը դրված էր խորանի ամենասրբազան մասում, Սրբության Սրբոցում:10

Երբ Տերն ուղարկեց «կիզող օձեր» Իսրայելացիներին պատժելու համար, ինձ պատվիրվեց մի արույրե օձ պատրաստել և բարձրացնել վերևում ձողի վրա, որպեսզի բոլոր նրանք, ովքեր խայթվել էին օձերի կողմից, նայեին դրան և բժշկվեին: Բայց իրենց հպարտության և հանձնարարության պարզության պատճառով, շատերը չկամեցան նայել և այդ պատճառով մահացան:11

Տերը ստիպեց Իսրայելացիներին թափառել անապատում 40 տարի, նախքան թույլ կտար մտնել խոստացված երկիր:12 Ես չմտա, այլ «վերցվեցի Հոգու կողմից» Տիրոջ մոտ:13