2014
Եթե ձեր աչքն ուղղված լինի միայն Իմ փառքին
Ապրիլ 2014


Եթե ձեր աչքն ուղղված լինի միայն Իմ փառքին

Քեթրին Նելսոնն ապրում է Յուտայում, ԱՄՆ: Հեյդի Մակքոնկին ապրում է Դելավերում, ԱՄՆ:

Ինչպե՞ս կարող է լեզվով, վարքով և տեսքով համեստ լինելն օգնել մեզ լույս ճառագել և Աստծուն փառաբանել:

Նախաերկրային կյանքում Երկնային Խորհրդի ժամանակ Հիսուս Քրիստոսը կամեցավ մեր Փրկիչը լինել, Նա ասաց Հորը. «Քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան» (Մովսես 4.2):

Տերը միշտ Հորը փառաբանելու օրինակ է ծառայել: Իր երկրային ծառայության ժամանակ Փրկիչը երբեք Ինքն Իր վրա ուշադրություն չէր հրավիրում, այլ Իր հետևորդների ուշադրությունն ուղղում էր դեպի Հայրը, ուսուցանելով. «Ինձ հավատացողը չէ թե ինձ է հավատում, այլ ինձ ուղարկողին» (Հովհաննես 12.44): Իր վերաբերմունքով, տեսքով, խոսքով և գործերով Փրկիչն ուսուցանում էր մեզ համեստության կարևորությունը:

Փրկչին հետևելու իրենց նվիրվածության մեջ այս հոդվածի երիտասարդ չափահասները դրսևորում են իրենց ներքին և արտաքին համեստությունը և ներկայացնում են, թե ինչպես է Աստծուն փառաբանելու իրենց պարտավորությունը ձևավորել իրենց բնավորությունը և ուղղորդել գործերում:

Փառաբանել Աստծուն և լույս ճառագել

Մենք ավելի լավ ենք գիտակցում, ինչպես է համեստությունը փառաբանում Աստծուն, երբ հասկանում ենք, թե ինչ է իրականում համեստությունը: Հավատքին հավատարիմ ձեռնարկը բացատրում է. «Համեստությունը հագուստով, հարդարանքով, լեզվով և վարքով խոնարհ և պարկեշտ լինելն է: Եթե դուք համեստ եք, անտեղի ուշադրություն չեք գրավի ձեզ վրա: Փոխարենը, դուք կձգտեք «փառավորել Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում» (Ա Կորնթացիս 6.20)»:1

Սովորելով համեստություն դրսևորել, ինչպես Փրկիչն էր անում, մենք մեր կյանք ենք բերում Հոգին, կատարելով խոստումը, որ՝ «եթե ձեր աչքն ուղղված լինի միայն [Աստծո] փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով» (ՎևՈւ 88.67): Կարդալով, թե ինչպես են մյուս երիտասարդ չափահասները հասկանում համեստությունը, դուք կիմանաք ինչպես ավելացնել ձեր հոգևոր լույսը՝ հղկելով ձեր վարքը և բարելավելով համեստություն դրսևորելու ձեր ներքին պարտավորությունը:

Եղեք համեստ լեզվով և վարքով

«Ձեր խոսքերն ու արարքները կարող են խորը ազդեցություն թողնել ձեր և ուրիշների վրա: Արտահայտվեք մաքուր, դրական, վեհացնող լեզվով, և այնպիսի գործերով, որոնք ուրախություն կպարգևեն ձեր շրջապատի մարդկանց: Խոսքով և գործով համեստ լինելու ձեր ջանքերի արդյունքում էլ ավելի կմեծանա Սուրբ Հոգու առաջնորդությունն ու սփոփանքը»:2

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից Դարյա Սերգեևնա Շվիդկոն բացատրում է, որ մենք համեստ ենք մեր խոսքով, երբ հարգանքով ենք վերաբերվում մյուսներին և խոսում ենք «մեղմ ձայնով, արտահայտելով մեր մտքերը չօգտագործելով կոպիտ կամ անհարկի խոսքեր»: Համեստ լեզուն զերծ է բամբասանքից, խայթոցից, ծաղրանքից և հեգնանքից: Այն երբեք չի նսեմացնում մյուսներին կամ արժեզրկում անհատին, այն պարզապես արտահայտում է բարություն և ընդունում Երկնային Հոր բոլոր զավակների աստվածային էությունը:

Մեր խոսքով նաև հարգանք պետք է ցուցաբերենք Աստվածագլխի հանդեպ. «Խուսափեք կեղտոտ լեզվից և Տիրոջ անունն անտեղի, անհարգալից օգտագործելուց, որը շատ տարածված է աշխարհում … Նման անհարգալից լեզվով խոսելու արդյունքում … [մենք] զրկվում ենք Սուրբ Հոգու մեղմ հուշումները ստանալու ունակությունից»:3

Ճիշտ ինչպես անպարկեշտ խոսքը, բամբասանքը և ծաղրը, կարող են խաթարել հարաբերությունները, նույնկերպ էլ համեստ խոսքն առավել խորացնում է նվիրվածությունն առ Աստված և, ինչպես Յուտայից Քելի Պրուն է բացատրում, «առավել մեծացնում է մյուսների հետ դրական հարաբերություններ ստեղծելու մեր ունակությունը: Մեր համեստ խոսքը կնպաստի ի հայտ բերելուն լավագույնը մյուսների մեջ»:

Միմյանց հետ անքակտելիորեն կապված են լեզվով համեստ և վարքով համեստ լինելը: «Կարևոր է համեստ լինել լեզվով և վարքով, որովհետև դա ցույց է տալիս, թե ով ես դու և ինչն ես արժեվորում»,- ասում է Մայք Օլսենը Յուտայից: Մարդիկ իսկույն նկատում են, երբ խոսքը և գործը չեն համընկնում: Մեր լեզուն, որը վեհացնում է մյուսներին և փառավորում է Աստծուն, պետք է ուղեկցվի համապատասխան գործերով: Ծառայության բարի գործերով մենք ցույց ենք տալիս, որ մյուսներին ոգեշնչելու և Աստծուն փառաբանելու մեր պարտավորվածությունը առավել խորն է, քան մեր խոսքերը:

«Ես իրոք գնահատում եմ վարքի և խոսքի համեստությունը, - ասում է Քերի Կարլսոնը Կոլորադոյից, ԱՄՆ,- հրաշալի ինչ-որ մի բան կա նրա մեջ, ով խոնարհ է և ոչինչ չի անում ուշադրություն գրավելու համար: Նրանք, ովքեր համեստ են իրենց խոսքով, դառնում են անոթներ Տիրոջ համար»:

Եղեք համեստ հագուստով և տեսքով

«Համեստ [հագուստը] օգնում է ի հայտ բերել լավագույնը մեր մեջ, օգնելով մեզ կենտրոնանալ ոչ թե բնական մարդու, այլ հոգևորի վրա, - ասում է Պոլ Քեյվը Յուտայից: Համեստ հագուստ կրելով մենք խրախուսում ենք մյուսներին ճանաչել մեզ և գնահատել ոչ թե մեր տեսքը, այլ մեր անձը և բնավորությունը:

Մեր հագնելաոճը ոչ միայն ուրիշներին հուշում է, թե ինչպես պետք է վերաբերվեն մեզ, այլ այն նաև ազդում է ինքներս մեր հանդեպ ունեցած կարծիքի և վերաբերմունքի վրա: «Մենք ավետարանից սովորում ենք, որ մեր մարմինը պարգև է Աստծուց»,- ասում է Լուի դա Կրուզ կրտ. Բրազիլիայից: «Մեր մարմինն օգնում է մեզ առաջ ընթանալ և դառնալ ինչպես մեր Հայրն է: Այդ իսկ պատճառով կարևոր է համեստ հագնվելը: Այդպիսով, մենք ցույց ենք տալիս Աստծուն և մյուսներին, որ մենք հարգանք ենք տածում այդ պարգևի և մյուսների հանդեպ»:4

Քերին բացատրում է. «Անպարկեշտ հագուստը միտում ունի ի ցույց դնել մարմինը որպես ֆիզիկական օբյեկտ, որն առանձնանում է հոգուց անհատականությամբ և բնավորությամբ: Համեստ լինելը, թեպետ դրա համար ծախսել եմ ավելի շատ գումար և միանշանակ ավելի շատ ժամանակ, օգնել է ինձ սովորել, որ իմ մարմինը անգին հոգու անոթ է՝ աստվածային ներուժով և ճակատագրով, ծնված և դաստիարակված Երկնային Ծնողների կողմից: Այն արժանի է շատ ավելի մեծ հոգածության և հարգանքի, քան աշխարհը կարող է տալ»:

Հավատքին հավատարիմ ձեռնարկն ուսուցանում է. «Բացի նրանից, որ պետք է խուսափել [բաց հագուստներից], դուք պետք է խուսափեք հագուստի, արտաքինի և վարսահարդարման ծայրահեղ ոճերից: Հագուստով, հարդարանքով և շարժուձևով միշտ եղեք կոկիկ և մաքուր, երբեք մի եղեք թափթփված կամ անփույթ»:5 Մեր հագուկապով և արտահայտվելու ձևով մենք մեր հարգանքն ենք արտահայտում Աստծո, մեր և մյուսների հանդեպ:

Հետևողական եղեք

Փորձելով հետևել համեստության վերաբերյալ ավետարանի չափանիշներին, մենք մեր նվիրվածությունն ենք ցույց տալիս, հետևողականորեն պահելով Տիրոջ պատվիրանները բոլոր ժամանակներում, այլ ոչ թե ըստ հայեցողության:

Ճշմարիտ պարտավորությունը միշտ արմատավորվում է ավետարանի սկզբունքներով: Յուտայից Էնթոնի Ռոբերտսը բացատրում է. «Համեստությունը մտադրություն է, ցանկություն՝ ամեն օր քայլելու ավետարանի և փրկության ծրագրի հասկացողությամբ»: Երբ խորասուզվում ենք ավետարանում, կարող է խորանալ մեր դարձը և մեծանալ ավետարանի սկզբունքներով ապրելու մեր ցանկությունը:

Հասկացեք ձեր աստվածային էությունը

Մշտապես համեստություն դրսևորելը օգնում է մեզ հասկանալ և գնահատել մեր ծննդյան իրավունքը, և մեր աստվածային էության մասին գիտելիքը կարող է ոգեշնչել մեզ դառնալ էլ ավելի համեստ: Իտալիայի Ֆլորենցիայից Ռաֆայելլա Ֆերինին բացատրում է. «Համեստությունն օրհնում է իմ կյանքը, քանի որ այն օգնում է ինձ զգալ իմ Երկնային Հոր հատուկ դուստր, իսկ այդ գիտելիքն, իր հերթին, համեստ լինելու ցանկություն է առաջացնում»:

Եթե թույլ տանք, որ աշխարհը սահմանի, թե ով ենք մենք, դա կարող է վնաս հասցնել մեր ինքնագնահատականին: Յուտայից Ջուլիանա Աունան ներկայացնում է իր փորձը. «Երբ չունեի համեստության սկզբունքի մասին վկայություն, ես դժբախտ և հոգևոր առումով անապահով էի զգում: Երբ աշխարհն էր բնորոշում ինձ, ճնշող և հոգին խաթարող ազդեցություն էր թողնում, քանի որ աշխարհիկ, ֆիզիկական բաներով տարված մոլուցքը դաժան է և անողոք: Մի անգամ ես որոշեցի չլսել աշխարհին և փոխարենը թույլ տալ, որ Աստծո հետ իմ կապը բնորոշի ինձ, կյանքը դարձավ ավելի դյուրին, ազատ և երջանիկ»: Երբ փնտրենք ոչ թե աշխարհի, այլ Երկնային Հոր հավանությունը, մենք կգտնենք ավելի մեծ ուրախություն և համեստ լինելու ավելի մեծ ոգևորություն կյանքում:

Ապրեք համեստ կյանքով

«Համեստությունը դրսևորվում է ամեն ինչում՝ մեր խոսքի, արտաքինի, մեր պահվածքի մեջ և անգամ այն բանում, թե ինչպիսի վայրեր ենք մենք այցելում», - ասում է Գալինա Վիկտորովնա Սավչուկը Նովոռոսիյսկից, Ռուսաստան: Համեստ ապրելակերպը սերտորեն կապված է ավետարանի հանդեպ մեր նվիրվածության և Աստծո հետ մեր հարաբերության հետ:

Իրական համեստությունը վարքագծի և վերաբերմունքի համակցություն է: Երբ փորձենք բարելավել մեր վարքը, դա կօգնի բարելավել մեր մտածելակերպը, և հակառակը: Եթե մեր վարքով և արտաքինով համեստ լինելու հետ մեկտեղ չզարգացնենք ողջ կյանքում դա պահպանելու պարտավորությունը, կզրկվենք համեստ ապրելու բոլոր օրհնություններից: Եվ ինքնախաբեություն կլինի, եթե հավատանք, որ համեստ մարդիկ ենք, սակայն ցույց չտանք դա մեր գործերով:6

Եթե համեստության առումով ասենք, որ պարզ աչքով ուղղված ենք Աստծո փառքին, նշանակում է, մենք արտաքուստ և ներքուստ նվիրված ենք համեստ ապրելակերպին: Ճիշտ ինչպես աչքը պետք է ուղղված լինի դեպի Աստված, մեր արտաքին տեսքը և գործերը ևս պետք է համահունչ լինեն համեստության սկզբունքներին: Բայց միայն աչքն ուղղել դեպի Աստված չի նշանակում ուղղել այն դեպի Նրա փառքը, այն պետք է կենտրոնանա Նրա վրա: Նմանապես համեստ հագուստը և հարդարանքը պետք է ուղեկցվեն հավերժական սկզբունքների մտապատկերով:

Մեր աչքերն ուղղելով դեպի Աստված, մեզ համար ավելի հեշտ կլինի կենտրոնացնել մեր հայացքը Նրա վրա: Նմանապես, երբ կենտրոնացնենք մեր հայացքն Աստծո վրա, մեր աչքերը բնականաբար կուղղվեն դեպի Նա:

Երբ ձգտենք համեստ ապրել, մենք կզգանք Հոգու ազդեցության աճը մեր կյանքում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է. «Համեստությունը Հոգուն արժանանալու կարևոր գրավականն է: Լինել համեստ նշանակում է լինել խոնարհ, իսկ խոնարհությունը հրավիրում է Հոգին մեզ հետ լինել»:7 Երբ Հոգին ուղղորդի մեր մտքերն ու գործերը, մեր աչքերն ուղղված կլինեն Աստծո փառքին և մենք կլինենք լույսով լցված:

Հղումներ

  1. Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում (2004), 106:

  2. Հավատքին Հավատարիմ, 108:

  3. Հավատքին Հավատարիմ, 108:

  4. Տես Հավատքին հավատարիմ, 107:

  5. Հավատքին Հավատարիմ, 107:

  6. Տես Լին Գ. Ռոբինս, «Ինչպիսի տղամարդ և կին պետք է դուք լինեք», Լիահոնա, մայիս 2011, 103:

  7. Ռոբերտ Դ. Հեյլ, «Համեստություն՝ ակնածանք առ Տերը», Լիահոնա, օգոս. 2008, 18: