2011
Մորմոնի Գրքի մասին տարածված հարցեր
Հոկտեմբեր 2011


Մորմոնի Գրքի մասին տարածված հարցեր

Ընկերներից, ընտանիքից, իսկապես հետաքրքրվածներից կամ հակառակորդներից՝ մենք բոլորս հարցեր ենք ստանում Մորմոնի Գրքի մասին: Ահա մի քանի հնարավոր պատասխաններ:

Ի՞նչ է Մորմոնի Գիրքը և ինչպե՞ս է այն համեմատվում Աստվածաշնչի հետ:

Մորմոնի Գիրքը սուրբ գրությունների գիրք է, ինչպես Աստվածաշունչը: Այն մեկ այլ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին:1 Աստվածաշունչը, հիմնականում, պատմում է հին Իսրայելի կյանքի և ուսմունքների մասին: Մորմոնի Գիրքը պարունակում է մի քանի խմբերի գրվածքները, որոնք եկել են Ամերիկա մայր ցամաք, ներառյալ՝ մի ընտանիքի, որը հեռացել է Երուսաղեմից մ.թ.ա. 600 թվին: Այդ մարդիկ նույնպես Իսրայելի տան ժառանգներ էին: Այսպիսով, Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը գրվել են նույն ժառանգությունն ունեցող մարդկանց կողմից, սակայն աշխարհի տարբեր մասերում:

Աստվածաշնչի պես, Մորմոնի Գիրքը միայն պատմական գրառում չէ: Այն պարունակում է «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» (ՎևՈՒ 20.9): Ուսմունքներ, վարդապետություններ և մարգարեություններ, որոնք վկայում են Հայր Աստծո և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի մասին:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ Մորմոնի Գիրքը մեզ պատմում է, որ Հարությունից հետո Փրկիչը հայտնվեց այս մայր ցամաքում [Ամերիկաներում], որ Նա այնտեղ սերմանեց Ավետարանը՝ իր ողջ լրիվությամբ, հարստությամբ, զորությամբ և օրհնությամբ, որ նրանք ունեին Առաքյալներ, Մարգարեներ, Հովիվներ, Ուսուցիչներ և Ավետարանիչներ, նույն կարգը, նույն քահանայությունը, նույն ծեսերը, պարգևները, զորությունները և օրհնությունները, որոնք ուներ արևելյան մայր ցամաքը, … որ նրանց մեջ եղած մարգարեներից վերջինը պատվիրան ստացավ գրելու իրենց մարգարեությունների, պատմության և այլ իրադարձությունների համառոտ ակնարկը, և պահել այն հողի մեջ, և որ այն պետք է առաջ բերվեր և միանար Աստվածաշնչին՝ վերջին օրերին Աստծո նպատակները իրականացնելու համար»:2

Եկեղեցու անդամները ուսումնասիրում են և Աստվածաշունչը, և Մորմոնի Գիրքը: Փաստացի, մեր կիրակնօրյա դպրոցի ծրագրի չորս տարիներից երկուսը նվիրված են Աստվածաշնչի ուսումնասիրությանը: (Այս թեմայով լրացուցիչ տեղեկության համար, տես այս համարի էջեր 16, 24 և 52:)

Ո՞վ է գրել Մորմոնի Գիրքը:

Հին օրերի մարգարեները՝ Նեփին, Հակոբը, Մորմոնը և Մորմոնի որդի՝ Մորոնին, հանդիսանում են գրքի հիմնական հեղինակները: Մորմոնը հավաքել և կրճատել է գրառումները, որոնք պարունակում են մարգարեների պատմությունը, մարգարեությունները և ուսմունքները: Նա նաև ներառել է իր սեփական փորձառությունները: Մորմոնը փորագրել է այդ գրառումները իրար միացած ոսկեգույն մետաղե թիթեղների վրա, որոնց հաճախ անվանում են ոսկե թիթեղներ:

Մորմոնի մահից հետո, Մորոնին ավարտեց գրառումը և թաղեց այն մի բլրի վրա՝ մեր օրերի համար: 1823թ. Մորոնին հրեշտակի տեսքով հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և ցույց տվեց նրան, թե որտեղ է թաղված գրառումը: Չորս տարի անց, Ջոզեֆին թույլ տրվեց վերցնել գրվածքները: Հին լեզվից, որով այն գրված էր, նա՝ Աստծո պարգևով և զորությամբ թարգմանեց գրառումը անգլերեն:3 Ապա նա հրատարակեց և բաժանեց Մորմոնի Գիրքը: (Այս թեմայով լրացուցիչ տեղեկության համար, տես այս համարի էջեր 22 և 72:)

Ի՞նչ պատահեց գրառումների բնօրինակի՝ ոսկե թիթեղների հետ:

Ջոզեֆ Սմիթը ստացավ թիթեղները 1827թ. սեպտեմբերին, դրանք նրա մոտ էին մինչև 1829թ. գարունը: Երբ նա գրեց իր պատմությունը 1838թ., նա բացատրեց, թե ինչ պատահեց թիթեղների հետ. «Երբ, ըստ պայմանավորվածության, Մորոնի սուրհանդակը եկավ դրանց ետևից, ես տվեցի դրանք նրան, և դրանք նրա մոտ են մինչ այս օրը՝ հազար ութ հարյուր երեսունութ թվի մայիսի երկրորդ օրը» (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.60):

Ո՞վ է տեսել ոսկե թիթեղները:

Բացի Ջոզեֆ Սմիթից, մի քանի այլ տղամարդիկ և կանայք տեսան թիթեղները և վկայեցին դրանց գոյության մասին: Մասնավորապես, տասնմեկ տղամարդ, որոնք հայտնի են որպես Երեք Վկաներ և Ութ Վկաներ, գրի են առել թիթեղները տեսնելու մասին իրենց վկայությունները, մինչդեռ՝ Ութ Վկաները պահել են թիթեղները իրենց ձեռքերում: Նրանց վկայությունները ներառված են Մորմոնի Գրքի սկզբում:

Այս տղամարդիկ հանդիսանում են Մորմոնի Գրքի զորեղ վկաներ, և մի գուցե նրանց վկայությունն այդքան կարևոր է, քանի որ որոշ ժամանակով նրանցից մի քանիսը «թշնամացել էին Ջոզեֆի դեմ», հաստատում է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից: Ինչևէ, նրանք «վկայեցին մինչև մահ, որ տեսել են հրեշտակին, որը տվել է թիթեղները: Ըստ նրանց խոսքերի, դրանք ցույց են տրվել իրենց Աստծո, ոչ թե՝ մարդու զորությամբ, և, հետևաբար, նրանք վստահությամբ գիտեին, որ այդ աշխատանքը ճշմարիտ էր»:4

Կա՞ որևէ նյութական ապացույց Մորմոնի Գրքի ճշմարտության վերաբերյալ:

Թեև մեր հավատքը չի հիմնվում ֆիզիկական ապացույցի վրա, գոյություն ունեն լեզվաբանական, պատմական և հնագիտական ապացույցներ: Օրինակ, մետաղական թիթեղների վրա գրելու գաղափարը ժամանակին ծաղրի է ենթարկվել, սակայն վերջին տարիներին՝ հայտնաբերվել են մետաղական թիթեղների վրա գրված սուրբ գրությունների բազմաթիվ օրինակներ, որոնցից որոշները պահված են եղել քարե արկղների մեջ:

Լեզվաբանները նշում են, որ Մորմոնի Գրքի խոսքերը և արտահայտությունները, որոնք տարօրինակ են հնչում անգլերեն, ինչևէ, կատարելապես իմաստալից են եբրայերենով և նման լեզուներով, որոնց, հավանաբար, տիրապետում էին Մորմոնի Գրքի ժողովուրդները, մինչդեռ երիտասարդ Ջոզեֆ Սմիթը չէր իմանում այդ լեզուները:

Սակայն այս տեսակի ապացույցները չեն, որ համոզում են մեզ Մորմոնի Գրքի ճշմարտության մեջ: Դա հավատքի և անձնական հայտնության խնդիր է:

Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Դա իմանալու միակ վստահելի եղանակը Սուրբ Հոգու զորությամբ է: Մորմոնի Գրքի վերջին գլուխը հրավիրում է ցանկացած անձի, ով կարդում է այն, խորհում դրա մասին և անկեղծ ցանկություն ունենում իմանալու, թե արդյոք այն ճշմարիտ է, հարցնել Երկնային Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով: Նրանք, ովքեր ընդունում են այս մոտեցումը, կիմանան Սուրբ Հոգու զորությամբ, որ գիրքը ճշմարիտ է (տես Մորոնի 10.3–5): Եկեղեցու միլիոնավոր անդամներ աղոթել են և Սուրբ Հոգու վկայությամբ իմացել են, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: (Այս թեմայով լրացուցիչ տեղեկության համար, տես այս համարի էջեր 4, 60 և 80:)

Ինձ շփոթեցնում է Հայտնություն ԻԲ.18–19-ը, որն ասում է, որ Աստծո խոսքին մենք չպետք է ոչ մի բան ավելացնենք:

Հիմնական համոզմունքներից մեկն այն է, որ Աստված միշտ հայտնել է Իր կամքը երկրի վրա Իր զավակներին, և միշտ կանի դա: Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է, սակայն չենք հավատում, որ այն պարունակում է բոլոր հայտնությունները, որ Աստված տվել է կամ կտա Իր մարգարեներին: Անգամ այսօր, Նա շարունակում է հայտնել Իր կամքը՝ ապրող մարգարեների և առաքյալների միջոցով, որոնք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հիմքն են կազմում (տես Եփեսացիս Բ.20):

Երբ Հովհաննես Առաքյալը գրեց Հայտնության գիրքը, այն Աստվածաշնչի վերջին գիրքը չէր: Հին և Նոր Կտակարանները մինչև մ.թ. երրորդ դարը չէին կազմում սուրբ գրությունների մեկ գիրք, որն այժմ կոչվում է Աստվածաշունչ:

Նույն ձևով, Երկրորդ Օրինաց Դ.2 մեզ ասում է չավելացնել Մովսեսի խոսքերին: Իհարկե, այս հատվածը՝ Հին Կտակարանի առաջին մասերում, չի արժեքազրկում ամբողջ Աստվածաշունչը: Ոչ Մովսեսը, ոչ էլ Հովհաննեսը, չէին կարող խոսել մի հատորի փոփոխության մասին, որը դեռ գոյություն չուներ. Նրանք նախազգուշացնում էին ավետարանի ճշմարիտ ուսմունքները փոփոխելու մասին:

Մորմոնի Գիրքը, որը պարունակում է ավետարանի լրիվությունը, չի փոխում Աստծո խոսքը, այլ հաստատում է այն: (Այս թեմայով լրացուցիչ տեղեկության համար, տես այս համարի էջեր 24 և 38:)

Ես լսել եմ, որ Մորմոնի Գրքի առաջին հրատարակությունից հետո այն փոփոխվել է: Ի՞նչ է փոփոխվել և ինչո՞ւ:

Այս հարցի պատասխանը կախված է Մորմոնի Գրքի թարգմանության և տպագրության գործընթացի մասին մի քիչ գիտելիք ունենալուց:

1. Երբ Ջոզեֆ Սմիթը Աստծո զորությամբ թարգմանում էր ոսկե թիթեղներից, նա թելադրում էր խոսքերը դպիրին: Դպիրները, խոսքերը գրի առնելիս, երբեմն տառասխալներ և քերականական սխալներ են անում: Օրինակ, 1 Նեփի 7.20-ում «were sorrowful» (վշտացած էին) գրի են առվել որպես «ware sarraful»: Դպիրները անգրագետ չէին, սակայն այն ժամանակ ուղղագրությունը դեռ ստանդարտացված չէր:

2, Թարգմանության բնօրինակ ձեռագիրը, այնուհետև, արտագրվում էր՝ տպագրության համար նոր ձեռագիր պատրաստելու համար: Այդ փուլում, ուղղվում էին որոշ տառասխալներ և քերականական սխալներ, և ավելացվում էր կետադրությունը: Սակայն նաև առաջանում էին նոր սխալներ, քանի որ խոսքերը սխալ էին արտագրվում:

3. Տպագրիչը աշխատում էր ճշգրիտ դասավորել տպատառերը: Սակայն, երբեմն, նա նույնպես սխալներ էր ավելացնում; Օրինակ, Ալմա 57.25-ում, նա «joy» բառը սխալ է կարդում և տպագրում որպես «foes»:

4. Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուշադիր կարդաց Մորմոնի Գրքի առաջին երեք հրատարակումները և շարունակում էր օգնել բարելավել և շտկումներ մտցնել: Սակայն, որոշ սխալներ հայտնաբերվեցին միայն վերջին հրատարակություններում: 1981թ. տպագրիչի սխալը Ալմա 16.5-ում վերջապես ուղղվեց, փոխելով «whether» բառը «whither»-ով—, այսպիսով համապատասխանեցնելով բնօրինակին, ինչպես Մարգարեն թարգմանել էր ոսկե թիթեղներից:

5, Մյուս փոփոխությունները ներառել են գլուխների և հատվածների միջև տարածությունները և էջի ստորին ծանուցումները՝ խաչաձև վկայակոչումների հետ միասին:

Կիսվեք օրինակով

Անկախ նրանից, թե ինչ հարցեր են տալիս մարդիկ Մորմոնի Գրքի մասին, գիրքն ինքն իր լավագույն պաշտպանն է: Դուք կարող եք վկայել գրքի մասին, կիսվել դրա օրինակով և հրավիրել մյուսներին աղոթել դրա համար: Եթե անձը անկեղծ սիրտ ունի և իսկապես ցանկանում է իմանալ, թե արդյոք գիրքը ճշմարիտ է, Տերը «կհայտնի ճշմարտությունը» նրան «Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4):

Հղումներ

  1. ֆես, օրինակ, Boyd K. Packer, “The Book of Mormon: Another Testament of Jesus Christ,” Liahona, Jan. 2002, 71:

  2. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 64.

  3. Teachings: Joseph Smith, 71.

  4. Jeffrey R. Holland, “Safety for the Soul,” Liahona, Nov. 2009, 90.

Լուսանկարները՝ Ռոբերտ Քեյսիի կողմից