2011
Մորմոնի Գիրք` ամրացնել հավատքը մեր օրերում
Հոկտեմբեր 2011


Մորմոնի Գիրք՝

ամրացնել մեր հավատքը առ Հիսուս Քրիստոս

Մորմոնի Գիրքը հրավիրում է մեզ և մեր ընտանիքներին ըմբռնել առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքը, և տալիս է այն սկզբունքները, որոնք կօգնեն մեր ընտանիքներին հաջողության հասնել:

Նկար
Elder Neil L. Andersen

Մի քանի դարերի մարգարեների ուսմունքներից կազմված՝ Մորմոնի Գիրքը գրվել է ապագայի համար, երբ քահանայության բանալիների վերականգնումը՝ Իսրայելի տան մեծ հավաքման հետ մեկտեղ, պետք է պատրաստեր աշխարհը՝ Փրկչի երկիր վերադարձին (տես 2 Նեփի 25; 27; 3 Նեփի 21): Նեփին նկարագրում է սուրբ տեքստը որպես «ձայնը մեկի, որն աղաղակում է փոշու միջից» (2 Նեփի 33.13): Մորոնին հայտարարում է. «Ահա, ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք, և սակայն դուք ներկա չեք: Բայց ահա, Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ» (Մորմոն 8.35):

Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի և ապագա օրերի համար: Մորմոնի Գրքի մոտ մեկ միլիոն օրինակ տպվել է Վերականգնումից հետո առաջին 100 տարիների ընթացքում: Այն տպվել է 15 լեզուներով, ինչը նշանակալից նախաձեռնություն էր: Հաջորդ 50 տարիների ընթացքում (1930–80), ավելի քան 25 միլիոն օրինակ է տպվել 41 լեզուներով: Այդ ժամանակից ի վեր՝ 30 տարի առաջ, Մորմոնի Գրքի ավելի քան 125 միլիոն օրինակ է տպվել 107 լեզուներով, ներառյալ՝ Մորմոնի Գրքի Ընտրանին: Մորմոնի Գրքի ազդեցությունը և ներգործությունը կշարունակի աճել, քանի դեռ Աստծո արքայությունը տարվում է ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի:

Տիտղոսաթերթը, որը գրվել է Մորմոնի կողմից, պարզաբանում է գրքի հիմնական նպատակները: Առաջին նպատակը մասնավորապես վերաբերում է Լեքիի զավակների սերունդներին: Վերջնական նպատակն է՝ համոզել բոլոր մարդկանց, «որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ):

Կարևոր մեր օրերի համար

Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի մասին ևս մեկ վկայությունը այդքան կարևոր մեր օրերի համար: Ինչո՞ւ Տերը մեկ այլ վկայություն տվեց՝ Աստվածաշնչի զորեղ հայտարարությունները ամրացնելու համար:

Մենք ապրում ենք մի ժամանակ, որը տարբեր է մյուսներից: Գիտական նվաճումները բժշկությունը, տրանսպորտը, հարմարավետությունը և հարմարությունները հասցրել են այնպիսի մակարդակի, որի մասին մեր նախորդ սերունդները պատկերացում անգամ չէին կարող ունենալ: Երկրագունդը հեղեղված է տեղեկությամբ և տեխնոլոգիաներով, որոնք օգնում են լայնացնել ընտանեկան պատմության աշխատանքը և ավետարանի տարածումը, սակայն դրանք նաև տարածում են պոռնոգրաֆիան, վիրտուալ բռնությունը և այլ «չարիքներ ու դավադրություններ, որոնք կան դավադիր մարդկանց սրտերում» (ՎևՈւ 89.4): Աշխարհի մեծ մասը ապրում է նյութական ունեցվածքի հանդեպ ամուր կապերի առկայության պայմաններում:

Եթե մենք ուշադիր չլինենք, այս պայմանները կարող են շեղել կամ հրապուրել մեզ, հեռացնելով այն սկզբունքներից, որոնք հավերժական են և ճշմարիտ յուրաքանչյուր սերնդի համար:

Երբ 1970-ականների սկզբին ես երիտասարդ միսիոներ էի Եվրոպայում, մենք մեր ուսուցանումը հիմնականում սկսում էինք Ուրացության բացատրությունից, որովհետև Հիսուս Քրիստոսի աստվածային էությունը լայնորեն ընդունված էր: Երբ ես 20 տարի անց վերադարձա որպես միսիայի նախագահ, մենք մեր զրույցները սկսում էինք այլ կերպ, քանի որ հավատքն առ այն, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, որը տվել է Իր կյանքը մեր մեղքերի համար և հարություն առել երրորդ օրը, մեծապես թուլացել էր:

Այսօրվա աշխարհում Կորիհորի՝ հակա-Քրիստոսի, մեծամիտ փաստարկները գտնում են իր ունկնդիրներին.

«Ինչո՞ւ եք դուք սպասում մի Քրիստոսի: Քանզի ոչ մի մարդ չի կարող իմանալ որևէ բանի վերաբերյալ, որը պետք է գա:

Ահա, այս բաները, որ դուք կոչում եք մարգարեություններ, … ձեր հայրերի հիմար ավանդություններն են:

 … Դուք չեք կարող իմանալ բաների մասին, որոնք դուք չեք տեսնում: …

… Ամեն մարդ առաջադիմել է՝ համաձայն իր հանճարի, և … ամեն մարդ հաղթել է՝ համաձայն իր ուժի» (Ալմա 30.13–15, 17):

Մեզ պետք է մեր սեփական ապահով և հիմնավոր հավատքը առ Տեր Հիսուս Քրիստոսը, և մենք օգնության կարիք ունենք՝ ամրացնելու համար մեր ընտանիքները, որպեսզի այս հավատքը թափանցի մեր զավակների և թոռների սրտերը: Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը ամուր խարսխվում է մեր հոգիներում, այն իրական դարձ է բերում և արթնացնում ապաշխարությունը, ազնիվ աշակերտությունը, հրաշքները, հոգևոր պարգևները և հարատև արդարակեցությունը: Սա Մորմոնի Գրքի աստվածային առաքելության կարևոր մասն է:

Որպես երիտասարդ միսիոներ ես առավել հետաքրքիր զրույց եմ ունեցել մի քահանայի հետ: Նա մեզ ասաց, որ չի կարող ընդունել Մորմոնի Գիրքը, որովհետև այն բացեիբաց խոսում է Հիսուս Քրիստոսի մասին, օգտագործելով Նրա անունը և Նրա կյանքի իրադարձությունները՝ Նրա ծննդից հարյուրավոր տարիներ առաջ: Այս թափանցիկությունը նա համարում էր ոչ բնորոշ Հին Կտակարանի օրինաչափությանը, որն ավելի նրբանկատորեն է ակնարկում Փրկչին:

Ինձ համար Հիսուս Քրիստոսի մասին համարձակ հայտարարությունը հանդիսանում է Մորմոնի Գրքի հիմնական զորությունը: Անշուշտ, մենք պետք է ստանանք հոգևոր վկայություն այն մասին, որ գիրքն Աստծուց է: Սակայն, երբ այն ձեռք ենք բերում, Քրիստոսի նպատակները, Նրա կյանքի և Հարության իրականությունը և այն ամենի պարզությունը, ինչ մենք պետք է անենք՝ Նրան հետևելու և Նրա հետ հավերժական կյանքով ապրելու համար, ցնցող և շոշափելի իրականություն է դառնում մեզ համար:

Վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

Սուրբ Հոգու զորությամբ՝ Մորմոնի Գրքում Հիսուս Քրիստոսի մեծ քարոզները կարդալը և դրանց շուրջ խորհելը համոզիչ վկայություն է տալիս դրանց ճշմարտացիության մասին: Ես սիրում եմ սավառնել Մորմոնի Գրքով, ճաշակելով Քրիստոսի հզոր վարդապետությունները՝ Նեփիի տեսիլքը կյանքի ծառի մասին, որտեղ հրեշտակը հարցնում է. «Գիտե՞ս դու Աստծո բարեհաճության մասին» (1 Նեփի 11.16); Լեքիի վկայությունն այն մասին, որ «փրկագնումը Սուրբ Մեսիայի մեջ է և նրա միջոցով. քանզի նա լի է շնորհով և ճշմարտությամբ» (2 Նեփի 2.6); Հակոբի լրացումն այն մասին, որ Նա է «դռան պահապանը … այնտեղ նա չի պահում ոչ մի ծառա» (2 Նեփի 9.41):

Այնուհետև Բենիամին Թագավորը մեզ ուսուցանում է աշակերտի հատկանիշները, իր անսասան հայտարարությամբ, որ «տրված չի լինի ոչ ուրիշ անուն, ոչ ուրիշ ճանապարհ, ոչ էլ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին. միայն Քրիստոսի՝ Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով» (Մոսիա 3.17):

Շուտով, մենք Աբինադիի հետ ենք, որը պատրաստվում է տալ իր կյանքը իր համոզմունքների համար.

«Բայց կա հարություն, հետևաբար գերեզմանը հաղթանակ չունի, և մահվան խայթը կուլ է գնացել Քրիստոսին:

Նա է լույսն ու կյանքն աշխարհի. այո, լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել» (Մոսիա 16.8–9):

Ալման կյանքի է կոչում Քավության, արդարադատության և ողորմածության սքանչելի վարդապետությունները. «Ողորմության ծրագիրը չէր կարող իրականցվել, մինչև մի քավություն չարվեր. հետևաբար, Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերը՝ իրականացնելով ողորմության ծրագիրը, բավարարելով արդարադատության պահանջները, որպեսզի Աստված լինի կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» (Ալմա 42.15):

Ապա մենք հասնում ենք Փրկչի հրաշալի այցին Լեքիի զավակներին: Մենք նույնպես զգում ենք Նրա սերը, Նրա կարեկցանքը, Նրա ուսմունքները, Նրա վկայությունը.

«Այս է ավետարանը, որ ես տվել եմ ձեզ, որ ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը: …

Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո, երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ, որպեսզի ինչպես ես բարձրացվեցի մարդկանց կողմից, ճիշտ նույնպես մարդիկ բարձրացվեն Հոր կողմից՝ կանգնելու իմ առջև, դատվելու ըստ իրենց գործերի՝ լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար» (3 Նեփի 27.13–14):

Վերջապես, Մորմոնի և Մորոնիի վերջին հորդորները. «Իմացեք, որ դուք պետք է … ապաշխարեք ձեր բոլոր մեղքերից ու անօրինություններից, և հավատաք Հիսուս Քրիստոսին, որ նա Աստծո Որդին է» (Մորմոն 7.5): «Այո, եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, և հրաժարվեք ամեն անաստվածությունից. և եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ, որպեսզի նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում» (Մորոնի 10.32):

Ընտանիքների շրջանակներում

Հոգեպես զորեղ, համոզիչ վկայությունն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը իսկապես խոստացված Մեսիան է՝ Աստծո օծյալ Որդին, որը ուղարկվեց երկիր, որպեսզի հարություն պարգևեր բոլոր մարդկանց և հոգևոր մաքրագործում նրանց, ովքեր կապաշխարեն և կհետևեն Նրան, դրսևորվում է ընտանիքների պատմության մեջ:

Մորմոնի Գիրքը սկսվում է մի ընտանիքի պատմությամբ՝ հոր և մոր, որդիների և դուստրերի մասին, որոնք հնազանդվում են իրենց մարգարե հոր հայտնությանը և թողնում են իրենց աշխարհիկ ունեցվածքը և հետևում Տիրոջ խորհրդին: Գիրքը լի է պատմություններով ծնողների մասին, որոնք ձգտում են իրենց երեխաների մեջ սերմանել Հիսուս Քրիստոսի մասին խոստումը և Նրա համար հույսը: Մի առիթով ես դրա էջերից հատուկ մի խորհուրդ քաղեցի հայրերից որդիներին՝ 52 տպագրական էջ: Մորմոնի Գրքում մենք տեսնում ենք, ինչպես են ծնողները ուսուցանում հավատք Քրիստոսի հանդեպ և հնազանդություն Աստծո պատվիրաններին՝ ինչպես երեխաներին, որոնք մանկուց հնազանդ են եղել, այնպես էլ՝ երեխաներին, որոնք դեռ պետք է գտնեին իրենց ուղին, երբեմն, միևնույն ընտանիքում: Դա դաս է մեր օրերի, մեր երեխաների, մեր ընտանիքների համար:

Կանանց և դուստրերի հատուկ դերը, որոշ չափով, չի նշվում, ինչպեսև ընդունված է հին գրառումներ կատարելիս: Սակայն ակնհայտից այն կողմ նայելիս, մենք տեսնում ենք նրանց հավերժական ազդեցությունը: Մենք արժեքավորում ենք թանկագին հատվածները, որոնք պատմում են կանանց և մայրերի մասին, օրինակ՝ երբ նկարագրվում են նրանց զգացմունքները որպես «քնքուշ և մաքրաբարո և նուրբ Աստծո առջև» (Հակոբ 2.7), կամ երբ Հելամանը նկարագրում է իր երիտասարդ մարտիկների բարձր հատկանիշները, որոնց վրա ազդել էին իրենց արդարակյաց մայրերը.

«Այո, և նրանք հնազանդվում և ձգտում էին ճշգրիտ կատարել հրամանի ամեն մի բառը. այո, և ճիշտ իրենց հավատքի համաձայն կատարվեց նրանց համար. և ես հիշեցի խոսքերը, որ նրանք ասացին ինձ, որ իրենց մայրերը սովորեցրել էին իրենց: …

Արդ, այս էր հավատքը նրանց, որոնց մասին ես խոսեցի. նրանք երիտասարդ են, և նրանց միտքն անսասան է, և նրանք շարունակ դնում են իրենց վստահությունը Աստծո վրա: …

… Նրանք սովորեցվել էին իրենց մայրերի կողմից, որ եթե նրանք չկասկածեին, Աստված կազատեր նրանց:

Եվ նրանք կրկնեցին ինձ իրենց մայրերի խոսքերն՝ ասելով. Մենք չենք կասկածում, մեր մայրերը գիտեին դա» (Ալմա 57.21, 27; 56.47–48):

Ես հրավիրում եմ ձեզ խորհել այս հարցերի շուրջ, որոնք կօգնեն ձեզ վերագրել Մորմոնի Գրքի ուսմունքները ձեր ընտանիքին.

  • Մորմոնի Գրքի ո՞ր հատվածներն են ուսուցանում մեզ այն մասին, որ երեխաները պետք է տեսնեն իրենց ծնողների հավատքի ամբողջականությունը և արդարակեցությունը:

  • Ի՞նչ խորհուրդ են տվել Մորմոնի Գրքի հայրերը իրենց որդիներին, որով մենք կցանկանայինք կիսվել մեր երեխաների հետ:

  • Ի՞նչ ենք մենք սովորում մեր ջանքերի մասին անհնազանդ երեխաների հետ կապված:

  • Ինչպե՞ս են Մորմոնի Գրքի ծնողները իրենց խորին համոզմունքներով կիսվում իրենց երեխաների հետ:

  • Ի՞նչ ենք մենք սովորում հավատքի մասին, որը փոխանցվում է սերնդից սերունդ:

Չկա ավելի կարևոր բան, քան մեկ ուրիշի հետ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով կիսվելը: Այն պարգևում է հասկացողություն այս կյանքի մարտահրավերների մասին, երջանկություն՝ դժվարությունների ժամանակ և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում:

Կան աշխարհիկ բազմաթիվ ազդեցություններ, որոնք շեղում են մեզ և մեր ընտանիքներին այս առավել կենսական հավատքից: Մորմոնի Գիրքը հրավիրում է մեզ և մեր ընտանիքներին շրջապատել մեզ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով, որը կօգնի մեր ընտանիքներին հաջողակ լինել:

Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և որ այն իսկապես տրվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին Մորոնի հրեշտակի կողմից՝ Տեր Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ: Այն մեր օրերի համար է, մեր երեխաների և թոռների համար: Եթե մենք ամեն օր բացենք այն հավատքով, ես խոստանում եմ, որ Տիրոջ Հոգին մեզ հետ կլինի և մեր ընտանիքները հավերժ կօրհնվեն:

Նեփիի տեսիլքը

Լեքիի վկայությունը

Բենիամին թագավորի քարոզը

Աբինադիի վկայությունը

Հիսուս Քրիստոսի հայտնությունը

Մորմոնի և Մորոնիի վերջին խոսքերը

Քրիստոսի պատկերը, Հեյնրիխ Հոֆման, տրամադրել է C. Harrison Conroy Co.

ԿՈՐԻՀՈՐԸ ԸՆԴԴԵՄ ԱԼՄԱՅԻ, ՌՈԲԵՐՏ Թ. ԲԱՐԵԹ

Նեփիի տեսիլքը, Քլարկ Քելլի Փրայս; հատված Լիահոնայից, Առնոլդ Ֆրայբերգ © 1951 IRI; Բենիամին Թագավորի ուղերձը, Ջերեմի Վինբորգ, չբազմացնել; հատված Աբինադիի հայտնությունը Նոյ Թագավորին, Առնոլդ Ֆրայբերգ © 1951; Որ միշտ հիշեք ինձ, Գարի Քափ © 1998, չբազմացնել; Մորմոնը հրաժեշտ է տալիս մի ժամանակ մեծ ազգին, Առնոլդ Ֆրայբերգ © 1951 IRI

Լեքին և նրա ժողովուրդը ժամանում են խոստացված երկիր, Առնոլդ Ֆրայբերգ