2012
Ես աղոթեցի քաջություն ունենալու համար
Հոկտեմբեր 2012


Ես աղոթեցի քաջություն ունենալու համար

Ֆե Տիանարիվելո, Մադագասկար

Ծնողներս Եկեղեցու անդամներ են, սակայն նրանք այնքան էլ ակտիվ չեն: Դա երբեմն վեճերի տեղիք է տալիս, որովհետև նրանք հավատում են, որ ընտանիքի ժամանակը պետք է վեր դասվի ամեն ինչից՝ եկեղեցի գնալուց, Եկեղեցու մեր կոչումները մեծարելուց և այլ միջոցառումներից:

Քանի որ ես ղեկավար եմ Երեխաների Խմբում և ծխի երգչախմբի անդամ, իմ եկեղեցական ժողովները երբեմն խանգարում են ընտանեկան պարտականություններին: Մի օր, երբ ես նախընտրեցի հաճախել գերագույն համաժողովի հեռարձակմանը մեր հավաքատանը՝ Անտանանարիվոյում, ծնողներս ինձ հիշեցրեցին, որ հյուրեր ունեինք տանը:

«Դու պետք է ընտրես քո ընտանիքի և Եկեղեցու միջև, - ասաց մայրս: - Դու պետք է մնաս մեզ հետ տանը և չգնաս համաժողովին, իսկ եթե գնաս համաժողովին, կպատժվես»:

Ես որոշեցի չվիճել մայրիկիս հետ, փոխարենը, պահն օգտագործելով, խնդրեցի Երկնային Հորը, որ ինձ քաջություն և ուժ տա: Ես նաև խնդրեցի Նրան, որ օգնի ինձ իմանալ՝ ինչ անեմ: Պետք է ընտանիքիս հետ մնայի տանը, թե գնայի եկեղեցի և լսեի մարգարեի խոսքը:

Երբ ավարտեցի աղոթքս, զգացի Սուրբ Հոգին: Ես զգացի, որ Հոգին խրախուսեց ինձ մայրիկիս ասել, թե որքան կարևոր է ինձ համար գնալ և լսել մարգարեին: Ես զգացի, որ պետք է ասեմ նրան, որ իմաստուն խորհուրդ կստանամ իմ կյանքի ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար:

Աստված կարող է հրաշքներ կատարել, և Նա փափկացրեց ծնողներիս սիրտը, որպեսզի նրանք ինձ թույլ տային համաժողովին ներկա լինել առանց պատժվելու: Դա հրաշալի փորձառություն էր իմ կյանքում: Այն հաստատեց ինձ համար սուրբ գրությունների ճշմարտությունը. «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5):

Ես գիտեմ, որ եթե մենք գործենք հիմնվելով ավետարանի սկզբունքների վրա և լսենք Հոգուն, միշտ կարող ենք ուրախանալ մեր ընտրություններով: Այդ փորձառությունը ամրացրեց իմ վկայությունը, որ Աստված նեցուկ է մեզ, և Սուրբ Հոգին օգնում է մեզ կյանքում: