2012
Զորացած խոսքով
Հոկտեմբեր 2012


Զորացած խոսքով

Նկար
young man with a backpack

Լուսանկարները՝ Խոսե Ա. Պենայի և Գլորիա Հայաթի.

Դեռահասները վկայում են այն ժամանակների մասին, երբ սուրբ գրություններն ուսուցանել, հաստատել և առաջնորդել են իրենց:

Մենք խնդրեցինք երիտասարդներին պատմել մեզ այն ժամանակների մասին, երբ իրենց մտապահած սուրբ գրությունները օգնել են իրենց, որի մասին խոսել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը 2011թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի իր ելույթում (տես եզրաշերտը): Այստեղ ներկայացնում ենք նրանց պատասխաններից մի քանիսը:

Խաղաղություն իմ հոգուն

«Որդիս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ» (ՎևՈւ 121.7):

Տարիներ շարունակ ինձ սփոփանք պարգևող սուրբ գրությունն է՝ Վարդապետություն և Ուխտեր 121.7, որտեղ Մարգարե Ջոզեֆ Սմիթը Լիբերթի բանտում Երկնային Հորից օգնություն է աղերսում: Ես անգիր եմ սովորել այս հատվածը սեմինարիայում և հիշում եմ, երբ սփոփանքի կարիք եմ ունենում: Այն հիշեցնում է ինձ, որ իմ Երկնային Հայրը սիրում է ինձ և տեղյակ է իմ փորձություններից: Ես օգտագործել եմ այդ հատվածը, որն ինձ խաղաղություն է բերել հուսահատության և թուլության պահերին:

Այդ հատվածն օգնել է ինձ, երբ ես մասնակցել եմ մի հավաքույթի, որը մի փոքր անց վերածվեց այնպիսի միջավայրի, որտեղ գիտեի, որ պետք չէ լինել: Ես քաղաքավարի ձևով մերժեցի ընկերներիս, որոնք ինձ հորդորեցին խմել կամ ծխել: Այդ սուրբ գրության հատվածը ինձ քաջություն տվեց, որի կարիքն ունեի իմ համոզմունքները պաշտպանելու համար:

Այդ հատվածը նաև օգնել է ինձ դժվար որոշում կայացնելիս: Ընկերուհիս և ես անբաժան էինք հինգ տարի: Մենք միասին սպորտով էինք զբաղվում, միասին զբոսնում էինք և հանգստյան օրերին միասին ժամանակ էինք անցկացնում: Սակայն նա սկսեց ժամանակ անցկացնել ավելի մեծ տարիքի ընկերների հետ, որոնց հետ ես չէի ցանկանում շփվել: Ի վերջո, նա ինձ ընտրության առաջ կանգնեցրեց՝ լինել նրա ընկերուհին կամ հավատարիմ մնալ Իմաստության Խոսքին և մաքրաբարոյության օրենքի իմ համոզմունքներին: Ես շփոթված էի: Ես երբեք չէի զգացել, որ այդքան դժվար կլինի իմ համոզմունքները պաշտպանելը: Բայց ես ընտրեցի նոր ընկերուհիներ ունենալ, իմ մտքում պահելով Երկնային Հոր խոստումը տրված Ջոզեֆ Սմիթին, որ ամեն ինչ լավ կլինի:

Ոչինչ չարժե, որ ես զիջեմ իմ համոզմունքները, և ես ճիշտ ընտրություն կատարելով անկեղծ և տևական ուրախություն եմ ապրում: Այդ սուրբ գրությունն ամրացրել է իմ վկայությունը և անհրաժեշտության դեպքում օգնել ինձ:

Լորեն Ջ. 16 տարեկան, Արկանզաս, ԱՄՆ

Թույլ կողմերը դարձվում են ուժեղ

Ավագ դպրոցի ընդունելության քննությունից ամիսներ առաջ, ինձ պատրաստ չէի զգում: Ես վստահ էի, որ անհնար է քննությունը հաջող հանձնել: Ես աղոթքով դիմեցի իմ Երկնային Հորը: Աղոթելիս միտքս եկան այս խոսքերը. «Եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. և իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27):

Ես հասկացա, որ երբ աղոթում եմ Երկնային Հորը, որպեսզի ուժ ունենամ դիմակայելու դժվարություններին և փորձություններին, Նա օրհնում է ինձ և օգնում է հաղթահարել իմ թուլությունը: Իմ մտահոգության մասին Տիրոջը ասելը իմ լավագույն որոշումն էր: Նա լավագույն ուսուցիչն է, և ես գիտեմ՝ Նա օգնեց ինձ:

Իրվին Օ. 16 տարեկան, Էլ Սալվադոր

Միշտ աղոթիր

«Միշտ աղոթիր, որ կարողանաս հաղթող դուրս գալ. այո՛, որ կարողանաս հաղթել Սատանային, և որ կարողանաս խույս տալ Սատանայի ծառաների ձեռքից, որոնք նեցուկ են նրա գործին» (ՎևՈւ 10.5):

Այդ հատվածն օգնում է ինձ դիմակայել գայթակղություններին: Երբ ես պատրաստվում եմ անել մի բան, որ գիտեմ սխալ է, միտքս է գալիս այդ հատվածը և դրա խոսքերը: Ամեն անգամ այդ հուշումը ստանալուց հետո երբ աղոթում եմ, ես ստանում եմ իմ առջև ծառացած գայթակղությունները հաղթահարելու համար անհրաժեշտ օգնությունը:

Ջեսի Ֆ. 17 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Ես քեզ հետ եմ

«Համբերող եղիր չարչարանքներում, քանզի դու շատ կունենաս. բայց դիմացիր դրանց, քանի որ, տե՛ս, ես քեզ հետ եմ, նույնիսկ մինչև քո օրերի վերջը» (ՎևՈւ 24.8):

Այս սուրբ գրությունը մտապահելը եղել է օրհնություն, հատկապես երբ ես վախեցել եմ կամ միայնակ եմ ինձ զգացել: Երբ էլ որ հիշում եմ այդ խոսքերը, քաջություն եմ ստանում և ավելի լավ եմ ինձ զգում: Մենք՝ երիտասարդներս, առաջնորդության և աջակցության կարիք ունենք, հատկապես երբ մեր առջև դժվարին փորձություններ և մարտահրավերներ են ծառանում: Թեպետ երբեմն ապագան անորոշ կամ հուսահատեցնող է թվում, ես գիտեմ, որ կարող եմ վստահել Տիրոջը և ստանալ Նրա ջերմ գրկախառնումը:

Երբ ես փոքր էի, տանը և Երեխաների Խմբում սովորեցի, որ Տերը կարող է միշտ իմ կողքին լինել, եթե կատարեմ իմ մասը: Այդ ուսուցումների և այս սուրբ գրության շնորհիվ ես գիտեմ, որ կարող եմ միշտ ապավինել Նրան:

Սոֆիա Ի. 15 տարեկան, Ուրուգվայ

Լուսանկարները՝ Վելդեն Ս. Անդերսենի ԵՎ ՔՐԻՍՉԵՆ ԻԲԱՆԵԶԻ