2012
Ուսուցանել մաքրաբարոյություն և առաքինություն
Հոկտեմբեր 2012


Մեր տները, մեր ընտանիքները

Ուսուցանել մաքրաբարոյություն և առաքինություն

Նկար
Մեթյու Օ. Ռիչարդսոն

Սեռական հարաբերության վերաբերյալ իրենց երեխաներին ուսուցանելիս ծնողները կարող են օգտագործել այս վեց մեթոդները:

Ես արտոնություն եմ ունեցել հանդիպելու տարբեր խավի և աշխարհի բոլոր ծայրերի պատանիների ու երիտասարդների հետ: Մի առիթով ես խոսել եմ շատ տպավորիչ դեռահասների խմբի հետ առաքինության, մաքրաբարոյության և բարոյական կյանքով ապրելու մասին: Այն բանից հետո, երբ ես նրանց ասացի, թե որքան տպավորված էի նրանց մեկնաբանություններից, համոզմունքներից, արտաքին տեսքից և վարքագծից, ես հարցրեցի. «Ինչպե՞ս է ձեզ հաջողվում այդքան լավ արտահայտվել, ձեր պատասխանների վրա վստահ լինել և այսպիսի նուրբ թեմայի շուրջ այդքան ազատ խոսել: Ինչպե՞ս եք դուք դարձել այդպիսին»: Մի երիտասարդ կին առանց հապաղելու ասաց. «Ես ունեմ ծնողներ, որոնք ուսուցանում են»: Մնացածները գլխի շարժումով համաձայնվեցին նրա հետ: Այս հասարակ, սակայն մեծ փորձառությունը ընդգծում է ազդեցությունը, որ ծնողները ունեն իրենց երեխաների կյանքում, հատկապես առաքինություն, մաքրաբարոյություն, սեռական մտերմություն և պատշաճ հարաբերություններ ուսուցանելու նրանց դերը:

Դժբախտաբար, շատ ծնողներ չեն ուսուցանում իրենց երեխաներին սեռական հարցերի շուրջ այնքան լավ, որքան կարող էին: Օրինակ, հարցում անցկացնելով 200 -ից ավելի Վերջին Օրերի Սրբերի ակտիվ երիտասարդ ամուրիների հետ ես պարզեցի, որ միայն 15 տոկոսն էին համարում իրենց ծնողներին սեռական հարցերի վերաբերյալ տեղեկության հիմնական աղբյուր: Այս երիտասարդ անդամներն ասացին, որ իրենք սովորել էին այս կարևոր թեմայի մասին հիմնականում ընկերներից կամ հասակակիցներից, ինտերնետից, զանգվածային լրատվամիջոցներից, ուրախ ժամանցներից, ձեռնարկներից, ազգականներից կամ իրենց Եկեղեցու ղեկավարներից:

Իհարկե, սա հեշտ թեմա չէ ուսուցանելու համար: Սակայն ես կարծում եմ, որ ծնողները այսպիսի սուրբ սկզբունքներ հաղորդելու լավագույն ուսուցիչներն են: Հետևյալ մեթոդները կօգնեն ձեզ զարգացնել պարզ, արդյունավետ և հարատև սկզբունքներ և փորձառություններ, որոնք կնպաստեն արդյունավետ սովորելուն և սովորեցնելուն, հատկապես, երբ սովորեցնեք ձեր երեխաներին, թե ինչպես ապրել առաքինի ու մաքրաբարո կյանքով:

Սովորեցնելն ու սովորելը պետք է վաղ սկսել: Այն ծնողները, ովքեր արդյունավետ կերպով ուսուցանում են իրենց երեխաներին սեռական թեմաներով հասկանում են, որ երեխաներից շատերը առաջին անգամ հանդիպում են այդպիսի թեմաների շատ ավելի վաղ տարիքում, քան նրանք կամ նրանց ծնողները ակնկալում կամ ցանկանում են: Շատ երեխաներ հաղորդակից են դառնում սեռական բովանդակության թեմաներին Ինտերնետի միջոցով վաղ տարիքից սկսած, ինչպես օրինակ 11 տարեկանում, իսկ ոմանք նույնիսկ ավելի փոքր տարիքում: Ուրախ ժամանցները, սպորտային միջոցառումները, գովազդները և նույնիսկ հասարակական զանգվածային լրատվամիջոցները ավելի ու ավելի են հեղեղվում սեքսուալ պատկերներով և անուղղակի ակնարկներով:

Որոշ ծնողներ արդարացիորեն հարցնում են. «Ե՞րբ ես պետք է սկսեմ խոսել սեռական թեմաներով»: Դա կախված է տարիքից և երեխայի հասունությունից և առանձնահատուկ իրադրությունից: Հոգևոր առաջնորդությունը կգա, երբ ծնողները աղոթքով և զգուշությամբ զննեն իրենց երեխաների վարքագիծը, ուշադրությամբ լսեն իրենց երեխաներին և ժամանակ տրամադրեն խորհելու և հասկանալու, թե երբ և ինչ սովորեցնեն: Օրինակ, ես հիշում եմ, որ իմ տղան ինձ հարցեր տվեց անատոմիայից, երբ նրա հինգ տարեկանը դեռ նոր էր լրացել: Մինչդեռ դա մի փոքր անսովոր էր, սակայն ակնհայտ էր, որ ճիշտ ժամանակն էր խոսելու համար; Ինչևիցե, մինչ ես մտածում էի, թե ինչպես պատասխանեմ, ես պարզ զգացի, որ դա ճիշտ ժամանակը չէր իմ տղայի հետ սեռական ցանկացած թեմայով խոսելու համար:

Պետք է հաճախակի սովորեցնել և սովորել: Սովորելը գործընթաց է, և ոչ թե եզակի իրադարձություն: Երբ խոսքը վերաբերվում է երեխաներին սեռական հարաբերությունների կամ այլ նմանատիպ թեմաների մասին ուսուցանելուն, մարդիկ հաճախ հիշատակում են այն որպես «այդ զրույցը»: Նրանք դա նկատի ունեն թե ոչ, սակայն այս տերմինը հուշում է, որ ծնողները սովորեցնում են այս թեման մեկ զրույցի ընթացքում: Երեխայի համար դա սովորելու ամենաարդյունավետ եղանակը չէ: Փրկիչը ուսուցանել է, որ մենք սովորում ենք «տող առ տող, ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28.30): Մենք ուսուցանելու ավելի մեծ հաջողություն կունենանք, եթե մենք վերադառնանք այդ թեմային մեր երեխաների հետ միասին, մինչ նրանք մեծանում և ավելի գիտակից են դառնում: Այն ծնողները, ովքեր հասկանում են այս սկզբունքը, պատրաստվում են մտավոր, էմոցիոնալ և հոգևոր առումներով, որպեսզի ուսուցանեն իրենց երեխաներին սեռական թեմաներով նրանց վաղ տարիքի և պատանեկության ընթացքում:

Արդյունավետ սովորելն ու սովորեցնելը կախված է սովորեցնողի և սովորողի միջև հարաբերություններից: Երբ խոսքը գնում է երեխաներին սեռական թեմաներով ուսուցանելու մասին, ծնողների մեծամասնությունը անհանգստանում են գրեթե բացառապես այն մասին, թե ինչ պետք է իրենք ասեն: Մինչդեռ սա կարևոր է, արդյունավետ սովորեցնելն ու սովորելը շատ ավելին է, քան խոսելն ու թեմայի շուրջ պատմելը: Իրականում իրենց երեխաներին սովորեցնելու ծնողների մոտեցման եղանակը կարող է ավելի կարևոր լինել, քան այն, ինչ նրանք իրականում կարող են ասել: Հետազոտությունները հանգեցնում են այն եզրակացությանը, որ երբ խոսքը վերաբերվում է սեռական դաստիարակությանը, իրենց երեխաների վրա ավելի շատ ազդեցություն են ունենում այն ծնողները, ովքեր մտերմիկ հաղորդակցվում են, արտահայտում են իրենց սերն ու մտահոգությունը և ակտիվորեն ներգրավված են իրենց երեխաների կյանքում:1

ոչ պաշտոնական իմ հարցումների ժամանակ Երիտասարդ Վերջին Օրերի Սրբերը իրենց մեկնաբանություններում բազմիցս կենտրոնանում են այն բանի վրա, որ կցանկանային իրենց ծնողներն ավելի բաց լինեին կամ խոսեին սեռական հարաբերությունների վերաբերյալ թեմաներով: Այս երիտասարդները հայտնեցին, որ իրենք ցանկանում էին, որ իրենց ծնողները ոչ միայն ներգրավված լինեին այդ գործընթացում, այլ նաև «զրուցեին իրենց հետ, և ոչ թե լոկ ասեին իրենց ասելիքը»: Նրանք փափագում էին այնպիսի զրույցներ ունենալ, որոնք «բնական», «նորմալ», «հարմար» էին, և ոչ թե «շփոթեցնող»: Սա պետք է դրդի ծնողներին ավելի ջանասեր լինել, որպեսզի լինեն շփվող, ոչ շատ զբաղված, բնական և հանգիստ զգան իրենց այս թեմայով խոսելիս, այս իրավիճակում կամ անգամ ժամանակի առումով: Եթե կա գին, որ պետք է ծնողները վճարեն, իրենց զավակներին արդյունավետ ուսուցանելու համար այն բաների վերաբերյալ, որոնք ամենակարևորն են, դա այն է, որ ծնողները պետք է գործեն այնպես, որ օգնեն իրենց երեխաներին հարմար զգալ և ապահով բոլոր թեմաներով խոսելիս, հատկապես ավելի անձնական թեմաներով:

Սովորելն ու սովորեցնելը ամենաարդյունավն են լինում այն ժամանակ, երբ թեման տեղին է ընտրված և էական նշանակություն ունի: Ելնելով մեր մոտեցումից, սեռական մտերմության մասին սովորեցնելը կարող է շփոթեցնող, ոչ իրական, ոչ պրակտիկ կամ նույնիսկ բարոյախրատական թվալ: Հաջողության բանալին այն է, որ գիտակցենք, որ երեխաները ավելի շատ հարցեր և մտահոգություններ են ունենում իրական կյանքի իրադրություններին և օրենքներին արձագանքելիս: Երբ մենք ուշադրություն դարձնենք, լսենք և զննենք մեր երեխաներին, մենք կհասկանանք, թե մենք ինչ պետք է ուսուցանենք:

Օրինակ, կինոնկարները, նորաձևությունները, տարօրինակ քմահաճույքները, հեռուստատեսային ծրագրերը, գովազդները կամ երգի բառերը միանգամայն բավարար հնարավորություն են տալիս բարոյական չափանիշների մասին խոսելու համար: Այլ հնարավորություններ առաջ կգան, մինչ մենք դիտենք մեր երեխաների հարաբերությունները և փոխազդեցությունները ուրիշների հետ, նրանց և նրանց հասակակիցների հագնվելու ձևը, նրանց օգտագործած բառապաշարը, ինչպես են նրանք իրենց զգում հակառակ սեռի ներկայությամբ, ինչպես նաև հասարակության մեջ մաքրաբարոյության և բարոյական չափանիշների վերաբերյալ մեկնաբանությունները զանազանելիս: Կան բազմաթիվ հնարավորություններ իրական կյանքում զրուցելու երեխաների հետ բարոյականության և առաքինության մասին:

Հավանաբար, իրական կյանքի ուսուցման ամենակարևոր ոլորտում հանդես են գալիս ծնողները որպես օրինակ՝ իրենց սեփական կյանքում լինելով մաքրաբարո, համեստ և առաքինի:Երեխաները ամենից շատ պատրաստակամորեն կլսեն և կհետևեն իրենց ծնողների խորհրդին, երբ նման խորհուրդը հիմնված է իրենց ծնողների լավ օրինակների վրա:

Հակառակը նույնպես ճշմարիտ է: Ինչպես ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը. «Ամեն առումով մեր գործերը ավելի բարձր են խոսում, քան մեր խոսքերը: Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77) ուսուցանել է. «Մենք պետք է այնպիսի օրինակ ծառայենք [մեր երեխաների] համար, որը մենք կուզեինք, որ նրանք ընդօրինակեին: Մենք գիտակցու՞մ ենք սա: Որքան հաճախ ենք մենք տեսնում ծնողների, ովքեր երեխայից կամ երեխաներից պահանջում են հնազանդություն, լավ վարքագիծ, բարի խոսքեր, հաճելի հայացքներ, քաղցր ձայն և պայծառ աչքեր, երբ իրենք անձամբ լի են դառնությամբ ու հանդիմանությամբ: Որքան հակասական ու անխոհեմ է սա»: Մեր երեխաները կնկատեն այսպիսի հակասությունները մեր մեջ և հավանաբար արդարացում կգտնեն նմանատիպ վարք ունենալու համար»:2

Սովորողները ամենալավը սովորում են այն ժամանակ, երբ նրանք հասկանում են, թե ինչ են նրանց սովորեցնում: Բազմաթիվ պատանիներ և երիտասարդներ իրենց զայրույթն են արտահայտում այն կապակցությամբ, որ իրենց ծնողները և նույնիսկ Եկեղեցու ղեկավարները հակված են օգտագործելու «գաղտնագիր բառեր» և պարզ չարտահայտված ուղերձներ, որոնք իրականում ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս, և ավելի շատ լարվածություն առաջացնում, քան օգնում: Սա հատկապես ճշմարիտ է, երբ հարցը վերաբերվում է սեռական թեմաներին:

Մինչ ես ծառայում էի որպես եպիսկոպոս երիտասարդ ամուրիների ծխում, ինձ հաճախ հարցնում էին, թե ինչ է նշանակում «կրքոտ գրկել»: Իմ ծխի հավատարիմ անդամներին սովորեցրել էին, որ նրանք չպետք է դա անեին, սակայն նրանց երբեք չէին սովորեցրել, թե ինչ է դա իսկապես նշանակում: Դժվար էր նրանց համար հնազանդվել հրահանգին, որը նրանք չէին հասկանում:

Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին (1897–1988) բացատրել է, որ բավական չէ այնպես սովորեցնել, որ ուրիշները հասկանան, այլ մենք նաև պետք է այնպես սովորեցնենք, որ ոչ ոք սխալ չհասկանա:3 Գաղտնաբառերով կամ նույնիսկ ժարգոնով խոսելու փոխարեն մենք ավելի շատ հաջողության կհասնենք, եթե մենք օգտագործենք ճիշտ և պատշաճ տերմիններ: Սա նպաստում է հասկացողությանը և հարգանք է առաջացնում:

Խորհեք այն մասին, թե ինչպես է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը արդյունավետորեն սովորեցրել բարոյական սկզբունքներ և չափանիշներ: Նա ասել է. «Ամուսնական կապերից դուրս ցանկացած սեռական հարաբերություն, ես նկատի ունեմ ցանկացած կանխամտածված հարաբերություն մեկ ուրիշի մարմնի սրբազան, անձնական մասերի հետ, հագուստով կամ առանց հագուստի, մեղք է և արգելված է Աստծո կողմից: Նաև զանցանք է համարվում ձեր սեփական մարմնում միտումնավոր այդպիսի զգացմունքներ առաջացնելը»:4

Արդյունավետ սովորեցնելու համար մենք պետք է վստահ լինենք, որ նրանք, ում մենք սովորեցնում ենք, հասկանում են ուղերձը: Շատ են օգնում հասարակ հարցերը, ինչպես օրինակ «Սա պատասխանե՞ց ձեր հարցին» կամ «Ես բավականին լավ կարողացա՞ բացատրել դա» կամ «Դուք ունե՞ք որևէ այլ հարց»:

Սովորողները դարձի են գալիս, երբ ուսուցիչները կապում են ուղերձը հավիտենական սկզբունքների ու չափանիշների հետ: Ավետարանի հրահանգների արդյունավետ ուսուցում է տեղի ունենում, երբ միայն պատշաճ «կյանքի փաստերի» վրա կենտրոնանալու փոխարեն մենք կապում ենք այդ փաստերը «հավերժական կյանքի փաստերի» հետ: Օրինակ, երբ խոսում ենք մեր մարմինների մասին, մենք կարող ենք խոսել այն մասին, թե ինչպես է մեզ սիրող Երկնային Հայրը ստեղծել մեր մարմինները և թե ինչպես մենք պետք է վերաբերվենք Նրա ստեղծածներին հարգանքով և Նրա ակնկալիքներին համապատասխան:

Մինչ աշխարհն ընկղմվում է անբարոյականության մեջ, այնուամենայնիվ մի փոքր հույս կա ապագա սերունդների համար: Այս հույսը կենտրոնանում է ծնողների վրա, ովքեր նվիրագործում են իրենց լավագույն ջանքերը ուսուցանելով աճող սերնդին լինել առաքինի և մաքրաբարո: Այն ծնողները, ովքեր սովորեցնում են իրենց զավակներին ապրել առաքինի և մաքրաբարո կյանք, ձգտում են մեծացնել իրենց հասկացողությունը և լավացնել իրենց ուսուցանելու հմտությունները: Սա անելով նրանք հասկանում են, որ «Տերը կմեծարի [իրենց] մինչ [նրանք] ուսուցանեն այնպես, ինչպես Նա է պատվիրել»: Այս ամենից հետո, սա «սիրո աշխատանք է, հնարավորություն օգնելու ուրիշներին արդար կերպով գործածել իրենց ազատ ընտրությունը, գալ դեպի Քրիստոսը և ստանալ հավերժական կյանքի օրհնությունները»:5

Հղումներ

  1. Տես Bonita F. Stanton and James Burns, “Sustaining and Broadening Intervention Effect: Social Norms, Core Values, and Parents,” in Reducing Adolescent Risk: Toward an Integrated Approach, ed. Daniel Romer (2003), 193–20:

  2. Robert D. Hales, “Our Parental Duty to God and to the Rising Generation,” Liahona, Aug. 2010, 74.

  3. Տես Jacob de Jager, “Let There Be No Misunderstanding,” Ensign, Nov. 1978, 67:

  4. Richard G. Scott, “Serious Questions, Serious Answers,” Liahona, Sept. 1997, 31.

  5. Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում (1999), 4:

Նկարազարդումն ըստ Դեյվիդ Սթոքերի © IRI

Նկարազարդումն ըստ [to come]