2017
Կորած դրամապանակը
April 2017


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Կորած դրամապանակը

Նկար
lost wallet

Նկարազարդումը` Վիլսոն Ջ․ Օնգի

Վերջերս ես տեղափոխվեցի նոր տուն և խնդրեցի Եկեղեցու մի քանի անդամների օգնել ինձ տանն իրականացվող նախագծի հետ կապված աշխատանքներում։ Նախագծի ընթացքում ես զգացի, որ պիտի մի քանի նյութեր գնեի, որոնք անհրաժեշտ էին գործն ավարտին հասցնելու համար։ Երբ մենք ավարտեցինք նախագիծը, ես նկատեցի, որ դրամապանակս չկար։ Ես խուճապի մատնվեցի, քանի որ դրամապանակիս մեջ էին գտնվում իմ բոլոր անձնական փաստաթղթերը և գումարը, որն առավոտյան էի ստացել մի պատվիրատուից։ Ես ետ վերադարձա այնտեղ, որտեղ գնումներ էի կատարել, սակայն ինձ չհաջողվեց գտնել այն։ Ես տուն գնացի և շարունակեցի փնտրել, մտածելով, որ գուցե ինչ-որ տեղ գցած լինեի այն։ Ես սկսեցի խորհել բոլոր փաստաթղթերի նոր պատճենները ձեռք բերելու հնարավորության մասին։ Ապա, իմ տանից հեռանալուց առաջ ընկերներիցս մեկը հարցրեց․ «Իսկ դուք աղոթե՞լ եք»։

Ես անմիջապես մտածեցի՝ «Իհարկե, ես արդեն աղոթել եմ»։

Սակայն իրականում ես չէի աղոթել անկեղծ միտումով։ Այլ ես ցանկացել էի պարտադրել իմ կամքը Երկնային Հորը և ինչ-որ կերպ դարձնել դա Նրա պարտականությունը, որ օգներ ինձ գտնել իմ դրամապանակը։ Սակայն այնուհետև ես հիշեցի Եսայիա 55․8-ում գտնվող հատվածը․ «Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը»։

Կիրակի օրը ես գնացի եկեղեցի, և անդամներից մեկը, ով ինձ հետ էր նախորդ օրը, ասաց ինձ, որ ջերմեռանդորեն աղոթել էր Երկնային Հորը, որ ես գտնեի իմ դրամապանակը։ Նա ասաց, որ զգացել էր, որ ես կգտնեմ այն։ Ավելի ուշ, երբ նստեցի կատարելու իմ անձնական ուսումնասիրությունը, ես սկսեցի կարդալ Ստանալմեր աղոթքների պատասխանները ելույթը, որի հեղինակն է Յոթանասունի Քվորումի հիշարժան անդամ Երեց Ջեն Ռ․ Քուքը։ Առաջին էջում կար մի պատմություն, որում առկա խնդիրը նման էր իմ խնդրին․ Երեց Քուքի որդին կորցրել էր իր դրամապանակը, ուստի ընտանիքը հավաքվեց և աղոթեց Տիրոջը, որ նրանք գտնեին այն։

Այդ փորձառության մասին կարդալուց հետո ես կիրառեցի այն և կանչեցի իմ կնոջն ու երեխաներին։ Մենք շրջան կազմեցինք և մեզանից յուրաքանչյուրն աղոթեց, խնդրելով Տիրոջը, որ օգնի մեզ գտնել դրամապանակը, եթե դա է Նրա կամքը։

Ես նախկինում զգացել էի աղոթքի զորությունը, սակայն հետո իմ անձնական աղոթքում ես խնդրեցի Երկնային Հորը պատասխանել մեր աղոթքին, որպեսզի ամրանար իմ կնոջ և երեխաների հավատը։

Հաջորդ օրը մի մարդ զանգեց ինձ։ Նա ասաց, որ գտել էր իմ դրամապանակը, որում գումար կար։ Ես երեխայի պես լաց եղա, քանի որ ստացա իմ աղոթքի պատասխանը, և իմ ընտանիքի հավատը ամրացավ։

Ես գիտեմ, որ Երկնային Հայրը պատասխանում է Իր բոլոր զավակների աղոթքներին՝ Իր ժամանակին և Իր ձևով։