2017
Պատերազմը շարունակվում է
April 2017


Պատերազմը շարունակվում է

Պատերազմը, որը սկսվեց երկնքում, շարունակվում է մինչև այսօր: Փաստորեն, ճակատամարտը թեժանում է, երբ Սրբերը նախապատրաստվում են Փրկիչի վերադարձին:

Նկար
clouds

Լուսանկարը Կատարինա Սթեֆանովիկու © iStock/Getty Images; Moment/Getty Images

Յուրաքանչյուրը, ով հետևում է միջազգային նորություններին, կհամաձայնվի, որ մենք ապրում ենք «պատերազմների և պատերազմների համբավների» ժամանակաշրջանում (ՎևՈւ 45.26): Բարեբախտաբար, երկրագնդի վրա ամեն մեկը պատերազմի վետերան է: Մենք ճակատամարտում էինք չարի հորդաների դեմ մի շարունակական պատերազմում, որը սկսվել էր նախաերկրային շրջանում, նախքան մեր ծնվելը:

Քանի որ մենք դեռ չէինք ստացել ֆիզիկական մարմիններ, կռվեցինք Երկնքի այդ Պատերազմում առանց սրերի, հրացանների կամ ռումբերի: Բայց կռիվն այնքան սաստիկ էր, որքան որևէ ժամանակակից պատերազմ, և կային միլիարդավոր զոհեր:

Նախաերկրային պատերազմը մղվում էր խոսքերով, գաղափարներով, բանավեճերով և համոզումով (տես Հայտնություն 12.7–9, 11): Մարդկանց վախեցնելը սատանայի ռազմավարությունն է: Նա գիտի, որ վախը հավատքը կործանելու լավագույն ուղին է: Նա հավանաբար այսպիսի փաստարկներ է օգտագործել. «Դա խիստ դժվար է»: «Անհնար է նորից մաքուր դառնալ»: «Առկա է խիստ մեծ ռիսկ»: «Ինչպե՞ս եք իմանում, որ կարող եք վստահել Հիսուս Քրիստոսին»: Նա շատ էր նախանձում Փրկիչին։

Բարեբախտաբար Աստծո ծրագիրը հաղթեց սատանայի ստերին: Աստծո ծրագիրը ներառում էր ազատ կամքը մարդկության համար և մի մեծ զոհաբերություն: Եհովան, ով հայտնի է մեզ որպես Հիսուս Քրիստոս, կամավոր ստանձնեց լինել այդ զոհը՝ տանջվելու մեր բոլոր մեղքերի համար: Նա կամեցավ վար դնել Իր կյանքը Իր եղբայրների և քույրերի համար, որպեսզի նրանք, ովքեր ապաշխարեին, կարողանային ետ գալ մաքուր, և ի վերջո, դառնային իրենց Երկնային Հոր նման: (Տես Մովսես 4.1–4, Աբրահամ 3.27:)

Մյուս առավելությունը, որն օգնեց Եհովային նվաճել Աստծո զավակների սրտերը, հզոր վկայություններն էին, որոնք բերվեցին Իր կողմնակիցների կողմից, ովքեր առաջնորդվում էին Միքայել հրեշտակապետի կողմից (տես Հայտնություն 12.7, 11, ՎևՈւ 107.54): Նախամահկանացու կյանքում Ադամը կոչվում էր Միքայել, իսկ սատանան կոչվում էր Լյուցիֆեր, որը նշանակում է «լույս կրող»:1 Դա կարող է տարօրինակ անուն թվալ խավարի իշխանի համար (տես Մովսես 7.26), բայց սուրբ գրություններն ուսուցանում են, որ սատանան հրեշտակ էր, որն իշխանություն ուներ Աստծո ներկայության մեջ», մինչև իր ընկնելը (տես ՎևՈւ 76.25–28):

Ինչպե՞ս կարող էր այդքան մեծ գիտությամբ և փորձառությամբ ոգին այդքան հեռու ընկնել: Դա իր հպարտության պատճառով էր: Լյուցիֆերն ապստամբեց մեր Երկնային Հոր դեմ, որովհետև նա ցանկացավ Աստծո արքայությունը իր համար:

«Զգուշացիր հպարտությունից» իր դասական ելույթում Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը (1899–1994) ուսուցանել է, որ «նրա հպարտ ցանկությունն էր գահազրկել Աստծուն»:2 Դուք նաև լսել եք, որ սատանան ուզում էր կործանել մարդու ազատ կամքը, բայց դա միակ պատճառը չէր, որ նա շնորհից ընկավ: Նա դուրս գցվեց երկնքից Հոր և Որդու դեմ ապստամբության համար (տես ՎևՈւ 76.25, Մովսես 4.3):

Ինչո՞ւ ես և դուք կռվեցինք դևի դեմ: Մենք կռվեցինք հանուն հավատարմության: Մենք սիրում էինք և աջակցում մեր Հորը երկնքում: Մենք ցանկանում էինք նմանվել Նրան։ Լյուցիֆերի նպատակն այլ էր: Նա ցանկանում էր գրավել Հոր տեղը (տես Եսայիա 14.12–14, 2 Նեփի 24.12–14): Պատկերացրեք, թե ինչպես սատանայի դավաճանությունը ցավ պատճառեց մեր Երկնային ծնողներին: Սուրբ գրություններում մենք կարդում ենք «երկինքները լաց եղան նրա վրա» (ՎևՈւ 76.26):

Թեժ կռվից հետո Միքայելը և նրա զորքերը հաղթեցին: Երկնային զորքերի երկու-երրորդն ընտրեց հետևել Հորը (տես ՎևՈւ 29.36). Սատանան և նրա հետևորդները դուրս գցվեցին երկնքից, բայց նրանք չուղարկվեցին դրսի խավարը: Նախ նրանք ուղարկվեցին այս երկիր (տես Հայտնություն 12.7–9), որտեղ Հիսուս Քրիստոսն էր ծնվելու, և որտեղ Նրա քավիչ զոհաբերությունն էր իրականացվելու:

Սատանայի զորքերին ինչո՞ւ թույլ տրվեց գալ երկիր: Նրանք եկան ապահովելու ընդդիմություն նրանց համար, ովքեր այստեղ ստուգվում են (տես 2 Նեփի 2.11): Արդյոք նրանք ի վերջո կգցվե՞ն դրսի խավարի մեջ: Այո: Հազարամյակից հետո սատանան և նրա զորքերը դուրս կգցվեն հավիտյան:

Սատանան գիտի, որ իր օրերը հաշված են: Հիսուսի Երկրորդ Գալուստի ժամանակ սատանան և նրա հրեշտակները կկապվեն 1000 տարի (տես Հայտնություն 20.1–3, 1 Նեփի 22.26, ՎևՈւ 101.28): Երբ այդ վերջնագիծը մոտենում է, չարի ուժերը կռվում են հուսահատորեն, գրավելով այնքան շատ հոգիներ, որքան կարող են:

Հովհաննես Հայտնողին ցույց տրվեց Պատերազմը Երկնքում որպես մեծ տեսիլքի մի մաս: Նրան ցույց տրվեց, թե ինչպես սատանան վար գցվեց երկրի վրա՝ մարդկությանը գայթակղելու համար: Սա էր Հովհաննեսի արձագանքը. «Վա՛յ երկրի բնակիչներին, այո՛ նրանց, որ բնակվում են ծովի կղզիներում. քանզի դևը վայր է իջել ձեզ մոտ մեծ ցասումով, որովհետև գիտի, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12.12):

Այսպիսով, ինչպե՞ս է սատանան անցկացնում իր օրերը, իմանալով, որ նա կորցնելու ժամանակ չունի: Պետրոս Առաքյալը գրել է, որ «սատանան գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (1 Պետրոս 5.8):

Նկար
family kneeling in prayer

Ի՞նչն է դրդում սատանային: Նա երբեք մարմին չի ունենա, նա երբեք կին կամ ընտանիք չի ունենա, և նա երբեք չի ունենա ուրախության լիություն, ուստի նա ուզում է բոլոր տղամարդկանց և կանանց դարձնել «թշվառ, ինչպես ինքն է» (2 Նեփի 2.27):

Դևը թակարդում է բոլոր մարդկանց, բայց հատկապես նրանց, ովքեր ամենամեծ ներուժն ունեն հավերժական երջանկության համար: Նա պարզապես նախանձում է յուրաքանչյուրին, ով վեհացման ուղու վրա է գտնվում: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ սատանան «պատերազմում է Աստծո սրբերի հետ և շրջապատում է նրանց շուրջանակի» (D&C 76:29):

Պատերազմը, որը սկսվեց երկնքում, շարունակվում է մինչև այսօր: Փաստորեն, ճակատամարտը թեժանում է, երբ Սրբերը նախապատրաստվում են Փրկիչի վերադարձին:

Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77) մարգարեացել է. «որ Եկեղեցին կտարածվի, կբարգավաճի, կաճի և կընդլայնվի, և երկրի ազգերի մեջ ավետարանի տարածմանը զուգընթաց սատանայի զորությունը կաճի»3:

Կարծում եմ, մենք բոլորս կհամաձայնվենք, որ այդ մարգարեությունը կատարվում է, երբ մենք դիտում ենք, թե ինչպես է չարը ներթափանցում աշխարհի հասարակությունների մեջ: Նախագահ Յանգն ուսուցանել է, որ մենք պետք է ուսումնասիրենք թշնամու մարտավարությունը, որպեսզի հաղթենք նրան: Ես կկիսվեմ սատանայի չորս ստուգված ռազմավարություններով և որոշ գաղափարներով այն մասին, թե ինչպես դիմադրել դրանց:

Սատանայի ռազմավարությունները

1. Գայթակղություն: Դևն անամոթ է, երբ մեր մտքերը ամբարիշտ գաղափարներով լցնելուն է վերաբերում: Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ սատանան շշնջում է անմաքուր և անբարյացակամ մտքեր և ցանում է կասկածանքի մտքեր: Նա փսփսում է մեր ականջին՝ գործել հակումներից հարկադրված և արդարացնել եսասիրությունն ու ագահությունը: Նա չի կամենում, որ մենք ճանաչենք, թե որտեղից են այս գաղափարները գալիս, այսպիսով նա շշնջում է. «Ես դև չեմ, քանզի այդպիսին չկա» (2 Նեփի 28.22):

Ինչպե՞ս կարող ենք դիմադրել այս պարզ գայթակղությանը: Ամենաարդյունավետ միջոցներից մեկը ուղղակի նրան հեռու ուղարկելն է: Դա այն է, ինչ Հիսուսն արեց:

Գայթակղության սարի վրա Նոր Կտակարանի Փրկիչի պատմությունը շատ ուսանելի է: Յուրաքանչյուր գայթակղությունից հետո, որը դևը ներկայացնում էր Նրան, Հիսուսն օգտագործում էր երկու քայլից բաղկացած պաշտպանական եղանակ. առաջինը՝ Նա հրամայում էր սատանային հեռանալ, ապա Նա մեջբերում էր սուրբ գրության մի հատված:

Թույլ տվեք մի օրինակ բերել. «Դէն գնա, սատանայ», հրամայեց Հիսուսը «որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան [ծառայիր]» (Մատթեոս 4.10): Հաջորդ հատվածն ասում է. «Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան» (Մատթեոս 4.11): Փրկիչի պաշտպանությունը շատ արդյունավետ էր:

Նախագահ Հեբեր Ջ. Գրանտի (1856–1945) կենսագրությունը տեղեկություն է տալիս այն մասին, թե ինչպես Նախագահ Գրանտը դիմադրեց դևին, երբ երիտասարդ էր: Երբ Նախագահ Գրանտը հասկացավ, որ սատանան շշնջում էր իրեն, փորձելով կասկածներ առաջացնել իր սրտում, նա ուղղակի բարձրաձայն ասաց.«Պարոն դև, փակիր բերանդ»:4

Դուք իրավունք ունեք սատանային ասել, որ հեռանա, երբ դիմակայում եք գայթակղությանը: Սուրբ գրություններն ուսուցանում են, «Հակառակ կացէք սատանային, եւ նա կփախչի ձեզանից» (Յակոբոս 4.7):

Փրկիչի պաշտպանության մյուս մասը սուրբ գրության հատվածներ մեջբերելն էր: Մեծ զորություն կա սուրբ գրության հատվածներն անգիր հիշելիս, ինչպես Հիսուսն արեց: Սուրբ գրությունների հատվածները կարող են դառնալ հոգևոր զինանոցի զենք:

Երբ ձեզ գայթակղում են, դուք կարող եք արտասանել պատվիրանները, ինչպես օրինակ. «Յիշիր հանգստութեան օրը, նորան սուրբ պահելու համար»: «Սիրեք ձեր թշնամիներին» կամ «Թող առաքինությունը զարդարի ձեր մտքերն անդադար» (Ելից 20.8, Ղուկաս 6.27, ՎևՈւ 121.45): Սուրբ գրությունների զորությունը ոչ միայն վախեցնում է սատանային, այլ նաև Հոգին է բերում ձեր սիրտը, հաստատում է ձեզ և ամրացնում ձեզ գայթակղության դեմ:

2. Ստեր և խաբեություն: Սուրբ գրքերը հայտնում են, որ սատանան «ստերի հայրն է» (2 Նեփի 9.9): Մի հավատացեք նրան, երբ նա ուղերձներ է շշնջում, ինչպես օրինակ «Դու երբեք ոչինչ ճիշտ չես անում», «Դու շատ մեղավոր ես ներվելու համար», «Դու երբեք չես փոխվի», «Ոչ ոք քո մասին չի անհանգստանում» և «Դու տաղանդներ չունես»:

Մեկ այլ, նրա հաճախ օգտագործվող ստերից է հետևյալը. «Դուք պետք է փորձեք ամեն ինչ առնվազն մեկ անգամ, ուղղակի փորձառություն ձեռք բերելու համար: Մի անգամը չի վնասի քեզ»: Փոքրիկ կեղտոտ գաղտնիքն այն է, որ նա չի ուզում որ դուք իմանաք, որ մեղքը հակում է առաջացնում:

Մեկ այլ արդյունավետ սուտ, որը սատանան կփորձի ձեզ վրա, սա է. «Բոլորն էլ դա անում են: Դա նորմալ է»: Դա նորմալ չէ: Այսպիսով, ասա դևին, որ դու չես ուզում գնալ թելեստիալ արքայություն, նույնիսկ, եթե մնացած բոլորը գնում են այնտեղ:

Նկար
father teaching his family

Չնայած սատանան կստի ձեզ, դուք կարող եք Հոգուն վստահել, որ ասի ձեզ ճշմարտությունը: Այդ պատճառով Սուրբ Հոգու պարգևը այդքան կարևոր է:

Դևը կոչվում է «մեծ մոլորեցնող»:5 Նա փորձում է կեղծել յուրաքանչյուր ճշմարիտ սկզբունք, որը ներկայացնում է Տերը:

Հիշեք, կեղծիքները նույնը չեն, ինչ հակադրությունները: Ճերմակի հակառակը սևն է, բայց կեղծված ճերմակը կարող է լինել ոչ լրիվ սպիտակ կամ գորշ: Կեղծիքները նմանեցվում են իսկականին, որպեսզի խաբեն միամիտ մարդկանց: Դրանք ինչ-որ լավ բանի աղավաղված տարբերակն են, և ճիշտ, ինչպես կեղծված փողը, արժեք չունեն: Թույլ տվեք պարզաբանել:

Հավատքի համար սատանայի կեղծիքներից մեկը սնոտիապաշտությունն է: Սիրո համար նրա կեղծիքը կիրքն է: Նա կեղծում է քահանայությունը, ներկայացնելով քահանայանենգումը և նմանակում է Աստծո հրաշքները կախարդության միջոցով:

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից, իսկ համասեռ ամուսնությունը ընդամենը կեղծիք է: Այն ոչ սերունդ է բերում, ոչ էլ վեհացում: Չնայած նրա նմանակումները խաբում են շատ մարդկանց, դրանք իրական չեն: Դրանք չեն կարող բերել տևական երջանկություն:

Վարդապետություն և Ուխտերում Տերը նախազգուշացրել է մեզ կեղծիքների մասին. Նա ասել է. «Այն, ինչ չի շենացնում, Աստծուց չէ, և խավար է» (ՎևՈւ 50.23):

3. Հակառակություն: Հակառակության հայրը սատանան է: Փրկիչն ուսուցանում է. «Նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ» (3 Նեփի 11.29):

Դարերի փորձառությամբ դևը սովորել է, որ որտեղ հակառակություն կա, Տիրոջ Հոգին հեռանում է: Այն ժամանակից ի վեր, երբ սատանան համոզեց Կայենին սպանել Աբելին, նա ազդում է եղբայրների և քույրերի վրա, որ վիճեն: Նա նաև խնդիրներ է հարուցում ամուսնությունների մեջ, ծխի անդամների միջև և միսիոներական զույգերի միջև: Նա հրճվում է՝ տեսնելով լավ մարդկանց միմյանց հետ վիճելիս: Նա փորձում է ընտանեկան վեճեր սկսել հենց եկեղեցուց առաջ՝ կիրակի օրը, հենց ընտանեկան երեկոյից առաջ՝ երկուշաբթի երեկոյան, և երբ զույգերը ծրագրում են մասնակցել տաճարային նիստի: Ժամանակի նրա ընտրությունը կանխատեսելի է:

Երբ հակառակություն կա ձեր տանը կամ աշխատավայրում, անմիջապես դադարեցրեք ինչ-որ անում եք և ձգտեք խաղաղություն հաստատել: Նշանակություն չունի, թե ով է սկսել այն:

Հակառակությունը հաճախ սկսվում է բծախնդրությունից: Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «դևը շողոքորթում է մեզ, որ մենք շատ արդար ենք, երբ մենք սնուցվում ենք ուրիշների թերություններով»:6 Երբ մտածեք դրա մասին, ինքնագոհությունը ուղղակիորեն արդարակեցության իսկական կեղծիքն է:

Սատանան սիրում է հակառակություն տարածել Եկեղեցում: Նա մասնագիտացած է Եկեղեցու ղեկավարների սխալները մատնացույց անելով: Ջոզեֆ Սմիթը նախազգուշացրել է, որ սկզբնական քայլը դեպի ուրացություն Եկեղեցու ղեկավարների հանդեպ վստահությունը կորցնելն է:7

Գրեթե ողջ հակամորմոնական գրականությունը հիմնված է Ջոզեֆ Սմիթի բնութագրի վերաբերյալ ստերի վրա: Թշնամին տքնաջան աշխատում է վարկաբեկել Ջոզեֆին, որովհետև Վերականգնման ուղերձը կախված է Մարգարեի պատմությունից, այն մասին, թե ինչ պատահեց Սրբազան Պուրակում: Դևն ավելի քան տքնաջան է աշխատում այսօր, քան երբևէ նախկինում, ստիպելով անդամներին կասկածի տակ դնել իրենց վկայությունները Վերականգնման վերաբերյալ:

Մեր տնտեսության վաղ օրերին քահանայության շատ եղբայրներ, ի դժբախտություն իրենց, հավատարիմ չմնացին Մարգարեին: Նրանցից մեկը Լայման Ի. Ջոնսոնն էր, ով հեռացվեց անարդար վարքի համար: Հետագայում նա ողբում էր Եկեղեցուց հեռանալու համար. «Ես թույլ կտայի, որ իմ աջ ձեռքը կտրեին, եթե ես կարողանայի կրկին հավատալ դրան: Այն ժամանակ ես լցված էի ուրախությամբ և բերկրանքով: Իմ երազները հաճելի էին: Երբ արթնանում էի առավոտյան, հոգիս զվարթ էր: Ես երջանիկ էի օր ու գիշեր, խաղաղությամբ և ուրախությամբ և գոհությամբ լեցուն: Իսկ այժմ խավար է, ցավ, վիշտ, ծայրահեղ թշվառություն: Այդ ժամանակից ես ոչ մի երջանիկ պահ չեմ տեսել»:8

Խորհեք այդ խոսքերի մասին: Դրանք հնչում են որպես նախազգուշացում Եկեղեցու բոլոր անդամներին:

Ես նորադարձ եմ Եկեղեցում: Ես մկրտվեցի, երբ 23 տարեկան էի, երիտասարդ չափահաս միայնակ ամուրի էի և հաճախեում էի ԱՄՆ-ի Արիզոնայի բժշկական համալսարանը: Ես անմիջականորեն գիտեմ, թե ինչպես է սատանան աշխատում ունկնդիրների հետ նրանց շփոթեցնելու և վհատեցնելու համար, երբ նրանք որոնում են ճշմարտությունը:

Իմ ողջ երիտասարդական տարիներին ես հետևել եմ Վերջին Օրերի Սրբերի իմ ընկերների օրինակին: Ես տպավորված էի այն ձևից, թե նրանք ինչպես էին կառավարում իրենց կյանքը: Ես որոշեցի ավելի շատ բան իմանալ Եկեղեցու մասին, բայց չէի կամենում պատմել որևէ մեկին, որ ուսումնասիրում էի մորմոնիզմը: Իմ ընկերների ճնշումից խուսափելու համար ես որոշեցի իմ ուսումնասիրությունը դարձնել մասնավոր հետազոտություն:

Սա ինտերնետից շատ տարիներ առաջ էր, ուստի ես գնացի հասարակական գրադարան: Ես գտա Մորմոնի Գրքի մի օրինակ և մի գիրք, որը կոչվում էր A Marvelous Work and a Wonder, որը գրվել էր Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց ԼեԳրանդ Ռիչարդսի կողմից (1886–1983): Ես սկսեցի կարդալ այս գրքերը մեծ ցանկությամբ և գտա, որ դրանք ոգեշնչող էին:

Երբ հոգիս ձգտում էր ավելի շատ բան իմանալ, սատանան սկսեց շշնջալ ականջիս: Նա ասաց ինձ, որ լիովին անկողմնակալ լինելու համար ես պետք է կարդայի նաև, թե ինչ էին գրում Եկեղեցու քննադատները: Ես վերադարձա հասարակական գրադարան և սկսեցի որոնել: Եվ իհարկե գտա մի գիրք, որը վարկաբեկում էր Ջոզեֆ Սմիթին:

Այս հակամորմոնական գրքի ընթերցումը շփոթեցրեց ինձ: Ես կորցրի այն հաճելի ոգին և ազդեցությունը, որն ուղեկցել էր իմ ուսումնասիրության ընթացքում: Ես հիասթափվեցի և պատրաստվում էի թողնել ճշմարտության իմ որոնումները: Ես աղոթում էի պատասխան ստանալու համար, երբ կարդում էի հակամորմոնական գրականություն:

Ի զարմանս ինձ, ես ստացա մի հեռախոսազանգ իմ միջնակարգ դպրոցի ընկերուհուց, ով հաճախում էր Բրիգամ Յանգի Համալսարանը: Նա հրավիրեց ինձ այցելել իրեն Յուտայում, խոստանալով, որ ես կհավանեի այդ գեղատեսիլ ճամփորդությունը: Նա գաղափար չուներ, որ ես գաղտնի ուսումնասիրում էի նրա Եկեղեցու պատմությունը:

Ես ընդունեցի նրա հրավերը: Ընկերուհիս առաջարկեց, որ գնայինք Սոլթ Լեյք Սիթի այցելելու Տաճարային Հրապարակը: Նա զարմացավ իմ խանդավառ արձագանքից: Նա գաղափար չուներ, թե որքան էի հետաքրքրված իմանալու ճշմարտությունը Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման մասին:

Տաճարային Հրապարակի քույր միսիոներները շատ օգտակար եղան: Առանց իմանալու այդ, նրանք պատասխանեցին իմ հարցերից շատերին: Նրանց վկայություններն ազդեցին ինձ վրա «կասկածելու [իմ] կասկածներին»9 և իմ հավատքը սկսեց աճել: Սրտառուչ վկայության զորությունը անգնահատելի է:

Ընկերուհիս ևս կիսվեց իր վկայությամբ ինձ հետ և հրավիրեց ինձ աղոթել և հարցնել Աստծուն, թե արդյոք Եկեղեցին ճշմարիտ էր: Դեպի Արիզոնա տանող երկար ճանապարհին ես սկսեցի աղոթել հավատքով՝ առաջին անգամ «մաքուր սրտով, անկեղծ միտումով» (Մորոնի 10.4): Այդ ուղևորության ժամանակ մի պահ ինձ թվաց, որ իմ ողջ մեքենան լուսավորվեց լույսով: Ես ինքնուրույն հասկացա, որ լույսը կարող է ցրել խավարը:

Հետո, երբ որոշեցի մկրտվել, դևը մի վերջնական ճիգ գործադրեց: Նա աշխատեց իմ ընտանիքի անդամների վրա, ովքեր արեցին ամեն հնարավորը ինձ հիասթափեցնելու համար և հրաժարվեցին գալ իմ մկրտությանը:

Համենայն դեպս, ես մկրտվեցի և նրանց սրտերն աստիճանաբար փափկեցին: Նրանք սկսեցին օգնել ինձ հետազոտել իմ ընտանեկան պատմությունը: Մի քանի տարի անց ես մկրտեցի իմ փոքր եղբորը: Ընկերուհիս, ով հրավիրեց ինձ այցելել իրեն Յուտայում, այժմ իմ կինն է:

4. Հուսահատություն: Երբ բոլոր մյուս միջոցները ձախողվում են, սատանան արդյունավետ օգտագործում է այս միջոցը ամենահավատարիմ Սրբերի վրա: Ինչ վերաբերում է ինձ, երբ ես սկսում եմ հուսահատվել, դա ինձ օգնում է ուղղակի ճանաչել, թե ով է փորձում ինձ վար տապալել: Սա ինձ բավականաչափ խենթացնում է, որպեսզի ես զվարթանամ, պարզապես ի հեճուկս դևի:

Մի քանի տարի առաջ Նախագահ Բենսոնը մի ելույթ ունեցավ, որը կոչվում էր «Մի հուսահատվեք»: Այդ հեռատես ելույթում նա նախազգուշացրեց. «Սատանան գնալով ավելի ուժգնությամբ է ձգտում հաղթել Սրբերին հուսահատությամբ, վհատությամբ, ճնշվածությամբ և ընկճախտով»:10 Նախագահ Բենսոնը հորդորեց Եկեղեցու անդամներին զգոն լինել և տվեց 12 իրատեսական առաջարկություններ՝ հուսահատության դեմ պայքարելու համար:

Նկար
family walking on Boston Massachusetts Temple grounds

Նրա առաջարկությունները ներառում են՝ ծառայել ուրիշներին, աշխատել տքնաջան և խուսափել պարապությունից, կիրառել առողջարար սովորույթներ, որոնք ներառում են՝ մարզվել և օգտագործել ուտելիքները բնական վիճակում, խնդրել քահանայության օրհնություն, լսել ոգեշնչող երաժշտություն, հաշվել ձեր օրհնությունները և սահմանել նպատակներ: Եվ ամենից վեր, ինչպես սուրբ գրություններն են ուսուցանում, մենք պետք է միշտ աղոթենք, որպեսզի հաղթենք սատանային (տես ՎևՈւ 10.5):11

Սատանան դողում է, երբ տեսնում է

Ամենաթույլ սրբին իր ծնկների վրա:12

Կարևոր է իմանալ, որ սահմանափակումներ կան չարի զորության դեմ: Աստվածագլուխն է դնում այդ սահմանները և սատանային թույլ չի տրվում դրանք անցնել: Օրինակ՝ սուրբ գրությունները հավաստիացնում են մեզ, որ «Սատանային տրված չէ փոքր երեխաներին գայթակղելու զորությունը» (ՎևՈւ 29.47):

Մեկ այլ կարևոր սահմանափակում է, որ սատանան չգիտի մեր մտքերը, մինչև մենք դրանք չասենք նրան: Տերը բացատրել է. «Չկա ուրիշ ոչ մեկը, բացի Աստծուց, որ իմանա քո մտքերը և մտադրությունները քո սրտի» (ՎևՈւ 6.16), այսպիսով սատանան իրականում չգիտի, թե ինչ եք դուք մտածում:

Երևի այդ պատճառով է Տերը մեզ պատվիրաններ տվել, ինչպես օրինակ. «Մի տրտնջա» (ՎևՈւ 9.6) և Քո մերձավորի մասին չար բան մի խոսիր» (ՎևՈւ 42.27): Եթե դուք կարողանաք սանձել ձեր լեզուն (տես Յակոբոս 1.26), դուք չեք ավարտի՝ տալով չափազանց շատ տեղեկություններ դևին: Երբ նա լսում է տրտնջոց, բողոք և քննադատություն, ուշադիր գրառումներ է կատարում: Ձեր բացասական խոսքերը բացահայտում են ձեր թուլությունները թշնամուն:

Ես լավ լուր ունեմ ձեզ համար: Աստծո զորքերն ավելի շատ են, քան Լյուցիֆերի զորքերը: Դուք գուցե նայեք ձեր շուրջը և մտածեք ձեր մտքում. «Աշխարհն ավելի ու ավելի ամբարիշտ է դառնում: Սատանան պետք է հաղթի պատերազմում»: Չխաբվեք: Ճշմարտությունն այն է, որ մենք թվով ավելի շատ ենք, քան թշնամին: Հիշեք, Աստծո զավակների երկու երրորդն ընտրեց Հոր ծրագիրը:

Եղբայրներ և քույրեր, հավաստիացեք, որ դուք կռվում եք Տիրոջ կողմից: Հավաստաիացեք, որ դուք կրում եք Հոգու սուրը:

Ես աղոթում եմ, որ դուք ձեր կյանքի վերջում կարողանաք ասել Պողոս Առաքյալի հետ. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի» (Բ Տիմոթեոս 4.7):

Հղումներ

  1. Տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Լյուցիֆեր», scriptures.lds.org:

  2. Էզրա Թաֆտ Բենսոն, «Զգուշացիր հպարտությունից», Ensign, May 1989, 5:

  3. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 72.

  4. See Francis M. Gibbons, Heber J. Grant: Man of Steel, Prophet of God(1979), 35–36.

  5. Տես օրինակ, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դու կարևոր ես նրա համար», Լիահոնա, նոյ. 2011, 20, Գորդոն Բ. Հինքլի, «Ժամանակները, որում մենք ապրում ենք», Լիահոնա, հունվ. 2002, 86:

  6. Եկեղեցու Նախագահների ուսմունքները, Ջոզեֆ Սմիթ (2007), 454:

  7. See Teachings: Joseph Smith, 318.

  8. Lyman E. Johnson, in Brigham Young, Deseret News, Aug. 15, 1877, 484.

  9. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Եկեք, միացեք մեզ», Լիահոնա, նոյեմբեր 2013, 23:

  10. Ezra Taft Benson, “Do Not Despair,” Ensign, Nov. 1974, 65.

  11. See Ezra Taft Benson, “Do Not Despair,” 65–67.

  12. William Cowper, in Robert Andrews, comp., The Concise Columbia Dictionary of Quotations (1987), 78.