2017
Արդարը հաւատքից կապրի
April 2017


Առաջին Նախագահության Ուղերձ

Արդարները կապրեն հավատքով

Նկար
President Uchtdorf and his daughter visiting refugees

Քահանան և օճառ պատրաստողը

Կա մի հին հրեական պատմություն օճառ պատրաստողի մասին, ով չէր հավատում Աստծուն։ Մի օր, երբ քայլում էր քահանայի հետ, նա ասաց․ «Կա մի բան, ինչը ես չեմ կարողանում հասկանալ։ Հազարավոր տարիներ մենք կրոն ունենք։ Սակայն որտեղ էլ նայում ենք, տեսնում ենք չարիք, ապականություն, անազնվություն, անարդարություն, ցավ, սով և բռնություն։ Կարծես կրոնը բացարձակապես չի օգնում դարձնելու աշխարհն ավելի լավը։ Ուստի, ես հարցնում եմ քեզ, ի՞նչ օգուտ ունի այն»։

Քահանան որոշ ժամանակ ոչինչ չպատասխանեց, սակայն շարունակեց քայլել օճառ պատրաստողի հետ։ Ի վերջո, նրանք հասան մի խաղահրապարակ, որտեղ երեխաները փոշու մեջ կորած խաղում էին հողի հետ։

«Կա մի բան, ինչը ես չեմ հասկանում»,- ասաց քահանան։ «Նայեք այդ երեխաներին։ Հազարավոր տարիներ մենք օճառ ունենք, սակայն այս երեխաները կեղտոտ են։ Ի՞նչ օգուտ ունի օճառը»։

Օճառ պատրաստողը պատասխանեց․ «Բայց արդար չէ մեղադրել օճառին այս կեղտոտ երեխաների համար։ Նախ պետք է օգտագործել օճառը, որպեսզի այն կարողանա իրագործել իր նպատակը»։

Քահանան ժպտաց և ասաց․ «Ճիշտ է»։

Ինչպե՞ս պետք է մենք ապրենք:

Պողոս Առաքյալը, մեջբերելով Հին Կտակարանի մի մարգարեի, ամփոփել է, թե ինչ է նշանակում լինել հավատացյալ, երբ գրել է․ «Արդարը հաւատքից կապրի» (Հռովմայեցիս 1․17

Թերևս այս հասարակ նախադասությունից մենք հասկանում ենք տարբերությունն այն կրոնի, որն ունայն է և ապարդյուն, և այն կրոնի, որը զորություն ունի կյանքեր փոխելու։

Սակայն որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է նշանակում հավատքից ապրել, մենք պիտի հասկանանք, թե ինչ է հավատքը։

Հավատքն ավելին է, քան համոզմունքը: Այն կատարյալ վստահությունն է առ Աստված, որն ուղեկցվում է գործով։

Դա ավելին է, քան ցանկությունը:

Դա ավելին է, քան պարզապես նստել և գլխով համաձայնության նշան անել ու ասել, որ մենք համաձայն ենք։ Երբ ասում ենք «արդարը հաւատքից կապրի», նկատի ունենք, որ մենք առաջնորդվում և ուղղորդվում ենք մեր հավատքով։ Մեր գործերը համահունչ են մեր հավատքի հետ ոչ թե անխոհեմ հնազանդության արդյունքում, այլ մեր Աստծո հանդեպ ունեցած մեծ ու անկեղծ սիրո և անգին իմաստության շնորհիվ, որը Նա տվել է Իր զավակներին։

Հավատքը պետք է ուղեկցվի գործերով, այլապես այն մեռած է (տես Յակոբոս 2․17)։ Դա ընդհանրապես հավատք չէ։ Այն զորություն չունի փոխելու անգամ մի մարդու, էլ ուր մնաց՝ աշխարհը։

Հավատք ունեցող տղամարդիկ և կանայք վստահում են իրենց ողորմած Երկնային Հորը նույնիսկ տարակուսանքի պահերին, նույնիսկ կասկածների և ձախորդությունների ժամանակ, երբ նրանք միգուցե ամեն բան հստակ չեն տեսնում և հասկանում։

Հավատք ունեցող տղամարդիկ ու կանայք վճռականորեն անցնում են աշակերտության ուղին և ձգտում են հետևել իրենց սիրելի Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի օրինակին։ Հավատքը մղում և իսկապես ոգեշնչում է մեզ խոնարհել մեր սրտերը երկնքի առաջ և մշտապես օգնության հասնել, բարձրացնել և օրհնել մեր մերձավորներին։

Կրոնն առանց գործերի նման է օճառի, որը մնում է տուփի մեջ։ Այն կարող է ունենալ հրաշալի ներուժ, սակայն իրականում այն քիչ զորություն ունի որևէ բան փոխելու, մինչև որ այն կիրագործի նախատեսված նպատակը։ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը գործերի ավետարան է։ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ուսուցանում է ճշմարիտ կրոնը որպես հույսի, հավատի և գթության ուղերձ՝ ներառելով մեր մերձավորներին հոգևոր և նյութական օգնության ցուցաբերումը։

Մի քանի ամիս առաջ ես և կինս՝ Հարրիեթը, ընտանեկան ճամփորդության էինք գնացել մեր երեխաներից մի քանիսի հետ դեպի միջերկրածովյան երկրներ։ Մենք այցելեցինք փախստականների մի քանի ճամբարներ և հանդիպեցինք ընտանիքների, որոնք եկել էին պատերազմից ավերված երկրներից։ Այդ մարդիկ մեր հավատքից չէին, բայց նրանք մեր եղբայրներն ու քույրերն էին, և նրանք անհապաղ օգնության կարիք ունեին։ Մենք խորապես հուզվել էինք, երբ ինքներս ականատես եղանք, թե ինչպես է մեր Եկեղեցու անդամների գործող հավատը օգնություն, սփոփանք և հույս բերում կարիքի մեջ գտնվող մեր մերձավորներին՝ անկախ նրանց կրոնից, ազգությունից կամ կրթությունից։

Հավատքը և մշտական գործերը միասին սիրտը լցնում են բարությամբ, միտքը՝ իմաստությամբ և հասկացողությամբ, իսկ հոգին՝ խաղաղությամբ ու սիրով։

Մեր հավատքը կարող է օրհնել և լավ ազդեցություն ունենալ թե մեր շուրջը գտնվողների, և թե մեզ վրա։

Մեր հավատքը կարող է լցնել աշխարհը բարությամբ և խաղաղությամբ։

Մեր հավատքը կարող է ատելությունը փոխել սիրո, իսկ թշնամիներին դարձնել ընկերներ։

Ուստի, արդարներն ապրում են հավատքով գործելով, նրանք ապրում են վստահելով Աստծուն և քայլելով Նրա ուղիով։

Եվ դա է այն հավատքը, որը կարող է փոխել անհատներին, ընտանիքներին, ազգերին և աշխարհը։