2018
Երիտասարդների համաժողով
April 2018


Երիտասարդների համաժողով

2017 թվականի օգոստոսի 1-4-ը «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հանգստյան գոտում տեղի ունեցավ Երևան Հայաստան Շրջանի երիտասարդների համաժողովը 14-18 տարեկանների մասնակցությամբ, որը կրում էր «Հարցրու Աստծուն» նշանաբանը: Յուրաքանչյուր մասնակցի համար պատրաստվել էր վերնաշապիկ, որի վրա գրված էր նշանաբանը, ինչը հիանալի անակնկալ հանդիսացավ երիտասարդների համար։

Համաժողովը շատ մանրակրկիտ պլանավորված էր Երեց և Քույր Մորթենսենների գլխավորությամբ: Այն հագեցած էր ուսուցողական, ինչպես նաև զվարճալի պահերով: Երիտասարդներին շարունակ հնարավորություն էր տրվում ուսուցանելու, վարելու, թարգմանելու և ղեկավարելու:

Առաջին օրը խմբերի բաժանվելով, երիտասարդները միասին ժամանակ անցկացրեցին և նկարեցին այն բաները, որոնք կարևոր են իրենց կյանքում, այնուհետև մեկնաբանեցին նկարները: Նրանց ծանոթացան միմյանց հետ խմբերում, հարցրեցին միմյանց նախասիրությունների մասին և ներկայացրեցին մեկը մյուսին ընդհանուր ժողովի ժամանակ: Օրվա հյուրերն էին Գալդունցների ընտանիքը: Նրանք խոսեցին տաճարի ու տաճարային ամուսնության մասին և կիսվեցին իրենց փորձառություններով ու վկայություններով: Ելույթի վերջում նրանք բաժանեցին բոլոր մասնակիցներին տաճարի նկարներ և հրավիրեցին կախել այդ նկարները իրենց սենյակներում, միշտ աչքի առաջ ունենալ դրանք և ձգտել արժանի լինել տաճար մտնելուն և այնտեղ ամուսնանալուն:

Երկրորդ օրը երիտասարդները սար բարձրացան։ Նրանք երբեք չեն մոռանա այդ միջոցառումը: Արշավը բավական դժվար էր ու երբեմն վտանգավոր: Սակայն երիտասարդները դժվարությունները հաղթահարում էին՝ միմյանց օգնելով, բարձրացնելով, զվարճացնելով։ Ընկերության բարձր դրսևորման շնորհիվ էր, որ այդ բարձունքը հաղթահարվեց ու լեռան գագաթին՝ Ծաղկունյաց լճի մոտ տեղի ունեցավ հոգևոր դաս: Այդ օրը նաև կհիշվի եղբայր և քույր Մելիքսեթյանների այցով: Երիտասարդների հետ նրանք խոսեցին աղոթելու և աղոթքի պատասխաններ ստանալու մասին, խոսեցին երկու իրավիճակի մասին, երբ մենք կարող ենք ստանալ մեր աղոթքի պատասխանը Երկնային Հորից, խորհուրդներ տվեցին ու կիսվեցին փորձառությամբ, թե ինչպես վարվել, երբ աղոթքի պատասխանը ուշանում է կամ չենք ստանում այն: Նրանց ելույթը շատ ուսուցողական էր երիտասարդների համար:

Երրորդ օրը բոլորը վայելեցին Նախագահ Բոսթրոմի ելույթը: Նա խոսեց Աստծո հետ «լավ գործընկեր» լինելու մասին: Նա ասաց, որ երբ մենք աղոթում ենք, սովորաբար, մեր խնդրանքները երեք խմբի են բաժանվում՝ օգնության, առողջության, երջանկության խնդրանքների: «Աստված լավ գործընկեր է», – ասաց Նախագահ Բոսթրոմը։ «Նա կանի Իր մասը: Իսկ արդյո՞ք մենք լավ գործընկեր ենք Նրա համար: Որպեսզի մենք ստանանք օրհնություններ, մենք նույնպես պետք է լավ գործընկեր լինենք և կատարենք մեր մասը: Օրինակ, առողջության առումով լավ գործընկեր լինելու համար մենք պետք է պահենք Իմաստության Խոսքը, մարզվենք, ճիշտ սնվենք և այլն»:

Համաժողովի վերջին օրը երիտասարդները հանդիպեցին Յոթանասունի Քվորումից Երեց Ջեյմս Բ. Մարտինոյի հետ: Իր ելույթում նա հիշեցրեց Աստվածաշնչյան պատմությունը Դավիթի և Գողիաթի ու այն հինգ քարերի մասին, որոնք Դավիթը վերցրել էր Գողիաթի հետ կռվելու համար։ Նա համեմատեց այն պատրաստվածության հետ, որը մենք պետք է ունենանք՝ մեր կյանքում հանդիպող «Գողիաթներին» հաղթելու համար: Դրանք են՝

  1. Ամեն օր աղոթելը (շնորհակալություն հայտնելով Աստծուն նաև անպատասխան աղոթքների համար)

  2. Պատրաստվելը շարունակ աճելուն (հավատքով, ապաշխարելով, միսիայում ծառայելով և այլն)

  3. Ամեն օր սուրբ գրությունները կարդալը,

  4. «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկի հրահանգներին համաձայն ապրելը

  5. Մարդկանց ծառայելը