2018
Աշակերտություն
April 2018


Աշակերտություն

Աշակերտության ուղին այն ճանապարհն է, որով պետք է քայլել մահկանացու կյանքի ամբողջ ընթացքում: Աշակերտությունն այն է, երբ քայլում ենք այն տեղերով, որտեղ Քրիստոսն է քայլել, և անում ենք այն, ինչ Նա է արել (գոնե փոքր չափով), որպեսզի ավելի նմանվենք Նրան: Դա այն է, երբ թույլ ենք տալիս, որ մեր կամքը «կուլ գնացած լինի Հոր կամքին»:

1996թ.-ին Ensign-ի «Դառնալ աշակերտ» հոդվածում Նիլ Ա. Մաքսվելլը գրել է. «Երբ մեր ուսերի վրա ենք կրում աշակերտության լուծը, մեծանում է մեր երկրպագությունը և գիտելիքները Հիսուսի մասին, քանի որ այդ ժամանակ նմանօրինակ, բայց սահմանափակ փորձառությունների միջոցով մենք անմիջականորեն զգում ենք փոքր, բայց ուսանելի բաժին այն ամենից, ինչ Փրկիչն է զգացել: Այս յուրօրինակ գործընթացում, որքան շատ կատարենք այն գործերը, որոնք Հիսուսը կատարեց, թույլ տալով, որ մեր կամքը «կուլ գնացած լինի Հոր կամքին», այնքան ավելի շատ կսովորենք (Մոսիա 15.7): Այս ընդօրինակումը անմիջականորեն մեծացնում է մեր երկրպագությունը Հիսուսի հանդեպ»:

Մեր կյանքը շատ կարևոր ժամանակ է մեզ համար, որպեսզի զգանք այն «փոքր, բայց ուսանելի բաժինն այն ամենից, ինչ Փրկիչն է զգացել»: Մեր գործն է սովորել արձագանքել այդ փորձառություններին այնպես, ինչպես Փրկիչը կարձագանքեր և ավելի շատ նմանվել Նրան ապաշխարության միջոցով:

Կյանքը ապաշխարության մի մեծ գործընթաց է: Մենք նույնիսկ կարող ենք ասել, որ աշակերտության նեղ արահետի երկու կողմերը եզրագծված են ապաշխարության կարմիր թելերով: Անհնար է մնալ արահետի վրա առանց ամենօրյա եռանդուն ապաշխարության: Իր այդ փոքրիկ ելույթում Նիլ Ա. Մաքսվելլը գրել է. «Ուստի մեզանից յուրաքանչյուրի համար անձնական կարևորագույն հարցը հետևյալն է՝ Արդյո՞ք մենք հաստատուն կերպով դառնում ենք այն, ինչ, ավետարանի վարդապետությունների օգնությամբ պիտի դառնանք: Թե՞ մենք պարզապես հարուստ ժառանգորդներ ենք ճշմարտության գտնված վիթխարի գանձի, բայց աղքատ ավանդատու ենք մեր անձնական զարգացման գործընթացում, որն այնքան անհրաժեշտ է աշակերտության համար»:

Աշակերտության արահետը մեր առաջընթացի և անձնական զարգացման ուղիներից մեկն է: Մեր ամբողջ կյանքի և եկեղեցում անդամության ողջ ընթացքում մենք սովորում ենք, թե ինչպես լավացնել ապաշխարության գործընթացը, որպեսզի ավելի նմանվենք Փրկիչին և սովորենք Նրանից: Կարևոր է հիշել, որ ապաշխարությունը հավասարապես կարևոր է ինչպես բացթողումների մեղքերից ինքներս մեզ ազատելու գործում, այնպես էլ զանցառությունների մեղքերից մաքրվելու գործում: Քանի որ, եթե զանցառություններ չենք կատարում, պարզապես կանխում ենք դժբախտությունը մեր կյանքում, մինչդեռ բացթողումների մեղքերի հաղթահարումը մեզ դարձնում է Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտները:

Սա այն է, ինչի հետ մենք ավելի հաճախ ենք առնչվում դեպի աշակերտությունը տանող մեր ճանապարհին՝ որպես Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամներ: Հնարավոր է, մենք մեծ մեղքեր չենք գործում, բայց փոխարենը բաց ենք թողնում այս աշխարհում բարիք գործելու բազմաթիվ հնարավորություններ: Հավանաբար, մենք չենք լսել Սուրբ Հոգու ձայնը այնտեղ, որտեղ պիտի լսեինք, կամ կիսվել մեր վկայությամբ, երբ տպավորություն ենք ունեցել այդպես վարվել, կամ չենք մեծարել Եկեղեցու մեր կոչումները, ինչպես հարկն է: Մենք միշտ պետք է հիշենք ընդգրկել այս սխալները մեր ամենօրյա ապաշխարության աղոթքներում, քանի որ ավելի շուտ բարիք գործելով, քան վատ գործեր չկատարելով, մենք ավելի ենք նմանվում Փրկիչին և սովորում Նրանից:

Ամեն շաբաթ, ճաշակելով հաղորդությունից, մենք հրաշալի հնարավորություն ենք ունենում նպատակներ դնել և ապաշխարել այն բաների համար, որոնք կարող էինք ավելի լավ կատարել: Մենք բոլորս պետք է օգտվենք հնարավորությունից և մտածենք այն մարդու մասին, ինչպիսին կցանկանայինք դառնալ հաջորդ շաբաթ, և նպատակներ դնենք դրան հասնելու համար: Ես գիտեմ, որ երբ մենք օգտագործենք ապաշխարությունը մեր կյանքում աշակերտության ճանապարհին հետևելու համար, Փրկիչի մասին կիմանանք այնպիսի բաներ, որոնք երբևէ չենք իմացել նախկինում, և մեր կյանքը կօրհնվի: Սրանից է ծնվում զորությունը, և դրա միջոցով մենք կդառնանք ճշմարտության ավելի արդյունավետ բարեխոսներ և Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ: