2018
Այդ պայծառ կիրակի առավոտը
April 2018


Ավետարանի դասականներ

Այդ պայծառ կիրակի առավոտը

2006թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթից:

Այդ օրը հարություն առած Տերը քանդեց մահվան կապանքները: Նա վեր ելավ գերեզմանից և հայտնվեց փառքով ու հաղթական որպես ողջ մարդկության Փրկիչ:

Նկար
Mary Magdalene at the tomb

Մենք գիտենք, որ Հարությունը հոգու և մարմնի կատարյալ վերամիավորումն է։ …

Կարո՞ղ եք պատկերացնել: Կյանք ուժերի ծաղկման շրջանո՞ւմ։ Այլևս ոչ մի հիվանդություն, ոչ մի ցավ, ոչ մի դժվարություն, որ շատ հաճախ անհանգստացրել են մեզ մահկանացու կյանքում։

Քավությունը մեր՝ քրիստոնյաներիս համոզմունքների առանցքն է։ …

… Երբ Փրկիչը բարձրացավ գերեզմանից, … Նա արեց մի բան, որ ուրիշ ոչ ոք չէր կարող անել։ Նա քանդեց մահվան կապանքները ոչ միայն Իր համար, այլև բոլորի, ովքեր երբևէ ապրել են՝ արդարների և անարդարների համար։ …

… Նա այդ պարգևը մատչելի դարձրեց բոլորի համար։ Այդ վեհ արարքով Նա մեղմեց սարսափելի, սպառող վիշտը, որը կրծում էր այն մարդկանց հոգիները, ովքեր կորցրել են սիրելիներին։

Ես մտածում եմ, թե ինչ մռայլ էր այն ուրբաթ օրը, երբ Քրիստոսը բարձրացվեց խաչի վրա: …

… Երկիրը ցնցվեց և խավարեց: …

Չար մարդիկ, ովքեր ուզում էին զրկել Նրան կյանքից, ուրախացան: …

Այդ օրը տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց:

Վիշտը պատել էր և՛ Մարիամ Մագդաղենացուն, և՛ Հիսուսի մորը՝ Մարիամին: Հիանալի մարդը, որին նրանք սիրում էին ու հարգում, անկյանք կախված էր խաչի վրա: …

… Առաքյալները վախեցան: Հիսուսը՝ նրանց Փրկիչը, այն մարդը, ով քայլեց ջրի վրայով և կենդանացրեց մեռածին, Ինքն էր հանձնված չար մարդկանց ողորմածությանը:

Դա մի ուրբաթ էր, որը լի էր աղետալի ու սպառող վշտով։ …

Ես կարծում եմ, որ աշխարհի պատմության սկզբից ի վեր այդ մեկը բոլոր ուրբաթներից ամենամռայլն էր:

[Սակայն] հուսահատությունը երկար չտևեց, քանի որ կիրակի օրը հարություն առած Տերը քանդեց մահվան կապանքները: Նա վեր ելավ գերեզմանից և հայտնվեց փառքով ու հաղթական որպես ողջ մարդկության Փրկիչ:

«Մի ակնթարթում, աչքերը, որ լցված էին մշտահոս արցունքներով, ցամաքեցին: Շուրթերը, որ շշնջում էին ցավի ու վշտի աղոթքները, այժմ օդը լցրեցին հրաշալի փառաբանությամբ, քանի որ Հիսուս Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին, կանգնեց նրանց առաջ որպես … ապացույց, որ մահը պարզապես սկիզբն է մի նոր ու հրաշալի գոյության։

Մեզանից յուրաքանչյուրը կունենա իր ուրբաթները՝ այնպիսի օրեր, երբ կթվա, թե տիեզերքն անգամ քանդվում է մասերի, և մեզ են շրջապատում մեր աշխարհից մնացած բեկորները:

Սակայն ես վկայում եմ ձեզ այն Մեկի անունով, ով հաղթեց մահին, Կիրակին կգա: Մեր վշտի մշուշում, Կիրակին կգա:

… Անկախ կսկիծից, Կիրակին կգա: Այս կյանքում, թե՝ հաջորդ, Կիրակին կգա:

Ես վկայում եմ ձեզ, որ Հարությունն առասպել չէ: Մենք ունենք այն մարդկանց անձնական վկայությունները, ովքեր տեսել են Նրան: Հազարավոր մարդիկ՝ Հին և Նոր աշխարհներում, տեսել են հարություն առած Փրկիչին: Նրանք շոշափել են Նրա ձեռքերի, ոտքերի և կողի վերքերը: …

Հարությունից հետո աշակերտները վերսկսեցին իրենց գործը։ Նրանք ճամփորդում էին ողջ աշխարհում, … համարձակ քարոզելով Հիսուս Քրիստոսի՝ կենդանի Աստծո Որդու մասին:

Նրանցից շատերը … նահատակվեցին՝ հարություն առած Քրիստոսի վկայությունն իրենց շուրթերին։

Քավությունը փոխեց ականատեսների կյանքը։ Արդյո՞ք այն չպիտի փոխի մերը։

Մենք բոլորս վեր կբարձրանանք գերեզմանից։ …

Աշխարհի Փրկիչի կյանքի և հավերժական զոհաբերության շնորհիվ մենք կվերամիավորվենք նրանց հետ, ովքեր թանկ են եղել մեզ համար։

… Այդ օրը մենք կուրախանանք, որ Մեսիան հաղթահարեց ամեն բան, որ մենք կարողանանք հավերժ ապրել։

Սուրբ տաճարներում ստացած սրբազան արարողությունների շնորհիվ մեր հեռանալն այս կարճատև մահկանացու կյանքից չի կարող երկար ժամանակով դադարեցնել հարաբերությունները, որոնք ամրացվել են հավերժական կապերով։

Ես հանդիսավոր վկայում եմ, որ մահը գոյության վերջը չէ: …

Թող որ մենք հասկանանք և երախտագիտությամբ ապրենք համաձայն անգին պարգևների, որոնք տրվում են մեզ՝ որպես սիրող Երկային Հոր որդիների և դուստրերի և համաձայն այդ պայծառ օրվա խոստմանը, երբ մենք բոլորս էլ հաղթական վեր կբարձրանանք գերեզմանից։

… Անկախ այն բանից, թե որքան խավար է մեր ուրբաթը, Կիրակին կգա: