2015
Հատեք վերջնագիծը դեռևս վառվող ձեր ջահով
Հոկտեմբեր 2015


Առաջին Նախագահության Ուղերձ

Հատեք վերջնագիծը դեռևս վառվող ձեր ջահով

Նկար
Runners passing a torch.

Լուսանկարը՝ Comstock/Stockbyte/Thinkstock

Հին Հունաստանում վազորդները մրցում էին լամպադեդրոմիա կոչվող էստաֆետային մրցավազքում:1 Մրցավազքում վազորդները բռնում էին ջահը իրենց ձեռքում և փոխանցում այն հաջորդ վազորդին՝ մինչև թիմի վերջին անդամը հատում էր վերջնագիծը։

Մրցանակը շնորհվում էր ոչ թե արագավազ թիմին, այլ նրան, որն առաջինն էր հատում վերջնագիծը դեռևս վառվող ջահով։

Այստեղ կա մի խորիմաստ դաս, որն ուսուցանվում է հին և ժամանակակից մարգարեների կողմից. կարևոր է սկսել մրցավազքը, շատ ավելի կարևոր , որ մենք հատենք վերջնագիծը դեռևս վառվող ջահով մեր ձեռքում։

Սողոմոնը սկսեց թագավորել հաստատուն կերպով

Մեծն թագավոր Սողոմոնը մեկն էր նրանցից, ով սկսել էր թագավորել հաստատուն կերպով։ Երբ երիտասարդ էր, նա՝ «հնազանդուելով իր հայր Դաւթի յորդորներին, սիրեց Տիրոջը» (Գ Թագավորաց Գ.3)։ Աստված գոհ էր նրանից և ասաց. «Որեւէ բան խնդրի՛ր քեզ համար» (Գ Թագավորաց Գ.5):

Հարստություն կամ երկարատև կյանք խնդրելու փոխարեն, Սողոմոնը խնդրեց, «որ նա կարողանայ արդարութեամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտութիւն ունենայ տարբերելու բարին ու չարը» (Գ Թագավորաց Գ.9):

Դա այնքան հաճելի էր Տիրոջը, որ Նա Սողոմոնին օրհնեց ոչ միայն իմաստությամբ, այլ նաև անչափելի հարստությամբ և երկարատև կյանքով։

Թեպետ Սողոմոնը իրոք շատ իմաստուն էր և արեց շատ մեծ գործեր, նա հաստատուն կերպով չհատեց վերջնագիծը։ Դժբախտաբար, իր կյանքի ավելի ուշ շրջանում, «Սողոմոնը չարութիւն գործեց Աստծու առաջ եւ չընթացաւ Տիրոջ ճանապարհով» (Գ Թագավորաց ԺԱ.6):

Մեր սեփական մրցավազքն ավարտելը

Քանի՞ անգամ ենք սկսել մենք ինչ–որ բան և չենք ավարտել: Սննդակարգե՞ր: Մարզանքայի՞ն ծրագրեր; Սուրբ գրությունների ամենօրյա ընթերցման պարտավորվածությո՞ւն: Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ դառնալու որոշումնե՞ր։

Որքա՞ն հաճախ ենք մենք հաստատուն որոշումներ կայացնում հունվարին և հետևում դրանց ուժեղ վճռականությամբ մի քանի օր, շաբաթ, և նույնիսկ ամիսներ։ Միայն թե պարզվում է, որ հոկտեմբերին մեր պարտավորվածության բոցը սառը մոխրից քիչ ավելի է ջերմ։

Մի օր ես պատահաբար տեսա մի զվարճալի նկար, որի վրա պատկերված շունը պառկած էր թղթի մոտ, որն ինքը կտոր- կտոր էր արել։ Թղթի վրա գրված էր. «Շան հնազանդության վարժեցման վկայական»:

Մենք երբեմն այդպես ենք վարվում։

Մենք ունենում ենք լավ մտադրություններ՝ սկսում ենք հաստատուն, ուզում ենք ամենալավը լինել։ Իսկ վերջում, մենք կտոր-կտոր ենք անում մեր որոշումները, անտեսում և մոռանում ։

Սայթաքումը, ձախողումը և երբեմն մրցավազքից դուրս գալու ցանկությունը մարդկային բնույթին բնորոշ է։ Սակայն որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պարտավորվել ենք ոչ միայն սկսել մրցավազք, այլև ավարտել այն՝ դեռևս պայծառ վառվող մեր ջահով։ Փրկիչը խոստացավ Իր աշակերտներին. «Ով որ մինչև վերջը համբերե՝ նա կփրկվի» (Մատթեոս ԻԴ.13):

Թույլ տվեք վերաշարադրեմ, թե ինչ է խոստացել Փրկիչը մեր օրերում. եթե պահենք Նրա պատվիրանները և հատենք վերջնագիծը դեռևս վառվող ջահով, մենք կունենանք հավերժական կյանք, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից (տես ՎևՈւ 14.7, նաև տես 2 Նեփի 31.20):

Լույսը, որը երբեք չի մարում

Երբեմն սայթաքելիս, ձախողվելիս կամ նույնիսկ հուսահատվելիս, մենք հիասթափվում ենք և կարծում, որ մեր լույսը հանգած է ու մեր մրցավազքը՝ պարտված։ Սակայն ես վկայում եմ, որ Քրիստոսի Լույսը չի կարող մարել։ Այն շողում է ամենամութ գիշերում և կրկին կվառի մեր սրտերը, եթե միայն խոնարհենք մեր սրտերը Նրա առաջ (տես Գ Թագավորաց Ը.58

Անկախ նրանից, թե որքան հաճախ կամ որքան հեռու ենք մենք ընկնում, Քրիստոսի Լույսը վառվում է պայծառ։ Եվ նույնիսկ խոր գիշերվա մեջ, եթե միայն քայլենք Նրա ուղղությամբ, Նրա լույսը կսպառի մշուշները և նորից կբոցավառի մեր հոգիները։

Աշակերտության մրցավազքը կարճ տարածության մրցավազք չէ։ Դա մարաթոնային վազք է։ Մեծ նշանակություն չունի, թե որքան արագ ենք վազում։ Իրականում, պարտությունը մեր մրցավազքում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մենք ի վերջո հանձնվենք կամ հուսահատվենք։

Քանի դեռ շարունակում ենք վեր կենալ ու շարժվել դեպի մեր Փրկիչը, մենք հաղթում ենք մրցավազքում՝ պայծառ վառվող ջահերով մեր ձեռքում։

Քանզի ջահի կարևորությունը չի ծագում մեզանից կամ մեր գործերից։

Այն կարևոր է աշխարհի Փրկչի շնորհիվ։

Եվ ահա այս Լույսը երբեք չի կարող աղոտանալ։ Այս Լույսը կլանում է մթությունը, բուժում մեր վերքերը և բոցկլտում ամենախոր աստիճանի վշտի ժամանակ և անբացատրելի մթության մեջ։

Այս Լույսը գերազանցում է հասկացողությունը։

Թող յուրաքանչյուրս հասնի մեր սկսած ուղու վերջնագծին։ Եվ մեր Փրկչի և Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի օգնությամբ մենք կհասնենք վերջնագծին՝ ուրախությամբ և դեռևս այրվող մեր ջահերով։

Նշում

  1. Harpers Dictionary of Classical Antiquities (1898), “Lampadedromia,” www.perseus.tufts.edu/hopper: Պավսանիասը նկարագրում է մեկ այլ ջահով մրցավազքը, որում ջահակիրները, հավանաբար, մեկական յուրաքանչյուր ցեղից, չէին փոխանցում իրենց ջահը։ Սակայն, ինչպես լամպադեդրոմիայում, հաղթողը նա էր, ով հասնում էր մրցավազքի ավարտին դեռևս վառվող ջահով։

Նկար
Product Shot from October 2015 Liahona