2015
Խոսքեր, որ փոխում են մեր աշխարհը
Հոկտեմբեր 2015


Խոսքեր, որ փոխում են մեր աշխարհը

Գանայում շրջանի խորհուրդը ցույց է տալիս, թե ինչպես է միասին խորհրդակցելը և տեղական միջոցներն օգտագործելը հնարավորություններ ստեղծում անձնական աճի և մյուսներին ծառայելու համար:

Նկար
illustration of people helping each other climb a tower of books

Նկարազարդումը՝ Թեյլոր Քելորիի

Գանայից Քույր Վիդա Օսեյը ցանկանում է անգլերեն կարդալ և գրել սովորել: Նա մի քանի անգամ հանրային ծրագրերին էր մասնակցել, սակայն հուսահատվել և մի քանի շաբաթից թողել էր: Այնուհետև Երկրորդ Ճյուղի ժողովներին հաճախելիս մի կիրակի նա իմացավ, որ Ասամանկիզե շրջանն անգլերեն իմացության ծրագիր էր հովանավորում: Նա որոշեց օգտվել առիթից և գրանցվել:

Շուտով նա պարզեց, որ այդ ծրագիրը տարբերվում էր մյուսներից: Նա դասերին հաճախելու էր եկեղեցու իր ընկերների հետ: Որպես ուսումնական նյութ օգտագործվում էին սուրբ գրությունները, այնպես որ նա անգլերեն լեզվի հետ միասին սովորելու էր նաև ավետարան:

Դասերը սկսվելու օրից երկու ամիս անց առաջին անգամ Վիդան դասարանում աղոթեց: Իսկ երեք ամիս անց հաղորդության ժողովին նա առաջին անգամ իր խոսքը հղեց, մի մասը՝ աֆրիկյան տեղի թվի լեզվով, իսկ մյուս մասն անգլերենով: Չորս ամիս անց նա սկսեց մաշված նոթատետրում գրանցել դերձակուհու իր աշխատանքի համար անհրաժեշտ պատվերները, ծախսերն ու գները: Նա ավելի քիչ սխալներ արեց հաճախորդներին սպասարկելից, վաճառողներն ավելի ցածր գնով նրան ապրանք մատակարարեցին, և նախորդ ամիսների համեմատ նա ավելի շատ գումար վաստակեց:

«Ես ամաչում էի ինչ-որ մեկի հետ գրագիտության դասերին հաճախել,- ասում է նա,- Բայց երբ գրագիտության դասը անցկացվեց հավաքատանը ինձ ծանոթ անդամների հետ, ես փորձելու քաջություն ունեցա: Այժմ ես կարողանում եմ կարդալ սուրբ գրությունները և բարելավել իմ բիզնեսն անգլերեն կարդալով և գրելով»:

Հարավ-սահարական Աֆրիկայում շատերը, հատկապես կանայք, գրել-կարդալ չգիտեն: Անգրագիտությունն այնքան տարածված երևույթ է, որ հին աֆրիկյան ասացվածքն ասում է. «Եթե ուզում ես ինչ-որ բան թաքցնել, գրիր գրքում»: Ինչևէ, Վիդայի պես Վերջին Օրերի Սուրբ կանանց համար գրագիտությունը վերելք է ապրում:

Խնդիրներ, որ պետք է հաղթահարել

Սահմանափակ ենթակառուցվածքները և սահմանափակ հանրային կրթությունը հարավ-սահարական շատ երկրներում նշանակում են սահմանափակ հնարավորություններ, հատկապես՝ աղջիկների համար: Կրթության բարձր գնի և հասարակության մեջ աղջիկների սահմանափակ կարգավիճակի պատճառով շատ մարդկանց համար կարդալն անհասանելի ունակություն է: Գանայում, օրինակ, թեպետ անգլերենը հանդիսանում է պաշտոնական լեզու, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չափահաս կանանց միայն կեսն է խոսում անգլերեն: Գանայի գյուղական տարածքներում չափահաս կանանց երկու-երրորդն անգրագետ են:

«Մեր քաղաքներում և գյուղերում չափահաս կանանցից շատերը չեն խոսում անգլերեն,- ասում է Գանա Ակրա արևմտյան միսիայի Աբոմասու շրջանի նախագահ Սեթ Օպոնգը,- Մեր տեղական լեզուն՝ թվին, դարեր շարունակ բանավոր լեզու է եղել: Միայն վերջերս է թվի լեզվի այբբենարանը ստեղծվել, այնպես որ շատ քիչ մարդիկ են կարողանում կարդալ»:

«Քույրերն ապավինում են մյուսներին, հիմնականում՝ իրենց ամուսիններին, եթե ամուսնացած են, իսկ եթե ամուսնացած չեն, լսում են իրենց ընկերների խոսքը, ավետարանի սկզբունքները և Եկեղեցու քաղաքականությունը հասկանալու համար,- բացատրում է շրջանի Սփոփող Միության նախագահ Գեորգինա Ամոական,- Շատերը ծառայելու մեծ ցանկություն ունեն, սակայն նրանք չեն կարողանում կարդալ ձեռնարկները կամ ամսագրերը, այնպես որ եկեղեցում նրանց մասնակցության հնարավորությունները սահմանափակ են»:

Խորհուրդ Խորհրդից

Քանի որ կանաք չեն խոսում անգլերեն իրենց տանը կամ շուկայում, Եկեղեցում նրանց մասնակցությունը լեզուն սովորելու հիմնական խթանն է հանդիսանում: Սակայն թե հին անդամները և թե նորադարձները գրագիտության ծրագրերի հետ կապված ընտանիքի դիմադրությանն են հանդիպում: Շրջանի խորհուրդը քննարկեց այդ մտահոգությունը և ապա Նախագահ Օփոնգը բոլոր ճյուղերի քահանայության և օժանդակի ղեկավարների հետ խոսեց ողջ շրջանում գրագիտության ուսուցման վերաբերյալ: Լինելով հասանելի համայնքի բոլոր կանանց համար, այդ ծրագիրը սակայն պետք է կենտրոնանար Եկեղեցու կանանց վրա: Անհատներին առանձին հրավիրելու փոխարեն, խմբերով հաճախելու հրավերներ ուղարկվեցին, օրինակ՝ Սփոփող Միության և Երեխաների Միության նախագահությունները պետք է հաճախեին միասին, որպեսզի աջակցեին միմյանց:

Ճյուղերի հետ անցկացրած քննարկումների արդյունքում շրջանի ղեկավարությունը որոշեց յուրաքանչյուր ճյուղում գրագիտության դասեր անցկացնել կիրակի օրերին և շաբաթվա մեջ երկու անգամ: Վեցամսյա տքնաջան աշխատանքից հետո ավարտական վկայականներ պետք է տրվեին նրանց, ովքեր կանոնավոր հաճախել էին դասերին և կատարել անհրաժեշտ տնային աշխատանքը:

Նյութերը հարմարեցվեցին կարիքներին

«Մարտահրավերներից մեկը միայն խոսակցական լեզուն իմացող մարդկանց գրել-կարդալ սովորեցնելու համար միջոց գտնելու մեջ էր կայանում,- բացատրում է շրջանում ծառայող ավագ միսիոներ՝ Երեց Ջիմ Դալտոնը,- Երկար ժամանակ թվին լինելով ոչ թե գրավոր, այլ խոսակցական լեզու, այդ լեզվով խոսացող շատ մարդիկ չեն կարողանում դրանով գրել, այնպես որ մենք ստիպված սկսեցինք գրել սովորեցնելուց»:

Աբոմասու շրջանի բարձրագույն խորհրդից Ռանսֆորդ Դարկվան աշխատեց վերադարձած միսիոներներ Ֆրենսիզ Անսահի և Սեսիլիա Ամանկվայի հետ օգտագործելով տեղական արտադրության ձեռնարկը: Նկարները ցուցադրելուց հետո մասնակիցներին խնդրում էին գրել՝ ինչ էին նրանք տեսնում: Դա նրանց օգնեց անգլերեն մտածել սովորելու հետ միասին գրելու հիմնական ունակություններ զարգացնել: Հիմնական ունակությունները ձեռք բերելուց հետո խորացված ուսուցման նյութեր կարելի էր օգտագործել:

Նախապատրաստություն և նորամուծություն

Ծրագրի մեկնարկից առաջ, գրագիտության մասնագետները վերապատրաստեցին ուսուցիչներին՝ ուսուցանելով ոչ միայն ուսումնական մեթոդիկա, այլև կիրառական հիգիենա և ընտանեկան կյանքի հմտություններ: Սակայն լավագույն ուսուցումն անգամ չէր կարող կանխատեսել այն խնդիրները, որոնք ի հայտ եկան դասերի մեկնարկից հետո. այդ տարածքում էլեկտրական հոսանքի հաճախակի անջատումների պատճառով անհնար դարձավ երեկոյան դասեր անցկացնելը, անհանգստություն առաջացրեցին ասեկոսեները, թե իբր երեկոյան ժամերին ոսկու անկարգ հանքագործներ են թափառում փողոցներում, և եկեղեցու հավաքատան դուռը բացելու համար հաճախ ժամանակին չէին կարողանում գալ նրանք, ում մոտ էր գտնվում բանալին:

Կրկին շրջանի խորհուրդը քննարկեց, թե ինչ անհրաժեշտ միջոցառումներ պետք է ձեռնարկվեին: Նրանց խորհրդին ի պատասխան՝ մասնակիցները սկսեցին խմբերով միասին հաճախել դասերին: Նրանց էլեկտրական լապտերներ բաժանեցին, որպեսզի կարողանային ապահով անցնել ճանապարհը: Տեղական ղեկավարների թույլտվությամբ գենետրատորներ տեղադրվեցին՝ երեկոյան ժամերին եկեղեցու շենքերում հոսանք ունենալու համար: Բանալիները տրվեցին հավաքատանը մոտ ապրող վստահելի անդամներին, որպեսզի նրանք կարողանային ժամանակին բացել դուռը:

Ելույթներ ավարտական հանդեսին

Թվով վաթսունմեկ անդամներ և ունկնդիրներ սկսեցին ծրագիրը: Նրանցից քառասունչորսն ավարտեցին ամբողջ դասընթացը՝ կատարելով բոլոր տնային աշխատանքները: Ավարտական հանդեսին նրանց հրավիրեցին հակիրճ ելույթ ունենալ:

Նկար
Participants, family members, and friends celebrate at graduation ceremonies for the district-sponsored literacy program.

«Նախքան գրագիտության ծրագրի մեկնարկը, ես ընդանրապես կարդալ չգիտեի,- ասաց Սանկուբենեյզ ճյուղից Սանդրա Օբենգ Ամոն,- Երբ աշխատանքի բերումով ամուսինս ճամփորդում էր, ես երբեք ընտանեկան երեկո չէի անցկացնում: Երբ մի քանի շաբաթ առաջ նա գնաց, իմ ավագ որդին օգնեց ինձ կարդալ ձեռնարկը, և ես անգլերեն լեզվով դաս մատուցեցի երեխաներիս: Դրանից հետո ամուսնուս բացակայության ընթացքում ամեն շաբաթ ես դաս եմ մատուցել»:

Փրոսպեր Գիյաքիթը, ով չնայած անգլերեն լեզվի սահմանափակ գիտելիքին հավատարիմ անդամ էր մնացել Աբոմոսու Երկրորդ ճյուղում, կարդաց իր ձեռքով գրած երեք նախադասությունից կազմված վկայությունը: Նա ասաց, որ այդ դասընթացից առաջ նա գրել-կարդալ չգիտեր, սակայն այժմ կարողանում է օգնել իր փոքր երեխաներին տնային աշխատանքը կատարելիս: «Շնորհակալություն իմ ստացած գիտելիքի համար,- ասաց նա,- Ես այժմ ավելի լավ հայր եմ»:

«Այժմ ես կարող եմ ինքնուրույն կարդալ սուրբ գրությունները,- ասաց Կվաբենգ ճյուղից Կվակու Սասուն,- Նախկինում ես գիտեի, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ էր, թեպետ չէի կարղանում այն կարդալ: Այժմ ես գիտեմ, որ այն ճշմարիտ է, քանի որ ես կարդում եմ այն: Իմ վկայությունը շարունակ աճում է»:

Ասունաֆո ճյուղի Սփոփող Միության նախագահության անդամներն ասացին, որ յուրաքանչյուր հինգշաբթի միմյանց հետ միայն անգլերեն լեզվով էին խոսում: Դրա պատճառով երբեմն զրույցը երկար էր տևում, որովհետև չէինք կարողանում ճիշտ բառեր գտնել միմյանց ասելու համար,- ասաց Սփոփող Միության նախագահ Էվելին Ագիեյվան,- Բայց շատ շուտով սկսեցինք թարգմանել միմյանց համար՝ ճիշտ բառերը գտնելով: Միասին սովորելով մենք չէինք շփոթվում կամ վախենում, որ գուցե սխալ բառեր կգործածեինք: Մենք պարզապես օգնում էինք մեկս մյուսին»:

Բազում օգուտներ

Աբոմոսու շրջանի գրագիտության ծրագիրն ավարտող կանայք ասացին, որ իրենց ավելի լավ են զգում և ավելի ուրախությամբ են մասնակցում եկեղեցու ծառայությանը: Նրանք ավելի պատրաստակամորեն էին ընդունում կոչումները, կարդում սուրբ գրությունները, ուսուցանում եկեղեցում և տանը: Որոշ տղամարդիկ ևս ավարտեցին այդ ծրագիրը: Շատ ագարակատերեր ասում են, որ այժմ ավելի լավ են կարողանում հաշվել իրենց արտադրանքի ծախսերի և վաճառքի գները, օգնում են երեխաներին տնային աշխատանքում, կարդում են սուրբ գրությունները՝ ինքնուրույն և իրենց ընտանիքի հետ:

Աբոմոսույի հաջողությամբ քաջալերված հարևան Ասամանկիզ շրջանը գործարկեց իր գրագիտության ծրագիրը:

«Գրել-կարդալ իմանալը փոխում է մեր և մեր երեխաների կյանքը,- ասում է Սանկուբենեյզ ճյուղից Գլադիս Ասեիդուն,- Խոսքերը փոխում են մեր աշխարհը, և մենք շնորհակալ ենք մեր Երկնային Հորը»:

Մասնակիցները, ընտանիքի անդամները և ընկերները շրջանի կողմից հովանանվորած գրագիտության ծրագրի ավարտական հանդեսին:

Նկարը՝ Africanway/iStock/Thinkstock