2015
Ազատվել պոռնոգրաֆիայի ծուղակից
Հոկտեմբեր 2015


Ազատվել պոռնոգրաֆիայի ծուղակից

Մենք բոլորս պետք է սովորենք ինչպես պետք է պատշաճ կերպով արձագանքել սեռական բովանդակությամբ զանգվածային լրատվամիջոցներին:

Նկար
Silhouette of a man kneeling in prayer. Rays of light are around him.

Խոնարհաբար դառնալով դեպի Տերը, մարդը ընդունում է որոշակի ճշմարտություններ, որոնք լիովին հասկանալու դեպքում, ուժ են տալիս և վերացնում են ամոթը:

Նկարները՝ domi8nic/iStock/Thinkstock

Տաս տարի առաջ գերագույն համաժողովին ես խոսեցի պոռնոգրաֆիայի մասին: Ես իմ ձայնը միացրեցի մյուս ղեկավարների ձայնին, ովքեր զգուշացրել էին պոռնոգրաֆիայի կործանարար հոգևոր հետևանքների մասին: Ես զգուշացրեցի, որ շատ տղամարդիկ և տղաներ են վնասներ կրել, ինչպես ես եմ անվանում, «անպարկեշտ սեռական հարաբերությունների մասին գովազդային գրականության» պատճառով:1 Ցանկացած տեսակի պոռնոգրաֆիայի օգտագործումը չարիք է, դա կործանում է հոգևոր զգայունակությունը, այն թուլացնում է քահանայության իշխանության գործադրման ունակությունը և վնասում է թանկագին հարաբերությունները:

Այժմ՝ տաս տարի անց, ես շնորհակալ եմ, որ շատերը լսելով և ականջ դնելով մարգարեական զգուշացումներին, խույս են տվել՝ մնալով մաքուր և անբիծ պոռնոգրաֆիայի արատից: Ես նաև երախտապարտ եմ, որ շատերն ականջ դնելով մարգարեական կոչերին՝ թողել են պոռնագրաֆիան, նորոգել կոտրված սրտերն ու հարաբերությունները և առաջ շարժվել աշակերտի ուղով: Բայց ես, առավել քան երբևէ, ավելի շատ մտահոգված եմ, որ մեր մեջ կան այնպիսիք, ովքեր շարունակում են զոհ գնալ պոռնոգրաֆիային, հատկապես մեր երիտասարդ տղաները և անգամ բազմաթիվ երիտասարդ աղջիկներ:

Պոռնոգրաֆիայի ահագնացող խնդրի հիմնական պատճառն այն է, որ այսօր աշխարհում ամենուր են սեռական բովանդակությամբ և ազդեցությամբ խոսքերն ու նկարները: Դրանց կարելի է հանդիպել ֆիլմերում, հեռուստածրագրերում, սոցիալական կայքերում, տեքստային հաղորդագրություններում, հեռախոսների ծրագրերում, գովազդներում, գրքերում, երաժշտության մեջ և առօրյա խոսակցություններում: Արդյունքում անխուսափելիորեն բոլորս էլ կանոնավոր կերպով առնչվում ենք սեռական բնույթի հաղորդագրություններին:

I. Ներգրավվածության աստիճանները

Այդ աճող չարիքին դիմակայելու հարցում օգնելու նպատակով, ես ցանկանում եմ ներկայացնել պոռնոգրաֆիայում ներգրավվածության տարբեր մակարդակները և առաջարկել ուղիներ, թե ինչպիսի վերաբերմունք պետք է դրսևորենք դրանցից յուրաքանչյուրի հանդեպ:

Տարիներ առաջ և նախկին պայմաններում պոռնոգրաֆիայի վերաբերյալ մեր խորհուրդը սկզբունքորեն նպատակ էր հետապնդում՝ օգնել անհատներին չներքաշվել դրա մեջ կամ ազատվել հակվածությունից: Թեպետ դա այսօր էլ կարևոր է, նախկին փորձը և ներկայիս հանգամանքները ցույց են տվել, որ պետք է խորհուրդը ուղղված լինի պոռնոգրաֆիայի օգտագործման տարբեր աստիճաններին, որոնք գտնվում են խուսափելու և հակվածության ծայրահեղ բևեռների միջև: Օգտակար կլինի կենտրոնանալ պոռնոգրաֆիայի մեջ ներգրավվածության չորս տարբեր աստիճանների վրա, որոնք են՝ (1) պատահական բացահայտումը, (2) հազվադեպ օգտագործումը, (3) ինտենսիվ օգտագործումը և (4) ստիպված օգտագործումը (հակվածություն):

  1. Պատահական բացահայտում: Կարծում եմ, ամեն ոք պատահաբար առնչվել է պոռնոգրաֆիային: Դրանում ոչ մի մեղք չկա, եթե մենք ուշադրություն չենք դարձնում և այլևս չենք հետաքրքրվում դրանով: Դա նման է սխալի, որը ոչ այնքան ապաշխարության, որքան շտկելու կարիք ունի:2

  2. Հազվադեպ օգտագործում: Պոռնոգրաֆիայի այս երբեմն կամ անգամ հազվադեպ օգտագործումը միշտ կանխամտածված է լինում, և դրանում է չարիքը:

    Պոռնոգրաֆիան գրգռում և սաստկացնում է սեռական զգացմունքները: Արարիչը տվել է այդ զգացմունքներն Իր իմաստուն նպատակների համար, բայց դրա հետ միասին Նա նաև տվել է պատվիրաններ, որոնք սահմանափակում են դրանց արտահայտումը ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Պոռնոգրաֆիան նսեմացնում է պատշաճ սեռական արտահայտումը և խրախուսում է ամուսնական կապից դուրս սեռական զգացմունքների արտահայտումը: Ովքեր օգտագործում են պոռնոգրաֆիան, անլուրջ են վերաբերվում այն ուժերին, որոնք այնքան հզոր են, որ կարող են կյանք ստեղծել կամ կործանել: Մի գնացեք այդ ճանապարհով:

    Պոռնոգրաֆիայի ցանկացած կանխամտածված օգտագործման վտանգը, անկախ նրանից որքան պատահական կամ հազվադեպ է, կայանում է նրանում, որ այն միշտ խթանում է առավել հաճախակի կիրառում, որն էլ անխուսափելիորեն մեծացնում է սեռական զգացմունքներով և վարքով տարվելը: Գիտնականները հայտնաբերել են, որ սեքսուալ նկարները ուղեղում քիմիական նյութեր են առաջացնում, որոնք սնուցում են սեռական զգացմունքները, իսկ դրանք էլ նպաստում են, որ առավել մեծ ուշադրություն տրամադրվի սեռական վարքին:3 Ցանկացած տեսակի կամ մակարդակի անբարոյական սեռական վարքն առաջացնում է ամոթի զգացում, որը ժամանակի ընթացքում կարող է արմատավորվել տվյալ անձի մեջ:

  3. Ինտենսիվ օգտագործում: Պոռնոգրաֆիայի կրկնվող միտումնավոր օգտագործումը կարող է դառնալ սովորություն, «կանոնավոր դրսևորվող վարքագիծ, որը դառնում է գրեթե ինքնաբերական»:4 Սովորույթի դեպքում, անհատներն ավելի շատ խթանիչների կարիք են ունենում նույն զգացմունքն ապրելու համար, որպեսզի բավարարվածություն զգան:

  4. Ստիպված օգտագործում (հակվածություն): Անձնական վարքը հակվածություն է առաջացնում, երբ այն «կախվածություն» է դառնում (բժշկական եզրույթ, որը կիրառվում է, երբ խոսքը վերաբերում է թմրանյութերի, ալկոհոլի օգտագործմանը, մոլեխաղին և այլն)՝ առաջ բերելով «անդիմադրելի հարկադրանք», որը «գերակա է դառնում կյանքի գրեթե բոլոր մյուս բաների նկատմամբ»:5

II. Այդ աստիճանները հասկանալու կարևորությունը

Երբ մենք հասկանում ենք այդ տարբեր աստիճանները, գիտակցում ենք նաև այն, որ պոռնոգրաֆիա օգտագործողներից ոչ բոլորն են կամովին հակվածություն ձեռք բերել: Իրականում, երիտասարդ տղաներից և աղջիկներից շատերը, ովքեր պայքարում են պոռնոգրաֆիայի դեմ, հակվածություն չունեն: Դա շատ կարևոր սահմանազատում է ոչ միայն ծնողների, կողակիցների և ղեկավարների համար, ովքեր ցանկանում են օգնել, այլև նրանց համար, ովքեր պայքարում են այդ խնդրի դեմ: Ահա թե ինչու:

Նախ, որքան խորն է ներգրավվածության աստիճանը, սկսած պատահական բացահայտումից մինչև հազվադեպ օգտագործումը, ինտենսիվ օգտագործումը և ստիպված օգտագործումը (հակվածություն), այնքան դժվար է ընթանում ապաքինումը: Եթե վարքագիծը սխալմամբ դասակարգվում է որպես հակվածություն, խնդիր ունեցողը թերևս մտածի, թե ինքը կորցրել է ազատ կամքը և խնդիրը հաղթահարելու ունակությունը: Սա կարող է թուլացնել ապաքինվելու և ապաշխարելու վճռականությունը: Մյուս կողմից, խնդրի խորության վերաբերյալ առավել հստակ հասկացողություն ունենալով, որը գուցե չլինի այնքան արմատավորված կամ սաստկացած, որքան զգուշանում էիք, կարող է հույս և լրացուցիչ ունակություն պարգևել, որպեսզի ազատ կամք դրսևորեք չշարունակելու և ապաշխարելու համար:

Երկրորդ, ինչպես ցանկացած մեղսավոր վարքի դեպքում, պոռնոգրաֆիայի կանխամտածված օգտագործումը հեռացնում է Սուրբ Հոգին: Նման իրավիճակում հայտնվածներին առաջարկում ենք ապաշխարել: Ոմանք էլ թերևս շփոթվեն և փորձեն խաբեությամբ թաքցնել իրենց մեղքը: Գուցե նաև սկսեն ամաչել, որը կարող է հանգեցնել ինքնատելության: Նման դեպքերում, նրանք գուցե սկսեն հավատալ սատանայի մեծագույն ստերից մեկին. որ այն, ինչ նրանք արել են կամ շարունակում են անել, իրենց դարձնում է արատավոր մարդ, Փրկչի շնորհին անարժան և ապաշխարելու անընդունակ: Դա պարզապես ճիշտ չէ: Մենք երբեք հեռու չենք Փրկչին և Նրա Քավությանը հասու լինելուց:

Ի վերջո, կարևոր է, որպեսզի անգամ պոռնոգրաֆիայի ինտենսիվ օգտագործման կամ սովորույթ դառնալու դեպքում վարքը որպես հակվածություն չպիտակավորվի, որովհետև դա ճշգրիտ չի նկարագրի հանգամանքները կամ անհրաժեշտ ապաշխարության և ապաքինման ողջ բնույթը: Ունենալով առավել խորը հասկացողություն այն մասին, թե որտեղ է մարդն այդ ընթացքում, այն թույլ կտա նաև ավելի խորը հասկանալ, թե ինչ անհրաժեշտ քայլ է պետք անել ապաքինման համար:

III. Խույս տվեք պոռնոգրաֆիայից

Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես կարող են անհատները խույս տալ և ազատվել պոռնոգրաֆիայի ծուղակից: Սա օգտակար կլինի ոչ միայն նրանց համար, ովքեր պայքարում են ազատվելու պոռնոգրաֆիայից, այլև ծնողների և ղեկավարների համար, ովքեր օգնում են նրանց: Պոռնոգրաֆիայից խույս տալու և ազատվելու գործում առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կքննարկեն այդ թեման իրենց ծնողների և ղեկավարների հետ:6

Պոռնոգրաֆիան կանխամտածված դիտելու մեջ ներգրավվածության աստիճանից անկախ, դեպի ապաքինում, մաքրություն և ապաշխարություն տանող ուղով գնալու համար անհրաժեշտ են հետևյալ նույն հիմնական սկզբունքները. խոնարհություն, աշակերտի ուղի, պարտավորվածություն փոփոխության անձնական ծրագրի հանդեպ, պատասխանատվություն և աջակցություն և հավատքով տոկալ:

Նկար
Silhouettes of a man and woman sitting with their backs together. They are reading scriptures.

Նկարները՝ majivecka/iStock/Thinkstock

Ա. Խոնարհություն

Իրականում պոռնոգրաֆիայից և դրա հետ կապված վարքից ազատագրվելու համար, անհատները պետք է խոնարհություն զարգացնեն (տես Եթեր 12.27): Խոնարհաբար դառնալով դեպի Տերը, մարդը ընդունում է որոշակի ճշմարտություններ, որոնք լիովին հասկանալու դեպքում, ուժ են տալիս և վերացնում են ամոթը: Այդ ճշմարտություններից են՝.

  • Մեզանից յուրաքանչյուրը սիրող Երկնային Հոր սիրելի զավակն է:

  • Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, սիրում և անձնապես ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին:

  • Մեր Փրկչի Քավությունը վերաբերում է Աստծո բոլոր զավակներին:

  • Հիսուս Քրիստոսի շնորհով բոլորը կարող են ներվել և փոխվելու զորություն ստանալ:

  • Մեզանից յուրաքանչյուրն ազատ կամքի անգին պարգևն ունի, որը թույլ է տալիս մեզ ապավինել Քավության ուժին և զորությանը:

  • Անհատները, ովքեր պայքար են մղում պոռնոգրաֆիայի դեմ, կարող են հույս ստանալ այն փաստից, որ մյուսները հաղթել են այդ ճակատամարտում:

  • Պոռնոգրաֆիան չարիք է, բայց դրանում ներգրավվածները չար չեն:

  • Ցանկացած ոք կարող է խույս տալ պոռնոգրաֆիայի ծուղակից և լիովին ապաքինվել, բայց դա հնարավոր է միայն Քավության զորությանն ապավինելով:

  • Պոռնոգրաֆիայից իսկապես ապաշխարելու համար պահանջվում է ավելին, քան այն օգտագործելուց դադարելը: Նման ապաշխարությունը պահանջում է սրտի փոփոխություն Քրիստոսի Քավության միջոցով:

Այդ ճշմարտություններն ընդունելն անհատին նախապատրաստում է հոգևոր կերպով դրանց վերաբերվելուն, որը բացում է դուռը՝ ստանալու Տիրոջ օգնությունը՝ ապաշխարելու և ապաքինվելու գործում անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար:

Բ. Աշակերտի ուղի

Ըստ այդ ճշմարտությունների գործելու համար նաև անհրաժեշտ է, որ անհատները կրկին պարտավորվեն ապրել որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ և անեն այն, ինչը կմաքրագործի և կամրացնի իրենց՝ ապագա գայթակղություններին դիմակայելու համար: Դա նշանակում է պարտավորվել ունենալ անձնական կրոնական վարքագիծ՝ ամեն օր իմաստալից աղոթք ասել և ուսումնասիրել սուրբ գրությունները, հաճախել եկեղեցու ժողովներին, ծառայություն մատուցել, ծոմ պահել և (եպիսկոպոսի հավանության դեպքում) ընդունել հաղորդությունը և երկրպագել տաճարում:

Գ. Պարտավորվածություն անձնական ծրագրի հանդեպ

Հիսուս Քրիստոսի խոնարհ աշակերտները նրբանկատորեն ընկալում են խորը զգացմունքները, սոցիալական իրադրությունները և ֆիզիկական շրջապատը, որոնք պոռնոգրաֆիան օգտագործելու գայթակղություն են խթանում: Այդ խթանիչները վերլուծելով՝ նրանք խույս տալու անձնական ծրագիր կկազմեն, որը կօգնի իրենց.

  • Ճանաչել խթանիչները և բուռն ցանկությունները, երբ դրանք ի հայտ են գալիս:

  • Նախատեսել հատուկ գործողություններ, որոնք կօգնեն իրենց հեռանալ գայթակղությունից:

  • Ուղղորդել իրենց մտքերն ու էներգիան դեպի Տերը:

  • Ծրագրել ամենօրյա գործեր՝ արդար կյանքով ապրելու իրենց անձնական պարտավորվածությունը կոփելու համար:

Անձնական ծրագիր կազմելիս անհատները պետք է կիրառեն Եկեղեցու կողմից տրամադրվող անգնահատելի նյութերը: Օրինակ, Եկեղեցու OvercomingPornography.org կայքը պարունակում է նյութեր ոչ միայն անհատների, այլև նրանց աջակցող ընտանիքի անդամների և քահանայության ղեկավարների համար: Բացի դա, Եկեղեցու Հակվածություններից ապաքինող ծրագիրը մատչելի է բոլոր այն անդամների համար, ովքեր պայքարում են որևէ հակվածության դեմ, և կօգնի նաև նրանց ընտանիքի անդամներին:

Դ. Պատասխանատվություն և աջակցություն

Հիսուս Քրիստոսի խոնարհ հետևորդները, ովքեր ընդունում են, որ իրենք Փրկչի կարիքն ունեն, նաև օգնություն կփնտրեն իրենց եպիսկոպոսից, ով կանչված է Տիրոջ կողմից որպես իրենց քահանայության ղեկավար, և ով կրում է անհրաժեշտ բանալիները՝ ապաշխարության հարցում օգնելու համար: Ներգրավված անհատների համաձայնության և եպիսկոպոսի դրական ներշնչանքի դեպքում, եպիսկոպոսը կարող է կանչել մեկ ուրիշին, որպեսզի իրենց հետ աշխատի և օգնություն տրամադրի: Անկախ հանգամանքներից, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) այս խորհուրդն է տվել.

«Ձեր հոգու խորքում աղերսեք Տիրոջը, որ Նա ձեզ ազատի այդ ստրկացնող հակումից: Եվ քաջություն ունեցեք փնտրելու ձեր եպիսկոպոսի սիրալիր առաջնորդությունը և, անհրաժեշտության դեպքում, հոգատար մասնագետների խորհուրդը»:7

Խնդրի լրջությունից կախված, անհատները կարող են աջակցություն խնդրել վստահելի, փորձառու անձից կամ մասնագետ խորհրդատուից, ում կարող են դիմել ցանկացած ժամի, որպեսզի ամրանան թուլության պահին, և ովքեր կհետևեն նրանց անձնական ծրագրի կատարման գործընթացին:

Ե. Հավատքով տոկալ

Այն անձինք, ովքեր ապաշխարել և օրհնվել են զսպելով պոռնոգրաֆիան օգտագործելու ցանկությունը, պետք է դեռևս զգոն լինեն, քանի որ հակառակորդը կփորձի շահագործել իրենց մարդկային թուլությունը: Չնայած խույս տալուն ուղղված բոլոր ջանքերին, կարող է դեռևս պատահական բացահայտում տեղի ունենալ: Իրենց կյանքի ընթացքում անհատները պետք է սովորեն զսպել իրենց Աստվածատուր սեռական զգացմունքները և շարունակեն ջանքեր գործադրել մաքուր լինելու համար:

IV. Կարեկցանք բոլորի հանդեպ

Այժմ կխոսեմ, թե ինչպես ենք մենք վերաբերվում նրանց, ովքեր ընկել են պոռնոգրաֆիայի թակարդը: Մենք բոլորս էլ Հիսուս Քրիստոսի Քավության կարիքն ունենք: Պոռնոգրաֆիայի դեմ պայքարողները մեր կարեկցանքի և սիրո կարիքն ունեն, երբ հետևում են անհրաժեշտ սկզբունքներին և ապաքինման քայլերին: Խնդրում եմ, մի մեղադրեք նրանց: Նրանք ոչ չարիք են, ոչ էլ անհույս են: Նրանք մեր Երկնային Հոր որդիներն ու դուստրերն են։ Պատշաճ և լիարժեք ապաշխարության շնորհիվ նրանք կարող են մաքրվել, մաքրագործվել և արժանանալ Աստծո կողմից խոստացված ամեն ուխտի և տաճարային օրհնության:

Երբ ամուսնության ժամանակը գալիս է, ես խրախուսում եմ, որ երիտասարդ կանայք և երիտասարդ տղամարդիկ զգուշորեն ընտրեն իրենց զուգընկերոջը՝ որպես իրենց հավերժական կողակից, ով մաքուր և անարատ է Տիրոջ առաջ և արժանի է մտնել տաճար: Անհատները, ովքեր լիովին ապաշխարում են պոռնոգրաֆիայից, արժանի են այդ օրհնություններին:

V. Եզրափակում

Մեր կյանքում բոլորիս էլ կհանդիպեն սեռական բովանդակությամբ նյութեր: Մեր սիրող Փրկչի առաջնորդությամբ, հաղորդության ուխտերից բխող վստահությամբ, որ միշտ նրա Հոգին մեզ հետ կունենանք (տես ՎևՈւ 20.77), մենք կարող ենք միշտ համապատասխան վերաբերմունք դրսևորել: Ես վկայում եմ, որ այդ դեպքում մենք կվայելենք օրհնությունները Նրա, ում մենք երկրպագում ենք: Այսպիսով, մենք առավել լիարժեքորեն կստանանք Փրկչի խաղաղությունը և կմնանք վեհացման մեր հավերժական ճակատագրի ուղու վրա:

Հղումներ

  1. Տես Դալլին Հ. Օուքս, «Պոռնոգրաֆիա», Լիահոնա, մայիս 2005, 87–90:

  2. Տես Dallin H. Oaks, “Sins and Mistakes,” Ensign, Oct. 1996, 62–67.

  3. See Donald L. Hilton Jr., M.D., “Pornography Addiction—a Supranormal Stimulus Considered in the Context of Neuroplasticity,” Socioaffective Neuroscience and Psychology, vol. 3 (2013), socioaffectiveneuroscipsychol.net/index.php/snp/article/view/20767; see also “Porn Changes the Brain,” fightthenewdrug.org.

  4. Webster’s Encyclopedic Unabridged Dictionary of the English Language (1989), “habit.”

  5. American College of Physicians Complete Home Medical Guide (1999), 564.

  6. Բացի այդ, երիտասարդները և իրենց ծնողները պետք է անկեղծ, սակայն պատշաճ զրույց ունենան մարդու վերարտադրության մասին: Այն երիտասարդները, ովքեր ոչ թե իրենց ծնողներից, այլ իրենց հասակակիցներից են տեղեկանում մարդու սեռական կյանքի մասին, հավանաբար կձգտեն այդ մասին տեղեկություն ստանալ պոռնոգրաֆիայի միջոցով:

  7. Gordon B. Hinckley, “A Tragic Evil among Us,” Liahona, Nov. 2004, 62.

Խնդրի լրջությունից կախված, անհատները կարող են աջակցություն խնդրել վստահելի, փորձառու անձից կամ մասնագետ խորհրդատուից։

Լուսանկարները՝ Ingram Publishing/iStock/Thinkstock