2015
Որքա՞ն կարևոր սա կարող է լինել։
Հոկտեմբեր 2015


Որքա՞ն կարևոր սա կարող է լինել

Քելի Լենգ, Վաշինգտոն, ԱՄՆ

USS West Virginia նավի վրա էր, երբ հանձնարարական ստացվեց, որի համար պահանջվում էր պորտուգալերեն խոսացող սպա, որը երեք շաբաթ կանցկացներ Բրազիլիայի նավատորմում։ Ես միակն էի սուզանավի անձնակազմից, ով խոսում էր պորտուգալերեն:

Իմ առաջին մղումը չգնալն էր։ Ես նոր էի ավարտել երեքամսյա պարեկային ծառայությունը և անհամբերությամբ սպասում էի, թե երբ էի տեսնելու ընտանիքիս, սակայն այդ փոխանակման հանձնարարականը մտքիցս դուրս չէր գալիս։ Ես աղոթքով դիմեցի Երկնային Հորը, ստացա զորեղ պատասխան և ընդունեցի հանձնարարությունը։

Պայմանավորվածություններն ամեն անգամ արգելքների էին հանդիպում։ Մի պահ ես արդեն պատրաստ էի հանձնվել։ Ես մտածեցի․ «Որքա՞ն կարևոր սա կարող է լինել»։ Սուրբ Հոգին, սակայն, հուշեց շարունակել:

Նկար
Illustration depicting men on board a Navy ship. One of the men is pointing and yelling at a man sitting at a table. Another officer is standing in the doorway.

Նկարազարդումը՝ Ալեն Գարնսի

Վերջապես, մի քանի հետաձգումներից հետո ես ժամանեցի բրազիլիական նավ։ Երբ ինձ ուղեկցեցին սպաների ճաշասենյակ, նավապետը բղավում էր և մատնացույց անում երիտասարդ սպաներից մեկին։ Նավապետը տեսավ ինձ, դադար տվեց և ասաց կոտրված անգլերենով․ «Ահ, իմ ամերիկացի ընկերն եկավ։ Բարի գալուստ: Կարո՞ղ եմ խմելու որևէ բան առաջարկել»։

Ես պատասխանեցի պորտուգալերենով, որ կցանկանայի բրազիլիական հայտնի մի ըմպելիք, որը չէի խմել, ինչ ավարտվել էր իմ միսիան։ Նա ինձ ասաց, որ նավի վրա կան ամեն տեսակի ալկոհոլային խմիչքներ, սակայն ես պնդեցի, որ ալկոհոլ չեմ օգտագործում։

Ավելի ուշ խցիկիս դուռը թակեցին: Երբ դուռը բացեցի, տեսա երիտասարդ սպային, ում հանդիպել էի ճաշասենյակում։

«Դուք ամերիկացի եք, - ասաց նա։ - Դուք չեք օգտագործում ալկոհոլ։ Դուք խոսում եք պորտուգալերեն։ Կարո՞ղ է, դուք մորմոն եք»։

«Այո»,- պատասխանեցի ես:

Նա գրկախառնվեց ինձ և սկսեց լաց լինել։

Լեյտենանտ Մենդեսը նորադարձ էր և վերջերս էր ավարտել Բրազիլիայի նավատորմային ակադեմիան։ Նավի վրա նա արագ հասկացավ, որ նավապետն ակնկալում էր, որ ինքը նույնպես մասնակցեր նավահանգիստներում սպաների կողմից տարվող վայրի ապրելակերպին։ Դրա փոխարեն լեյտենանտ Մենդեսը միշտ կամավոր հանձնարարություններ էր վերցնում՝ նավահանգիստներում հերթապահելով տարբեր հանձնարարություններում։ Նավապետին դա զայրացնում էր: Երբ ես մտա ճաշասենյակ, նա դեռ բղավում էր լեյտենանտ Մենդեսի վրա՝ իրենց խմբին չմիանալու համար։

«Հաջորդ նավահանգիստում դու սպաների հետ դուրս կգաս զվարճանալու, - հրամայեց նա լեյտենանտին։ - Դու պետք է ցույց տաս այցելող ամերիկացի սպային, թե ինչ է նշանակում լավ ժամանակ անցկացնելը։ Նա ակնկալում է դա մեզանից»:

Ամիսներ շարունակ լեյտենանտ Մենդեսը աղոթում էր, որպեսզի նավապետը հասկանար և ընդուներ իր սկզբունքները։ Իմ ժամանումից հետո ավետարանի շուրջ քննարկումները դարձան ճաշասենյակում տարվող զրույցների առանցքը։ Մենք խոսեցինք մյուս սպաների հետ Ջոզեֆ Սմիթի, Վերականգնման, Իմաստության Խոսքի և մաքրաբարոյության օրենքի մասին։ Լեյտենանտ Մենդեսի հանդեպ վերաբերմունքը շուտով փոխվեց։ Սպաները պահեցին բացեիբաց ցուցադրվող պոռնոգրաֆիկ նկարները, իսկ հաջորդ նավահանգստում մենք միասին վայելեցինք մեր ճաշը ռեստորանում՝ ակումբ գնալու փոխարեն։

Նավի վրա երեք շաբաթ անցկացնելուց հետո, երբ հանձնարարությունս մոտենում էր ավարտին, և նավապետի ու սպաների հետ մեր հավատքի մասին բազմաթիվ զրույցներից հետո, տղամարդկանց սրտերը փափկեցին։ «Այժմ ես հասկանում եմ», - ասաց նավապետը լեյտենանտ Մենդեսին իմ մեկնելուց առաջ, ավելացնելով, որ նա երբեք այլևս չի խնդրի նրան խախտել իր սկզբունքները։

Ես երբեք չեմ մոռանա այդ փորձառությունը: Լեյտենանտ Մենդեսը և ես սովորեցինք, որ մեր Երկնային Հայրը ճանաչում է մեզ անհատապես, սիրում է մեզ և մտածում է մեր կյանքի մասին։