2019
Լիարժեք տասանորդ վճարելու շնորհիվ
Հոկտեմբեր 2019


Լիարժեք տասանորդ վճարելու շնորհիվ

Մաղաքիա Գ.10

Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. և ինձ մեկ փորձեցեք սորանով, ասում է Զորաց Տերը, թե արդյոք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար՝ մինչև որ նորա համար տեղ չլինի:

Երբ առաջին անգամ որպես հյուր եկեղեցի գնացինք, այնտեղ լսեցինք մի անդամի վկայություն տասանորդի մասին, և հենց դա էլ եղավ այն սերմը, որը ընկավ մեր սրտի մեջ և սկսեց ուռչել:

Վերջին Օրերի Եկեղեցու անդամը պատմում էր, որ չորս տարի լիարժեք տասանորդ վճարելու շնորհիվ, նա այնքան էր օրհնվել, որ չորս տարի հետո վճարում էր այնքան տասանորդ, որքան եկամուտ ուներ չորս տարի առաջ:

Այդ ժամանակ մեր ընտանիքը շատ ծանր ֆինանսական վիճակում էր գտնվում՝ մենք վարձով էինք ապրում, ամուսինս փոքր գումար էր աշխատում և գործատուները գնալով ավելի քիչ էին կանչում աշխատանքի, ավելի պակասեցնելով նրա եկամուտը: Ես նունպես շատ փոքր գումարի դիմաց աշխատում էի երկար ժամեր մի խմորեղենի արտադրամասում, որտեղ պայմանները շատ վատն էին և նույնիսկ առողջությունս էր վտանգվել: Մեր երկու անչափահաս երեխաները դպրոցի ավարտական դասարաններում էին սովորում: Մի կողմից ավարտական դրամահավաքները, մյուս կողմից նրանց լրացուցիչ պարապմունքների վճարները… մենք ուղղակի չէինք հասցնում վաստակել:

Այդ վկայությունը լսելով, որոշեցինք անմիջապես մոտենալ եկեղեցու նախագահին և իմանալ թե ինչպես պետք է վճարենք այդ տասանորդը, որպեսզի մեր եկամուտը նույնպես տասնապատկվեր: Նախագահից մենք իմացանք, որ նախ պետք էր եկեղեցու անդամ դառնալ: Եվ կարծում եմ, որ հենց դա էլ եղավ մեր եկեղեցուն միանալու պատճառը:

Մկրտվելուն պես վճարեցինք մեր առաջին տասանորդը և կամաց-կամաց սկսեցինք ճաշակել Երկնային Հոր խոստացած օրհնություններից:

Մեզանից ժամանակ պահանջվեց մինչև սովորեցինք ինչպես էր պետք կողքի դնել տասանորդի գումարը: Սկզբում մենք անում էինք մեր ամսվա կարևոր վճարումները և հետո հաշվում թե ինչքան գումար մնաց տասանորդի համար: Մի անգամ այդ սխալ հաշվարկելու պատճառով իմ գումարը չբավականացրեց և ես հազար դրամ պակաս վճարեցի տասանորդ: Դրանից երկու օր անց իմ գործատուն զանգահարեց և ասաց, որ ազատված եմ աշխատանքից: Ի զարմանս ինձ, այդ լուրը շատ հանգիստ ընդունեցի և շնորհակալություն հայտնելով կախեցի լսափողը: Կարծես գիտեի թե ինչու դա եղավ: Մեկ ու կես ամիս աշխատանք փնտրելուց հետո մտածեցի, որ նախ պիտի պակաս վճարածս տասանորդը լրացնեմ: Ամուսնուցս խնդրեցի հազար դրամ և վճարեցի այն՚: Այդ նույն օրը եկեղեցուց տուն վերադառնալուն պես զանգ ստացա: Դա նոր աշխատանքի առաջարկ էր:

Այդուհետև մենք սկսեցինք աշխատավարձ ստանալուն պես առաջինը տասանորդի գումարը կողքի դնել և շուտով հասկացանք, որ այդպես անելով մեր գումարները բավականացնում էին ամեն ինչի:

Լիարժեք տասանորդ վճարելու շնորհիվ, ամուսինս նույնպես ժամանակի ընթացքում փոխեց իր աշխատանքը, այդպիսով ազատվելով ցածր վարձատրվող, դժվար աշխատանքից, ունենալով ավելի լավ աշխատանք, և տարեց տարի ավելացնելով իր եկամուտը:

Լիարժեք տասանորդ վճարելու շնորհիվ մեր որդին օրհնվեց միաժամկետ միսիա ծառայելու հնարավորությամբ: Նա իր վկայությունն էր գրել մինչ ծառայում էր, ասելով, որ տասանորդի պատվիրանը օրհնել է իրեն ծառայել ու ապրել մի քաղաքում, որը մանկուց սիրել էր ու նույնիսկ վախեցել երազել մի օր այնտեղ լինելու մասին:

Հետագայում նաև մեր դուստրը լիարժեք տասանորդ վճարելու շնորհիվ ունեցավ լավ աշխատանք և կարողացավ իր ուժերով ավարտել կիսատ թողած ուսումը:

Իսկ այժմ մեր թոռնիկը տեսնելով տասանորդ վճարելու մեր օրինակը և թե ինչքան մեծ սիրով ու ոգևորությամբ ենք դա անում, նա ևս մտածում է ուղիներ գտնել, գումար վաստակել, որպեսզի ինքն էլ իր տասանորդը վճարի:

Ազնվորեն ու ճշգրիտ տասանորդ վճարելու շնորհիվ մեր ընտանիքը քսանմեկ երկար ու ձիգ տարիների ընթացքում վարձով ապրելուց և տնից տուն անընդհատ տեղափոխվելուց հետո, վերջապես կարողացավ ունենալ իր սեփական տունը:

Լիարժեք տասանորդ վճարելու շնորհիվ մենք համոզվեցինք մեր եկեղեցում լսած առաջին վկայության ճշմարտացիությանը և մենք ևս օրհնվեցինք մեր եկամուտների տարեց տարի ավելանալով:

Մեր սրտում ուռչող սերմը ծիլ տվեց, աճեց ու մեծանալով դարձավ մի մեծ ծառ:

Շատ ենք սիրում կարդալ Մաղաքիայի գրքից հերևյալ խոսքերը.

Մաղաքիա Գ.10

Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. և ինձ մեկ փորձեցեք սորանով, ասում է Զորաց Տերը, թե արդյոք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար՝ մինչև որ նորա համար տեղ չլինի:

Այս խոսքերը իրական են և մենք դրա վկաներն ենք: Վերը նշված օրհնությունները և նաև օրհնություններ, որոնք անձնական են և չեն կարող բարձրաձայնվել մենք ստացել և շարունակում ենք ստանալ լիարժեք տասանորդ վճարելու շնորհիվ: