Գերագույն համաժողով
Երբեք չհրաժարվես Քրիստոսի մասին վկայելու հնարավորությունից
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Երբեք չհրաժարվես Քրիստոսի մասին վկայելու հնարավորությունից

Ճշմարիտ ուրախությունը հիմնվում է Քրիստոսին մոտենալու և Նրա մասին վկայելու մեր պատրաստակամության վրա:

Հինգ տարի առաջ այս օրը մենք բարձրացրինք մեր ձեռքերը, որպեսզի մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնին հաստատենք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ՝ Տիրոջ խոսնակը զարգացման և հայտնության այս ուշագրավ ժամանակաշրջանում։ Նրա միջոցով մենք ստացել ենք անթիվ հրավերներ, և մեզ խոստացվել են փառավոր օրհնություններ, եթե մեր կյանքը կենտրոնացնենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա:

2011 թվականին, երբ ամուսնուս հետ ծառայում էինք Բրազիլիայի գեղեցիկ Կուրիտիբա քաղաքի միսիայի ղեկավարներ, ժողովներից մեկի ժամանակ մի հեռախոսազանգ ստացա։ Ես շտապեցի ձայնը անջատել, բայց նկատեցի, որ զանգահարողը հայրս էր։ Ես արագ դուրս եկա ժողովից և պատասխանեցի․ «Բարև, հայրի՛կ»:

Անսպասելիորեն նրա ձայնը լի էր հուզմունքով. «Բարև, Բո՛ննի: Ես պետք է քեզ մի բան ասեմ։ Ինձ մոտ ALS (կողային ամիտրոֆիկ սկրելոզ) է ախտորոշվել»։

Գլուխս պտտվեց շփոթմունքից. «Սպասի՛ր։ Ի՞նչ է ALS-ն»:

Հայրս սկսեց բացատրել. «Իմ միտքը զգոն կմնա, իսկ մարմինս կամաց-կամաց կանշարժանա»:

Կարծես թե իմ ամբողջ աշխարհը փոխվեց, երբ սկսեցի գիտակցել այդ վատ լուրի հետևանքները։ Բայց այդ անմոռանալի օրվա նրա վերջին նախադասությունը իր մշտական տեղը գտավ իմ սրտում։ Իմ սիրելի հայրը շտապ ավելացրեց. «Բոննի, երբեք չհրաժարվես Քրիստոսի մասին վկայելու հնարավորությունից»:

Ես մտածել և աղոթել եմ հայրիկիս խորհրդի մասին: Ես հաճախ եմ ինքս ինձ հարցրել՝ արդյոք լիովին հասկանում եմ, թե ինչ է նշանակում երբեք չհրաժարվել Հիսուս Քրիստոսի մասին վկայելու հնարավորությունից:

Ձեզ նման ես ժամանակ առ ժամանակ ամեն ամսվա առաջին կիրակի օրը կանգնել և վկայել եմ Քրիստոսի մասին: Շատ անգամ դասերի ժամանակ վկայել եմ ավետարանի ճշմարտությունների մասին։ Որպես միսիոներ՝ ես համարձակ ուսուցանել եմ ճշմարտությունը և հայտարարել եմ Քրիստոսի աստվածային բնույթի մասին։

Սակայն, այս խնդրանքն ավելի անձնական բնույթ ուներ: Կարծես թե նա ասում էր․ «Բոննի, թույլ մի՛ տուր, որ աշխարհը հաղթի քեզ։ Հավատարիմ մնա Փրկչի հետ կապած քո ուխտերին: Ձգտիր ամեն օր զգալ Նրա օրհնությունները և Սուրբ Հոգու միջոցով վկայիր քո կյանքում Նրա զորության և ներկայության մասին»:

Մենք ապրում ենք ընկած աշխարհում, որը փորձում է մեր աչքերն ու սրտերը դարձնել դեպի երկիր՝ երկինքներին ուղղելու փոխարեն։ 3 Նեփի 11 գլխի նեփիացիների նման, մենք Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք: Պատկերացնո՞ւմ եք ձեզ այնտեղ՝ այդ մարդկանց մեջ, որոնք այդքան խառնաշփոթ ու ավերածություն տեսան։ Ի՞նչ կզգայիք, եթե լսեիք Տիրոջ հետևյալ անձնական հրավերը․

«Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ, որ դուք կարողանաք մտցնել ձեր ձեռքն իմ կողը, և նաև, որ դուք կարողանաք շոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա, որ դուք կարողանաք իմանալ, որ ե՛ս եմ ․․․ ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար:

Եվ բազմությունն առաջ եկավ ․․․ մեկ առ մեկ ․․․ և տեսան իրենց իսկ աչքով, և շոշափեցին իրենց ձեռքերով, և իմացան ու վկայեցին»։1

Այս նեփիացիներն անհամբերությամբ առաջ գնացին, որպեսզի մտցնեն իրենց ձեռքերը Նրա կողի մեջ և զգան բևեռների նշանները Նրա ձեռքերի և ոտքերի վրա, որպեսզի նրանք կարողանային վկայել, որ Նա էր Քրիստոսը: Նմանապես, շատ հավատարիմ մարդիկ, որոնց մասին այս տարի մենք կարդացել ենք Նոր Կտակարանում, անհամբեր սպասում էին Քրիստոսի գալուստին: Այնուհետև նրանք դուրս եկան իրենց արտերից, աշխատավայրից և ճաշի սեղանների մոտից ու հետևեցին Նրան, «խռնվեցին» Նրա շուրջը, շրջապատեցին Նրան և նստեցին Նրա հետ: Արդյո՞ք մենք նույնքան շատ ենք ցանկանում վկայել, որքան սուրբ գրությունների բազմությունը: Արդյո՞ք օրհնությունները, որոնք մենք փնտրում ենք, պակաս կարևոր են, քան նրանց փնտրած օրհնությունները:

Երբ Քրիստոսը ֆիզիկապես այցելեց նեփիացիներին իրենց տաճարում, Նա չհրավիրեց հեռու կանգնել և նայել Իրեն, այլ հրավիրեց դիպչել Իրեն և ինքնուրույն զգալ, որ մարդկության Փրկիչն իրական է։ Ինչպե՞ս կարող ենք այնքան մոտենալ Հիսուս Քրիստոսին, որ ձեռք բերենք Նրա մասին մեր անձնական վկայությունը։ Դա կարող է լինել այն, ինչ հայրս փորձում էր ինձ ուսուցանել: Գուցե մենք չվայելենք նույն ֆիզիկական մոտիկությունը, ինչ նրանք, ովքեր քայլեցին Քրիստոսի հետ Նրա երկրային ծառայության ընթացքում, սակայն Սուրբ Հոգու միջոցով ամեն օր մենք կարող ենք զգալ Նրա զորությունը: Զգալ այնքան, որքան մեզ անհրաժե՛շտ կլինի։

Աշխարհասփյուռ երիտասարդ կանայք ինձ շատ են ուսուցանել Քրիստոսին փնտրելու և ամեն օր Նրա մասին անձնական վկայություն ստանալու մասին: Թույլ տվեք կիսվել երկու այդպիսի կանանց ուսմունքներով․

Լիվին իր ամբողջ կյանքում դիտել է գերագույն համաժողովը: Իրականում, նրանք միասին ընտանիքով ավանդաբար դիտում են բոլոր հինգ նիստերը: Նախկինում Լիվին համաժողովի ժամանակ խզբզում էր կամ հանկարծակի ննջում էր: Սակայն անցած հոկտեմբերի գերագույն համաժողովը տարբերվեց մյուսներից։ Այն դարձավ անձնական:

Այս անգամ Լիվին որոշեց ուշադիր լսել։ Նա անջատեց իր հեռախոսի ծանուցումների ձայնը և Հոգուց ստացած տպավորությունների մասին գրառումներ կատարեց: Նա ապշած էր, քանի որ հատուկ տպավորություններ ստացավ, որոնք Աստված ուզում էր, որ նա լսեր և կատարեր: Այս որոշումը գրեթե անմիջապես փոխեց նրա կյանքը:

Ընդամենը օրեր անց ընկերները նրան հրավիրեցին ոչ պատշաճ մի ֆիլմ դիտելու։ Նա պատմում է. «Ես զգացի, որ համաժողովի խոսքերն ու ոգին վերադարձան իմ միտքը, և ես մերժեցի նրանց հրավերը»: Նա քաջություն ունեցավ և նույնպես իր ծխում կիսվեց Փրկչի մասին իր վկայությամբ:

Այս դեպքերից հետո նա ասաց. «Զարմանալին այն է, որ երբ ես վկայեցի, որ Հիսուսը Քրիստոսն է, զգացի, որ Սուրբ Հոգին ինձ նորից հաստատեց այդ ճշմարտությունը»:

Լիվին մակերեսորեն չվերաբերվեց համաժողովին, այլ մտքով ու հոգով խորասուզվեց և այնտեղ գտավ Փրկչին։

Հաջորդը՝ Մեդին է: Երբ նրա ընտանիքը դադարեց եկեղեցի հաճախել, Մեդին շփոթվեց և չգիտեր, թե ինչպես վարվել: Նա հասկացավ, որ մի կարևոր բան բացակայում էր։ Այսպիսով, 13 տարեկանում Մեդին սկսեց միայնակ հաճախել եկեղեցի: Թեև երբեմն միայնակ դժվար և անհարմար էր, նա գիտեր, որ Փրկչին կարող էր գտնել եկեղեցում և ուզում էր լինել այնտեղ, որտեղ Փրկիչն էր: Նա ասաց. «Եկեղեցում իմ հոգին իրեն զգում էր ինչպես տանը»:

Մեդին հավատարիմ մնաց այն փաստին, որ իր ընտանիքը կնքված է եղել հավերժության համար: Նա սկսեց իր հետ եկեղեցի բերել իր փոքր եղբայրներին և նրանց հետ սուրբ գրություններ ուսումնասիրել տանը: Ի վերջո, նրա մայրը միացավ նրանց: Մեդին իր մայրիկին ասաց միսիայում ծառայելու իր ցանկության մասին և հարցրեց, թե արդյոք մայրը կարող էր պատրաստվել և իր հետ տաճար հաճախել:

Մեդին այսօր ՄՊԿ-ում է։ Նա ծառայում է։ Նա վկայում է Քրիստոսի մասին։ Նրա իր օրինակով օգնեց իր երկու ծնողներին վերադառնալ տաճար և վերադառնալ Քրիստոսի մոտ:

Լիվիի և Մեդիի նման երբ մենք որոշում ենք փնտրել Քրիստոսին, Հոգին վկայում է Նրա մասին շատ տարբեր իրավիճակներում: Հոգու այս վկայությունները տեղի են ունենում, երբ մենք ծոմ ենք պահում, աղոթում, սպասում և շարունակում ենք առաջ շարժվել: Քրիստոսին ավելի ենք մոտենում, երբ հաճախակի երկրպագում ենք տաճարում, ապաշխարում ամեն օր, ուսումնասիրում սուրբ գրությունները, հաճախում եկեղեցի և սեմինարիա, խորհում մեր հայրապետական օրհնությունների մասին, արժանիորեն ստանում արարողությունները և պատվում սուրբ ուխտերը: Այս բոլորը հրավիրում են Հոգուն՝ լուսավորելու մեր միտքը, և հաղորդելու լրացուցիչ խաղաղություն ու պաշտպանություն: Բայց արդյո՞ք մենք դրանք օգտագործում ենք՝ որպես Քրիստոսի մասին վկայելու սուրբ հնարավորություններ:

Ես բազմիցս հաճախել եմ տաճար, բայց երբ երկրպագում եմ Տիրոջ տանը, ես փոխվում եմ: Երբեմն ծոմ պահելիս ես պարզապես քաղցած եմ մնում, իսկ երբեմն՝ նպատակադրված սնվում եմ Հոգով: Ես երբեմն մրմնջում եմ աղոթքներ, որոնք կրկնվող և սովորական են, բայց ես նաև ցանկացել եմ աղոթքի միջոցով խորհուրդ ստանալ Տիրոջից:

Մենք ուժ ենք ստանում, երբ այդ սուրբ սովորույթներն ավելի շատ դարձնում ենք վկայություն, քան՝ պարտադիր գործերի ցուցակ։ Այդ նպատակին կհասնենք աստիճանաբար՝ օրեցօր առաջադիմելով, երբ ակտիվ մասնակցություն ունենանք և Քրիստոսի հետ հաստատուն փորձառություններ ունենանք: Երբ մենք հետևողականորեն կիրառում ենք Նրա ուսմունքները, մենք վկայություն ենք ձեռք բերում Նրա մասին և հարաբերություններ ենք կառուցում Նրա և մեր Երկնային Հոր հետ: Մենք սկսում ենք նմանվել Նրանց:

Հակառակորդը մեծ աղմուկ է առաջացնում, որ դժվար լինի լսել Տիրոջ ձայնը: Մեր աշխարհը, մեր մարտահրավերներն ու հանգամանքները չեն խաղաղվի, բայց մենք կարող ենք և պետք է քաղցած ու ծարավ լինենք Քրիստոսի արդարությանը, որպեսզի պարզությամբ հետևենք «լսիր Նրան» կոչին:2 Մենք պետք է «մկանային հիշողության» նման զարգացնենք մեր աշակերտությունն ու վկայությունը և ամեն օր ապավինենք մեր Փրկչին:

Հայրս մահացել է ավելի քան 11 տարի առաջ, սակայն նրա խոսքերը կենդանի են իմ մեջ։ «Բոննի, երբեք չհրաժարվես Քրիստոսի մասին վկայելու հնարավորությունից»: Հրավիրում եմ ինձ հետ միասին ընդունել նրա հրավերը։ Փնտրեք Քրիստոսին ամենուր, ես խոստանում եմ, որ կգտնեք Նրան:3 Ճշմարիտ ուրախությունը հիմնվում է Քրիստոսին մոտենալու և Նրա մասին վկայելու մեր պատրաստակամության վրա:

Մենք գիտենք, որ վերջին օրերին «ամեն ծունկ պիտի ծալվի, և ամեն լեզու պիտի խոստովանի», որ Հիսուսը Քրիստոսն է:4 Ես աղոթում եմ, որ այս վկայությունը մեզ համար դառնա սովորական և բնական փորձառություն այսօր, որ մենք օգտվենք ամեն հնարավորությունից՝ ուրախությամբ վկայելու, որ Հիսուս Քրիստոսն ապրում է:

Ա՜խ, որքան շատ եմ սիրում Նրան: Մենք անչափ երախտապարտ ենք Նրա անսահման Քավության համար, որը «հավերժական կյանքը դարձրեց հնարավորություն, իսկ անմահությունը՝ իրականություն [մեզ՝] բոլորի համար»:5 Ես վկայում եմ մեր Փրկչի բարության և մեծ փառքի մասին․ Նրա՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: