Գերագույն համաժողով
Օվսա՛ննա Բարձրյալ Աստծուն
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Օվսա՛ննա Բարձրյալ Աստծուն

Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և հաջորդող շաբաթվա իրադարձությունները վարդապետության օրինակ են, որոնք այսօր կարող ենք կիրառել մեր կյանքում:

Այսօր, ինչպես ասվեց, մենք միանում ենք ամբողջ աշխարհի քրիստոնյաներին՝ հարգելու Հիսուս Քրիստոսին այս Ծաղկազարդի օրը: Մոտ 2,000 տարի առաջ Ծաղկազարդի կիրակին նշանավորեց Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության վերջին շաբաթվա սկիզբը: Մարդկության պատմության մեջ դա ամենակարևոր շաբաթն էր։

Այն, ինչ սկսվեց Հիսուսի հռչակմամբ՝ որպես խոստացված Մեսիա, Երուսաղեմ Նրա հաղթական մուտքով, ավարտվեց Նրա Խաչելությամբ և Հարությամբ:1 Աստվածային նախախնամությամբ քավիչ զոհաբերությունն ամփոփեց Նրա մահկանացու ծառայությունը, ինչի շնորհիվ մենք հնարավորություն ստացանք ապրել մեր Երկնային Հոր հետ հավերժության մեջ:

Սուրբ գրությունները մեզ ասում են, որ շաբաթը սկսվել էր այնպես, որ մարդկանց բազմություններ էին կանգնած քաղաքի դարպասների մոտ՝ տեսնելու «Հիսուս մարգարե[ին]՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։2 Նրանք «արմավենու ճյուղեր վերցրեցին և նրան ընդառաջ ելան՝ աղաղակելով․ Օվսաննա՜, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, Իսրայելի թագավորը»։3

Աստվածաշնչյան այս վաղեմի պատմությունն ինձ հիշեցնում է այն ժամանակը, երբ եկեղեցու հանձնարարությամբ Գանայի Տակորադի քաղաքում էի։ Հատկանշական է, որ ես այնտեղ էի հենց Ծաղկազարդին։

Նկար
Տակորադիի համայնքը (Գանա)

Ես պետք է կիսեի Գանայի Տակորադի ցիցը, որպեսզի ստեղծեի Գանայի Մպինցին ցիցը: Այսօր Գանայում եկեղեցին ունի ավելի քան 100,000 անդամ:4 (Մենք ողջունում ենք Գա Մանցեին, Աքրայի (Գանա) Նորին Մեծություն Թագավոր Նի Տակի Թեյկո Ցուրու II-ին, ով այսօր մեզ հետ է)։ Հանդիպելով այդ Սրբերին՝ ես զգացի նրանց լիակատար սերն ու Տիրոջ հանդեպ նվիրվածությունը: Ես արտահայտեցի իմ մեծ սերը նրանց հանդեպ և ասացի, որ Եկեղեցու նախագահը սիրում էր նրանց: Ես մեջբերեցի Հովհաննեսի գրառած Փրկչի խոսքերը. «Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի»:5 Այդ համաժողովը նրանք կոչեցին «Ես քեզ սիրում եմ» համաժողով։6

Նկար
Երեց Ռասբենդը սեղմում է մարդկանց ձեռքերը Տակորադիում, Գանա

Երբ հայացք գցեցի հավաքատանը գտնվող այդ սիրելի եղբայրների, քույրերի և նրանց ընտանիքների շարքերին, նրանց դեմքին տեսա առ Հիսուս Քրիստոս վկայության և հավատքի փայլը: Ես զգացի նրանց ցանկությունը՝ համարվելու Նրա հեռահաս եկեղեցու մասը: Եվ երբ երգչախումբը երգում էր, նրանք երգում էին հրեշտակների նման։

Նկար
Տակորադիի երգչախումբը (Գանա)
Նկար
Երեց Ռասբենդը Գանայի անդամների հետ

Ինչպես հնօրյա Ծաղկազարդին, նրանք Հիսուս Քրիստոսի աշակերտներն էին, որոնք հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու Նրան, ինչպես այն մարդիկ, որոնք Երուսաղեմի դարպասների մոտ՝ արմավենու ճյուղերը ձեռքերին բացականչում էին. «Օվսաննա՜… Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը»։7

Նկար
Արմավենու ճյուղերի ծածանումը Գանայում

Նույնիսկ մոտակայքում գտնվող եկեղեցու ծխականներն էին հարգում Ծաղկազարդը: Երբ ես խոսում էի ամբիոնից, նկատեցի, որ պատուհանից այն կողմ նրանք ուրախ քայլում էին փողոցով, ծածանելով իրենց ձեռքի արմավենիները, ինչպես այս լուսանկարի մարդիկ: Դա մի տեսարան էր, որը ես երբեք չեմ մոռանա։ Մենք բոլորս այդ օրը երկրպագում էինք թագավորների Թագավորին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ հորդորել է Ծաղկազարդի կիրակին դարձնել «իսկապես սուրբ՝ ոչ միայն հիշելով արմավենու ճյուղերը, որոնք ծածանվել են՝ պատվելով Հիսուսի մուտքը Երուսաղեմ, այլև հիշելով Նրա ձեռքերի ափերը»: Այնուհետև նախագահ Նելսոնը մեջբերել է Եսայիային, ով խոսել է Փրկչի խոստման մասին՝ «Ես, սակայն, քեզ չեմ մոռանա», և «Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ»։8

Տերն Իր սեփական փորձից գիտի, որ մահկանացու կյանքը դժվար է: Նրա վերքերը հիշեցնում են մեզ, որ Նա «իջել է այդ ամենից ցած»9, որ օգնի մեզ, երբ մենք տառապենք և մեր օրինակը լինի` «շարունակ[ելու] ճանապարհը»10՝ Իր ճանապարհը, և որ «Աստված [մեզ] հետ լինի հավիտյանս հավիտենից»։11

Ծաղկազարդը պարզապես մի իրադարձություն չէր, պատմության ևս մեկ էջ՝ ամսաթվով, ժամով և վայրով: Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և հաջորդող շաբաթվա իրադարձությունները վարդապետության օրինակ են, որ այսօր կարող ենք կիրառել մեր կյանքում:

Եկեք դիտարկենք հավերժական վարդապետություններից մի քանիսը, որոնք հյուսվում են Երուսաղեմում ավարտվող Նրա ծառայության մեջ։

Առաջինը՝ մարգարեություն։ Օրինակ՝ Հին Կտակարանի մարգարե Զաքարիան մարգարեացել էր Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի մասին, անգամ ասել էր, որ Նա ավանակի վրա նստած է գալու։12 Պատրաստվելով մտնել քաղաք՝ Հիսուսը կանխագուշակել էր Իր Հարությունը՝ ասելով.

«Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին։ Նրան մահվան են դատապարտելու

և հեթանոսներին են մատնելու. նա ծաղրվելու է, գանահարվելու է և խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու»։13

Երկրորդ՝ Սուրբ Հոգու ընկերակցություն: Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է․ «Ոչ ոք չի կարող իմանալ, որ Հիսուսը Տերն է, եթե ոչ Սուրբ Հոգով»։14 Փրկիչը հետևյալ խոստումն էր տվել Իր աշակերտներին15 Վերջին Ընթրիքի ժամանակ16՝ վերնատանը․17 «Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ»։18 Նրանք միայնակ չէին լինելու ավետարանի ճշմարտությունները հաղորդելիս, այլ կունենային Սուրբ Հոգու բացառիկ պարգևը, որը կառաջնորդեր նրանց: Նա խոստացել էր․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս»։19 Սուրբ Հոգու պարգևի հետ մենք ունենք այդ նույն հավաստիացումը, որ մենք «Նրա Հոգին միշտ [մեզ] հետ կունենանք» 20 և «Սուրբ Հոգու զորությամբ [մենք] կարող ենք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:21

Երրորդ՝ աշակերտություն։ Ճշմարիտ աշակերտությունը անխափան նվիրվածություն է, հնազանդություն՝ հավերժական օրենքներին և Աստծո հանդեպ սեր՝ առաջին հերթին: Առանց երկմտելու․․․ Արմավենու ճյուղերով տուրք տվող բազմությունը ողջունեց Նրան որպես Մեսիա: Նա հենց Մեսիան էր։ Նրանց ձգում էր դեպի Հիսուսը, Նրա հրաշքները և Նրա ուսմունքները: Բայց այդ շողոքորթությունը երկար չտևեց: Ոմանք, որ ավելի վաղ բացականչում էին «Օվսաննա՜»22, քիչ անց բղավեցին. «Խաչի՛ր նրան»:23

Չորրորդ՝ Հիսուս Քրիստոսի Քավություն։24 Իր վերջին օրերին՝ Ծաղկազարդի կիրակիից հետո, Նա կատարեց Իր ուշագրավ Քավությունը՝ սկսած Գեթսեմանիի տառապանքից մինչև փորձության ծաղրանքը, տանջանքը խաչի վրա և թաղումը՝ փոխառված գերեզմանում: Սակայն դա վերջը չէր։ Իր կոչման վեհությամբ՝ որպես Երկնային Հոր բոլոր զավակների Քավիչ, երեք օր անց Նա դուրս եկավ այդ գերեզմանից՝ հարություն առավ25, ինչպես որ Ինքը մարգարեացել էր։

Մենք արդյո՞ք մշտապես երախտապարտ ենք Հիսուս Քրիստոսի անզուգական Քավության համար: Մենք արդյո՞ք զգում ենք դրա մաքրագործող ուժը այս պահին: Ահա թե ինչու Հիսուս Քրիստոսը՝ մեր փրկության Զորագլուխն ու Կատարողը, գնաց Երուսաղեմ՝ փրկելու մեզ բոլորիս: Մի՞թե Ալմայի այս խոսքերը չեն դիպչում հոգու լարերին. «Եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»:26 Ես իսկապես կարող եմ ասել, որ այդ Ծաղկազարդի տոնին Տակորադիի երգչախումբը երգում էր «քավիչ սիրո երգը»:

Իր մահկանացու ծառայության այդ վերջին ճակատագրական շաբաթն էր, երբ Հիսուս Քրիստոսը պատմեց տասը կույսերի առակը:27 Իր վերադարձի մասին էր Նա ուսուցանում նրանց, ովքեր պատրաստ էին ընդունել Իրեն՝ ոչ թե արմավենու ճյուղերն իրենց ձեռքին, այլ ավետարանի լույսն՝ իրենց ներսում: Նա օգտագործել է վառվող լապտերների խորհրդանիշը՝ լրացուցիչ ձեթով կրակը բորբոքելու հնարավորությամբ, որպես Իր ճանապարհներով ապրելու, Իր ճշմարտություններն ընդունելու և Իր լույսով կիսվելու պատրաստակամության օրինակ:

Դուք գիտեք պատմությունը։ Տասը կույսերը ներկայացնում են Եկեղեցու անդամներին, իսկ փեսան՝ Հիսուս Քրիստոսն է:

«Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու»։ 28 Հինգը իմաստուն էին, պատրաստել էին ձեթն իրենց լապտերներում, դեռ մի քիչ էլ ավել, մյուս հինգը՝ հիմար էին՝ մարած լապտերներով և առանց պահեստային ձեթի։ Երբ հնչեց կանչը՝ «Ահա փեսան գալիս է, դո՛ւրս ելեք նրան դիմավորելու»29, այն հինգը, որ «իմաստուն [էին] և ընդունել [էին] ճշմարտությունը և վերցրել [էին] Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից»30, պատրաստ էին, երբ եկավ «նրանց թագավորն ու նրանց օրենսդիրը»31, որ «նրա փառքը․․․ լիներ նրանց վրա»32։ Մյուս հինգ կույսերը խուճապահար փորձում էին ձեթ գտնել։ Սակայն շատ ուշ էր։ Հանդիսությունը սկսվեց առանց նրանց։ Երբ նրանք թակեցին և աղաչեցին ներս թողնել, Տերը պատասխանեց. «Ես ձեզ չեմ ճանաչում»:33

Ի՞նչ կզգայինք մենք, եթե Նա մեզ ասեր. «Ես ձեզ չեմ ճանաչում»:

Տասը կույսերի նման մենք լապտերներ ունենք, բայց արդյո՞ք ձեթ ունենք։ Վախենամ՝ ոմանք ձեթի միայն մի բարակ շերտ ունեն և պատշաճ չեն պատրաստվում՝ չափազանց զբաղված լինելով աշխարհիկ հոգսերով։ Ձեթը ձեռք է բերվում մարգարեություններին և ապրող մարգարեների, մասնավորապես՝ նախագահ Նելսոնի, նրա խորհրդականների և տասներկու առաքյալների խոսքերին հավատալու և ըստ դրանց գործելու միջոցով։ Ձեթը լցնում է մեր հոգիները, երբ մենք լսում և զգում ենք Սուրբ Հոգին և գործում ենք այդ աստվածային առաջնորդության համաձայն: Ձեթը լցնում է մեր սրտերը, երբ մեր ընտրությունները ցույց են տալիս, որ մենք սիրում ենք Տիրոջը և սիրում ենք այն, ինչ Նա է սիրում: Ձեթը գոյանում է ապաշխարելու և Հիսուս Քրիստոսի Քավության բժշկությունը փնտրելու արդյունքում:

Եթե որոշ մարդիկ ցանկանում են կազմել իրենց կյանքի այսպես կոչված «անելիքների ցուցակը», ապա թող լրացնեն այն ձեթով՝ Հիսուս Քրիստոսի կենդանի ջրից,34 որը Նրա կյանքի և ուսմունքների խորհրդանիշն է: Անելիքների ցուցակից կատարելով մի բան, ինչը հոգևորապես կարևոր չէ, ձեր հոգին չի դարձնում լիարժեք կամ բավարարված, մինչդեռ հակառակն է՝ եթե ապրեք ըստ Հիսուս Քրիստոսի ուսուցանած վարդապետության։ Ավելի վաղ ես նշել էի այդ կետերը՝ ընդունեք մարգարեությունները և մարգարեական ուսմունքները, գործեք ըստ Սուրբ Հոգու հուշումների, դարձեք ճշմարիտ աշակերտ և փնտրեք մեր Տիրոջ Քավության բուժիչ զորությունը: Անելիքների այս ցանկը կկատարի ձեր ցանկությունը՝ վերադառնալ ձեր Երկնային Հոր մոտ:

Այդ Ծաղկազարդի կիրակին Տակորադիում ինձ համար առանձնահատուկ փորձառություն էր, որովհետև ես հավատարիմ եղբայրների և քույրերի համայնքի հետ էի: Այդպես շատ է լինում՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում և կղզիներում: Իմ սիրտն ու հոգին, ինչպես և ձերը, ուզում է բացականչել՝ «Օվսա՛ննա Բարձրյալ Աստծուն»։35

Թեև մենք այսօր կանգնած չենք Երուսաղեմի դարպասների մոտ արմավենու ճյուղերով, կգա ժամանակը, երբ կկատարվի Հայտնության գրքի մարգարեությունը․ «մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին»։36

Ես ձեզ հետ եմ թողնում իմ օրհնությունը՝ որպես Հիսուս Քրիստոսի Առաքյալ, որ դուք ջանասիրաբար ձգտեք ապրել արդար և լինել նրանց թվում, ովքեր արմավենու ճյուղերը ձեռքում՝ ողջունում են Աստծո Որդուն՝ մեր բոլորի Մեծ Քավիչին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Բոլոր չորս ավետարանները՝ Մատթեոս 21-28, Մարկոս 11-16, Ղուկաս 19-24 և Հովհաննես 12-21 նկարագրում են մահկանացու կյանքում Հիսուս Քրիստոսի ծառայության վերջին օրերը, որոնք աստվածայնորեն նախագծված էին՝ փրկության և վեհացման օրհնությունները հասանելի դարձնելու Աստծո բոլոր զավակներին: Երբեմն հեղինակների արձանագրությունները տարբերվում են, բայց ոչ Փրկչի ուսմունքների և գործողությունների մասով:

  2. Տես Մատթեոս 21.10-11:

  3. Հովհաննես 12.13։

  4. Ըստ Անդամության և վիճակագրական տվյալների՝ Գանայում կա 102,592 անդամ:

  5. Հովհաննես 15.12։

  6. Ամեն անգամ, երբ ես խոսում էի անդամների հետ, նրանք ինձ ասում էին. «Երեց Ռասբանդ, սիրելի առաքյալ, ես սիրում եմ Ձեզ»: Այս մարդիկ այնքան են լցված Հոգով և Աստծո սիրով, որ նրանք ազատ կիսվում են այդ սիրով։

  7. Մատթեոս 21․9:

  8. See Russell M. Nelson, “The Peace and Hope of Easter” (video), Apr. 2021, ChurchofJesusChrist.org/media; Isaiah 49:16.

  9. Վարդապետություն և Ուխտեր 122․8: 1838 թվականի դեկտեմբերին մարգարե Ջոզեֆը և եկեղեցու մի քանի այլ ղեկավարներ անարդարացիորեն բանտարկվեցին Լիբերթիի բանտում: Պայմանները սարսափելի էին։ Ամիսներ անց՝ թշվառ հանգամանքներում, նա գրել է անդամներին 1839թ. մարտին, ներառելով այն աղոթքները, որոնք նա ասել էր, խնդրելով Տիրոջը կարեկցել իրեն և «տառապող սրբերին» այդ իրավիճակում։ Նա նաև կիսվել է Տիրոջ պատասխանով այդ աղոթքներին, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 121-23-ում։

  10. Վարդապետություն և Ուխտեր 122․9։ Տիրոջ քաջալերանքը Ջոզեֆ Սմիթին Լիբերթիի բանտում բերեց նրան մխիթարություն և հոգևոր հասկացողություն, որ դժբախտությունները և փորձությունները կարող են զորացնել մեզ, սովորեցնել համբերություն և խթանել ինքնատիրապետումը: Տերը կոչ արեց նրան «մնալ իր ճանապարհին», որը Տիրոջ ճանապարհն էր, համբերելով անարդար վերաբերմունքը․ «[Աստծո] Որդին իջել է այդ ամենից ցած: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա»։ (Վարդապետություն և Ուխտեր 122․8

  11. Վարդապետություն և Ուխտեր 122․9: Կոչը, որ Աստված «քեզ հետ կլինի», հաստատական խոստում է նրանց համար, ովքեր ամուր կառչում են իրենց հավատքից և ապավինում Տիրոջը։

  12. Տես Զաքարիա 9․9։

  13. Մատթեոս 20․18-19։ Հիսուս Քրիստոս գրքում Ջեյմս Ի․ Թալմիջը գրում է․ «Ապշեցուցիչ փաստ է, որ Տասներկուսը չկարողացան հասկանալ Նրա իմաստը: … Նրանց համար կար ինչ-որ սարսափելի անհետևողականություն, ինչ-որ լրջագույն անհամապատասխանություն կամ անբացատրելի հակասություն իրենց սիրելի Վարդապետի ասածներում: Նրանք գիտեին, որ Նա Քրիստոսն է՝ կենդանի Աստծո Որդին. և ինչպե՞ս կարող էր այդպիսի Մեկը ենթարկվել և սպանվել» ([1916], 502-503)։

  14. Ջոզեֆ Սմիթն այս հայտարարությունն արեց Նավուի Կանանց Սփոփող միությանը 1842 թվականի ապրիլի 28-ին, ինչպես մեջբերված է “History of Joseph Smith,” Deseret News, Sept. 19, 1855, 218։ Անդրադառնալով Ա Կորնթացիս տասներկուերորդ գլխին, նա պարզաբանեց երրորդ հատվածը՝ «Ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Սուրբ Հոգով», վերանայելով հատվածը հետևյալ կերպ՝ «Ոչ ոք չի կարող իմանալ, որ Հիսուսը Տերն է, եթե ոչ Սուրբ Հոգով»: (See The First Fifty Years of Relief Society: Key Documents in Latter-day Saint Women’s History [2016], 2.2, churchhistorianspress.org.)

  15. Հիսուսը մասնակցեց Վերջին ընթրիքին Իր աշակերտների հետ (տես Մարկոս 14․12-18)։ Տասներկուսն էին՝ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը, Հովհաննեսը, Մատթեոսը, Փիլիպպոսը, Թովմասը, Բարթողոմեոսը, (Ալփեոսի որդի) Հակոբոսը, Հուդա Իսկարիովտացին, (Հակոբոսի եղբայր) Հուդան և Սիմոնը (տես Ղուկաս 6․13-16

  16. Հիսուսը հաստատեց հաղորդությունը Իր աշակերտների հետ Վերջին Ընթրիքի ժամանակ (տես Մատթեոս 26.26-29, Մարկոս 14.22-25, Ղուկաս 22.19-20):

  17. Այն հատուկ օրը/գիշերը, երբ Հիսուսը հաստատեց հաղորդությունը «վերնատանը», իրականում վիճարկվում է՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի միջև թվացյալ անհամապատասխանությունների պատճառով: Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը ասում են, որ Վերջին ընթրիքը տեղի է ունեցել «Բաղարջակերաց տոնի առաջին օրը» կամ Պասեքի ժամանակ (տես Մատթեոս 26․17, Մարկոս 14․12, Ղուկաս 22․1, 7)։ Հովհաննեսը, սակայն, գրում է, որ Հիսուսին ձերբակալել են Պասեքից առաջ (տես Հովհաննես 18․28), ինչը նշանակում է, որ Վերջին ընթրիքը տեղի էր ունեցել Պասեքից մեկ օր առաջ։ Եկեղեցու ուսումնական ծրագրերի նյութերը և վերջին օրերի սրբերի ակադեմիական հետազոտությունները, կարծես, համընկնում են՝ որ Հիսուսն Իր աշակերտների հետ մասնակցել է Վերջին ընթրիքն վերնատանը՝ Իր խաչվելուն նախորդող օրը, երեկոյան: Քրիստոնյաները, ովքեր նշում են Ավագ շաբաթը, հինգշաբթին ընդունում են որպես Վերջին ընթրիքի օր, ուրբաթը՝ Խաչելության, իսկ կիրակին՝ Հարության օր՝ ըստ Գրիգորյան օրացույցի:

  18. Հովհաննես 14.18։

  19. Հովհաննես 14.27։

  20. Վարդապետություն և Ուխտեր 20.77:

  21. Մորոնի 10․5։

  22. Աստվածաշնչի բառարանում օվսաննա նշանակում է «փրկիր»։ Բառը վերցված է Սաղմոսներ 118․25-ից։ «Այս սաղմոսի երգը Տաղավար տոնին կապված էր արմավենու ճյուղերի ծածանման հետ. հետևաբար օգտագործվել է բազմության կողմից դեպի Երուսաղեմ մեր Տիրոջ հաղթական մուտքի ժամանակ» (Աստվածաշնչի բառարան, Օվսաննա): Տես Մատթեոս 21․9, 15, Մարկոս 11․9-10, Հովհաննես 12․13։

  23. Մարկոս 15․14, Ղուկաս 23․21։

  24. Մեր Երկնային Հոր փրկության ծրագրի կենտրոնում՝ անսահման քավությունն էր, որն անմահություն կապահովեր Նրա բոլոր զավակների համար և վեհացում՝ նրանց համար, ովքեր արժանի են ստանալու այդ օրհնությունը: Երբ Հայրն ասաց. «Ո՞ւմ ուղարկեմ»: Հիսուս Քրիստոսը առաջ քայլեց, ասելով. «Ահա ես, ի՛նձ ուղարկիր» (Աբրահամ 3․27)։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «[Հիսուս Քրիստոսի] առաքելությունը Քավությունն էր: Այդ առաքելությունը բացառապես Նրանն էր: Ծնված լինելով մահկանացու մորից և անմահ հորից, Նա միակն էր, որ կարող էր կամավոր դնել Իր կյանքը և կրկին վերցնել այն (տես Հովհաննես 10.14-18): Նրա Քավության փառահեղ հետևանքներն անսահման են և հավերժական: Նա հանեց մահվան խայթոցը և գերեզմանի վիշտը դարձրեց ժամանակավոր (տես Ա Կորնթացիս 15.54-55)։ Քավության Նրա պարտականությունը հայտնի էր նույնիսկ նախքան Արարումն ու Անկումը: Դա ոչ միայն ողջ մարդկության հարությունը և անմահությունն ապահովելու համար էր, այլ այն նաև մեր մեղքերից ներվելու հնարավորության համար էր՝ համաձայն Նրա հիմնած պայմանների: Այսպիսով, Նրա Քավությունը բացեց ճանապարհ, որի միջոցով մենք կարող ենք հավերժ միասին լինել Նրա և մեր ընտանիքների հետ» («Հիսուս Քրիստոսի առաքելությունը և ծառայությունը», Լիահոնա, ապրիլ 2013, 20)։

  25. Հարությունը՝ մարմնի և հոգու վերամիավորումն է անմահ վիճակում։ Մարմինն ու հոգին անբաժանելի են դառնում և այլևս կապված չեն լինում մահկանացու հիվանդությունների կամ մահվան հետ (տես Ալմա 11․45, 40․23

  26. Ալմա 5․26, տես նաև Ալմա 5․14։

  27. Տասը կույսերի առակը գտնվում է Մատթեոս 25.1-12, և Վարդապետություն և Ուխտեր 45.56-59։ Մատթեոս 25-ի շրջակա գլուխները հուշում են, որ Հիսուսն ուսուցանել է այս առակն Իր վերջին շաբաթվա ընթացքում՝ Մատթեոս 21-ում նկարագրվող՝ Երուսաղեմ մտնելուց հետո և Վերջին ընթրիքից ու Իր ձերբակալությունից անմիջապես առաջ (Մատթեոս 26): Տասը կույսերի առակից բացի, որը տրվել էր վերջին շաբաթվա ընթացքում, Հիսուսը տվել է նաև թզենու առակը (տես Մատթեոս 21․17-21, 24․32-33), երկու որդիների առակը (տես Մատթեոս 21․28-32) և չար մշակների առակը (տես Մատթեոս 21․33-46

  28. Մատթեոս 25․1։

  29. Մատթեոս 25․6։

  30. Վարդապետություն և Ուխտեր 45․57:

  31. Վարդապետություն և Ուխտեր 45․59։

  32. Վարդապետություն և Ուխտեր 45․59։

  33. Մատթեոս 25․12։ Լեռան քարոզում Տերը դիմում է նրանց, ովքեր ենթադրում են, որ «շատ հրաշալի գործեր են արել», ինչպես առակում հիշատակվող հինգ հիմար կույսերին, Նա ասում է․ «Ես ձեզ չեմ ճանաչում» (տես Մատթեոս 7․22-23

  34. Ինչպես ջուրը կարևոր է մահկանացու կյանքի համար, այնպես էլ Հիսուս Քրիստոսը և Նրա ուսմունքները (կենդանի ջուրը) կարևոր են հավերժական կյանքի համար (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Կենդանի ջուր», scriptures.ChurchofJesusChrist.org, տես նաև Եսայիա12․3, Երեմիա 2․13, Հովհաննես 4․6-15, 7․37, 1 Նեփի 11․25, Վարդապետություն և Ուխտեր 10․66, 63․23

  35. 3 Նեփի 4․32։

  36. Հայտնություն 7․9: