Գերագույն համաժողով
Ապրող մարգարե վերջին օրերի համար
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Ապրող մարգարե վերջին օրերի համար

Երկնային Հայրն ընտրել է մարգարեի միջոցով Իր զավակներին ճշմարտությունը հայտնելու ուղին։

Երբ երեխա էի, ես սիրում էի կիրակիները, քանի որ այն ամենը, ինչ անում էի այդ օրը, կարծես արկած էր: Սակայն ինչ էլ որ անեի, դրան միշտ նախորդում էր ամենակարևորը՝ հեռուստացույցով մուլտֆիլմեր դիտելը: Այդպիսի մի կիրակի առավոտյան, երբ կանգնած էի հեռուստացույցի մոտ և թերթում էի ալիքները, ես տեսա, որ իմ փնտրած մուլտֆիլմը փոխարինվել էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գերագույն համաժողովի հեռարձակումով: Հեռուստացույցին նայելով և բողոքելով, որ մուլտֆիլմը հանել են, ես նկատեցի կոստյումով ու փողկապով մի ճերմակահեր տղամարդու՝ նստած գեղեցիկ աթոռին։

Նա տարբերվում էր բոլորից, ուստի ես հարցրի ավագ եղբորս. «Ո՞վ է նա»:

Նա ասաց. «Դա նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն է. նա մարգարե է»:

Հիշում եմ, որ ինչ-որ բան զգացի, երբ իմացա, որ նա մարգարե է: Հետո, քանի որ ես մուլտֆիլմեր սիրող տղա էի, փոխեցի ալիքը։ Բայց ես երբեք չեմ մոռացել, թե ինչ զգացի այդ կարճ, բայց անսպասելի բացահայտման պահին: Մարգարեի դեպքում երբեմն միայն մի պահ է պահանջվում իմանալու համար:1

Երբ հայտնությամբ իմանում ենք, որ երկրի վրա ապրող մարգարե կա, ամեն ինչ փոխվում է:2 Դա ստիպում է մարդուն չմտնել այն բանավեճի մեջ, թե երբ է մարգարեն խոսում որպես մարգարե, կամ մարգարեական որ խորհուրդը պետք է ընդունել, իսկ որը՝ մերժել:3 Այդ գիտելիքը մարդուն ստիպում է վստահել ապրող մարգարեի խորհրդին, նույնիսկ, եթե այն ամբողջությամբ չենք հասկանում:4 Ի վերջո, կատարյալ և սիրառատ Երկնային Հայրն ընտրել է մարգարեի միջոցով Իր զավակներին ճշմարտությունը հայտնելու ուղին․ մի մարդու միջոցով, որը երբեք չի ձգտել նման սուրբ կոչման և առանց մեր օգնության գիտի իր թերությունների մասին:5 Մարգարեն այն մարդն է, որին Աստված անձամբ է պատրաստել, կանչել, ուղղել, ոգեշնչել, հանդիմանել, սրբացրել և հաստատել:6 Այդ պատճառով է, որ մենք երբեք հոգևոր վտանգի տակ չենք լինի՝ հետևելով մարգարեական խորհրդին:

Ուզենք, թե չուզենք, բոլորս էլ ինչ-որ ձևով ընտրվել ենք նախաերկրային կյանքում, որպեսզի ծնվենք այս վերջին օրերին: Երկու իրականություն կա, որոնք կապված են վերջին օրերի հետ։ Առաջին իրականությունն այն է, որ Քրիստոսի Եկեղեցին կվերահաստատվի երկրի վրա: Երկրորդ իրականությունն այն է, որ ամեն ինչ իսկապես դժվար է դառնալու: Սուրբ գրությունները հայտնում են, որ վերջին օրերում «մի ուժեղ կարկտահողմ պիտի առաջ ուղարկվի՝ երկրի բերքն ավերելու»,7 պատուհասներ, 8 «պատերազմներ և պատերազմների համբավներ կլսվեն, և ողջ երկիրը խառնաշփոթի մեջ կլինի, … և անօրենությունը կշատանա»։9

Երբ երեխա էի, վերջին օրերի այդ մարգարեությունները վախեցնում էին ինձ և ստիպում ինձ աղոթել, որ Երկրորդ Գալուստը տեղի չունենա իմ օրոք, որն իհարկե մինչ այս պահը տեղի չի ունեցել։ Բայց հիմա ես աղոթում եմ հակառակի համար։ Թեպետ մարգարեացված մարտահրավերները միանշանակ տեղի կունենան,10 սակայն երբ Քրիստոսը վերադառնա թագավորելու, Նրա ստեղծած բոլոր բաները «ապահովությամբ կպառկեն»:11

Աշխարհում ստեղծված իրավիճակը խուճապի է մատնել ոմանց։ Մենք՝ որպես Աստծո ուխտի զավակներ, չպետք է ընկնենք այս կամ այն բանի հետևից, որպեսզի իմանանք, թե ինչպես կողմնորոշվել այս անհանգիստ ժամանակներում: Մենք չպետք է վախենանք։12 Այն վարդապետություներն ու սկզբունքները, որոնց մենք պետք է հետևենք՝ հոգևորապես գոյատևելու և ֆիզիկապես դիմանալու համար, գտնվում են ապրող մարգարեի խոսքերի մեջ:13 Ահա թե ինչու նախագահ Մ. Ռասել Բալլարդը հայտարարեց, որ «դա փոքր բան չէ ․․․ ունենալ Աստծո մարգարե մեր մեջ»։14

Նախագահ Ռասել Մ. Նելսոնը վկայել է, որ «Իր զավակներին մարգարեների միջոցով ուսուցանելու Աստծո՝ հնուց հաստատված օրինակը վստահեցնում է մեզ, որ Նա կօրհնի յուրաքանչյուր մարգարեի և Նա կօրհնի նրանց, ովքեր ականջ կդնեն մարգարեական խորհրդին»:15 Այսպիսով, լուծումը գտնվում է ապրող մարգարեին հետևելու մեջ:16 Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ի տարբերություն հին կոմիքսների և դասական մեքենաների, մարգարեական ուսմունքների գինը տարիների ընթացքում ավելի չի բարձրանում։ Ահա թե ինչու մենք չպետք է ձգտենք օգտագործել նախկին մարգարեների խոսքերը՝ մերժելով ապրող մարգարեների ուսմունքները:17

Ես սիրում եմ առակները, որոնք օգտագործել է Հիսուս Քրիստոսը՝ ավետարանի սկզբունքներն ուսուցանելու համար: Այսօր առավոտյան ես կցանկանայի ձեզ հետ կիսվել իրական կյանքի առակով:

Մի օր ճաշի ժամին ես մտա Եկեղեցու գլխավոր վարչության ճաշարան։ Ուտելիքը սկուտեղին ես մտա ճաշասենյակ և նկատեցի մի սեղան, որի շուրջը նստած էին Առաջին նախագահության բոլոր երեք անդամները, որտեղ կար նաև մեկ դատարկ աթոռ: Երբ անսվտահությունից ելնելով ես արագ շրջանցեցի այդ սեղանը, լսեցի մեր մարգարե՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ձայնը, որն ասում էր. «Ալեն, այստեղ դատարկ աթոռ կա: Արի նստիր մեզ հետ»։ Ես նստեցի նրանց կողքին։

Ճաշի վերջում ես զարմացա, երբ լսեցի մի ուժեղ ձայն, իսկ երբ գլուխս բարձրացրի, տեսա, որ նախագահ Նելսոնը ուղիղ պահել էր իր պլաստիկ ջրի շիշը, իսկ հետո սեղմելով հարթեցնում էր այն՝ հանելով շշի կափարիչը:

Նախագահ Դալլին Հ. Օուքսն այնուհետև տվեց այն հարցը, որը ես ուզում էի տալ. «Նախագահ Նելսոն, ինչո՞ւ հարթեցրիք ձեր պլաստիկ ջրի շիշը»:

Նա պատասխանեց. «Դա հեշտացնում է վերամշակող կազմակերպությունների աշխատանքը, քանի որ այս տեսքով դրանք այնքան էլ շատ տեղ չեն զբաղեցնում վերամշակման տարայի մեջ»:

Մինչ վերլուծում էի այդ պատասխանը, ես նորից լսեցի նույն ճռճռոցը: Նայեցի աջ և տեսա, որ նախագահ Օուքսը հարթեցնում էր իր պլաստիկ ջրի շիշը նախագահ Նելսոնի նման: Այնուհետև ես աղմուկ լսեցի իմ ձախ կողմում, որտեղ նախագահ Հենրի Բ. Այրինգն էր հարթեցնում իր պլաստիկ ջրի շիշը, թեև նա այլ ռազմավարություն էր որդեգրել՝ հարթեցնելով հորիզոնական դիրքով, ինչն ավելի շատ ջանք էր պահանջում, քան՝ ուղղահայաց դիրքով։ Նկատելով դա՝ նախագահ Նելսոնը սիրալիր կերպով նրան ցույց տվեց շիշը հարթեցնելու եղանակը՝ շիշն ավելի հեշտ հարթեցնելու համար:

Այդ պահին ես շրջվեցի նախագահ Օուքսի կողմը և կամացուկ հարցրի. «Արդյո՞ք պլաստիկ ջրի շշի հարթեցումը ձեր ճաշարանի վերամշակման նոր պահանջ է»:

Նախագահ Օուքսը ժպիտը դեմքին պատասխանեց. «Դե, Ալեն, դու պետք է հետևես մարգարեին»:

Ես վստահ եմ, որ նախագահ Նելսոնն այդ օրը ճաշարանում վերամշակման նոր վարդապետության մասին չէր հայտարարում: Բայց մենք կարող ենք դասեր քաղել նրանից, թե նախագահ Օուքսը և նախագահ Այրինգը ինչպես անվերապահորեն արձագանքեցին18 նախագահ Նելսոնի օրինակին, և նախագահ Նելսոնը ինչպես ուշադրությամբ օգնեց նրանց դա անել ավելի լավ ձևով։19

Մի քանի տարի առաջ երեց Նիլ Ա. Մաքսվելը կիսվել է որոշ դիտարկումներով և խորհուրդներով, որոնք մարգարեական տեսանկյունից կարևոր են մեր օրերի համար.

«Առաջիկա ամիսներին և տարիներին իրադարձությունները, հավանաբար, կպահանջեն, որ յուրաքանչյուր անդամ ինքը որոշի՝ արդյոք հետևելու է Առաջին Նախագահությանը, թե՝ ոչ: Անդամների համար գնալով դժվար կլինի ընտրել երկու կարծիքների միջև: …

… Եկեք այնպիսի արձանագրություն թողնենք, որ ընտրությունները պարզ լինեն՝ մարգարեական խորհրդին հետևելու ընտրությունը թողնելով մարդկանց …

«Հիսուսն ասել է, որ երբ թզենիների տերևները աճում են, իմանում ենք, որ «ամառը մոտ է»։ Այդպիսով զգուշացնում է, որ մեզ մոտ արդեն ամառ է, և եկեք չբողոքենք շոգից»։20

Աճող սերունդը մեծանում է այն օրերում, երբ թզենու տերևներն ավելի շատ են և ավելի տաք է: Այդ իրողությունը ավելի մեծ պատասխանատվություն է դնում արդեն իսկ չափահաս սերնդի վրա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարգարեական խորհուրդներին հետևելուն: Երբ ծնողներն անտեսում են ապրող մարգարեի խորհուրդները, նրանք ոչ միայն կորցնում են իրենց խոստացված օրհնությունները, այլ որ ավելի վատ է, ուսուցանում են իրենց երեխաներին, որ այն, ինչ ասում է մարգարեն, կարևոր չէ, կամ որ մարգարեական խորհուրդը կարող է ընդունվել ընտրովի՝ առանց անհանգստանալու դրա հոգևոր թերսնուցման հետևանքների համար:

Երեց Ռիչարդ Լ. Էվանսը մի անգամ ասել է. «Որոշ ծնողներ սխալմամբ կարծում են, որ կարող են մի փոքր իջացնել վարքագծի և հնազանդության նշաձողը… որ նրանք կարող են մի փոքր մեղմացնել հիմնական սկզբունքները՝ առանց ազդելու իրենց ընտանիքի կամ նրանց ապագայի վրա: Բայց եթե ծնողը մի փոքր շեղվի, երեխաները, հավանաբար, կգերազանցեն ծնողի օրինակը»:21

Որպես մի սերունդ, որը վերջին օրերին սուրբ պարտականություն ունի՝ նախապատրաստելու աճող սերնդին իր մարգարեացված դերի համար,22 որը պետք է կատարվի այն ժամանակ, երբ հակառակորդի ազդեցությունը հասնի իր գագաթնակետին,23 մենք չենք կարող շփոթության աղբյուր դարձնել մարգարեական խորհրդին հետևելու կարևորությունը։ Հենց այդ խորհուրդն է, որը թույլ կտա աճող սերնդին տեսնել «թշնամուն, մինչ նա հեռվում է. և ապա [նրանք կպատրաստվեն]»՝ դիմակայելու թշնամու հարձակմանը։24 Մեր թվացյալ փոքր շեղումները, լուռ անտեսումը կամ շշուկով քննադատությունները՝ ի պատասխան մարգարեական խորհրդի, կարող են բերել նրան, որ մենք քայլենք ուխտի արահետի վտանգավոր եզրով, սակայն երբ հակառակորդը մեծացնի դրանց ազդեցությունը աճող սերնդի կյանքում, նման գործողությունների արդյունքում նրանք ընդհանրապես կհեռանան այդ արահետից: Սերունդները մեծ գին կվճարեն դրա համար:25

Ձեզանից ոմանք գուցե կարծում են, որ ամբողջովին չեն հետևել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խորհուրդներին։ Եթե դա այդպես է, ապա ապաշխարեք և նորից սկսեք հետևել Աստծո ընտրյալ մարգարեի խորհրդին: Մի շեղվեք մանկական մուլտֆիլմերի պատճառով և վստահեք Տիրոջ օծյալին: Ուրախացեք, որովհետև նորից «մարգարե կա Իսրայելի մեջ»։26

Նույնիսկ եթե վստահ չեք, ես վկայում եմ, որ մենք կարող ենք դիմակայել և նույնիսկ ծաղկել վերջին օրերի շոգին։ Մենք վերջին օրերի սրբերն ենք, և սրանք հրաշալի օրեր են: Մենք ցանկանում էինք երկիր գալ այս ժամանակ՝ վստահ լինելով, որ մեզ կօգնեն չսայթաքել, երբ անցնենք հակառակորդի՝ աճող մութ ու շփոթեցնող խավարի մեգի միջով,27 իսկ փոխարենը՝ խորհուրդներ և առաջնորդություն կստանանք նրանից, ով լիազորություն ունի մեզ և ամբողջ աշխարհին ասելու․ «Այսպես է ասում Տեր Աստված»:28 Այն մարգարեի սուրբ անունով, որին Աստված բարձրացրեց, որը Իսրայելի Սուրբն է,29 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս հրավիրեց Բրիգամ Յանգ համալսարանի ուսանողներին ունենալ անձնական հայտնության նմանատիպ փորձառություն. «Հարցրեք ձեր Երկնային Հորը, արդյոք մենք իսկապես Տիրոջ առաքյալներն ու մարգարեներն ենք: Հարցրեք, թե արդյոք մենք ստացել ենք հայտնություն այս և այլ հարցերի վերաբերյալ» («Աստծո սերը և օրենքները» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, սեպտեմբերի 17, 2019], speeches.byu.edu): Տես նաև Նիլ Լ. Անդերսեն, «Աստծո մարգարեն», Լիահոնա, մայիս 2018, 26. «Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք արտոնություն ունենք անձնական վկայություն ստանալու, որ նախագահ Նելսոնի կանչն Աստծուց է»։ Մարգարե Աբինադիին լսելուց հետո Ալմայի դարձի գալու պատմությունը լրացուցիչ ապացույց է առ այն, որ մարգարեի վերաբերյալ հայտնությունը հասանելի է մեզ բոլորիս (տես Մոսիա 13.5, 17.2):

  2. «Մենք կա՛մ ունենք մարգարե, կա՛մ ոչինչ չունենք. և ունենալով մարգարե՝ մենք ունենք ամեն ինչ» (Gordon B. Hinckley, “We Thank Thee, O God, for a Prophet,” Ensign, Jan. 1974, 122)։

  3. «Նրանք սկսել էին չհավատալ մարգարեության ոգուն ու հայտնության ոգուն. և Աստծո դատաստանները նրանց դեմքին հառեցին» (Հելաման 4․23, տես նաև Վարդապետություն եվ Ուխտեր 11․25)։ «Մենք անընդհատ երգում ենք. «Փառք քեզ Տեր մարգարեի համար, որը կառաջնորդի մեզ այսօր»: Կան շատերը, ովքեր [պետք է] դրան հետգրություն դնեն և ասեն. «Պայմանով, որ նա կառաջնորդի և կբավարարի մեր երևակայությունները և մեր քմահաճույքները» (Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 80)։

  4. «Երբեմն մենք այնպիսի խորհուրդ կստանանք, որը մենք չենք կարող հասկանալ, կամ որը, կարծես, մեզ չի վերաբերում, նույնիսկ՝ մանրակրկիտ աղոթելուց և մտածելուց հետո: Մի անտեսեք խորհուրդը, այլ ամուր պահեք այն: Եթե վստահելի որևէ մեկը ձեզ տա ոչ ավել ոչ պակաս, քան ավազ՝ խոստանալով, որ այն պարունակում է ոսկի, դուք կարող եք խելամտորեն պահել այն ձեր ձեռքում որոշ ժամանակ՝ մեղմ թափահարելով այն: Ամեն անգամ, երբ ես դա կիրառել եմ մարգարեի խորհուրդների համար, որոշ ժամանակ անց ոսկու փաթիլները սկսել են երևալ, և ես երախտապարտ եմ եղել» (Հենրի Բ. Այրինգ, «Անվտանգություն գտնել խորհրդում», Ensign, մայիս 1997, 26, տես նաև. 3 Նեփի 1.13, Վարդապետություն և Ուխտեր 1.14):

  5. Տես 2 Նեփի 4.17-18։ «Մի դատապարտեք ինձ իմ թերությունների համար, ոչ էլ իմ հորը նրա թերությունների համար․ այլ, ավելի շուտ, գոհություն հայտնեք Աստծուն, որ նա հայտնի է դարձրել ձեզ մեր թերությունները, որպեսզի դուք սովորեք լինել ավելի իմաստուն, քան մենք ենք եղել» (Մորմոն 9․31

  6. Տես Վարդապետություն և Ուխտեր 3․6-8, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 93․47։

  7. Վարդապետություն և Ուխտեր 29․16:

  8. Տես Վարդապետություն և Ուխտեր 84․97, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 87․6։

  9. Վարդապետություն և Ուխտեր 45․26, 27:

  10. Տես Վարդապետություն և Ուխտեր 1․38։

  11. Ովսե 2․18։ «Քանզի ես կհայտնվեմ երկնքից զորությամբ ու մեծ փառքով, նրա ողջ զորքով, և մարդկանց հետ արդարության մեջ կբնակվեմ երկրի վրա, հազար տարի, և ամբարիշտները կանգուն չեն մնա» (Վարդապետություն և Ուխտեր 29․11

  12. Տես 1 Նեփի 22․16-17, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 59․23։

  13. «Քանզի ահա, նրանք մերժեցին մարգարեների խոսքերը: Ուստի, եթե հայրս մնար այդ հողում, այն բանից հետո, երբ նրան պատվիրվել էր փախչել այդ հողից, ահա, նա նույնպես կկորչեր» (1 Նեփի 3․18, տես նաև 2 Նեփի 26․3, Վարդապետություն եվ Ուխտեր 90․5

  14. Մ. Ռասսել Բալլարդ, «Նրա խոսքը դուք պետք է ընդունեք», Լիահոնա, հուլիս 2001 թ.։

  15. Ռասսել Մ․ Նելսոն, «Խնդրեք, փնտրեք, թակեք», Լիահոնա նոյ. 2009, 82։ «Ոչ ոք չի կարող ավելի երջանիկ լինել, քան ապրող մարգարեի խորհրդին հնազանդվելով» (The Teachings of Lorenzo Snow, ed. Clyde J. Williams [1996], 86):

  16. «Ուշադիր եղեք նրանց, ովքեր նախագահում են Եկեղեցում այսօր կամ վաղը, և ձեր կյանքն նրանց օրինակով ապրեք, այլ ոչ թե խորհեք այն մասին, թե ինչպես են հին մարգարեները եղել, մտածել կամ խոսել» (The Teachings of Harold B. Lee, [1996], 525):

  17. Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը մի անգամ ասել է, որ «նրանք, ովքեր զարդարում են մահացած մարգարեների գերեզմանները, այժմ սկսում են քարկոծել ապրողներին» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 462): «Ամենակարևոր բառերը, որոնք մենք կարող ենք լսել, խորհել և հետևել, նրանք են, որոնք հայտնի են դարձվել մեր ապրող մարգարեի միջոցով» (Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Իմ հոգու բաները», Liahona, Nov. 2021, 40)։

  18. «Երբ մենք լսում ենք Տիրոջ խորհուրդը՝ արտահայտված Եկեղեցու Նախագահի խոսքերի միջոցով, մեր արձագանքը պետք է լինի դրական և հստակ» (Մ․ Ռասսել Բալլարդ, « Նրա խոսքը դուք պետք է ընդունեք», Լիահոնա, հուլիս 2001)։

  19. «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին մշտապես առաջնորդվել է կենդանի մարգարեների և առաքյալների կողմից։ Չնայած մահկանացու և անկատար լինելուն, Տիրոջ ծառաները ոգեշնչված օգնում են մեզ խուսափել խոչընդոտներից, որոնք հոգևոր առումով վտանգավոր են, ինչպես նաև օգնում են մեզ ապահով անցնել մահկանացու կյանքի միջով՝ դեպի մեր վերջնական և հիմնական, աստվածային նպատակակետը» (Մ․ Ռասսել Բալլարդ, «Աստված է ղեկի մոտ», Լիահոնա, նոյ. 2015, 24)։

  20. Neal A. Maxwell, “A More Determined Discipleship,” Ensign, Feb. 1979, 69, 70.

  21. Richard L. Evans, “Foundations of a Happy Home,” in Conference Report, Oct. 1964, 135–36.

  22. Տես Վարդապետություն և Ուխտեր 123․11, տես նաև Ռոբերտ Դ. Հեյլս, «Our Duty to God: The Mission of Parents and Leaders to the Rising Generation,” Liahona, May 2010, 95–98։

  23. Տես Վարդապետություն և Ուխտեր 52․14:

  24. Վարդապետություն և Ուխտեր 101․54։

  25. Տես Մոսիա 26․1-4։

  26. Դ Թագավորաց 5․8։

  27. «Պիտի ուշք դարձնես նրա բոլոր խոսքերին ու պատվիրաններին, որոնք նա կտա քեզ, երբ նա ստանա դրանք ․․․ քանզի այդ բաները կատարելով ․․․ Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի և իր անվան փառքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 21․4, 6)։ «Ոչ մի մարդ, որը երբևէ հետևել է ուսմունքներին կամ խորհուրդ է ստացել նրանից, ով հանդես է գալիս որպես Տիրոջ ներկայացուցիչ, երբեք չի մոլորվել» (Doctrines of Salvation: Sermons and Writings of Joseph Fielding Smith, ed Bruce R. McConkie [1998], 243):

  28. Եզեկիել 3.27: «Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 21․5

  29. Տես 1 Նեփի 22․20-21, տես նաև 3 Նեփի 20․23։