Գերագույն համաժողով
Արդյո՞ք ես իսկապես ներվել եմ
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Արդյո՞ք ես իսկապես ներվել եմ

Լիակատար և կատարյալ ներման նույն խոստումը տրված է բոլորին՝ Հիսուս Քրիստոսի անսահման Քավության միջոցով և շնորհիվ:

Մի քանի տարի առաջ ես և քույր Նաթրեսը տեղափոխվեցինք Այդահո, որտեղ նոր բիզնես հիմնեցինք: Գրասենյակում երկար օրեր ու գիշերներ էինք անցկացնում։ Բարեբախտաբար, մենք ապրում էինք աշխատանքի վայրից ընդամենը մի քանի թաղամաս այն կողմ: Ամեն շաբաթ Շոնան և մեր երեք դուստրերը, որոնց տարիքը վեց տարեկանը չէր անցնում, գալիս էին գրասենյակ՝ միասին ճաշելու:

Այդպիսի մի օր, երբ մենք ընտանիքով ճաշեցինք, ես նկատեցի որ մեր հինգ տարեկան դուստրը՝ Միշելը, ինձ անձնական հաղորդագրություն էր թողել՝ գրված կպչուն թերթիկի վրա և այն փակցրել էր իմ գրասենյակի հեռախոսին:

Պարզապես գրված էր. «Հայրիկ, չմոռանաս ինձ հիշել: Սիրով՝ Միշել»: Դա մի հզոր հիշեցում էր երիտասարդ հորը այն բաների մասին, որոնք ամենակարևորն են:

Եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը միշտ հիշում է մեզ, և Նա մեզ կատարելապես սիրում է: Հարցս հետևյալն է․ «Մենք հիշու՞մ ենք Նրան»: Իսկ մենք սիրո՞ւմ ենք Նրան:

Տարիներ առաջ ես ղեկավար կոչում ունեի Եկեղեցու տեղի միավորում: Մեր երիտասարդներից մեկը՝ Դենին, ամեն ինչով աչքի էր ընկնում։ Նա հնազանդ էր, բարի էր ու լավը և մեծ սիրտ ուներ։ Սակայն, երբ նա ավարտեց միջնակարգ դպրոցը, սկսեց շփվել բիրտ մարդկանց հետ։ Նա սկսեց օգտագործել թմրանյութեր, մասնավորապես՝ մետամֆետամին, և բռնեց կախվածության և ոչնչացման սայթաքուն ուղին: Շատ չանցած՝ նրա արտաքինն ամբողջովին փոխվեց։ Նա գրեթե անճանաչելի էր դարձել։ Ամենաէական փոփոխությունը նրա աչքերում էր. նրա աչքերի լույսը խամրել էր: Մի քանի անգամ ես կապ հաստատեցի և փորձեցի օգնել նրան, բայց ապարդյուն։ Նա հետաքրքրված չէր։

Ցավալի էր տեսնել, որ այս հրաշալի երիտասարդը տառապում է և ապրում էր այնպիսի կյանքով, որը նրանը չէր: Նա ունակ էր շատ ավելիին:

Հետո մի օր սկսվեց նրա հրաշքը։

Նա մասնակցեց մի հաղորդության ժողովի, որտեղ նրա փոքր եղբայրը կիսվեց իր վկայությամբ՝ նախքան միսիայի մեկնելը: Ժողովի ժամանակ Դենին զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Նա զգաց Տիրոջ սերը: Նա վերջապես հույս գտավ։

Չնայած Դենին ցանկանում էր փոխվել, սակայն դժվար էր նրա համար։ Նրա կախվածությունը և դրան ուղեկցող մեղքը գրեթե ավելին էին, քան նա կարող էր տանել։

Մի օր կեսօրին, երբ ես հնձում էի մեր սիզամարգը, Դենին առանց զգուշացնելու մոտեցավ իր մեքենայով: Նա շատ էր տառապում։ Ես անջատեցի հնձիչը, և մենք միասին նստեցինք շքամուտքի ստվերում։ Հենց այդ ժամանակ նա կիսվեց իր սրտի զգացմունքներով։ Նա իսկապես ուզում էր վերադառնալ: Սակայն կախվածությունից ու ապրելակերպից հրաժարվելը նրա համար չափազանց դժվար էր։ Բացի այդ՝ նա իրեն շատ մեղավոր էր զգում, շատ էր ամաչում այդքան ցած ընկնելու համար։ Նա հարցրեց. «Իսկապե՞ս կարող եմ ներվել: Իսկապե՞ս հետդարձի ճանապարհ կա»։

Երբ նա բացեց իր սիրտը և կիսվեց այդ մտահոգություններով, մենք միասին կարդացինք Ալմա 36-րդ գլուխը.

«Այո, ես հիշեցի բոլոր իմ մեղքերը և անօրինությունները …

Այո ․․․ միայն Աստծո ներկայության մեջ գալու միտքը պրկում էր իմ հոգին՝ աննկարագրելի սոսկումով» (13–14 հատվածներ

Այդ հատվածներից հետո Դենին ասաց. «Ես հենց այդպես եմ զգում»:

Մենք շարունակեցինք կարդալ․

«Մինչ ես տակնուվրա էի եղած իմ բազում մեղքերի հիշողությունից, ահա, ես հիշեցի նաև լսած լինելս՝ իմ հոր մարգարեանալը ժողովրդին, մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը ․․․

Եվ, Օ՜հ, ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա» (17, 20 հատվածներ

Երբ մենք կարդում էինք այս հատվածները, արցունքները սկսեցին հոսել: Ալմայի ուրախությունն այն ուրախությունն էր, որը Դենին փնտրում էր:

Մենք քննարկեցինք, որ Ալման եղել էր շատ ամբարիշտ։ Այնուամենայնիվ, երբ նա ապաշխարեց, նա այլևս հետ չնայեց: Նա դարձավ Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդը։ Նա դարձավ մարգարե։ Դենիի աչքերը զարմանքից փայլեցին։ «Մարգարե՞», - կրկնեց նա։

Ես պարզապես պատասխանեցի. «Այո, մարգարե: Ոչ մի պարտադրանք քեզ վրա»:

Մենք քննարկեցինք, որ թեև նրա մեղքերը չհասան Ալմայի մեղքերի մակարդակին, լիակատար և կատարյալ ներման նույն խոստումը տրված է բոլորին՝ Հիսուս Քրիստոսի անսահման Քավության միջոցով և շնորհիվ:

Դենին հիմա հասկացավ։ Նա գիտեր, թե ինչ պետք է աներ. նա պետք է սկսեր իր ճանապարհը՝ վստահելով Տիրոջը և ներելով ինքն իրեն:

Դենիի սրտի հզոր փոփոխությունը ոչ այլ ինչ էր, քան մի հրաշք: Ժամանակի ընթացքում նրա դեմքը փոխվեց, և աչքերի պայծառությունը վերադարձավ։ Նա դարձավ տաճարին արժանի: Նա վերջապես վերադարձա՛վ։

Մի քանի ամիս անց ես Դենիին հարցրի, թե արդյոք նա կցանկանար դիմում ներկայացնել լիաժամկետ միսիայում ծառայելու համար: Նրա պատասխանը ցնցեց և զարմացրեց ինձ։

Նա ասաց. «Ես կցանկանայի ծառայել միսիայում, բայց դուք գիտեք, թե որքան եմ ընկել և ինչ եմ արել: Կարծում էի, որ ես որակազրկվել եմ»:

Ես պատասխանեցի. «Գուցե դու ճիշտ ես։ Սակայն ոչինչ չի խանգարում, որ մենք դիմում ներկայացնենք: Եթե քեզ չընդունեն, գոնե կիմանաս, որ անկեղծ ցանկացել ես ծառայել Տիրոջը»։ Նրա աչքերը շողացին։ Նա ոգևորված էր այդ գաղափարով։ Նրա համար դա չնչին հնարավորություն էր, բայց դա հնարավորություն էր, որը նա պատրաստ էր օգտագործել:

Մի քանի շաբաթ անց, և ի զարմանս նրա, մեկ այլ հրաշք տեղի ունեցավ։ Դենին լիաժամկետ միսիայում ծառայելու կանչ ստացավ:

Միսիայի քաղաք ժամանելուց մի քանի ամիս անց ես մի հեռախոսազանգ ստացա: Նրա միսիայի նախագահը պարզապես ասաց. «Ի՞նչ է պատահել այս երիտասարդին: Նա ամենահրաշալի միսիոներն է, որ երբևէ տեսել եմ»: Տեսնում եք, որ այդ նախագահը ստացել էր ժամանակակից Ալմա Կրտսերին:

Երկու տարի անց Դենին պատվով վերադարձավ տուն՝ ծառայելով Տիրոջը իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով:

Հաղորդության ժողովին նրա միսիոներական հաշվետու ելույթից հետո նոր էի տուն վերադարձել, երբ լսեցի դռան թակոցը։ Այնտեղ կանգնած էր Դենին՝ արցունքն աչքերին։ Նա ասաց. «Կարո՞ղ ենք մի րոպե խոսել»: Մենք դուրս եկանք նույն շքատմուտքի մոտ։

Նա ասաց. «Նախագահ, քո կարծիքով ես իսկապե՞ս ներվել եմ»:

Այժմ ես սկսեցի արտասվել նրա հետ։ Իմ առջև կանգնած էր Հիսուս Քրիստոսի նվիրյալ աշակերտը, որն իր ողջ զորությամբ ուսուցանել և վկայել էր Փրկչի մասին։ Նա Փրկչի Քավության բժշկող և զորացնող զորության մարմնացումն էր:

Ես ասացի. «Դենի։ Քեզ հայելու մեջ նայե՞լ ես։ Դու տեսե՞լ ես քո աչքերը: Դրանք լցված են լույսով, և դու փայլում ես Տիրոջ Հոգով: Իհարկե դու ներվել ես: Դու հրաշալի մարդ ես։ Այժմ դու պետք է առաջ շարժվես քո կյանքում: Հետ մի՛ նայիր։ Հավատքով պատրաստվիր հաջորդ արարողությանը»:

Դենիի հրաշքը շարունակվում է առ այսօր։ Նա ամուսնացավ տաճարում և վերադարձավ համալսարան, որտեղ ստացավ մագիստրոսի կոչում: Նա իր կոչումներում շարունակում է պատվով և արժանապատվորեն ծառայել Տիրոջը: Ամենակարևորն այն է, որ նա դարձել է հրաշալի ամուսին և հավատարիմ հայր: Նա դարձել է Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Առանց անսահման Քավության ողջ մարդկությունը անվերադարձ կկորչեր»։1 Դեննին չի կորել, և մենք նույնպես Տիրոջ համար չենք կորել: Նա կանգնած է մուտքի մոտ՝ մեզ բարձրացնելու, զորացնելու և ներելու։ Նա երբեք չի մոռանում սիրել մեզ։

Աստծո զավակների հանդեպ Փրկչի սիրո անհավանական դրսևորումը գրված է Մորմոնի Գրքում. «Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսն այսպես խոսեց, նա կրկին աչք ածեց շուրջբոլորը՝ բազմության վրա, և տեսավ՝ նրանք արտասվում էին, և նայում էին նրա վրա սևեռուն, կարծես կամենում էին խնդրել նրան՝ մի քիչ էլ մնալ իրենց հետ» (3 Նեփի 17․5

Փրկիչն արդեն մի ամբողջ օր անցկացրել էր նրանց հետ՝ ծառայելով մարդկանց: Սակայն, Նա ավելի շատ անելիք ուներ. Նա պետք է այցելեր Իր մյուս ոչխարներին. Նա պետք է գնար Իր Հոր մոտ:

Չնայած այս պարտավորություններին, Նա նկատեց, որ մարդիկ ցանկանում էին, որ Նա մի փոքր երկար մնար: Այնուհետև Փրկչի սիրտը լցվեց կարեկցանքով, տեղի ունեցավ աշխարհի պատմության ամենամեծ հրաշքներից մեկը.

Նա մնաց։

Նա օրհնեց նրանց։

Նա մեկ առ մեկ սպասավորեց նրանց երեխաներին:

Նա աղոթեց նրանց համար. Նա լաց եղավ նրանց հետ։

Եվ Նա բժշկեց նրանց: (Տես 3 Նեփի 17:)

Նրա հավերժական խոստումն է, որ Նա կբուժի մեզ:

Խնդրում եմ իմացեք, որ նրանց համար, ովքեր շեղվել են ուխտի արահետից, միշտ կա հույս, միշտ կա բժշկություն և միշտ կա հետդարձի ճանապարհ:

Նրա հույսի հավերժական ուղերձը բուժիչ բալասան է բոլոր նրանց համար, ովքեր ապրում են անհանգիստ աշխարհում: Փրկիչն ասել է․ «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6):

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք չմոռանանք փնտրել Նրան, սիրել Նրան և միշտ հիշել Նրան:

Ես վկայում եմ, որ Աստված ապրում է, և Նա սիրում է մեզ: Ես նաև վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն ու Քավիչն է: Նա է Մեծ Բժիշկը։ Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղում

  1. Ռասսել Մ․ Նելսոն. «Պատրաստվեք տաճարի օրհնություններին», Ensign, մարտ 2002, 21։