Գերագույն համաժողով
Գիտե՞ք, թե ինչու եմ ես որպես քրիստոնյա հավատում Քրիստոսին
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Գիտե՞ք, թե ինչու եմ ես որպես քրիստոնյա հավատում Քրիստոսին

Հիսուս Քրիստոսը պետք է տառապեր, մեռներ և նորից հարություն առներ, որպեսզի փրկագներ ողջ մարդկությանը ֆիզիկական մահից և հավերժական կյանք տար Աստծո հետ։

Տարիներ առաջ մի երեկո աշխատանքից տուն վերադառնալիս ես սովորականի պես նստեցի Նյու Յորքից դեպի Նյու Ջերսի տանող ավտոբուսը։ Կինը, որի կողքին պատահաբար նստեցի, նկատեց, թե ինչ էի գրում իմ համակարգչում և հարցրեց. «Դու հավատում ես… Քրիստոսի՞ն»։ Ես ասացի՝ «Այո, հավատում եմ»։ Երբ զրուցում էինք, ես իմացա, որ նա նոր էր տեղափոխվել այդ տարածք իր գեղեցիկ ասիական երկրից՝ աշխատելու Նյու Յորքի՝ բարձր մրցունակություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Առանց կաշկանդվելու ես հարցրի․ «Գիտե՞ք, թե ինչու եմ ես որպես քրիստոնյա հավատում Քրիստոսին»։ Նա նույնպես բարյացակամորեն արձագանքեց և հրավիրեց ինձ կիսվել։ Բայց մինչ ես ուզում էի սկսել խոսքս, ունեցա այն պահերից մեկը, երբ բազմաթիվ մտքեր հեղեղում են քեզ։ Սա առաջին անգամն էր, որ ես տալու էի քրիստոնեության «ինչու»-ների պատասխանը դրան շատ անծանոթ և շատ խելացի մեկին։ Ես չէի կարող պարզապես ասել. «Ես հետևում եմ Հիսուս Քրիստոսին, որովհետև Նա պատրաստակամորեն տառապեց և մահացավ իմ մեղքերի համար»։ Գուցե նա խորհեր. «Արդյո՞ք Հիսուսը պետք է մահանար։ Մի՞թե Աստված չէր կարող պարզապես ներել և մաքրել մեզ մեր մեղքերից, եթե մենք խնդրեինք»։

Ինչպե՞ս կարձագանքեիք այս հարցին մի քանի րոպեների ընթացքում։ Ինչպե՞ս կբացատրեիք ձեր ընկերոջը։ Երեխաներ և երիտասարդներ. խնդրում եմ, ավելի ուշ հարցրեք ձեր ծնողներին կամ ղեկավարին. «Ինչու՞ Հիսուսը պետք է մահանար»։ Եվ եղբայրներ և քույրեր, ես խոստովանություն ունեմ անելու. չնայած այն ամենին, ինչ, ըստ ինձ, գիտեմ Եկեղեցու վարդապետության, պատմության, քաղաքականության և այլնի մասին, մեր հավատքի այս կենտրոնական հարցի պատասխանը չտրվեց հեշտությամբ։ Այդ օրը ես որոշեցի ավելի շատ կենտրոնանալ հավերժական կյանքի համար ամենակարևոր բանի վրա։

Այսպիսով, ես տեղեկացրի իմ նոր ընկերոջը,1 որ մենք մարմնից բացի հոգի ունենք, և Աստված մեր հոգիների Հայրն է։2 Ես ասացի նրան, որ մենք ապրել ենք մեր Երկնային Հոր հետ՝ նախքան մեր ծնվելը այս մահկանացու աշխարհում։3 Քանի որ Նա սիրում է նրան և Իր բոլոր զավակներին, Նա մի ծրագիր պատրաստեց մեզ համար, որպեսզի մարմին ստանանք՝ Նրա փառահեղ մարմնի նմանությամբ,4 լինենք ընտանիքի մի մաս,5 և վերադառնանք Նրա սիրառատ ներկայության մեջ՝ վայելելու հավերժական կյանք մեր ընտանիքների հետ միասին,6 ինչպես Նա է դա անում։7 Բայց ես ասացի, որ անհրաժեշտաբար ընկած այս աշխարհում մենք կբախվենք երկու հիմնական խոչընդոտի․8 (1) ֆիզիկական մահ՝ մեր մարմինների բաժանումը մեր հոգուց։ Նա անշուշտ գիտեր, որ մենք բոլորս կմահանանք։ Եվ (2) հոգևոր մահ՝ մեր բաժանումը Աստծուց, որովհետև մեր մեղքերը, սխալներն ու թերությունները, որպես մահկանացուներ, հեռացնում են մեզ Նրա սուրբ ներկայությունից։9 Սրա հետ նա նույնպես առնչություն ուներ։

Ես նրան հայտնեցի, որ դա արդարադատության օրենքի հետևանքն է։ Այս հավերժական օրենքը պահանջում է, որ հավերժական պատիժ վճարվի մեր յուրաքանչյուր մեղքի, Աստծո օրենքների կամ ճշմարտության խախտման համար, կամ մենք երբեք չենք կարողանա վերադառնալ ապրելու Նրա սուրբ ներկայության մեջ։10 Դա անարդար կլիներ, իսկ Աստված «չի կարող մերժել արդարադատությունը»։11 Նա հասկացավ դա, բայց հեշտությամբ ըմբռնեց, որ Աստված նաև ողորմած է, սիրող և ցանկանում է պարգևել մեզ հավերժական կյանք։12 Ընկերոջս տեղեկացրի, որ մենք ունենք նաև խորամանկ, հզոր հակառակորդ՝ չարի ու ստի աղբյուրը, որ հակառակվում է մեզ։13 Հետևաբար, մեկը, ով ունի անսահման աստվածային զորություն՝ հաղթահարելու բոլոր նման հակադրություններն ու խոչընդոտները, պետք է փրկեր մեզ։14

Ապա ես կիսվեցի նրա հետ բարի լուրով․ «մեծ ուրախություն եմ ավետում … ամբողջ ժողովրդին»15, որ «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։16 Ես վկայեցի իմ ընկերոջը, և ես վկայում եմ ձեզ, որ Հիսուս Քրիստոսն այդ Փրկիչն է, որ Նա պետք է տառապեր, մեռներ և նորից հարություն առներ․ Նրա անսահման Քավությունը փրկագնում է ողջ մարդկությանը ֆիզիկական մահից17 և հավերժական կյանք է տալիս Աստծո և մեր ընտանիքների18 հետ՝ բոլոր նրանց, ովքեր կհետևեն Նրան։ Մորմոնի Գիրքը հայտարարում է․ «Այսպես Աստված … հաղթանակ տանելով մահվան դեմ. Որդուն զորություն տալով՝ բարեխոսելու մարդկանց զավակների համար, … լցված լինելով [ողորմությամբ և] կարեկցանքով … , ջարդած լինելով մահվան կապանքները, իր վրա վերցրած լինելով նրանց անօրինությունը և նրանց օրինազանցությունները, փրկագնում է նրանց և բավարարում արդարադատության պահանջները»։19

Այն քայլերը, որոնք Աստված հայտնել է, որ մենք պետք է անենք՝ Հիսուսին հետևելու և հավերժական կյանք ստանալու համար, կոչվում են Քրիստոսի վարդապետություն։ Դրանք են՝ «հավատն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, մկրտությունը մեղքերի քավության համար, Սուրբ Հոգու պարգևի ստացումը և դիմակայելը մինչև վերջ»։20 Ես կիսվեցի այս քայլերով իմ ընկերոջ հետ, բայց ահա մի քանի եղանակներ, որոնցով մարգարեներն ու առաքյալները վերջերս ուսուցանել են, թե ինչպես Քրիստոսի վարդապետությունը կարող է օրհնել Աստծո բոլոր զավակներին։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ասել է. «Քրիստոսի մաքուր վարդապետությունը զորեղ է։ Այն փոխում է յուրաքանչյուրի կյանքը, ով հասկանում և ձգտում է իրագործել այն իր կյանքում»։21

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է․ «Երիտասարդներին զորացնելու համար [ուղեցույցը] համարձակ հռչակում է … Քրիստոսի վարդապետությունը [և] հրավիրում ձեզ՝ [երիտասարդներիդ,] ընտրություն կատարել՝ հիմնվելով [դրա] վրա»։22

Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է. «Մենք հրավիրում ենք միսիոներներին անել այն, ինչ նրանք խնդրում են անել նրանց, ում սովորեցնում են. … կիրառել Քրիստոսի վարդապետությունը իրենց կյանքում [և] գնալ և մնալ ուխտի ուղու վրա»։23

Քրիստոսի վարդապետությունը զորացնում է նրանց, ովքեր պայքարում են կամ զգում են, որ չեն պատկանում Եկեղեցուն, քանի որ դա օգնում է նրանց, ինչպես երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն է ասել. «հաստատ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ինձ համար [և] սիրում է ինձ»։24

Ծնողներ, եթե ձեր երեխան խնդիրներ ունի կապված ավետարանի սկզբունքի կամ մարգարեական ուսմունքի հետ, խնդրում ենք, թույլ չտալ որևէ տեսակի չարախոսություն25 Եկեղեցու կամ նրա առաջնորդների հանդեպ։ Նման փոքրագույն աշխարհիկ մոտեցումները հարիր չեն ձեզ և կարող են մահացու լինել ձեր երեխայի երկարաժամկետ հավատարմության համար։26 Դա այնքան լավ է բնորոշում ձեզ․ դուք կպաշտպանեք կամ կմիջնորդեք ձեր թանկագին երեխայի համար կամ ցույց կտաք նրա հետ համերաշխության նշաններ։ Բայց ես և կինս՝ Ջեյնը, անձնական փորձից գիտենք, որ եթե սովորեցնեք ձեր սիրելի երեխային, թե ինչու մենք բոլորս միանշանակ ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը և ինչպես կիրառել Նրա ուրախ վարդապետությունը, դա հենց այն է, ինչը կզորացնի և կբժշկի նրան։ Եկեք նրանց դարձնենք դեպի Հիսուսը, ով նրանց իսկական բարեխոսն է Հոր մոտ։ Հովհաննես Առաքյալն ուսուցանել է․«Ամեն ոք, ով … մնում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա Որդուն էլ ունի, Հորն էլ»։ Այնուհետև նա հորդորում է մեզ զգուշանալ՝ գուցե «մեկը ձեզ մոտ գա և այս վարդապետության կրողը չլինի»։

Ես և Ջեյնը վերջերս այցելեցինք անապատ, որտեղ Մովսեսը պղնձե օձ բարձրացրեց Իսրայելի զավակների առաջ։ Տերը խոստացել էր բժշկել բոլոր նրանց, ովքեր խայթվում էին թունավոր օձերի կողմից, եթե նրանք պարզապես նայեին դրան։28 Քրիստոսի վարդապետությունը մեր առջև դնելով, Տիրոջ մարգարեն նույնն է անում, «որ նա բուժի ազգերին»։29 Այս մահկանացու անապատում ինչ խայթոցի, թույնի կամ դժվարության էլ հանդիպենք, եկեք չլինենք նրանց պես, ովքեր հնում և այժմ կարող էին բժշկվել, բայց, ցավոք, «հրաժարվեցին նայել, … որովհետև նրանք չէին հավատում, որ դա կապաքիներ իրենց»։30 Մորմոնի Գիրքը հաստատում է. «Ահա, … սա է ճանապարհը. և չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն՝ երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում։ Եվ այժմ, ահա, սա է Քրիստոսի վարդապետությունը»։31

Այդ երեկո Նյու Ջերսիում, մինչ կիսվում էի, թե մենք ինչու ունենք Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության կարիքը, ինձ նոր քույր տվեց, իսկ նրան՝ նոր եղբայր։ Մենք զգացինք Սուրբ Հոգու խաղաղ, հաստատող վկայությունը։ Բնականաբար, ես նրան հրավիրեցի կիսվել իր կոնտակտային տվյալներով և շարունակել զրույցը մեր միսիոներների հետ։ Նա ուրախությամբ արեց դա։

«Ուստի, որքա՜ն մեծ է այս բաները հայտնի դարձնելու կարևորությունը երկրի բնակիչներին»,- հայտարարում է Մորմոնի Գիրքը՝ սիրել, կիսվել և հրավիրել,32 քանի որ մենք հավաքում ենք Իսրայելին մեր բոլոր համայնքներում և ընտանիքներում, «որպեսզի նրանք իմանան, որ չկա մարմին, որ կարող է բնակվել Աստծո ներկայության մեջ, բացի դա լինի Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության, շնորհի [և վարդապետության] շնորհիվ»։33 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Ես որոշել եմ չհրապարակել ընկերոջս անունը կամ օգտագործել մտացածին անուն։

  2. Տես Հռովմայեցիս 8․15-17, Եբրայեցիս 12․9, Վարդապետություն և Ուխտեր 88․15։

  3. Տես Երեմիա 1․4-5, Վարդապետություն և Ուխտեր 138․55-56, Աբրահամ 3․22-23, 26, Սուրբ գրքերի ուղեցույց, «Նախամահկանացու կյանք», scriptures.ChurchofJesusChrist.org, «Դաս 2. Փրկության ծրագիրը», Քարոզիր Իմ Ավետարանը․ Միսիոներական Ծառայության Ուղեցույց (2019), 51։

  4. Տես «Դաս 2. Փրկության Ծրագիրը», Քարոզիր Իմ Ավետարանը, 51։

  5. Հոր կատարյալ ծրագիրը, որը կոչվում է երջանկության մեծ ծրագիր, փրկության ծրագիր և փրկագնման ծրագիր, ի թիվս այլ հղումների, կազմակերպված է այնպես, որ յուրաքանչյուր ոք, ով գալիս է մահկանացու կյանք, անպայման դա անում է ընտանիքում, և յուրաքանչյուրը ընտանիքի անդամ է։ Իհարկե, ոչ բոլոր ընտանեկան հանգամանքներն են իդեալական կամ համահունչ մեր Հոր սիրառատ տեսլականին Իր բոլոր զավակների համար, և մի քանիսը ողբերգական են։ Այնուամենայնիվ, երբ մենք ապրում ենք Քրիստոսի վարդապետությամբ, Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ ստանալ բոլոր օրհնությունները, որոնք Հայրն ունի Իր զավակների համար Իր ողորմած և համապարփակ ծրագրի միջոցով։ Տես նաև ծանոթագրություն 6-ը։

  6. Ամենամեծ խոստումներից մեկը, որ Աստված տվել է Իր զավակներին, նաև մեծագույնը մեզ տրված Նրա պարգևներից՝ վեհացումը կամ հավերժական կյանքն է, որը հավերժորեն ապրելն է «Աստծո ներկայության մեջ և շարունակել որպես ընտանիք» (Ավետարանական թեմաներ, «Հավերժական կյանք», topics.ChurchofJesusChrist.org, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 14․7)։ «Ընտանիքները» ներառում են ամուսնուն, կնոջը և երեխաներին, ինչպես նաև մեր կենդանի և մահացած հարազատներին, որոնք ընդունում են Քրիստոսի վարդապետությունը և ապրում դրա համաձայն։ Հոգևոր աշխարհում ընտանիքի մահացած անդամները, որոնք չեն կարողացել ընդունել Քրիստոսի վարդապետությունը այս կյանքում, կարող են դա անել հոգևոր աշխարհում, քանի որ արարողությունները, ինչպիսիք են մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևի ստացումը և այլ արարողություններ, որոնք օգնում են մեզ համբերել մինչև վերջ, սիրով կատարվում են փոխանորդ կենդանի հարազատների կողմից Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարներում։ Բացի այդ, հավերժական կյանքի խոստումը միայն նրանց համար չէ, ովքեր ամուսնացած են այս կյանքում։ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է․ «Սուրբ գրություններն ու վերջին օրերի մարգարեները հաստատում են, որ յուրաքանչյուր ոք, ով հավատարիմ է ավետարանական ուխտերը պահելու գործում, վեհացման հնարավորություն կունենա» («Հույս Քրիստոսում», Լիահոնա, մայիս 2021, շեշտադրումն ավելացված է)։ Վկայակոչելով նախագահ Ռասսել Մ. Նելսոնին և նախագահ Դալլին Հ. Օուքսին, նախագահ Բալլարդը շարունակել է. «Վեհացման օրհնությունների շնորհման ճշգրիտ ժամանակն ու եղանակը ամբողջովին բացահայտված չեն, բայց դրանք, այնուամենայնիվ, երաշխավորված են» («Հույս Քրիստոսում», 55, շեշտադրումն ավելացված է)։ Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Տիրոջ հարմար ձևով և ժամանակին, ոչ մի [օրհնություն] հետ չի պահվի Նրա հավատարիմ Սրբերից։ Տերը կդատի և կհատուցի յուրաքանչյուր անձի ինչպես ըստ գործերի, այնպես էլ ըստ սրտաբուխ ցանկությունների» («Սելեստիալ ամուսնություն», Լիահոնա, նոյ․ 2008, 94)։ Եվ Նախագահ Օուքսը բացատրել է․ «Մահկանացու կյանքի ամենակարևոր զրկանքներից շատերը կուղղվեն Հազարամյակում, որը մեր Հոր բոլոր արժանի զավակների երջանկության մեծ ծրագրի բոլոր անավարտ գործերի ավարտման ժամանակն է» (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 75)։ Տես նաև ծանոթագրություն 5-ը։

  7. Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Փրկության ծրագիրը», scriptures.ChurchofJesusChrist.org; see also Gospel Topics, տես նաև Ավետարանական թեմաներ, «Փրկության ծրագիրը», topics.ChurchofJesusChrist.org, «Դաս 2. Փրկության ծրագիրը», Քարոզիր Իմ Ավետարանը, 51–54, 57։

  8. Տես «Դաս 2. Փրկության Ծրագիրը», Քարոզիր Իմ Ավետարանը, 53։

  9. Տես «Դաս 2. Փրկության Ծրագիրը», Քարոզիր Իմ Ավետարանը, 51-54։

  10. Տես «Դաս 2. Փրկության Ծրագիրը», Քարոզիր Իմ Ավետարանը, 51-54։

  11. Մոսիա 15.27։ Հավերժական արդարության կամ Աստծո արդարության մասին հղումները շատ են սուրբ գրություններում, բայց հատկապես տես Ալմա 41․2-8 և Ալմա 42։

  12. Տես Ալմա 42․14-24, Մովսես 1․39։

  13. Տես «Դաս 2. Փրկության Ծրագիրը», Քարոզիր Իմ Ավետարանը, 51-54։

  14. Տես Ալմա 34․9-13, տես նաև Մոսիա 13․28, 34-35, 15․1-9, Ալմա 42․15։

  15. Ղուկաս 2․10։

  16. Հովհաննես 3․16։

  17. Տես Հելաման 14.15-17, Մորմոն 9.12-14։

  18. Տես ծանոթագրություն 5 և 6։

  19. Մոսիա 15․8-9։

  20. «Ո՞րն է իմ նպատակը որպես միսիոներ», Քարոզիր Իմ Ավետարանը, 1, տես նաև «Դաս 3. Հիսուս Քրիստոսի ավետարանը», Քարոզիր Իմ Ավետարանը, 66։

  21. Ռասսել Մ․ Նելսոն, «Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն», Լիահոնա, նոյեմբեր 2021, 6, շեշտադրումներն ավելացված են։

  22. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հիսուս Քրիստոսը երիտասարդության ուժն է», Լիահոնա, նոյ. 2022, 11, տես նաև Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար (2022), 4։

  23. Դեյլ Գ. Ռենլանդ, «Միսիոներների հավերժական դարձը» (ուղերձը տրվել է միսիայի ղեկավարների սեմինարին, հունիսի 25, 2021), 1, Church History Library, Salt Lake City։

  24. Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Պատկանելություն ուխտին», Լիահոնա, նոյ․ 2022, 56, տես նաև Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Սրբերի ուրախությունը», Լիահոնա, նոյ. 2019, 15-18։

  25. Տես Հակոբոս 4․11, Վարդապետություն և Ուխտեր 20․54, Սուրբ գրքերի ուղեցույց, «Չարախոսություն», scriptures.ChurchofJesusChrist.org։

  26. Տես Ահմադ Ս․ Քորբիտ, “Activism vs. Discipleship: Protecting the Valiant” (address given at the chaplains’ seminar, Oct. 2022), cdn.vox-cdn.com/uploads/chorus_asset/file/24159863/Brother_Corbitt_Chaplain_seminar.pdf; video: media2.ldscdn.org/assets/general-authority-features/2022-chaplain-training-seminar/2022-10-1000-activism-vs-discipleship-1080p-eng.mp4։

  27. Բ Հովհաննես 1․9-10։

  28. Տես Թվոց 21․5-9։

  29. 2 Նեփի 25․20։

  30. Ալմա 33․20։

  31. 2 Նեփի 31․21։

  32. Տես «2021 Հեռարձակում. Սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքները», broadcasts.ChurchofJesusChrist.org, տես նաև Գարի Ի. Սթիվենսոն, «Սիրեք, կիսվեք, հրավիրեք», Լիահոնա, մայիս 2022, 84–87։

  33. 2 Նեփի 2․8։