Գերագույն համաժողով
«Չէր կարող լինել ոչինչ այնպես ուժգին և քաղցր, ինչպիսին իմ ուրախությունն էր»
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


«Չէր կարող լինել ոչինչ այնպես ուժգին և քաղցր, ինչպիսին իմ ուրախությունն էր»

Ամենօրյա ապաշխարությունը և Հիսուս Քրիստոսի մոտ գալը ուրախություն զգալու ճանապարհն է՝ ուրախություն, որը վեր է մեր երևակայությունից:

Իր մահկանացու ծառայության ողջ ընթացքում Փրկիչը մեծ կարեկցանք դրսևորեց Աստծո բոլոր զավակների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր տառապում էին կամ այլևս հավատարիմ չէին: Երբ փարիսեցիները Հիսուսին քննադատում էին մեղավորների հետ շփվելու և նրանց հետ ճաշելու համար, Նա պատասխանեց՝ ուսուցանելով երեք ծանոթ առակները:1 Այդ առակներից յուրաքանչյուրում Նա ընդգծեց մոլորվածներին փնտրելու կարևորությունը և այն ուրախությունը, որը զգում ենք, երբ նրանք վերադառնում են: Օրինակ՝ կորած ոչխարի առակում Նա ասաց. «Երկնքում [մեծ] ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի»:2

Այսօր ես ցանկանում եմ ամրապնդել կապը ուրախության և ապաշխարության միջև. մասնավորապես, այն ուրախության, որը գալիս է, երբ մենք ապաշխարում ենք, և ուրախության զգացման միջև, որը մենք ունենում ենք, երբ հրավիրում ենք ուրիշներին գալ Քրիստոսի մոտ և ստանալ Նրա քավիչ զոհաբերությունն իրենց կյանքում:

Մենք կանք, որպեսզի ունենանք ուրախություն

Սուրբ գրություններում ուրախություն բառը սովորաբար շատ ավելին է նշանակում, քան գոհունակության կամ նույնիսկ երջանկության զգացումների անցնող պահերը: Ուրախությունն այս համատեքստում աստվածային հատկանիշ է, որը դրսևորվում է իր լրիվությամբ, երբ մենք վերադառնում ենք ապրելու Աստծո ներկայության մեջ:3 Այն ավելի խորն է, բարձրացնող, տոկուն և կյանք փոխող, քան ցանկացած հաճույք կամ մխիթարություն, որ այս աշխարհը կարող է առաջարկել:

Մենք ստեղծված ենք ուրախություն ունենալու համար: Դա մեր նախատեսած ճակատագիրն է՝ որպես սիրող Երկնային Հոր զավակներ: Նա ցանկանում է կիսել Իր ուրախությունը մեզ հետ: Մարգարե Լեքին ուսուցանել է, որ մեզանից յուրաքանչյուրի համար Աստծո ծրագիրն այն է, որ մենք «ունենանք ուրախություն»:4 Քանի որ մենք ապրում ենք ընկած աշխարհում, տևական ուրախությունը կամ հարատև ուրախությունը հաճախ մեզ անհասանելի է թվում: Սակայն հաջորդ հատվածում Լեքին բացատրում է, որ «Մեսիան [եկավ] … , որպեսզի փրկագնի [մեզ] անկումից»:5 Փրկագնումը՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից և Նրա միջոցով, հնարավոր է դարձնում ուրախությունը:

Ավետարանի ուղերձը հույսի ուղերձ է, «մեծ ուրախության ավետիս»6 և այն միջոցը, որով բոլորը կարող են զգալ խաղաղություն և ուրախության առիթներ այս կյանքում և ստանալ ուրախության լիություն՝ գալիք կյանքում:7

Ուրախությունը, որի մասին մենք խոսում ենք, նվեր է հավատարիմների համար, սակայն այն գին ունի: Ուրախությունը ո՛չ էժան է, ո՛չ էլ պատահաբար տրված: Ավելի շուտ, այն գնվել է «[Հիսուս] Քրիստոսի պատվական արյունով»:8 Եթե մենք իսկապես հասկանայինք ճշմարիտ, աստվածային ուրախության արժեքը, մենք չէինք վարանի զոհաբերել աշխարհիկ ունեցվածքը կամ կատարել կյանքի ցանկացած անհրաժեշտ փոփոխություն՝ այն ստանալու համար:

Մորմոնի Գրքում հզոր, բայց խոնարհ թագավորը հասկացավ սա: «Ի՞նչ պիտի ես անեմ, - նա հարցրեց, - որ կարողանամ ծնվել Աստծուց, այս ամբարիշտ հոգին արմատախիլ անելով իմ կրծքից, և ստանամ նրա Հոգին, որպեսզի կարողանամ լցվել ուրախությամբ: … Ահա, ասաց նա, ես կհրաժարվեմ բոլոր բաներից, ինչ ես ունեմ, այո՛, ես կթողնեմ իմ թագավորությունը, որպեսզի կարողանամ ստանալ այդ մեծ ուրախությունը»։9

Թագավորի հարցին ի պատասխան՝ միսիոներ Ահարոնն ասաց. «Եթե դու ցանկանաս այս բանը, … եթե դու խոնարհվես Աստծո առաջ… [և] եթե դու ապաշխարես քո բոլոր մեղքերից»:10 Ապաշխարությունը դեպի ուրախություն տանող ճանապարհն է,11 քանի որ դա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Փրկիչ Հիսուս Քրիստոսը:12

Ուրախությունը գալիս է անկեղծ ապաշխարության միջոցով

Ոմանց համար ապաշխարությունը ուրախության ուղի համարելը կարող է հակասական թվալ: Ապաշխարությունը երբեմն կարող է ցավոտ և դժվարին լինել: Դա պահանջում է ընդունել, որ մեր որոշ մտքեր և արարքներ, նույնիսկ մեր որոշ համոզմունքներ սխալ են եղել: Ապաշխարությունը նաև փոփոխություն է պահանջում, որը երբեմն կարող է անհարմարավետ լինել: Սակայն ուրախությունն ու հարմարավետությունը նույն չեն։ Մեղքը, ներառյալ ինքնագոհության մեղքը, սահմանափակում է մեր ուրախությունը:

Ինչպես ասում է Սաղմոսերգուն. «Գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն»:13 Երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից, մենք պետք է կենտրոնանանք հաջորդող մեծ ուրախության վրա: Գիշերը կարող է երկար թվալ, բայց առավոտը գալիս է, և, օ՜, որքան ուժգին է խաղաղությունը ու հոյակապ է ուրախությունը, որը մենք զգում ենք, երբ Փրկչի Քավությունը ազատում է մեզ մեղքից և տառապանքից:

Չէր կարող լինել ոչինչ այնպես ուժգին և քաղցր

Քննարկեք Ալմայի փորձառությունը Մորմոնի Գրքում: Նա «պրկված էր հավերժական տանջանքից», իսկ նրա հոգին «տակնուվրա էր եղել» իր բոլոր մեղքերից: Բայց երբ նա դիմեց Փրկչին ողորմության համար, նա «այլևս չկարողացա[վ] հիշել [իր] ցավերը»:14

«Եվ օ՜, ինչ ուրախություն, - հայտարարեց նա, - և ինչ սքանչելի լույս տեսա ես. այո, … չէր կարող լինել ոչինչ այնպես ուժգին և քաղցր, ինչպիսին իմ ուրախությունն էր»:15

Սա ուրախության այն տեսակն է, որը հասանելի է նրանց, ովքեր գալիս են Հիսուս Քրիստոսի մոտ ապաշխարության միջոցով:16 Ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել․

«Ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունից։ …

Երբ ընտրում ենք ապաշխարությունը, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկչին վերափոխելու և դարձնելու մեզ մեր անձի լավագույն տարբերակը: Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ստանալ ուրախություն՝ փրկագնման ուրախությունը Նրանում։ Երբ որոշում ենք ապաշխարել, մենք որոշում ենք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին»։17

Ապաշխարությունը ուրախություն է բերում, քանի որ այն նախապատրաստում է մեր սրտերը Սուրբ Հոգու ազդեցությունը ստանալու համար: Լցվել Սուրբ Հոգով՝ նշանակում է լցվել ուրախությամբ: Իսկ ուրախությամբ լցվել նշանակում է լցվել Սուրբ Հոգով:18 Մեր ուրախությունը մեծանում է, երբ մենք ամեն օր աշխատում ենք Հոգին մեր կյանք բերելու համար: Ինչպես ուսուցանել է Մորմոն մարգարեն. «Այնուամենայնիվ, նրանք հաճախ ծոմ էին պահում ու աղոթում և դառնում էին ավելի ու ավելի ուժեղ իրենց խոնարհության մեջ, և ավելի ու ավելի կայուն՝ Քրիստոսի հավատքում, որը նրանց հոգիները լցնում էր ուրախությամբ ու սփոփանքով»:19 Տերը խոստանում է բոլոր նրանց, ովքեր աշխատում են հետևել Իրեն. «Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին»:20

Ուրիշներին ապաշխարելու հարցում օգնելու ուրախությունը

Երբ մենք զգում ենք այն ուրախությունը, որը գալիս է անկեղծ ապաշխարությունից, մենք բնականաբար ցանկանում ենք կիսել այդ ուրախությունը ուրիշների հետ: Այդ ժամանակ մեր ուրախությունը բազմապատկվում է: Դա հենց այն է, ինչ պատահեց Ալմայի հետ:

«Սա է իմ հրճվանքը, որ գուցե կարողանամ Աստծո ձեռքում գործիք լինել, որ ինչ-որ մի հոգու ապաշխարության բերեմ. և այս է իմ ուրախությունը:

«Եվ ահա, երբ ես տեսնում եմ իմ եղբայրներից շատերին՝ իսկապես զղջացող, և եկող դեպի Տերը՝ իրենց Աստվածը, այդ ժամանակ է իմ հոգին լցվում ուրախությամբ. այդ ժամանակ եմ ես հիշում, թե ինչ է Տերն արել ինձ համար, … այդ ժամանակ ես հիշում եմ նրա ողորմած բազուկը, որը նա մեկնեց դեպի ինձ»:21

Ուրիշներին ապաշխարելու հարցում օգնելը Փրկչի հանդեպ մեր երախտագիտության բնական արտահայտությունն է և մեծ ուրախության աղբյուր է: Տերը խոստացել է.

«Եվ, եթե լինի այնպես, որ դուք … բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում:

Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ՝ … որքան մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ»։22

Որքա՜ն մեծ է նրա ուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է

Ես գտնում եմ, որ օգտակար է փորձել պատկերացնել այն ուրախությունը, որը Փրկիչը պետք է զգա ամեն անգամ, երբ մենք ստանում ենք Նրա քավիչ զոհաբերության օրհնությունները մեր կյանքում:23 Ինչպես մեջբերում է նախագահ Նելսոնը,24 Եբրայեցիներին ուղղված իր նամակում Պողոս Առաքյալը կիսվել է այս նուրբ գաղափարով. «Դեն գցենք ամեն … մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, … նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ … և Աստծու աթոռի աջ կողմում նստեց»:25 Մենք հաճախ ենք խոսում Գեթսեմանիի և Գողգոթայի ցավի և տառապանքի մասին, բայց հազվադեպ ենք խոսում այն մեծ ուրախության մասին, որը Փրկիչը պետք է ակնկալեր, երբ Նա իր կյանքն առաջարկեց մեզ համար: Ակնհայտ է, որ Նրա ցավն ու տառապանքը մեզ համար էին, որպեսզի մենք կարողանանք զգալ Նրա հետ Աստծո ներկայություն վերադառնալու ուրախությունը:

Հին Ամերիկայում մարդկանց ուսուցանելուց հետո Փրկիչը հայտնեց Իր մեծ սերը նրանց հանդեպ՝ ասելով.

«Եվ այժմ ահա, իմ ուրախությունը մեծ է, մինչև իսկ լիակատար՝ ձեր շնորհիվ … այո, նույնիսկ Հայրն է ցնծում, և նաև, բոլոր սուրբ հրեշտակները: …

Ես լիակատար ուրախություն ունեմ [ձեզանում]»:26

Եկեք Քրիստոսի մոտ և ընդունեք Նրա ուրախությունը

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես եզրափակում եմ՝ կիսվելով իմ անձնական վկայությամբ, որը ես համարում եմ սուրբ պարգև: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է։ Ես գիտեմ, որ Նա սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Նրա եզակի ուշադրությունը, Նրա «գործը և [Նրա] փառքն»27 է՝ օգնել մեզ ստանալ ուրախության լիությունը Իրենում: Ես անձնապես վկայում եմ, որ ամենօրյա ապաշխարությունը և Հիսուս Քրիստոսի մոտ գալը ուրախություն զգալու ճանապարհն է՝ ուրախություն, որը վեր է մեր երևակայությունից:28 Ահա թե ինչու մենք այստեղ ենք՝ երկրի վրա: Ահա թե ինչու Աստված մեզ համար պատրաստեց երջանկության Իր մեծ ծրագիրը: Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»29 և միակ «անուն[ը]՝ երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում»:30 Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: