Գերագույն համաժողով
Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցնում է սպասավորել
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցնում է սպասավորել

Մեր Փրկչի օգնությամբ մենք կարող ենք սիրել Նրա թանկագին ոչխարներին և ծառայել նրանց այնպես, ինչպես Նա կծառայեր:

Տեր Հիսուս Քրիստոսն ասել է․

«Ես եմ բարի հովիւը, և ես իմիններին ճանաչում եմ…․ իմ անձը դնում եմ ոչխարների համար»։

Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը և իմ կյանքը տալիս եմ ոչխարների համար»։1

Այս հատվածի հունարեն տարբերակում «բարի» բառը նաև նշանակում է «գեղեցիկ, հոյակապ»։ Այսպիսով, այսօր ես ցանկանում եմ խոսել Բարի Հովվի, Գեղեցիկ Հովվի, Հոյակապ Հովվի՝ Հիսուս Քրիստոսի մասին:

Նոր Կտակարանում Նա կոչվում է «մեծ հովիվ»,2 «Հովվապետ»3 և «[մեր] հոգիների Հովիվն ու Տեսուչը»:4

Հին Կտակարանում եսայիան գրել է, որ «Հովվի նման Նա հովվելու է իր հոտը»։5

Մորմոնի Գրքում Նրան կոչում են «բարի հովիվ»6 և «մեծ ու ճշմարիտ հովիվ»։7

Վարդապետություն և Ուխտերում Նա հայտարարել է․ «Ուստի, ես ձեր մեջ եմ, և ես եմ բարի հովիվը»:8

Մեր օրերում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է. «Բարի Հովիվը սիրով հոգ է տանում Իր հոտի բոլոր ոչխարների մասին, իսկ մենք ճշմարիտ հովվի օգնականներն ենք: Մենք արտոնված ենք կրելու Նրա սերը և ավելացնել մեր սերը ընկերների և հարևանների հանդեպ՝ կերակրելով, խնամելով և սնուցելով նրանց այնպես, ինչպես Փրկիչը կկամենար, որ մենք անենք»:9

Վերջերս նախագահ Նելսոնը ասել է․ «Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու առանձնահատկությունը միշտ կլինի Աստծո զավակներին և նրանց ընտանիքներին ծառայելու կազմակերպված և ուղղված ջանքերը։ Քանի որ սա Նրա Եկեղեցին է, մենք՝ Նրա ծառաները, կսպասավորենք անհատին, ինչպես Նա ծառայեց։ Մենք կսպասավորենք Նրա անունով, Նրա զորությամբ և իշխանությամբ և Նրա սիրառատ բարությամբ»։10

Երբ փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին Տիրոջ դեմ և ասում. «Սա ընդունում է մեղաւորներին եւ նորանց հետ ուտում»,11 Նա պատասխանում է՝ ներկայացնելով երեք գեղեցիկ պատմություն, որոնք մեզ ծանոթ են՝ որպես կորած ոչխարի առակը, կորած դրամի առակը և անառակ որդու առակը։

Հետաքրքիր է նշել, որ երբ Ղուկասը՝ ավետարանիչը, ներկայացնում էր այդ երեք պատմությունը, նա առակ բառը օգտագործում էր եզակի թվով և ոչ թե հոգնակի:12 Երևում է, որ Տերը եզակի և հատուկ դաս է տալիս երեք պատմության միջոցով․ պատմություններ, որոնք ներկայացնում են տարբեր թվեր՝ 100 ոչխար, 10 մետաղադրամ և 2 որդի:

Սակայն, այս պատմություններից յուրաքանչյուրի առանցքային թիվը՝ մեկ թիվն է: Եվ այն դասը, որը մենք կարող ենք քաղել այդ թվից, այն է, որ դուք կարող եք հովվի օգնականներ լինել ձեր երեցների քվորումի 100 երեցի և ապագա երեցների համար, կամ 10 երիտասարդ կնոջ խորհրդական, կամ Երեխաների միության 2 երեխայի ուսուցիչ, բայց մենք միշտ ծառայում ենք, հոգ ենք տանում նրանց մասին և սիրում ենք նրանց մեկ առ մեկ։ Դուք երբեք չեք ասում․ «Ինչ հիմար ոչխար է», կամ «Ի վերջո, ինձ իսկապես պետք չէ այդ մետաղադրամը» կամ «Ինչ ըմբոստ որդի է նա»։ Եթե ես և դուք ունենանք «Քրիստոսի մաքուր սերը»,13 ապա մենք, կորած ոչխարների պատմության մարդու նման, «իննսունինը կթողնենք ․․․ և կորածի հետևից կգնանք, մինչև [մինչև, մինչև մենք] այն գտնենք»։14 Կամ՝ կորած դրամի պատմության կնոջ նման, մենք «ճրագ կվառենք, տունն ավլենք ու [ջանասիրաբար] փնտրենք, մինչև [մինչև, մինչև մենք] գտնենք այն»։15 Եթե մենք ունենանք «Քրիստոսի մաքուր սերը», մենք կհետևենք անառակ որդու պատմության հոր օրինակին, որը, երբ որդին «դեռ հեռու էր, տեսավ նրան և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան»։16

Կարո՞ղ ենք արդյոք հրատապ օգնելու կարիքը զգալ այն մարդու սրտում, որը կորցրեց միայն մեկ ոչխար։ Կա՞մ՝ զգալ հրատապ օգնելու կարիքը միայն մեկ դրամ կորցրած կնոջ սրտում: Կա՞մ՝ անառակ որդու հոր սրտում զգալ անասելի սերն ու կարեկցանքը:

Ես և կինս՝ Մարիա Իզաբելը, ծառայության էինք ուղարկվել Կենտրոնական Ամերիկայի Գվատեմալա Սիթի մայրաքաղաք։ Այնտեղ ես հնարավորություն ունեցա ծանոթանալ Ջուլիայի՝ Եկեղեցու հավատարիմ մի անդամի հետ: Ես հուշում ստացա հարցնել նրան իր ընտանիքի մասին: Նրա մայրը 2011 թվականին մահացել էր քաղցկեղից։ Նրա հայրը եղել էր հավատարիմ ղեկավար իր ցցում՝ ծառայելով որպես եպիսկոպոս և մի քանի տարի որպես իր ցցի նախագահի խորհրդական: Նա Տիրոջ իսկական հովվի օգնականներից մեկն էր: Ջուլիան ինձ պատմեց իր հայրիկի՝ այցելելու, ծառայելու և սպասավորելու անխոնջ ջանքերի մասին: Նա իսկապես ուրախանում էր, երբ արածեցնում և խնամում էր Տիրոջ թանկարժեք «ոչխարներին»: Նա նորից ամուսնացավ և ակտիվ մնաց Եկեղեցում:

Մի քանի տարի անց նա ամուսնալուծվեց և այժմ ստիպված էր ևս մեկ անգամ միայնակ հաճախել եկեղեցի: Նա իրեն օտար էր զգում և նաև զգում էր, որ մարդիկ քննադատում են իրեն՝ իր ամուսնալուծության պատճառով: Նա դադարեց եկեղեցի հաճախել, քանի որ բացասական մտքերը տանջում էին նրան:

Ջուլիան բարձր էր գնահատում հովվի այս հրաշալի օգնականին, որը աշխատասեր, սիրող և կարեկից մարդ էր: Ես լավ հիշում եմ, որ հրատապ օգնելու զգացում առաջացավ ինձ մոտ, երբ Ջուլիան նկարագրում էր նրան։ Ես պարզապես ուզում էի ինչ-որ բան անել այդ մարդու համար, մի մարդու, որը տարիներ շարունակ այդքան շատ բան էր արել այդքան մարդկանց համար:

Նա ինձ տվեց այդ մարդու բջջայինի հեռախոսահամարը, և ես զանգահարեցի նրան՝ հուսալով, որ հնարավորություն կունենամ անձամբ հանդիպելու նրա հետ: Մի քանի շաբաթ անց և բազմաթիվ ապարդյուն հեռախոսազանգերից հետո մի օր նա վերջապես պատասխանեց զանգին:

Ես ասացի, որ հանդիպել եմ Ջուլիային՝ նրա դստերը, և հիացած էի նրանով, թե նա ինչպես է այսքան տարիներ ծառայել, սպասավորել և սիրել Տիրոջ թանկարժեք «ոչխարներին»: Նա նման խոսքեր չէր սպասում։ Ես ասացի, որ շատ եմ ուզում անձամբ տեսնել նրան՝ դեմ առ դեմ։ Նա ինձ հարցրեց, թե ինչու եմ նման հանդիպում ցանկանում։ Ես պատասխանեցի. «Ես իսկապես ցանկանում եմ ծանոթանալ նման հրաշալի աղջկա հայրիկի հետ»: Ապա՝ մի քանի վայրկյան լռություն տիրեց խոսափողի մեջ․ մի քանի վայրկյան, որոնք ինձ հավերժություն թվացին: Նա պարզապես ասաց. «Ե՞րբ և որտե՞ղ»:

Մեր հանդիպման օրը ես հրավիրեցի նրան ինձ հետ կիսվել Տիրոջ թանկարժեք ոչխարներին այցելելու, ծառայելու և սպասավորելու իր փորձառություններից մի քանիսով: Երբ նա պատմում էր մի քանի հուզիչ պատմություն, ես նկատեցի, որ նրա ձայնի երանգը փոխվեց, և այն նույն Հոգին, որը նա բազմիցս զգացել էր հովվի օգնական լինելու ժամանակ, վերադարձավ: Այժմ նրա աչքերը լի էին արցունքներով։ Ես գիտեի, որ պահը մոտեցել էր, բայց հասկացա, որ խոսքեր չեմ գտնում։ Մտքումս աղոթեցի․ «Հայր, օգնի՜ր ինձ»։

Հանկարծ անսպասելի կերպով ասացի․ «Եղբայր Ֆլորիան, որպես Տիրոջ ծառա, ես ներողություն եմ խնդրում, որ մենք քո կողքին չէինք։ Խնդրում եմ, ներիր մեզ։ Տուր մեզ ևս մեկ հնարավորություն՝ ցույց տալու քեզ, որ մենք իսկապես սիրում ենք քեզ: Որ մենք ունենք քո կարիքը: Որ դու կարևոր ես մեզ համար»:

Հաջորդ կիրակի նա վերադարձավ։ Նա երկար զրույց ունեցավ իր եպիսկոպոսի հետ և մնաց ակտիվ։ Մի քանի ամիս անց նա մահացավ, բայց նա վերադարձել էր: Նա վերադարձել էր: Ես վկայում եմ, որ մեր Փրկչի օգնությամբ մենք կարող ենք սիրել Նրա թանկագին ոչխարներին և ծառայել նրանց այնպես, ինչպես Նա կծառայեր: Եվ այսպես, Գվատեմալա Սիթիում Տեր Հիսուս Քրիստոսը ևս մեկ թանկագին ոչխար բերեց Իր հոտը: Եվ Նա ինձ դաս տվեց սպասավորության մասին, որը ես չեմ կարող մոռանալ: Բարի Հովվի, Գեղեցիկ Հովվի, Հոյակապ Հովվի՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: