Գերագույն համաժողով
Հավատքի սանդուղք
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Հավատքի սանդուղք

Անհավատությունն արգելափակում է հրաշքներ տեսնելու մեր կարողությունը, մինչդեռ Փրկիչի հանդեպ հավատքի մտածելակերպը բացում է երկնքի զորությունները:

Ինչպե՞ս կազդեն կյանքի դժվարությունները Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի վրա: Եվ ի՞նչ ազդեցություն կունենա մեր հավատքը այն ուրախության և խաղաղության վրա, որը մենք զգում ենք այս կյանքում:

1977 թվականն էր։ Հնչեց հեռախոսազանգը և այն, ինչ լսեցինք, կոտրեց մեր սրտերը։ Քերոլինն ու Դագ Թեբսները մագիստրատուրան ավարտելուց հետո պատրաստվում էին տեղափոխվել իրենց նոր տունը: Երեցների քվորումն օգնում էր իրերը բարձել բեռնափոխադրող մեքենայի մեջ։ Դագը, համոզվելով, որ ճանապարհն ազատ է, նախքան հեռանալը, վերջին անգամ զննեց շուրջբոլորը։ Նա չէր կարող տեսնել, որ իր փոքրիկ դուստրը՝ Ջենին, շատ սխալ պահի վազեց դեպի բեռնատարի հետևը: Մեկ վայրկյանում նրանց սիրելի Ջեննին հեռացավ կյանքից։

Ի՞նչ պիտի լիներ հետո։ Արդյո՞ք նրանց այդ խորը ցավը և կորստի աներևակայելի զգացումը անհաշտ անդունդ կստեղծեր Քերոլինի և Դագի միջև, թե՞ այն կկապեր նրանց սրտերն ու կամրապնդեր հավատքը Երկնային Հոր ծրագրի հանդեպ:

Չարչարանքների միջով անցնող ճանապարհը երկար ու ցավոտ է եղել նրանց համար, բայց ինչ-որ տեղից հոգևոր պաշարներ են եկել՝ հույսը չկորցնելու, և «ճանապարհը շարունակ[ելու]» համար։1 Ինչ-որ կերպ այս հրաշալի զույգը դարձավ ավելի Քրիստոսանման: Ավելի նվիրված։ Ավելի կարեկից: Նրանք հավատում էին, որ Իր ժամանակին, Աստված «կնվիրագործի [իրենց] չարչարանքները [իրենց] օգտի համար»։2

Թեև ցավն ու կորուստը չէին հեռանա անհետ, Քերոլինն ու Դագը մխիթարվեցին այն հավաստիացումով, որ ուխտի ճանապարհին ամուր մնալու դեպքում սիրելի Ջենին հավիտյան իրենցը կլինի:3

Նրանց օրինակն ամրացրել է իմ հավատքը Տիրոջ ծրագրի հանդեպ: Մենք չենք տեսնում բոլոր բաները։ Նա տեսնում է։ Լիբերթիի բանտում Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ «այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար: Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա»:4

Երբ մենք ընդունում ենք Տիրոջ կամքը, Նա սովորեցնում է մեզ, թե ինչպես քայլել Նրա հետ:5 Երբ ես երիտասարդ միսիոներ էի Թաիթիում, ինձ խնդրեցին սպասավորել մի հիվանդ նորածնի: Մենք մեր ձեռքերը դրեցինք նրա գլխին և օրհնեցինք, որ լավանա։ Փոքրիկի առողջական վիճակը սկսեց լավանալ, բայց հետո նորից վատթարացավ։ Մենք օրհնեցինք նրան երկրորդ անգամ, սակայն արդյունքը նույնն էր։ Հետևեց երրորդ խնդրանքը։ Մենք աղաչեցինք Տիրոջը, որ Նրա կամքը կատարվի: Կարճ ժամանակ անց այս փոքրիկ հոգին վերադարձավ իր երկնային տուն:

Սակայն մենք խաղաղ էինք: Մենք ուզում էինք, որ երեխան ապրեր, բայց Տերն այլ ծրագրեր ուներ: Անկախ մեր հանգամանքներից, ուրախություն գտնելու համար կարևոր է, որ Նրա կամքն ընդունենք՝ մեր կամքի փոխարեն։

Այն պարզ հավատքը, որն ունենում ենք առ Հիսուս Քրիստոս, երբ առաջին անգամ սկսում ենք սովորել Նրա մասին, կարող է մնալ մեր սրտերում՝ կյանքի մարտահրավերներին դիմակայելիս։ Նրա հանդեպ մեր հավատքը կառաջնորդի մեզ կյանքում բարդություններ ունենալու ժամանակ: Իսկապես, մենք կտեսնենք, որ կյանքի բարդությունների մյուս կողմում պարզություն կա6, երբ մենք լցված ենք «Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն»։7

Կյանքի նպատակի մի մասն է՝ թույլ տալ, որ այս գայթակղության քարերը քայլաքարեր դառնան մեր ճանապարհին, երբ մենք բարձրանում ենք «հավատքի սանդուղքով»։ Ես կոչել եմ դա սանդուղք, քանի որ այդ բնութագիրը հուշում է, որ հավատքն անշարժ չէ: Այն կարող է վեր կամ վար ընթանալ՝ կախված մեր կատարած ընտրություններից:

Ձգտելով հավատք կառուցել Փրկիչի հանդեպ՝ մենք գուցե լիովին չըմբռնենք Աստծո սերը մեր հանդեպ, և հնազանդվենք Նրա օրենքներին՝ պարտավորության զգացումից ելնելով: Մեր հիմնական դրդապատճառը կարող է նույնիսկ մեղքի զգացումը լինել, և ոչ թե՝ սերը։ Իրական կապը Նրա հետ գուցե դեռ չզգացվի։

Երբ ձգտում ենք մեծացնել մեր հավատքը, մեզ գուցե շփոթեցնեն Հակոբոսի ուսուցանած խոսքերը: Նա հիշեցրել է մեզ, որ «հաւատքն առանց գործերի մեռած է»։8 Մենք կարող ենք սայթաքել, եթե մտածենք, որ ամեն ինչ մեզանից է կախված։ Սեփական ուժերին չափից ավելի վստահելը կարող է խանգարել մեզ, որ ստանանք երկնային ուժերի հասանելիությունը։

Բայց երբ շարժվում ենք դեպի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հավատքը, մեր մտածելակերպը սկսում է փոխվել: Մենք գիտակցում ենք, որ Փրկիչի հանդեպ հնազանդությունն ու հավատքը մեզ արժանի են դարձնում, որ Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք։9 Հնազանդությունն այլևս անհանգստացնող չէ, այլ դառնում է պահանջված:10 Մենք գիտակցում ենք, որ Աստծո պատվիրաններին հնազանդվելը թույլ է տալիս, որ Նա վստահի մեզ: Նրա վստահության հետ ավելի մեծ լույս է գալիս։ Այս լույսն առաջնորդում է մեր ճամփորդությունը և թույլ է տալիս ավելի հստակ տեսնել այն ճանապարհը, որը մենք պետք է անցնենք:

Եվ սա դեռ ամենը չէ։ Երբ Փրկիչի հանդեպ մեր հավատքն աճում է, մենք նկատում ենք մի նուրբ տեղաշարժ, որում կա Աստծո հետ մեր հարաբերությունների աստվածային ըմբռնում։ Դա մի կայուն տեղաշարժ է «Ի՞նչ եմ ուզում ես» հարցից դեպի «Ի՞նչ է ուզում Աստված» հարցը: Փրկիչի նման, մենք ցանկանում ենք գործել «ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու» սկզբունքով:11 Մենք ցանկանում ենք կատարել Աստծո գործը և գործիք լինել Նրա ձեռքերում:12

Մեր առաջընթացը հավերժական է։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է, որ ավելի շատ բաներ կան, որոնց մասին Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք իմանանք:13 Երբ մենք առաջադիմում ենք, ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է Տերն ուսուցանել Ջոզեֆ Սմիթին. «Քանզի եթե դուք պահեք իմ պատվիրանները, դուք կստանաք նրա լիությունը, և կփառավորվեք ինձանով, … հետևաբար, ես ասում եմ ձեզ, որ դուք կստանաք շնորհ՝ շնորհի տեղ»:14

Դա մեր որոշումն է՝ թե որքան բարձր կբարձրանանք մենք հավատքի սանդուղքով։ Երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է, որ «հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության»:15 Մենք ենք կատարում այն ընտրությունները, որոնք անհրաժեշտ են Փրկիչի հանդեպ մեր հավատքը մեծացնելու համար:

Դիտարկենք ընտրությունների ազդեցությունը, երբ Լամանն ու Լեմուելը հավատքի սանդուղքով իջնում էին, իսկ Նեփին ավելի էր բարձրանում։ Ավելի ակնհայտ լինո՞ւմ է արդյոք տարբերությունը՝ Նեփիի «Ես կգնամ ու կանեմ» պատասխանի16 և Լամանի և Լեմուելի՝ որոնք, հրեշտակին տեսնելուց հետո անգամ, ասացին․ «Ինչպե՞ս է դա հնարավոր, որ Տերը ․․․ հանձնի»:17

Անհավատությունն արգելափակում է հրաշքներ տեսնելու մեր կարողությունը, մինչդեռ Փրկիչի հանդեպ հավատքի մտածելակերպը բացում է երկնքի զորությունները:

Նույնիսկ, երբ մեր հավատքը թույլ է, Տիրոջ բազուկը միշտ մեկնված է:18 Տարիներ առաջ ինձ հանձնարարվել էր վերակազմավորել մի ցից Նիգերիայում: Վերջին պահին ամսաթվի փոփոխություն եղավ։ Ցցում մի մարդ կար, որը որոշել էր համաժողովի օրը բացակայել քաղաքից: Կանխազգալով, որ կարող էր ընտրվել ցցի նախագահ, նա հեռացել էր։

Այդ ընթացքում, նա սարսափելի վթարի էր ենթարկվել, սակայն չէր վնասվել։ Դա ստիպել էր նրան մտածել, թե ինչու իր կյանքը պահպանվեց։ Եվ նա վերանայեց իր կայացրած որոշումը։ Նա ապաշխարեց և խոնարհաբար մասնակցեց համաժողովին, որի անցկացման օրը փոխվել էր։ Եվ այո՛, նա կանչվեց որպես ցցի նոր նախագահ:

Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Միայն մեր կամքը Աստծո կամքին համապատասխանեցնելով է հնարավոր լիակատար երջանկություն գտնել: Այն, ինչ դրանից պակաս է, ավելի ցածր արդյունք է տալիս»:19

Ամեն բան անելուց հետո, «որ մեր ուժի սահմաններում է», ժամանակն է, որ «կանգնենք հանգիստ … տեսնելու Աստծո փրկությունը»։20 Ես դա տեսա, երբ ՄակՔորմիկ ընտանիքի սպասավորող եղբայրն էի։ Ամուսնացած լինելով շուրջ 21 տարի՝ Մերի Քեյը նվիրված կերպով ծառայել էր իր կոչումներում: Քենը Եկեղեցու անդամ չէր և չէր էլ ցանկանում դառնալ, բայց սիրելով կնոջը՝ եկեղեցի էր հաճախում նրա հետ:

Մի կիրակի ես հուշում ստացա կիսվել Քենի հետ իմ վկայությամբ։ Ես նրան հարցրի, թե արդյոք կարո՞ղ եմ կիսվել իր հետ։ Նրա պատասխանը կարճ ու հստակ էր. «Ո՛չ, շնորհակալություն»:

Ես շփոթված էի։ Ես հուշում էի զգացել և փորձել էի հետևել դրան: Գայթակղություն կար արձանագրելու, որ ես կատարել էի իմ բաժինը: Բայց աղոթքից և մտորումներից հետո ես տեսա, որ թեև իմ մտադրությունները ճիշտ էին, ես չափազանց շատ էի ապավինել ինքս ինձ և շատ քիչ՝ Տիրոջը:

Ավելի ուշ ես կրկին փորձեցի, սակայն մեկ այլ մտայնությամբ։ Ես պարզապես մոտեցա որպես գործիք Տիրոջ ձեռքում՝ միակ ցանկությամբ՝ հետևել Հոգուն: Իմ հավատարիմ զուգընկեր Ջերալդ Քարդոնի հետ մենք մտանք ՄակՔորմիկ ընտանիքի տուն:

Շատ չանցած ես հուշում ստացա հրավիրել Ջերալդին երգելու «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» օրհներգը:21 Նա ինձ նայեց հարցական հայացքով, բայց, ապավինելով իմ հավատքին, երգեց ինձ հետ։ Սենյակը լցվեց գեղեցիկ ոգով: Հուշում եկավ հրավիրելու Մերի Քեյին և Քրիստինին՝ նրանց դստերը, կիսվել իրենց վկայություններով: Երբ նրանք բերում էին իրենց վկայությունները, Հոգին ավելի ուժեղացավ: Քրիստինի վկայությունից հետո Քենի այտերով արցունքներ էին հոսում։22

Աստված գործեց։ Սրտերը ոչ միայն հուզվեցին, այլ ընդմիշտ փոխվեցին: Քսանմեկ տարվա անհավատությունը սրբվեց Սուրբ Հոգու զորությամբ: Մեկ շաբաթ անց Քենը մկրտվեց։ Մեկ տարի անց Քեն և Մերի Քեյերը կնքվեցին Տիրոջ տանը ժամանակի և հավերժության համար:

Միասին մենք զգացինք, թե ինչ է նշանակում փոխարինել մեր կամքը Տիրոջ կամքով, և մեր հավատքը Նրա հանդեպ մեծացավ:

Երբ ջանում եք վեր բարձրանալ ձեր հավատքի սանդուղքով, կխնդրեմ դիտարկեք մի քանի հարցեր, որոնք տվել են Աստծո սուրբ մարգարեները․

Արդյո՞ք ես զերծ եմ հպարտությունից:23

Արդյո՞ք ես իմ սրտում տեղ եմ տալիս Աստծո խոսքին:24

Արդյո՞ք ես թույլ եմ տալիս, որ իմ չարչարանքները նվիրագործվեն իմ օգտի համար:25

Արդյո՞ք ես պատրաստակամ եմ, որ իմ կամքը կուլ գնա Հոր կամքին:26

Եթե ես տրամադրված եմ եղել երգելու քավիչ սիրո երգը, այժմ ես ունե՞մ այդպիսի զգացում:27

Ես պատրա՞ստ եմ թույլ տալ Աստծուն տնօրինել իմ կյանքը:28

Եթե դուք տեսնում եք, որ ձեր ներկայիս ուղին հակասում է Փրկիչի հանդեպ ձեր հավատքին, ապա, խնդրում եմ, գտեք դեպի Փրկիչը վերադարձնող ճանապարհը: Ձեր և ձեր ժառանգների վեհացումը դրանից է կախված:

Եկեք մեր սրտի խորքում տնկենք հավատքի սերմերը։ Եկեք սնուցենք այդ սերմերը և կապենք մեզ Փրկիչի հետ՝ պատվելով ուխտերը, որոնք կապել ենք Նրա հետ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։