Գերագույն համաժողով
Բարձրացրու սիրտդ և ցնծա
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Բարձրացրու սիրտդ և ցնծա

Մենք ծնվել ենք այս ժամանակաշրջանում, աստվածային նպատակի՝ Իսրայելի հավաքման համար:

Խոսելով նորադարձ Թոմաս Բ. Մարշի հետ, Տերը քաջալերանքի խոսքեր է ասել. «Բարձրացրու սիրտդ և ցնծա, քանզի քո առաքելության ժամը եկել է» (Վարդապետություն և Ուխտեր 31․3

Ես հավատում եմ, որ այս հրավերը ոգեշնչող է Եկեղեցու բոլոր անդամների համար: Ի վերջո, մեր Երկնային Հայրը յուրաքանչյուրիս է տվել Իսրայելը վարագույրի երկու կողմերում հավաքելու առաքելությունը:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Այդ հավաքն ամենակարևոր գործն է, որն այսօր տեղի է ունենում երկրի վրա: Ոչինչ չի կարելի համեմատել այդ գործի մեծության, կարևորության և վսեմության հետ»։1

Անշուշտ, աշխարհում շատ արժանի գործեր կան։ Հնարավոր չէ բոլորը թվարկել։ Բայց չէ՞իք ցանկանա մասնակցել մի մեծ գործի, որը ձեզ հասանելի է, և որտեղ ձեր ներդրումը էական նշանակություն ունի: Հավաքումը հավերժական փոփոխություն է բոլորի համար: Բոլոր տարիքի մարդիկ կարող են մասնակցել այս գործին, անկախ իրենց հանգամանքներից և ապրելավայրից: Աշխարհում չկա դրանից ավելի ընդգրկուն մի գործ։

Դիմելով հատկապես երիտասարդներին՝ նախագահ Նելսոնն ասել է. «Մեր Երկնային Հայրը պահել է Իր ազնվագույն հոգիներին, թերևս … Իր լավագույն թիմին, այս վերջին փուլի համար: Այդ ազնիվ հոգիները, այդ լավագույն խաղացողները, այդ հերոսները դուք եք»:2

Այո, դուք պատրաստվել եք այս կյանքից առաջ և ծնվել եք հիմա՝ մասնակցելու վարագույրի երկու կողմերում Իսրայելի հավաքման մեծ գործին այս վերջին օրերում (տես Վարդապետություն և Ուխտեր 138․53-56

Ինչո՞ւ է այս գործն այդքան կարևոր։ Որովհետև «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (Վարդապետություն և Ուխտեր 18.10): Եվ որովհետև «ով որ հավատում է [Հիսուս Քրիստոսին] և մկրտվում, նույնը պիտի փրկվի. … պիտի ժառանգ[ի] Աստծո արքայությունը» (3 Նեփի 11․33)։ Դեռ ավելին՝ «այն ամենն, ինչ Հայրն ունի, կտրվի» նրանց, ովքեր ընդունում են Նրա արարողությունները և պահում Նրա ուխտերը (Վարդապետություն և Ուխտեր 84․38)։ Բացի այդ, «մշակները քիչ» են (Ղուկաս 10․2

Միայն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ենք մենք գտնում զորությունը, իշխանությունը և ուղին՝ նման օրհնություն շնորհելու թե՛ ապրող, թե՛ մահացած մարդկանց:

Նախագահ Նելսոնն ասել է․ «Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է վարագույրի երկու կողմերում գտնվող որևէ մեկին քայլ կատարել՝ Աստծո հետ ուխտեր կապելու և մկրտություն ու տաճարային արարողությունները ստանալու ուղղությամբ, դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը։ Դա այնքան պարզ է»:3

Թեև հավաքմանը նպաստելու շատ եղանակներ կան, ես կցանկանայի առանձնահատուկ խոսել դրանցից մեկի՝ որպես լիաժամկետ միսիոներ ծառայելու մասին: Ձեզանից շատերի համար սա կնշանակի լինել ուսուցանող միսիոներ: Մյուսների համար՝ լինել ծառայող միսիոներ: Բայց աշխարհը փորձում է երիտասարդներին շեղել այս ամենասուրբ պարտականությունից՝ օգտագործելով վախի ու անապահովության զգացումը։

Մյուս խոչընդոտները կարող են լինել համավարակը, լավ աշխատանքից զրկվելը, կրթության հետաձգումը կամ ինչ-որ մեկի հանդեպ ռոմանտիկ հետաքրքրությունը: Յուրաքանչյուրը կունենա իր ուրույն մարտահրավերները: Նման խոչընդոտները կարող են առաջանալ հենց Տիրոջ ծառայությունը սկսելու պահին, և հետագա ընտրությունները, որոնք ակնհայտ էին թվում, այդքան էլ հեշտ չեն լինում այդ պահին:

Ես իմ փորձից գիտեմ, թե ինչ է զգում խոչընդոտների հետ բախվող երիտասարդը։ Երբ ես պատրաստվում էի գնալ միսիայի, որոշ անակնկալ ուժեր փորձեցին հուսահատեցնել ինձ: Մեկն՝ իմ ատամնաբույժն էր: Երբ նա իմացավ, որ պատրաստվում եմ միսիոներ դառնալ, փորձեց ինձ հետ պահել այդ քայլից: Ես պատկերացում անգամ չունեի, որ իմ ատամնաբույժը դեմ էր Եկեղեցուն:

Բարդ էր նաև իմ ուսման ընդհատումը։ Երբ համալսարանում դիմեցի, որ ինձ երկու տարի ժամկետով տարկետում տան, ասացին՝ հնարավոր չէ։ Եթե մեկ տարուց չվերադառնայի, ապա համալսարանից դուրս կմնայի։ Բրազիլիայում դա լուրջ խնդիր էր, քանի որ համալսարան ընդունվելու միակ չափանիշը շատ բարդ և մրցակցային քննությունն էր:

Համառություն ցուցաբերելուց հետո ինձ դժկամորեն տեղեկացրին, որ մեկ տարի բացակայելուց հետո կարող եմ բացառության կարգով նորից դիմել։ Կամ՝ կհաստատվեր, կամ՝ ոչ։ Ես սարսափում էի այն մտքից, որ ընդունելության այդ դժվար քննությունը պիտի նորից հանձնեի, այն էլ երկու տարի հետո։

Ինձ նաև հետաքրքրում էր մի երիտասարդ աղջիկ։ Ընկերներիցս մի քանիսն էլ էին հետաքրքրված նրանով։ Ես մտածեցի. «Իմ միսիա գնալը բավականին համարձակ քայլ է ինձ համար»:

Բայց Տեր Հիսուս Քրիստոսը ոգեշնչման մեծ աղբյուր էր ինձ համար, որ չվախենայի ապագայից, քանի որ ցանկանում էի ծառայել Նրան իմ ողջ սրտով:

Նա նույնպես միսիա ուներ կատարելու։ Նա Իր սեփական խոսքերով բացատրել է. «Որովհետեւ ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես 6.38): Եվ արդյո՞ք Նրա միսիան հեշտ էր։ Իհարկե ո՛չ: Տառապանքը, որը Նրա առաքելության կարևոր մասն էր, ստիպեց Նրան, «նույնիսկ Աստծու[ն], բոլորից մեծագույնի[ն], ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով,– և [Նա] ցանկացավ, որ գուցե չխմ[ի] դառը բաժակը և ընկրկ[ի],

Այնուամենայնիվ, փա՛ռք լինի Հորը, և [Նա] ճաշակեց ու ավարտեց [Իր] նախապատրաստությունները մարդկանց զավակների համար» (Վարդապետություն և Ուխտեր 19.16-19):

Լիաժամկետ միսիայում ծառայելը կարող է մեզ դժվար բան թվալ: Թերևս դա պահանջում է, որ մենք մի պահ հրաժարվենք կարևոր բաներից։ Տերն, անշուշտ, գիտի դա, և միշտ կլինի մեր կողքին:

Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկում միսիոներներին ուղղված ուղերձ կա, որտեղ Առաջին Նախագահությունը խոստանում է. «Տերը կվարձատրի և առատորեն կօրհնի ձեզ, երբ խոնարհաբար և աղոթքով ծառայեք Նրան»:4 Ճիշտ է, Աստծո բոլոր զավակները այս կամ այն կերպ օրհնված են, բայց տարբերություն կա օրհնված լինելու և Նրա ծառայության մեջ առատորեն օրհնված լինելու միջև:

Հիշո՞ւմ եք այն մարտահրավերները, որոնց, իմ կարծիքով, ես բախվել էի իմ միսիայից առաջ: Իմ ատամնաբո՞ւյժն էր։ Ես գտա մեկ ուրիշին։ Իմ համալսարա՞նն էր։ Նրանք ինձ համար բացառություն արեցին։ Հիշո՞ւմ եք այն աղջկան։ Նա ամուսնացավ իմ լավ ընկերներից մեկի հետ։

Սակայն Աստված իսկապես առատորեն օրհնեց ինձ։ Եվ ես հասկացա, որ Տիրոջ օրհնությունները կարող են գալ նաև մեզ համար անսպասելի եղանակներով։ Ի վերջո, Նրա խորհուրդները մեր խորհուրդները չեն (տես Եսայիա 55․8-9

Որպես լիաժամկետ միսիոներ Աստծուն ծառայելու համար ես ունեցա բազմաթիվ օրհնություններ՝ ավելի մեծ հավատք Հիսուս Քրիստոսի և Նրա քավության հանդեպ, Նրա ուսմունքների մասին ավելի խորքային գիտելիքներ ու վկայություն, ուստի, ես հեշտությամբ չեմ երերա «վարդապետութեան ամեն քամուցը» (Եփեսացիս 4․14)։ Չկար այլևս ուսուցանելու վախը: Մարտահրավերներին լավատեսությամբ նայելու իմ ունակությունը մեծացավ: Նայելով այն մարդկանց և ընտանիքներին, որոնց ես հանդիպել կամ ուսուցանել եմ որպես միսիոներ, ես հասկացել եմ, որ Աստծո ուսմունքները ճշմարիտ են։ Նա ասում է, որ մեղքը չի բերում երջանկություն, այլ որ Աստծո պատվիրաններին հնազանդվելով ենք մենք բարգավաճում՝ թե՛ նյութապես, թե՛ հոգևորապես (տես Մոսիա 2․41, Ալմա 41․10)։ Եվ ես հասկացա, որ Աստված հրաշքների Աստված է (Մորմոն 9

Այս բոլոր բաները մեծ դեր ունեցան, պատրաստելով ինձ չափահաս կյանքին, ներառյալ հնարավոր ամուսնությանն ու ծնող լինելուն, եկեղեցու ծառայությանը, ինչպես նաև մասնագիտական և հասարակական կյանքին։

Միսիայից հետո այն քաջությունը, որը ես ձեռք էի բերել, օգնեց ինձ լինել Հիսուս Քրիստոսի և Նրա եկեղեցու հավատարիմ հետևորդ բոլոր հանգամանքներում և բոլոր մարդկանց համար, նույնիսկ ավետարանով կիսվելու մի գեղեցիկ աղջկա հետ, որը հետո դարձավ իմ առաքինի, իմաստուն, զվարճալի և սիրելի հավերժ ընկերակիցը, իմ կյանքի արևը։

Այո՛, Աստված առատորեն օրհնել է ինձ, շատ ավելի, քան ես պատկերացնում էի, նմանապես Նա կօրհնի բոլորին, ովքեր «խոնարհաբար և աղոթքով» ծառայում են Իրեն: Ես հավերժ երախտապարտ եմ Աստծուն Նրա բարության համար:

Իմ միսիան ձևավորեց իմ ամբողջ կյանքը: Ես իմացա, որ արժե ջանքեր գործադրել՝ վստահելու Աստծուն, վստահելու Նրա իմաստությանն ու ողորմությանը, Նրա խոստումներին: Ի վերջո, Նա մեր Հայրն է, և, անկասկած, ցանկանում է լավագույնը մեզ համար:

Սիրելի երիտասարդնե՛ր ամբողջ աշխարհում, ես հղում եմ ձեզ նույն հրավերը, որը մեր մարգարեն՝ նախագահ Նելսոնն է հղել բոլորիդ՝ «անդամագրվեք Տիրոջ երիտասարդների գումարտակին և օգնեք հավաքել Իսրայելը»: Նախագահ Նելսոնն ասել է․

«Ոչինչ ավելի մեծ հետևանք չունի, քան դա։ Բացարձակապես ոչինչ:

Այս հավաքումն ամեն ինչ է ձեզ համար: Սա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր»:5

Մենք ծնվել ենք այս ժամանակաշրջանում, աստվածային նպատակի՝ Իսրայելի հավաքման համար: Ծառայելով որպես լիաժամկետ միսիոներներ, մենք երբեմն կունենանք մարտահրավերներ, բայց նման դեպքերում Տերն Ինքն է մեր մեծ օրինակն ու առաջնորդը։ Նա հասկանում է, թե ինչ է նշանակում դժվար միսիա։ Նրա օգնությամբ մենք կարող ենք դժվար բաներ անել: Նա մեր կողքին կլինի (տես Վարդապետություն և Ուխտեր 84․88), և մեծապես կօրհնի մեզ, երբ խոնարհաբար ծառայենք Նրան:

Այդ պատճառով ես չեմ զարմանում, որ Տերն ասել է Թոմաս Բ. Մարշին և մեզ բոլորիս. «Բարձրացրու սիրտդ և ցնծա, քանզի քո առաքելության ժամը եկել է»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։