Գերագույն համաժողով
Արեք այն, ինչն ամենից կարևոր է
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Արեք այն, ինչն ամենից կարևոր է

Երբ մենք կենտրոնացնենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք կօրհնվենք հոգևոր ուժով, գոհունակությամբ և ուրախությամբ:

Ոչ վաղ անցյալում մի սիրելի ընկերուհի հուշում ստացավ՝ այցելելու իր ծխից մի կնոջ: Նա հրաժարվեց հուշումից, քանի որ գրեթե չէր ճանաչում նրան. դա պարզապես անիմաստ էր: Բայց քանի որ այդ միտքը անընդհատ գալիս էր, նա որոշեց գործել ըստ հուշման: Քանի որ նա արդեն անհարմարավետ էր զգում մոտալուտ այցելության մտքից, որոշեց այդ քրոջը ինչ-որ բան տանել, որը կօգնի թեթևացնել իր անհանգստությունը: Իհարկե, նա չէ՜ր կարող դատարկաձեռն գնալ: Այսպիսով, նա գնեց մի տարայով պաղպաղակ և գնաց, որպեսզի սկսի իրեն շատ անհանգստացնող այցելությունը:

Նա թակեց կնոջ դուռը, և շուտով քույրը պատասխանեց: Ընկերուհիս նրան տվեց պաղպաղակը շագանակագույն թղթե տոպրակի մեջ, և խոսակցությունը սկսվեց։ Շատ ժամանակ չպահանջվեց, որ ընկերուհիս հասկանար, թե ինչու էր այցելությունն անհրաժեշտ: Երբ նրանք միասին նստեցին պատշգամբում, կինը բացահայտեց մի շարք դժվարություններ, որոնց ինքը բախվում էր: Ամառվա շոգ եղանակին մեկ ժամ խոսելուց հետո ընկերուհիս նկատեց, որ պաղպաղակը հալվում է շագանակագույն թղթե տոպրակի մեջ:

Նա բացականչեց. «Ես այնքան եմ ցավում, որ ձեր պաղպաղակը հալվեց»:

Կինը սիրալիր պատասխանեց. «Ոչի՛նչ: Ես լակտոզայից ալերգիա ունեմ»:

Երազում Տերը ասաց Լեքի մարգարեին. «Օրհնվա՛ծ ես դու, Լե՛քի, այն բաների համար, որ դու արել ես»:1

Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը ներառում է ավելին, քան պարզապես հույս ունենալը կամ հավատալը: Այն պահանջում է ջանք, շարժում և նվիրվածություն: Դա պահանջում է, որ մենք ինչ-որ բան անենք՝ լինելով «խօսքը անողներ, և ոչ միայն լսողներ»:2

Հալված պաղպաղակի դեպքում ի՞նչն էր ամենից կարևորը։ Պաղպաղա՞կը: Թե՞ այն, որ իմ ընկերուհին ուղղակի ինչ-որ բան արեց:

Ես մի հաճելի փորձառություն ունեցա մի սիրելի երիտասարդ կնոջ հետ, ով շատ անկեղծ հարց տվեց. «Քույր Քրեյվեն, որտեղի՞ց գիտեք, որ Եկեղեցու մասին ամեն բան ճշմարիտ է: Որովհետև ես ոչինչ չեմ զգում»:

Նախքան պատասխանին անցնելը, ես նախ նրան որոշ հարցեր տվեցի։ «Պատմեք ինձ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրության մասին»:

Նա պատասխանեց. «Ես չեմ կարդում սուրբ գրությունները»:

Ես հարցրի. «Իսկ ձեր ընտանի՞քը»: Դուք միասին ուսումնասիրո՞ւմ եք Եկ, հետևիր ինձ ձեռնարկը:

Նա ասաց. «Ոչ»:

Ես հարցրի նրա աղոթքների մասին. «Ի՞նչ եք զգում, երբ աղոթում եք»:

Նա պատասխանեց. «Ես չեմ աղոթում»:

Նրան ուղղված իմ պատասխանը պարզ էր. «Եթե ցանկանում եք որևէ բան իմանալ, պետք է ինչ-որ բան անեք»:

Արդյո՞ք դա ճիշտ չէ այն ամենի դեպքում, ինչը մենք ցանկանում ենք սովորել կամ իմանալ: Ես հրավիրեցի իմ նոր ընկերուհուն սկսել կատարել այն, ինչ ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում՝ աղոթել, ուսումնասիրել, ծառայել ուրիշներին և վստահել Տիրոջը: Դարձը տեղի չի ունենա, երբ դուք ոչինչ չենք անում: Այն գալիս է Սուրբ Հոգու զորությամբ, երբ մենք նպատակադրված ջանքեր ենք գործադրում իմանալու համար՝ խնդրելով, փնտրելով և թակելով: Այն տեղի է ունենում, երբ գործում ենք:3

Վարդապետություն և Ուխտերում Տերը երբեմն ասում է. «Նշանակություն չունի»:4 Դա ինձ ստիպում է մտածել, որ եթե որոշ բաներ նշանակություն չունեն կամ ավելի քիչ նշանակություն ունեն, ապա պետք է լինեն բաներ, որոնք ամենից կարևոր են: Ինչ-որ բան անելու կամ ցանկացած բան անելու մեր ջանքերում մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Ի՞նչն է ամենից կարևորը»:

Գովազդատուները հաճախ օգտագործում են կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Կարևոր է» կամ «Դուք պետք է ունենաք սա»՝ հույս ունենալով գայթակղել մեզ և հավատացնել, որ իրենց վաճառվող ապրանքը անհրաժեշտ է մեր երջանկության կամ բարեկեցության համար: Բայց արդյո՞ք իսկապես կարևոր է այն, ինչ նրանք վաճառում են: Արդյո՞ք մենք պետք է իսկապես ունենանք այն: Արդյո՞ք դա իսկապես կարևոր է։

Ահա որոշ մտքեր, որոնց շուրջ կարող եք խորհել: Ինչն է առավել կարևոր?

  • Քանի՞ «հավանում» ենք ստանում սոցիալական ցանցերի մեր գրառումները: Թե՞ որքանով ենք մենք սիրված ու գնահատված մեր Երկնային Հոր կողմից:

  • Հագնվու՞մ ենք նորաձևության վերջին միտումներով: Թե՞ մեր մարմնի հանդեպ հարգանք ենք ցուցաբերում՝ համեստ հագնվելով։

  • Գտնու՞մ եք պատասխաններ առցանց որոնման միջոցով: Թե՞ Սուրբ Հոգու միջոցով Աստծուց պատասխաններ ենք ստանում:

  • Ցանկանո՞ւմ ենք իմանալ ավելին: Թե՞ բավարարվում ենք մեզ տրվածով։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

«Սուրբ Հոգով՝ որպես ձեր ուղեկից, դուք կարող եք տեսնել հայտնի մարդկանց մշակույթը, որը հարվածել է մեր հասարակությանը: Դուք կարող եք ավելի խելացի լինել, քան նախորդ սերունդները երբևէ եղել են: …

Դուք սահմանեք չափանիշները մնացած աշխարհի համար»:5

Ջանքեր են պահանջվում, որպեսզի կենտրոնացած մնանք այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է տևական ուրախության համար: Սատանային ոչինչ այնքան դուր չի գալիս, որքան այն, որ մենք սխալ տնօրինենք մեր հավերժական արժեքները՝ վատնելով մեր թանկարժեք ժամանակը, տաղանդները կամ հոգևոր ուժը այն բաների վրա, որոնք կարևոր չեն: Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին աղոթքով մտածել այն բաների մասին, որոնք շեղում են մեզ ամենակարևորն անելուց:

Մեր ավագ որդու երրորդ դասարանի ուսուցչուհին իր դասարանին սովորեցրել է՝ «ղեկավարեք ձեր ուղեղը»: Դա հիշեցում էր իր փոքրիկ աշակերտներին, որ նրանք վերահսկեն իրենց մտքերը և, հետևաբար, կարողանան վերահսկել իրենց գործողությունները: Ես հիշեցնում եմ ինքս ինձ՝ «ղեկավարել իմ ուղեղը», երբ ինքս ինձ շեղում եմ դեպի պակաս կարևոր բաները:

Ավագ դպրոցի մի աշակերտ վերջերս ինձ ասաց, որ Եկեղեցու որոշ երիտասարդների շրջանում տարածված է պատվիրանների անտեսումը` հետագայում ապաշխարելու հաշվարկված ծրագրով: «Դա մի տեսակ պատվո կրծքանշան է»,- ասացին ինձ: Անշուշտ, Տերը կշարունակի ներել նրանց, ովքեր խոնարհաբար ապաշխարում են «անկեղծ միտումով»:6 Բայց Փրկիչի ողորմած Քավությունը երբեք չպետք է օգտագործվի նման ծաղրական ձևով: Մենք գիտենք կորած ոչխարի առակը։ Իհարկե, հովիվը կթողնի մյուս 99 ոչխարներին, որպեսզի գտնի մոլորվածին։ Բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ուրախություն է զգում Բարի Հովիվը նրանց համար, ովքեր ընտրում են լինել 99-ը: Նրա՞նց համար, ովքեր մնում են միասին և օգնում են միմյանց ապրել իրենց ուխտերով: Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսին կլիներ աշխարհը, ձեր դպրոցը, ձեր աշխատանքը կամ ձեր տունը, եթե հնազանդ լինելը ամենատարածված բանը լիներ: Խոսքը կյանքը կատարյալ ձևով ապրելու մասին չէ, այլ ուրախություն գտնելու մասին է, երբ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Տիրոջ հետ կապած ուխտերով ապրելու համար:

Քանի որ աշխարհն ավելի շատ կասկածներ է հայտնում Աստծո մասին, և շփոթությունն ու ճնշումները մեծանում են, սա այն ժամանակն է, երբ մենք պետք է ամենից մոտ մնանք մարգարեին: Քանի որ նա Տիրոջ խոսնակն է, կարող ենք վստահել, որ այն, ինչ Նա հորդորում է, խորհուրդ է տալիս և խնդրում է, որ մենք անենք, ամենից կարևոր բաներն են:

Թեև դա կարող է հեշտ չլինել, բայց միշտ էլ կա ճիշտը գործելու միջոց: Դպրոցում մի խումբ ընկերների հետ զրուցելիս մի երիտասարդ կին շատ տխրեց, երբ խոսակցությունը վերածվեց Եկեղեցու չափանիշների քննադատության: Եվ նա հասկացավ, որ չի կարող լռել. նա պետք է ինչ-որ բան աներ: Նա հարգանքով խոսեց Երկնային Հոր սիրո մասին, նաև, թե ինչպես է Նա սահմանել Իր զավակներին օրհնելու և պաշտպանելու պատվիրանները: Երիտասարդ կնոջ համար շատ ավելի հեշտ կլիներ ոչինչ չանել: Բայց ի՞նչն է ամենից կարևոր: Միաձուլվե՞լ ամբոխի հետ: Թե՞ տարբերվել որպես Աստծո վկա «բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում»:7

Եթե Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին դուրս է գալու խավարից, մենք նույնպես պետք է դուրս գանք խավարից: Մենք՝ որպես ուխտը պահող կանայք, պետք է մեր ավետարանի լույսը շողացնենք ամբողջ աշխարհում՝ քայլեր ձեռնարկելով և օրինակ ծառայելով: Մենք դա անում ենք միասին՝ որպես Աստծո դուստրեր՝ 11 տարեկան և ավելի բարձր տարիքի, 8,2 միլիոն կանանցից բաղկացած ուժ, որոնց աշխատանքը ճիշտ նույնն է: Մենք հավաքում ենք Իսրայելը, երբ մասնակցում ենք փրկության ու վեհացման աշխատանքին՝ ձգտելով ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, հոգալով կարիքավորների մասին, հրավիրելով բոլորին ընդունել ավետարանը և միավորելով ընտանիքները հավերժության համար:8 Հիսուս Քրիստոսի ավետարանը գործողության և ուրախության ավետարան է: Եկեք չթերագնահատենք մեր կարողությունը՝ անելով այն բաները, որոնք ամենից կարևորն են: Մեր աստվածային ժառանգությունը մեզ քաջություն և վստահություն է տալիս անելու և լինելու այն, ինչը մեր սիրող Երկնային Հայրը գիտի, որ մենք կարող ենք լինել:

Այս տարվա Երիտասարդների թեման վերցված է Առակաց 3.5–6-ից:

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր:

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները»:

Տիրոջը վստահելու հիմնական բաղադրիչը առաջ շարժվելն է՝ հավատալով, որ Նա կառաջնորդի մեզ, նույնիսկ, երբ մենք չունենք բոլոր պատասխանները:

Քույրե՛ր, այստեղ կարևորը պաղպաղակը չէ: Կարևոր չէ նաև ավելի շատ բաներ անելը: Կարևոր է, թե ինչն է ամենից կարևոր: Դա Քրիստոսի վարդապետության կիրառումն է մեր կյանքում, երբ մենք ձգտում ենք ավելի շատ նմանվել Նրան:

Որքան շատ փորձենք ամուր մնալ ուխտի ճանապարհին, այնքան ավելի շատ կմեծանա մեր հավատքը: Որքան շատ մեծանա մեր հավատքը, այնքան ավելի շատ կցանկանանք ապաշխարել: Եվ որքան շատ ապաշխարենք, այնքան ավելի կամրապնդենք մեր ուխտի հարաբերությունները Աստծո հետ: Այդ ուխտի փոխհարաբերությունը մեզ տանում է դեպի տաճար, քանի որ տաճարային ուխտերը պահելը այն է, թե մենք ինչպես ենք դիմանում մինչև վերջ:

Երբ մենք կենտրոնացնենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք կառաջնորդվենք անելու այն, ինչն ամենից կարևոր է: Եվ մենք կօրհնվենք հոգևոր ուժով, գոհունակությամբ և ուրախությա՜մբ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։