Գերագույն համաժողով
Յուրաքանչյուրս պատմություն ունի
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Յուրաքանչյուրս պատմություն ունի

Խնդրում եմ, գտեք ձեր ընտանիքին, ձեր բոլոր սերունդներին և տուն բերեք նրանց։

Ընկերնե՛ր, եղբայրնե՛ր և քույրե՛ր, յուրաքանչյուրս պատմություն ունի։ Բացահայտելով մեր պատմությունը՝ մենք կապ ենք հաստատում, մենք պատկանելիություն ենք ձեռք բերում, մենք կայանում ենք։

Իմ անունը Գերիթ Վոլթեր Գոնգ է։ Գերիթը դանիական անուն է, Վոլթերը (իմ հոր անունը) ամերիկյան անուն է, իսկ Գոնգը, իհարկե, չինական անուն է։

Ըստ փորձագետների՝ Երկրի վրա ապրել է մոտ 70-ից 110 միլիարդ մարդ։ Միգուցե միայն մեկն է կրում Գերիթ Վոլթեր Գոնգ անունը։

Յուրաքանչյուրս պատմություն ունի։ Ես սիրում եմ այս խոսքերը․ «անձրևը դեմքիս, քամին իմ կողքով»։1 Ես թավալվում եմ պինգվինների հետ Անտարկտիկայում։ Գվատեմալայի որբերին, Կամբոջայի փողոցի երեխաներին, Աֆրիկյան Մարայի Մասայի կանանց ես տալիս եմ իրենց առաջին լուսանկարը։

Ես սպասում եմ հիվանդանոցում մեր յուրաքանչյուր երեխայի ծնվելուն, իսկ մի անգամ բժիշկը խնդրեց, որ օգնեմ իրեն։

Ես ապավինում եմ Աստծուն։ Ես հավատում եմ, որ «մենք կանք, որպեսզի ունենանք ուրախություն»2, որ երկնքում կա ամեն ինչը անելու ժամն ու ժամանակը։3

Իսկ դուք գիտե՞ք ձեր պատմությունը։ Ի՞նչ է նշանակում ձեր անունը։ Աշխարհի բնակչությունը 1․1 միլիարդից 1820 թվականին աճել է մինչև 7․8 միլիարդ 2020 թվականին։4 1820-ը, կարծես, պատմության շրջադարձային կետ է։ 1820-ից հետո ծնվածներից շատերը ունեն կենդանի հուշեր և գրառումներ ընտանիքի մի քանի սերունդների մասին։ Կարո՞ղ եք հիշել մի հատուկ, հուզիչ դեպք՝ կապված պապիկի կամ ընտանիքի այլ անդամի հետ։

Անկախ նրանից, թե որքան մարդ է ապրել Երկրի վրա, այդ թիվը սահման ունի, այն հաշվելի է, յուրաքանչյուր անձ հաշվի մեջ է։ Դու և ես, յուրաքանչյուրս նշանակություն ունենք։

Մտածեք սրա մասին․ ճանաչում ենք նրանց, թե ոչ, մենք բոլորս ծնվել ենք մորից և հորից։ Եվ բոլոր մայրերն ու հայրերը ծնվել են մորից և հորից։5 Ծնունդով կամ որդեգրման գծով մենք բոլորս, ի վերջո, կապված ենք Աստծո ընտանիքին և մարդկային ընտանիքին։

Իմ 30-րդ նախապապը՝ Ֆըրստ Դրեգոն Գոնգը ծնվել է մ․ թ․ 837-ին և հարավային Չինաստանում մեր ընտանիքի գյուղի սկիզբն է դրել։ Երբ առաջին անգամ այցելեցի Գոնգ գյուղը, մարդիկ ասում էին․ Վենհան հուլեյ («Գերիթը վերադարձել է»)։

Մորս կողմից մեր ապրող տոհմածառը ընդգրկում է ընտանիքի հազարավոր անուններ, որոնք դեռ պետք է բացահայտվեն։6 Մեզանից յուրաքանչյուրն ունի ավելի մեծ ընտանիք, որի հետ պետք է դեռ կապվի։ Եթե մտածում եք, որ ձեր մեծ հորաքույրը կամ մորաքույրը լրացրել են ձեր ընտանիքի ամբողջ տոհմաբանությունը, գտեք նրանց զավակներին և զավակների եղբայրներին ու քույրերին։ Ձեր ընտանիքի անդամների դեռ հիշվող անունները որոնեք առցանց՝ FamilySearch 10-միլիարդ անուն պարունակող համակարգի մեջ և տոհմածառի 1,3 միլիարդ անձանց շտեմարանում։7

Նկար
Կենդանի ծառը՝ իր արմատներով և ճյուղերով

Խնդրեք ձեր ընկերներին կամ ընտանիքի անդամներին կենդանի ծառ նկարել։ Ինչպես ուսուցանում է նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, կենդանի ծառերը ունեն արմատներ և ճյուղեր։8 Լինեք առաջին, թե տասներորդ հայտնի սերունդը, կապեք երեկվանը վաղվա հետ։ Իրար կապեք ձեր կենդանի տոհմածառի արմատներն ու ճյուղերը։9

«Որտեղի՞ց եք դուք» հարցը ենթադրում է տոհմաբանական գիծը, ծննդավայրը, և հայրենի երկիրը կամ հայրենիքը։ Ամբողջ աշխարհում մարդկանց 25 տոկոսը ծագումով իրենց համարում են Չինաստանից, 23 տոկոսը՝ Հնդկաստանից, 17 տոկոսը՝ Ասիայի Խաղաղօվկիանոսյան տարածքից, 18 տոկոսը՝ Եվրոպայից, 10 տոկոսը՝ Աֆրիկայից, և 7 տոկոսը՝ Ամերիկայի երկու մայր ցամաքներից։10

«Որտեղի՞ց եք դուք» հարցը նաև հրավիրում է մեզ բացահայտել մեր ինքնությունը և հոգևոր նպատակը կյանքում։

Յուրաքանչյուրս պատմություն ունի։

Ինձ ծանոթ մի ընտանիք իրար կապեց հինգ սերունդ, երբ ընտանիքի անդամները այցելեցին իրենց հին տունը Կանադայի Վինիպեգ քաղաքում։ Այնտեղ պապիկը իր տղա թոռներին պատմեց այն օրվա մասին, երբ երկու միսիոներ (նա նրանց կոչում էր հրեշտակներ երկնքից) բերեցին Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, որն ընդմիշտ փոխեց նրանց ընտանիքին։

Մի մայր, որին ես ճանաչում եմ, հրավիրեց իր զավակներին և նրանց զարմիկներին, որպեսզի հարցուփորձ անեն իրենց նախատատին նրա մանկության մասին։ Նախատատի արկածները և կյանքի դասերը այժմ խնամքով պահվում ու փայփայվում են ընտանիքի գրքում՝ իրար կապելով սերունդները։

Մի երիտասարդ, որին ես ճանաչում եմ, կազմում է «Հայրիկի օրագիրը»։ Տարիներ առաջ նա վրաերթի էր ենթարկվել և մահացել։ Այժմ, իր հորը ճանաչելու համար այդ քաջ երիտասարդը հավաքում է մանկական հուշերը և պատմությունները հարազատներից և ընկերներից։

«Ո՞րն է կյանքի իմաստը» հարցին մարդկանց մեծ մասը առաջին տեղում դնում է ընտանիքը։11 Այդ թվում ապրողները և արդեն գնացածները։ Իհարկե, երբ մահանում ենք, մենք չենք դադարում մեր գոյությունը։ Մենք շարունակում ենք ապրել վարագույրից այն կողմ։

Մեր նախնիները արժանի են հիշվելու։12 Մենք հիշողության մեջ ենք պահում մեր ժառանգությունը բանավոր պատմությունների, գերդաստանի գրառումների և ընտանեկան պատմությունների, հուշարձանների կամ հուշավայրերի, լուսանկարների, ուտելիքի կամ առարկաների միջոցով, որոնք հիշեցնում են մեզ մեր սիրելիների մասին։

Մտածեք, թե որտեղ եք ապրում․ արդյո՞ք հրաշալի չէ, թե ինչպես է ձեր երկիրը և համայնքը հիշում և պատվում ձեր նախնիներին, ընտանիքի անդամներին և մյուսներին, ովքեր ծառայել և զոհաբերել են։ Օրինակ՝ Սաութ Մոլթոն Դեվոնշիրում (Անգլիա) աշնանային բերքահավաքի տոնին Քույր Գոնգը և ես գտանք փոքր եկեղեցին և համայնքը, որտեղ ապրել էին Բոդեն տոհմի սերունդները։ Մենք պատվում ենք մեր նախնիներին` բացելով երկինքը տաճարային և ընտանեկան պատմություն աշխատանքի միջոցով13 և դառնալով կապող օղակ14 սերունդների շղթայում։15

«Ես ընտրում եմ ինձ» նշանաբանով այսօրվա աշխարհում հասարակությունը շահում է, երբ սերունդները իմաստալից կերպով կապվում են իրար։ Մեզ պետք են արմատներ, որպեսզի թևեր ունենանք․ իրական հարաբերություններ, իմաստալից ծառայություն, սոցիալական լրատվամիջոցների անցողիկ երեսպատումից դուրս կյանք։

Նախնիների հետ կապ հաստատելը կարող է փոխել մեր կյանքը անսպասելի ձևերով։ Նրանց փորձություններից և նվաճումներից մենք հավատ և ուժ ենք ստանում։16 Նրանց սիրո և զոհաբերությունների շնորհիվ մենք սովորում ենք ներել և առաջ շարժվել։ Մեր երեխաները դառնում են դիմացկուն: Մենք ձեռք ենք բերում պաշտպանություն և զորություն։ Մեր նախնիների հետ կապը մեծացնում է ընտանիքի մտերմությունը, երախտագիտությունը, հրաշքները։ Այդ կապերը կարող են օգնություն բերել վարագույրի մյուս կողմից:

։Ընտանիքներում լինում են՝ ինչպես ուրախություններ, այնպես էլ վշտեր: Ոչ մեկը կատարյալ չէ, առավել ևս՝ ընտանիքը։ Երբ նրանք, ովքեր պետք է սիրեն, սնուցեն և պաշտպանեն մեզ, չեն անում դա, մենք զգում ենք լքված, շփոթված, վիրավորված։ Ընտանիքները կարող են դառնալ դատարկ պատյան։ Բայց երկնային օգնությամբ մենք կարող ենք սկսել հասկանալ մեր ընտանիքի անդամներին և խաղաղության մեջ ապրել միմյանց հետ։17

Երբեմն ընտանեկան հարաբերությունները պահպանելու անսասան պարտավորվածությունն օգնում է իրականացնել դժվար գործեր։ Որոշ դեպքերում համայնքը ընտանիք է դառնում։ Մի հիանալի երիտասարդ կին, որը շատ էր նեղվում ընտանիքի հաճախ տեղափոխումների պատճառով, գտավ Եկեղեցու սիրող ընտանիք, որն օգնում և տեղ էր տալիս նրան։ Ժառանգականությունը և ընտանեկան սովորությունները ազդում են մեզ վրա, սակայն չեն որոշում, թե ով ենք մենք։

Աստված ուզում է, որ մեր ընտանիքները լինեն երջանիկ և հավերժ: Հավերժությունը շատ երկար է, եթե մենք միմյանց դժբախտացնում ենք։ Երջանկությունը շատ կարճ է, եթե սիրող հարաբերությունները ավարտվում են այս կյանքով։ Սրբազան ուխտերի միջոցով Հիսուս Քրիստոսը առաջարկում է սեր, զորություն և շնորհ՝ փոխելու մեզ18 և բուժելու մեր հարաբերությունները։ Տաճարային անձնուրաց ծառայությունը մեր հարազատ մարդկանց համար իրական է դարձնում մեր Փրկիչի Քավությունը նրանց և մեզ համար։ Սրբագործված՝ մենք կարող ենք վերադառնալ Աստծո ներկայությունը՝ հավերժ միավորված ընտանիքներով։19

Յուրաքանչյուրիս պատմությունը դեռ ընթացքի մեջ գտնվող ճանապարհորդություն է, որի ընթացքում մենք բացահայտում ենք, արարում ենք և կայանում ենք աներևակայելի հնարավորություններով։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է․ «Ոմանց կարող է շատ համարձակ վարդապետություն թվալ այն, ինչի մասին մենք խոսում ենք՝ զորություն, որը գրանցում կամ կապում է երկրի վրա և կապում է երկնքում»:20 Այստեղ ստեղծված կապերը կարող են գոյություն ունենալ այնտեղ՝ հավերժական փառքի հետ միասին։21 Իսկապես, «առանց նրանց [մեր ընտանիքի անդամների], մենք չենք կարող կատարյալ դառնալ. ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ», այսինքն՝ «լրիվ ու ամբողջական ու կատարյալ մի միացումով»: 22

Մենք ի՞նչ կարող ենք անել հիմա։

Առաջինը՝ պատկերացրեք, ինչպես է արտացոլվում ձեր պատկերը հավերժության երկու հայելիների միջև։ Մեկ ուղղության մեջ պատկերացրեք ձեզ որպես դուստր, թոռնուհի, ծոռնուհի, մյուս ուղղության մեջ՝ ժպտացեք ինքներդ ձեզ՝ որպես մորաքույր, մայր, տատիկ։ Որքա՜ն արագ է անցնում ժամանակը։ Յուրաքանչյուր ժամանակի և դերի մեջ նկատեք, թե ում հետ եք դուք։ Հավաքեք նրանց լուսանկարներն ու պատմությունները, իսկ հուշերը իրական դարձրեք։ Գրի առեք նրանց անունները, փորձառությունները, կարևոր տարեթվերը։ Նրանք ձեր ընտանիքն են․ ընտանիք, որն ունեք, և ընտանիք, որը ցանկանում եք ունենալ։

Երբ դուք կատարում եք տաճարային արարողությունները ընտանիքի անդամների համար, Եղիայի ոգին՝ «Սուրբ Հոգու դրսևորումը, որը վկայում է ընտանիքի աստվածային բնույթի մասին»,23 միմյանց է կապում ձեր հայրերի, մայրերի և զավակների սրտերը սիրո մեջ։24

Երկրորդը՝ թույլ տվեք, որ ընտանիքի պատմության արկածային ճամփորդությունը լինի մտադրված և ինքնաբուխ։ Զանգահարեք ձեր տատիկին։ Ուշադիր նայեք այդ նոր երեխայի աչքերի մեջ։ Ժամանակ հատկացրեք ձեր ճամփորդության ամեն փուլում հավերժության բացահայտմանը։ Երախտագիտությամբ և ազնվությամբ սովորեք ձեր ընտանիքի ժառանգության մասին և գնահատեք այն։ Տոնեք և դրական վերաբերմունք ցուցաբերեք, իսկ, անհրաժեշտության դեպքում, խոնարհաբար արեք ամեն ինչ, որպեսզի չվերադառնաք բացասական մտքերի։ Թույլ տվեք, որ լավ բաները սկսեն ձեզանով։

Երրորդը՝ այցելեք FamilySearch.org։ Ներբեռնեք հասանելի հավելվածները։ Դրանք անվճար են և զվարճալի։ Բացահայտեք, կապ հաստատեք, մաս կազմեք։ Տեսեք, թե ինչ կապով եք կապված սենյակում գտնվող մարդկանց հետ, որքան դյուրին և հատուցող է, երբ անուններ եք ավելացնում ձեր կենդանի տոհմածառին, երբ գտնում և օրհնում եք ձեր արմատներին և ճյուղերին։

Չորրորդ՝ օգնեք միավորել ընտանիքները հավերժության համար։ Հիշեք երկնքի ժողովրդագրությունը։ Վարագույրի մյուս կողմում շատ ավելին են, քան այս կողմում։ Քանի որ ավելի շատ տաճարներ են մեզ հասանելի դառնում, առաջարկեք սպասողներին տաճարային արարողությունները ստանալու հնարավորությունը։

Զատիկի խոստումն է՝ որ Հիսուս Քրիստոսում և Նրա միջոցով մենք կարող ենք իրագործել մեր լավագույն պատմությունը, իսկ մեր ընտանիքները կարող են դառնալ երջանիկ ու լինել հավերժ։ Մեր բոլոր սերունդներում Հիսուս Քրիստոսը բուժում է կոտրված սրտերը, ազատում է գերեվարվածներին, ազատություն պարգևում ճնշվածներին։25 Աստծուն և միմյանց պատկանելու ուխտը26 ընդգրկում է այն գիտելիքը, որ մեր հոգին և մարմինը կմիանան հարության ժամանակ, և որ մեր առավել թանկ հարաբերությունները կարող են շարունակվել մահից հետո՝ ուղեկցվելով լիարժեք ուրախությամբ։27

Յուրաքանչյուրս պատմություն ունի։ Սկսեք բացահայտել ձերը։ Գտեք ձեր ձայնը, ձեր երգը, Նրա հետ ձեր ներդաշնակությունը։ Սա է այն հիմնական նպատակը, որի համար Աստված ստեղծել է երկինքը և երկիրը, և տեսել է, որ դա լավ է։28

Փառավորեք երջանկության Աստծո ծրագիրը, Հիսուս Քրիստոսի Քավությունը, Նրա ավետարանի և Եկեղեցու շարունակական վերականգնումը։ Խնդրում եմ, գտեք ձեր ընտանիքին, ձեր բոլոր սերունդներին և բերեք նրանց տուն։ Հիսուս Քրիստոսի սուրբ ու նվիրական անունով, ամեն:

Հղումներ

  1. “My Heavenly Father Loves Me,” Children’s Songbook, 228.

  2. 2 Նեփի 2.25։

  3. Տես Ժողովող 3․1։

  4. Միացյալ ազգերի քարտուղարության տվյալների հիման վրա, The World at Six Billion (1999), 5, table 1; “World Population by Year,” Worldometer, worldometers.info։

  5. Շատերը օրհնված են, ունենալով ծնողներ, որոնք ֆիզիկապես չեն ծնել նրանց, սակայն որոնց հետ կապված են սիրո և որդեգրման կապերով և սրբազան կնքող ուխտերով՝ որպես ընտանիք։

  6. Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նրանց, ովքեր ճանապարհ են հարթում, հավաքելով մեծ թվով ընտանիքի անուններ և կազմելով տոհմածառեր։

  7. 2021թ․ մոտ 99 միլիոն անուն է ավելացվել հասարակական տոհմածառերին։ Վերջին տարիներին, թվայնացման շնորհիվ մոտ 37 միլիարդ անուն (որոշ կրկնություններով) պարունակող 2,4 միլիոն միկրոֆիլմ է պատրաստվել։ Այդ անհատական անունների գրառումները այժմ կարելի է նախապատրաստել որոնման համար, այնուհետև դրանք կարելի է ավելացնել մարդկության տոհմածառին։

  8. Sես Russell M. Nelson, “Roots and Branches,” Liahona, May 2004, 27–29։

  9. Իհարկե, կազմելով մեր կենդանի տոհմածառը, խնդրում եմ, հարյուր տոկոսով պահպանել հարգանքը մարդու անհատական տվյալների և ընտանիքի անդամների (կենդանի կամ մահացած) կամավոր մասնակցության հանդեպ։

  10. Դեյվիդ Քվիմեթը այս թվերը ստացել է հիմնվելով Angus Maddison, The World Economy: A Millennial Perspective (2001) տվյալների վրա, 241, table B-10։

  11. Sես Laura Silver and others, “What Makes Life Meaningful? Views from 17 Advanced Economies,” Pew Research Center, Nov. 18, 2021, pewresearch.org.

  12. 1 Նեփի 9․5, 1 Նեփի 19․3, Մորմոնի Խոսքերը 1․6–7, և Ալմա 37․2 հատվածներում խոսվում է գրառումներ պահելու և իմաստուն նպատակի համար հիշատակարան վարելու մասին, այդ թվում՝ ապագա սերունդները օրհնելու համար։

  13. Sես Russell M. Nelson and Wendy W. Nelson, “Open the Heavens through Temple and Family History Work,” Ensign, Oct. 2017, 34–39; Liahona, Oct. 2017, 14–19; տես նաև “RootsTech Family Discovery Day—Opening Session 2017” (video), ChurchofJesusChrist.org։

  14. Տես Վարդապետություն և Ուխտեր 128․18:

  15. Sես Gordon B. Hinckley, “Keep the Chain Unbroken” (Brigham Young University devotional, Nov. 30, 1999), speeches.byu.edu։ Նախագահ Հինքլիին մեջբերել է Դեյվիդ Բեդնարը, “A Welding Link” (worldwide devotional for young adults, Sept. 10, 2017), broadcasts.ChurchofJesusChrist.org։

  16. Օրինակ՝ մեր ընտանիքում Հենրի Բոդենը Դեվոնշիրից, Անգլիա, ամուսնացել է Սառա Հովարդի հետ, ով իր ընտանիքի հետ գաղթել էր Եկեղեցուն միանալուց հետո։ Երբ Սառան դեռահաս տարիքում գտնվում էր Սենթ Լուիսում, նրա հայրը, մայրը և հինգ եղբայրներ ու քույրերը մահանում են։ Հենրին և Սառան ունեցան տասը երեխա։ Սառան նաև մեծացրեց վեց երեխա Հենրիի առաջին կնոջից՝ Էնն Այրլենդից՝ վերջինիս մահից հետո։ Սառան նաև մայր դարձավ իր երկու փոքր թոռնուհիների համար, երբ նրա հարսը մահացավ։ Չնայած կյանքի բազմաթիվ դժվարություններին, Սառան ջերմ, սիրող, գթասիրտ և ջանասեր անձնավորություն էր։ Նրան սիրով անվանում էին «Փոքրիկ Տատիկ»։

  17. Թեև դժվար է, սակայն, եթե մենք ներում ենք մեզ և միմյանց Քրիստոսի օգնությամբ, մենք դառնում ենք «Աստծո զավակները» (Մատթեո 5․9

  18. Sես, օրինակ, Մոսիա 3․19։

  19. Տես «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org։

  20. Վարդապետություն և Ուխտեր 128․9։

  21. Տես Վարդապետություն և Ուխտեր 130․2:

  22. Վարդապետություն և Ուխտեր 128․18։

  23. Russell M. Nelson, “A New Harvest Time,” Ensign, May 1998, 34; see also Russell M. Nelson and Wendy W. Nelson, “Open the Heavens through Temple and Family History Work,” 16–18.

  24. Տես Մոսիա 18.21:

  25. Տես Ղուկաս 4.18։

  26. Ինձ ասել են, որ ընտանիք նշանակող եբրայերեն բառը՝ mishpachah, ունի եբրայերեն (shaphahh) բառի արմատ, որը նշանակում է «կապել կամ միացնել իրար»։ Ընտանիքում կատարած ցանկացած դեր միտված է ամրացնելու ընտանեկան կապերը։

  27. Տես Վարդապետություն և Ուխտեր 88․15-16, 34, 93․33, 138․17։

  28. Տես Ծննդոց 1․4, 31։