Գերագույն համաժողով
Աստծո հետ կապած ուխտերը զորացնում, պաշտպանում և պատրաստում են մեզ հավերժական փառքի համար
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Աստծո հետ կապած ուխտերը զորացնում, պաշտպանում և պատրաստում են մեզ հավերժական փառքի համար

Երբ մենք որոշենք ուխտեր կապել Երկնային Հոր հետ և պահենք դրանք, մենք կօրհնվենք ավելի մեծ երջանկությամբ այս կյանքում, և փառահեղ հավերժական կյանքով՝ գալիք աշխարհում:

Քույրե՛ր, ինձ համար մեծ ուրախություն է լինել աշխարհասփյուռ քույրերի միության հետ այսօր: Մենք՝ որպես կանայք, ովքեր Աստծո հետ ուխտեր են կապում և պահում, կիսում ենք հոգևոր կապերը, որոնք օգնում են մեզ հաղթահարել մեր օրերի մարտահրավերները և պատրաստել մեզ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Եվ այդ ուխտերը պահելով՝ մենք հնարավորություն ենք ստանում լինել ազդեցություն ունեցող կանայք, ովքեր կարող են ուրիշներին բերել Փրկիչի մոտ:

Նրանք, ովքեր մկրտվել են, այդ երբեք չմոռացվող օրը ուխտել են իրենց վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, միշտ հիշել Նրան, պահել Նրա պատվիրանները և ծառայել Նրան մինչև վերջ: Երբ մենք կատարում ենք այդ քայլերը, Երկնային Հայրը խոստանում է ներել մեր մեղքերը և հաստատման արարողության միջոցով մեզ տալ Սուրբ Հոգու ընկերակցությունը: Այդ օրհնությունները մեկնարկն են այն ճանապարհի, որը թույլ կտա մեզ ապրել Նրա և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ սելեստիալ արքայությունում, եթե շարունակենք առաջ գնալ և համբերել մինչև վերջ: Յուրաքանչյուր մկրտված մարդ ունի այս օրհնությունների և արտոնությունների խոստումը, եթե նա պահի այն ուխտը, որը կապել է այդ հատուկ օրը:

Նրանք, ովքեր լրացուցիչ ուխտեր են կապում տաճարում, ստանում են հզոր խոստումներ՝ պայմանավորված անձնական հավատարմությամբ: Մենք հանդիսավոր խոստանում ենք հնազանդվել Աստծո պատվիրաններին, ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, լինել բարոյապես մաքուր և մեր ժամանակն ու տաղանդները նվիրել Տիրոջ ծառայությանը: Փոխարենը, Աստված խոստանում է հրաշալի օրհնություններ այս կյանքում և Իր մոտ վերադառնալու հնարավորություն:1 Այդ գործընթացում մենք օժտված ենք կամ մեզ տրված է իշխանություն՝ տարբերել ճշմարիտն ու սուտը, ճիշտն ու սխալը շփոթեցնող և բացասական ձայների բազմության մեջ, որոնք ամեն կողմից ռմբակոծում են մեզ: Ինչպիսի՜ հզոր պարգև:

Իմ առաջին տաճարային ուղևորությանը նախապատրաստվելիս մայրս և Սփոփող միության փորձառու քույրերը օգնեցին ինձ ընտրել այն իրերը, որոնք ինձ պետք կգային, այդ թվում՝ գեղեցիկ ծիսական հագուստը: Բայց ամենակարևոր նախապատրաստությունը եկավ նույնիսկ ավելի վաղ, քան ես կիմանայի, թե ինչ հագնել: Իմ արժանավորությունը որոշելու համար հարցազրույց անցկացնելուց հետո իմ եպիսկոպոսը բացատրեց այն ուխտերը, որոնք ես պետք է կապեի: Նրա մանրամասն բացատրությունն ինձ հնարավորություն տվեց մտածել և պատրաստվել՝ կապելու այդ ուխտերը:

Երբ օրը եկավ, ես մասնակցեցի երախտագիտության ու խաղաղության զգացումով։ Թեև ես չէի հասկանում ուխտերի ամբողջական նշանակությունը, որ կապեցի այդ օրը, սակայն ես գիտեի, որ կապված էի Աստծո հետ այդ ուխտերի միջոցով և եթե պահեի ուխտերը ինձ խոստացան օրհնություններ, որոնք ես հազիվ թե կարողանայի հասկանալ: Այդ առաջին փորձառությունից ի վեր ես շարունակ վստահ եմ եղել, որ Աստծո հետ կապած ուխտերը պահելը մեզ թույլ է տալիս օգտվել Փրկիչի զորությունից, որն ամրացնում է մեզ մեր անխուսափելի փորձությունների ժամանակ, ապահովում է պաշտպանություն հակառակորդի ազդեցությունից և նախապատրաստում մեզ հավերժական փառքի ապագայի համար:

Կյանքի փորձառությունները կարող են տարբեր լինել՝ հումորայինից մինչև սրտաճմլիկ, մռայլից մինչև փառահեղ: Յուրաքանչյուր փորձառություն օգնում է մեզ ավելին հասկանալ մեր Հոր համապարփակ սիրո և Փրկիչի շնորհի պարգևի միջոցով փոխվելու մեր կարողության մասին: Պահելով մեր ուխտերը, թույլ ենք տալիս, որ Փրկիչի զորությունը մաքրի մեզ, մինչ մենք սովորում ենք մահկանացու կյանքի փորձառությունների միջոցով՝ լինի դա աննշան սխալ դատողություն, թե մեծ ձախողում: Մեր Քավիչը աջակցում է մեզ, երբ սխալ ենք գործում, եթե մենք դիմում ենք Նրան:

Նկար
Վայրէջք լեռն ի վար

Երբևէ կանգնե՞լ եք բարձր ժայռի վրա՝ ոտքի մատները դրած դրա եզրին, իսկ մեջքով դեպի անդունդը: Լեռնամագլցման ժամանակ, թեև գիտեք, որ ապահով կերպով կապված եք ամուր պարանների և սարքավորումների համակարգին, որը կարող է ձեզ անվտանգ հասցնել անդունդի հատակը, եզրին կանգնած մնալը, այնուամենայնիվ, վախեցնող փորձառություն է: Ժայռից հետ հրվելը և օդի մեջ ճոճվելը վստահություն է պահանջում խարիսխի նկատմամբ, որն ամրացված է անշարժ առարկայի վրա: Դա վստահություն է պահանջում այն մարդու հանդեպ, որը լարում է կիրառում պարանի վրա, երբ դուք իջնում եք: Եվ չնայած սարքավորումը ձեզ որոշակի հնարավորություն է տալիս վերահսկել ձեր վայրէջքը, դուք պետք է վստահ լինեք, որ ձեր գործընկերը թույլ չի տա, որ ընկնեք:

Նկար
Լեռնամագլցման խարիսխներ
Նկար
Երիտասարդ կինը իջնում է լեռն ի վար

Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էինք ժայռից իջնում մի խումբ երիտասարդ կանանց հետ: Ես առաջինն էի խմբում: Երբ ես հետ հրվեցի ժայռից, հանկարծ սկսեցի ընկնել առանց վերահսկողության: Բարեբախտաբար, պարանը ցնցվեց, և իմ չափազանց արագ վայրէջքը դադարեց: Երբ կիսով չափ կախվել էի բարձր ժայռի ատամնավոր ապառաժից, ես ջերմեռանդորեն աղոթում էի այն մարդու կամ առարկայի համար, որը պահում էր, որ ես չընկնեմ անդունդը:

Ավելի ուշ ես իմացա, որ խարիսխի պտուտակն ապահով ամրացված չէր եղել, և հենց որ ես քայլ արեցի եզրից դեպի անդունդը, ինձ հետ պահող մարդը ցնցվեց և մեջքի վրա ընկած արագ քշվեց դեպի ժայռի եզրը: Ինչ-որ կերպ նա իր ոտքերը սեպի նման դեմ տվեց քարերին: Կայունանալով այդ դիրքում՝ նա կարողացավ պարանով իջեցնել ինձ՝ տքնաջանորեն հերթով փոխելով ձեռքերը։ Թեև ես չէի կարողանում տեսնել նրան, սակայն գիտեի, որ նա իր ողջ ուժով աշխատում էր փրկել ինձ: Մեկ այլ ընկեր ժայռի ստորոտում էր և պատրաստ էր բռնել ինձ, եթե պարանը չպահեր: Երբ ես մոտեցա, նա բռնեց իմ ամրագոտիները և ինձ իջեցրեց գետնին:

Ունենալով Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր խարիսխը և կատարյալ գործընկերը, փորձության ժամին մենք վստահ ենք Նրա սիրառատ ուժի վրա և վստահ ենք, որ Նրա միջոցով, ի վերջո, տեղ կհասնենք: Ինչպես ուսուցանել է նախագահ Մ. Ռասսել Բալլարդը. «Հավատքն առ Աստված և նրա Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոսը, այն … խարիսխն է, որը մենք պետք է ունենանք մեր կյանքում՝ մեզ ամուր պահելու համար՝ սոցիալական անհանգստության և ամբարշտության ժամանակներում: Մեր հավատքը … պետք է կենտրոնանա Հիսուս Քրիստոսի, նրա կյանքի և նրա քավության ու նրա ավետարանի վերականգնման վրա»։2

Հոգևոր սարքավորումները, որոնք խանգարում են մեզ կոտրվել դժբախտության ժայռերի վրա, մեր վկայություններն են Հիսուս Քրիստոսի և այն ուխտերի մասին, որոնք մենք կապում ենք: Մենք կարող ենք ապավինել այս աջակցությանը, որը կառաջնորդի մեզ և ապահով կտանի առաջ: Փրկիչը՝ որպես մեր պատրաստակամ գործընկեր, թույլ չի տա, որ մենք Իր հասանելիությունից դուրս մղվենք: Նույնիսկ մեր տառապանքի և վշտի ժամանակներում Նա մեր կողքին է, որպեսզի բարձրացնի և քաջալերի մեզ: Նրա զորությունը նաև օգնում է մեզ վերականգնվել ուրիշների ընտրությունների հաճախ կործանարար ազդեցությունից: Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրը պետք է ամրացնի ամրագոտին և համոզվի, որ հանգույցները ապահով կերպով կապված են: Մենք պետք է որոշենք խարսխված լինել Փրկիչի հետ, որպեսզի մեր ուխտերով կապված լինենք Նրան:3

Ինչպե՞ս ենք մենք ամրացնում այդ խարիսխը: Մենք աղոթում ենք խոնարհ սրտով, ուսումնասիրում և խորհում ենք սուրբ գրությունների շուրջ, ամեն շաբաթ ընդունում ենք հաղորդությունը՝ ապաշխարության և ակնածանքի ոգով, ջանում ենք պահել պատվիրանները և հետևել մարգարեի խորհրդին: Եվ երբ մենք կատարում ենք մեր ամենօրյա առաջադրանքները «ավելի բարձր և սուրբ»4 եղանակներով, մենք ավելի ամուր ենք կապվում Փրկիչի հետ և, միևնույն ժամանակ, օգնում ուրիշներին գալ Նրա մոտ:

Ի՞նչ տեսք ունի այդ «ավելի բարձր և սուրբ ճանապարհը»: Ուրիշների հետ մեր բոլոր շփումներում մենք փորձում ենք ապրել ավետարանով: Մենք հոգում ենք կարիքի մեջ գտնվողների մասին՝ իսկապես սպասավորելով և պարզ ծառայության միջոցով սեր արտահայտելով: Մենք կիսվում ենք ավետարանի բարի լուրով նրանց հետ, ովքեր իրենց կյանքում խաղաղության և ուժի կարիք ունեն և «չգիտեն՝ որտեղ գտնեն այն»:5 Մենք աշխատում ենք, որպեսզի հավերժական ընտանիքները միավորվեն վարագույրի երկու կողմերում: Եվ նրանց համար, ովքեր ուխտեր են կապել Տիրոջ տանը, ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է բացատրել. «Տաճարի յուրաքանչյուր չափահաս այցելու կհագնի քահանայության սուրբ հագուստը, [որը] … հիշեցնում է մեզ … քայլել ուխտի ճանապարհով՝ յուրաքանչյուր օր ավելի բարձր և սուրբ ձևով»:6 Այս գործողությունները պարզապես պատահական շռայլություն չեն, այլ կարևոր են մեր ամենօրյա երջանկության և մեր հավերժական ուրախության համար:

Մեր հավերժական առաջընթացի համար ավելի կարևոր բան չկա, քան Աստծո հետ ունեցած մեր ուխտերը պահելը: Երբ մեր սուրբ տաճարային ուխտերն ուժի մեջ են, մենք կարող ենք վստահել վարագույրի մյուս կողմում գտնվող սիրելիների հետ ուրախ վերամիավորմանը: Այդ երեխան, ծնողը կամ ամուսինը, որն արդեն լքել է մահկանացու կյանքը, ամբողջ սրտով հույս ունի, որ դուք հավատարիմ կլինեք այն ուխտերին, որոնք կապում են ձեզ ընդմիշտ: Եթե մենք անտեսում ենք կամ անլուրջ ենք վերաբերվում Աստծո հետ ունեցած մեր ուխտերին, մենք վտանգի տակ ենք դնում այդ հավերժական կապերը: Հիմա է ապաշխարելու, նորոգելու և նորից փորձելու ժամանակը:

Երջանկությունը կարճատև է, եթե մենք հավերժական ուրախության օրհնությունները փոխանակենք վայրկենական հարմարավետության հետ: Անկախ մեր տարիքից՝ սա է բացարձակ ճշմարտությունը. տևական երջանկության բանալին է՝ ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և պահել մեր կապած ուխտերը: Մեր մարգարեն՝ նախագահ Նելսոնը, հաստատել է, որ «մեր վերջնական անվտանգությունը և մեր միակ հարատև երջանկությունը կայանում է նրանում, որ կառչած լինենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի երկաթե ձողից՝ դրա ուխտերով և արարողություններով հանդերձ: Երբ մենք դա անում ենք, կարող ենք ապահով նավարկել փոթորկոտ ջրերի միջով, քանի որ մեզ հասանելի է Աստծո զորությունը»:7

Մեզանից շատերը բախվում են փոթորկոտ ջրերին: Երբ մեզ տանում են ձախորդության ալիքները և երբեմն կուրացած ենք արցունքների հեղեղներից, որոնք գալիս են այդ դժվարությունների ժամանակ, մենք գուցե չգիտենք, թե որ ուղղությամբ թիավարել մեր կյանքի նավակը: Մենք կարող ենք նույնիսկ չմտածել, որ ուժ ունենք ափ դուրս գալու համար: Եթե հիշեք, թե ով եք դուք՝ Աստծո սիրելի զավակը, ինչու եք դուք Երկրի վրա, և հիշեք Աստծո ու ձեր սիրելիների հետ երկնային աշխարհում ապրելու նպատակը, այն կարող է հստակեցնել ձեր տեսլականը և ձեզ ցույց տալ ճիշտ ուղղությունը: Անգամ փոթորիկի մեջ մի պայծառ լույս կա, որը մեզ ցույց կտա ճանապարհը: «Ես եմ լույսը, որը շողում է խավարում»,-հայտարարել է Հիսուսը:8 Մենք ապահով ենք, երբ նայում ենք Նրա լույսին և հավատարիմ մնում մեր ուխտերին:

Արտոնություն է հանդիպել բոլոր տարիքի կանանց՝ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք ապրում են տարբեր հանգամանքներում և պահում են իրենց ուխտերը: Ամեն օր առաջնորդության համար նրանք նայում են Տիրոջը և Նրա մարգարեին, այլ ոչ թե հանրաճանաչ լրատվամիջոցներին: Չնայած իրենց անհատական մարտահրավերներին և աշխարհի վնասակար փիլիսոփայություններին, որոնք փորձում են հետ պահել նրանց իրենց ուխտերը պահելուց, նրանք վճռում են մնալ ուղտի ուղու վրա։ Նրանք ապավինում են հետևյալ խոստմանը. «ամենն, ինչ Հայրն ունի»:9 Եվ անկախ ձեր տարիքից, ձեզանից յուրաքանչյուրը, որն ուխտեր է կապել Աստծո հետ, կարողություն ունի բարձր պահել Տիրոջ լույսը և իր օրինակով առաջնորդել ուրիշներին Նրա մոտ:10 Ձեր ուխտերը պահելու միջոցով Նա կօրհնի ձեզ Իր քահանայության զորությամբ և հնարավորություն կտա ձեզ խորը ազդեցություն ունենալ բոլոր նրանց վրա, ում հետ դուք շփվում եք: Ինչպես հայտարարել է նախագահ Նելսոնը, դուք ա՛յն կանայք եք, ովքեր կկատարեն մարգարեությունները, որոնք կանխագուշակվել են:11

Սիրելի՛ քույրեր, ամեն ինչից առաջ մնացեք դեպի Հիսուս Քրիստոսը տանող ուխտի ճանապարհի վրա: Մենք օրհնված ենք, որ երկիր ենք եկել այն ժամանակ, երբ տաճարները ցրված են երկրագնդի վրա: Տաճարային ուխտերի կապումն ու պահումը հասանելի է Եկեղեցու յուրաքանչյուր արժանավոր անդամի: Երիտասա՛րդ չափահասներ, մի սպասեք մինչև ամուսնությունը կամ միսիա ծառայելը՝ այդ սուրբ ուխտերը կապելու համար: Դուք՝ որպես երիտասարդ կանայք, կարող եք ստանալ տաճարային ուխտերի պաշտպանությունն ու ուժը, որոնք տալիս են 18 տարեկանից անմիջապես հետո, երբ պատրաստ լինեք և ցանկություն զգաք պատվելու այդ տաճարային ուխտերը:12 Դուք, որ արդեն ստացել եք տաճարի օրհնությունները, թույլ մի տվեք, որ ուրիշները նսեմացնեն կամ շեղեն ձեզ այդ հավերժական ճշմարտություններից: Ուսումնասիրեք և հարցրեք վստահելի աղբյուրներից, որպեսզի լավագույնս ըմբռնեք ձեր կապած ուխտերի սուրբ նշանակությունը: Որքան հնարավոր է հաճախ գնացեք տաճար և լսեք Հոգուն: Դուք քաղցր վերահաստատում կզգաք, որ դուք Տիրոջ ճանապարհին եք: Դուք համարձակություն կգտնեք շարունակելու, ինչպես նաև ձեզ հետ բերելու ուրիշներին:

Ես վկայում եմ, որ երբ մենք որոշենք ուխտեր կապել Երկնային Հոր հետ և ստանանք Փրկիչի զորությունը՝ դրանք պահելու համար, մենք կօրհնվենք ավելի մեծ երջանկությամբ այս կյանքում, քան այժմ կարող ենք պատկերացնել, և փառահեղ հավերժական կյանքով՝ գալիք աշխարհում:13 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։