Գերագույն համաժողով
Սիրեք, կիսվեք, հրավիրեք
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Սիրեք, կիսվեք, հրավիրեք

Երբ մենք սիրում ենք, կիսվում և հրավիրում, մասնակցում ենք այդ մեծ փառահեղ աշխատանքին, որը Երկիրը նախապատրաստում է իր Մեսիայի վերադարձին:

Մի պահ պատկերացրեք, որ միասին կանգնած ենք Գալիլեայի սարի վրա և ականատես ենք լինում Իր աշակերտներին այցելող հարություն առած Փրկիչի հրաշքին ու փառքին: Որքա՜ն ակնածալից է, երբ անձամբ լսում ենք այս խոսքերը, որոնցով Նա տվել է Իր հանդիսավոր հանձնարարությունը. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հօգու անունովը»։1 Անկասկած, այս խոսքերը կզորացնեն, կոգեշնչեն և գործի կմղեն մեզանից յուրաքանչյուրին, ինչպես դա տեղի ունեցավ Նրա առաքյալների դեպքում: Նրանք իսկապես նվիրաբերեցին իրենց մնացած կյանքը` հենց դա անելով:

Հետաքրքիրն այն է, որ միայն առաքյալները չէին, որ սրտին մոտ ընդունեցին Հիսուսի խոսքերը: Եկեղեցու վաղեմի անդամները՝ նորադարձից մինչև ամենափորձվածները, մասնակցեցին Փրկիչի մեծ հանձնարարությանը` կիսվելով ավետարանի բարի լուրով նրանց հետ, ում հանդիպեցին և ճանաչում էին: Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությամբ կիսվելու վճռականությունը օգնեց, որ Նրա նոր հիմնադրած Եկեղեցին բուռն աճ ապրի:2

Մենք` որպես Քրիստոսի աշակերտներ, նույնպես հրավիրված ենք ականջ դնելու Նրա հանձնարարությանն այսօր, կարծես մենք այնտեղ էինք` Գալիլեայի այդ լեռան վրա, երբ Նա առաջին անգամ հռչակեց այն: Այս հանձնարարությունը սկսվեց 1830 թվականին, երբ Ջոզեֆ Սմիթը իր եղբայր Սամուելին կարգեց որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վաղ միսիոներ:3 Այդ ժամանակից ի վեր ավելի քան 1.5 միլիոն միսիոներներ ճամփորդել են ամբողջ աշխարհում՝ ուսուցանելով բոլոր ազգերին և մկրտելով նրանց, ովքեր ընդունում են վերականգնված ավետարանի բարի լուրը:

Սա է մեր վարդապետությունը։ Սա է մեր նվիրական իղձը:

Մենք՝ փոքր երեխաներից սկսած մինչև ամենամեծերը, փափագում ենք այն ժամանակը, երբ կարող ենք հնազանդվել Փրկիչի կանչին և ավետարանով կիսվել աշխարհի ազգերի հետ: Ես համոզված եմ, որ դուք` երիտասարդ տղամարդիկ և կանայք, երեկ մեր մարգարեից զգացել եք նմանատիպ ոգեշնչող կոչ, երբ նա հրավիրեց ձեզ պատրաստվել լիաժամկետ միսիոներական ծառայության` ճիշտ ինչպես Փրկիչը կանչեց Իր առաքյալներին:

Ինչպես մեկնարկի մոտ գտնվող վազորդները, մենք սպասում ենք պաշտոնական հրավերին, որը լրացվում է մարգարեի ստորագրությամբ և ազդարարում մրցավազքի մեկնարկը: Այս ցանկությունը ազնիվ է և ոգեշնչող, այնուամենայնիվ, եկեք քննարկենք այս հարցը. Ինչո՞ւ մենք բոլորս չսկսենք հիմա:

Գուցե դուք հարցնեք. «Ինչպե՞ս կարող եմ միսիոներ լինել առանց կրծքանշանի: Կամ, մենք մեզ ասում ենք. «Լիաժամկետ միսիոներները կարգվում են՝ կատարելու այս աշխատանքը: Ես կկամենայի օգնել, բայց գուցե հետագայում, երբ կյանքը մի փոքր հանդարտվի»:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, դա շատ ավելի հեշտ է քան կարծում եք: Բարեբախտաբար Փրկիչի մեծ հանձնարարությունը կարելի է իրականացնել հասարակ, հեշտ հասկանալի սկզբունքներով, որոնք ուսուցանվում են մեզ մանկությունից՝ սիրեք, կիսվեք, հրավիրեք:

Սիրեք

Առաջին բանը, որ կարող ենք անել, սիրել՝ ինչպես Քրիստոսը սիրեց:

Մեր սրտերը ծանրացած են մարդկային տառապանքից և լարումներից, որոնք մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում՝ այս խառնաշփոթ ժամանակներում: Սակայն, մենք կարող ենք նաև ոգեշնչվել ամենուր ժողովրդի կողմից դրսևորված կարեկցանքի և մարդասիրության ջանքերով, երբ նրանք օգնության են հասնում տուժածներին՝ իրենց տներից տեղահանվածներին, ընտանիքից բաժանվածներին կամ վիշտ ու հուսահատություն կրածներին։

Վերջերս լրատվական աղբյուրները հայտնեցին, թե ինչպես Լեհաստանում մի խումբ մայրեր, մտահոգվելով հուսահատ, փախստական ընտանիքների համար, ամբողջովին սարքավորված մանկասայլակները թողել էին երկաթուղային կայարանի հարթակի վրա՝ հերթականությամբ կոկիկ շարված, պատրաստ, սպասելով փախստական մայրերին ու երեխաներին, ովքեր դրանց կարիքը կունենային այդ սահմանը հատելիս, երբ իջնեին գնացքից: Անկասկած, մեր Երկնային Հայրը ժպտում է գթության այդպիսի անձնազոհ գործերի դեպքում, քանի որ երբ մենք կրում ենք մեկս մյուսի բեռները, մենք «կատարում ենք Քրիստոսի օրենքը»:4

Երբ մենք ցույց ենք տալիս Քրիստոսանման սեր մեր մերձավորի հանդեպ, քարոզում ենք ավետարանը, եթե նույնիսկ չենք արտաբերում մեկ հատիկ խոսք:

Ուրիշների հանդեպ սերը մեր մերձավորին սիրելու երկրորդ մեծ պատվիրանի պերճախոս արտահայտությունն է.5 այն ցույց է տալիս Սուրբ Հոգու մաքրող գործընթացը, որն աշխատում է մեր հոգիներում: Ցույց տալով Քրիստոսի սերը ուրիշներին՝ մեր բարի գործերը տեսնողների մեջ գուցե առաջացնենք «փառաբանություն [մեր] Հորը, որը երկնքում է»:6

Մենք անում ենք սա, փոխարենը ոչինչ չակնկալելով:

Մեր հույսը իհարկե այն է, որ նրանք կընդունեն մեր սերը, չնայած նրանց արձագանքը մեր վերահսկողության ներքո չէ:

Անշուշտ, կարևորն այն է, թե ինչ ենք մենք անում, և ով ենք մենք:

Ուրիշների հանդեպ Քրիստոսանման սիրո միջոցով մենք քարոզում ենք Քրիստոսի փառահեղ ավետարանի կյանք փոխող հատկանիշները, և նշանակալիորեն մասնակցում ենք Նրա մեծ հանձնարարության իրականացմանը:

Կիսվել

Երկրորդ քայլը կիսվելն է:

COVID-19 համաճարակի առաջին ամիսներին Եղբայր Ուիսանը Թաիլանդից հուշում զգաց, որ սոցցանցի էջում կսվի իր զգացմունքներով և տպավորություններով այն ամենի վերաբերյալ, ինչն ինքը սովորում էր Մորմոնի Գրքի ուսումնասիրության ընթացքում: Իր անձնական հրապարակումներից մեկում նա հատկապես կիսվեց Մորմոնի Գրքի երկու միսիոներների` Ամուղեկի և Ալմայի պատմությամբ:

Նրա եղբայրը` Ուինայը, չնայած իր կրոնական համոզմունքներին, ազդվեց հրապարակումից և արձագանքեց, անսպասելիորեն հարցնելով. «Կարո՞ղ եմ ձեռք բերել այդ գիրքը թայերենով»:

Ուիսանը խելամտորեն պատրաստեց Մորմոնի գրքի մի օրինակ` երկու քույր միսիոներների միջոցով իր եղբորն առաքելու համար, ապա նրանք սկսեցին ուսուցանել եղբորը:

Ուիսանը միացավ հեռավար դասերին, որոնց ընթացքում նա կիսվեց Մորմոնի Գրքի վերաբերյալ իր զգացումներով: Ուինայը սովորեց աղոթել և ուսումնասիրել որոնողի ոգով՝ ընդունելով ճշմարտությունը: Ամիսներ անց Ուինայը մկրտվեց։

Ուիսանը հետագայում ասաց. «Մենք պարտականություն ունենք գործիք լինել Աստծո ձեռքում և պետք է միշտ պատրաստ լինենք մեր միջոցով Նրա համար Իր ձևով կատարել Իր աշխատանքը»: Նրանց ընտանեկան հրաշքը եկավ, որովհետև Ուիսանը պարզապես սովորական և բնական ձևով կիսվեց ավետարանով:

Մենք բոլորս ինչ-որ բաներով կիսվում ենք ուրիշների հետ: Մենք դա հաճախ ենք անում: Մենք կիսվում ենք, թե ինչ ֆիլմեր և ուտելիք ենք սիրում, կիսվում ենք մեր տեսած ծիծաղելի բաներով, մեր այցելած վայրերով, արվեստով, որը գնահատում ենք, ոգեշնչող մեջբերումներով:

Ինչպե՞ս կարող ենք պարզապես ավելացնել այն ցուցակը, որով մենք արդեն կիսվում ենք, թե ինչն ենք սիրում Հիսուս Քրիստոսի ավետարանում:

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է. «Եթե ինչ-որ մեկը հարցնում է ձեր հանգստյան օրերի մասին, առանց հապաղելու խոսեք եկեղեցում ունեցած ձեր փորձառության մասին։ Նրանց պատմեք այն փոքր երեխաների մասին, ովքեր հավաքվածների առաջ ջերմեռանդ երգեցին, թե ինչպես են փորձում նմանվել Հիսուսին։ Խոսեք երիտասարդների խմբի մասին, որոնք իրենց ժամանակը տրամադրել են` օգնելով ծերանոցի ծերերին հավաքել անձնական պատմություններ»:7

Կիսվելը ավետարանը «վաճառելու» մասին չէ: Դուք պարտավոր չեք քարոզ գրել կամ ուղղել որևէ մեկի սխալ տեսակետները:

Ինչ վերաբերում է միսիոներական աշխատանքին, Աստված կարիք չունի, որ դուք լինեք Իր ոստիկանապետը, սակայն Նա խնդրում է, որ դուք լինեք Իր գործակիցը:

Ավետարանի վերաբերյալ մեր դրական փորձառություններով մյուսների հետ կիսվելով՝ մենք մասնակցում ենք Փրկիչի մեծ հանձնարարությանը:

Հրավիրել

Երրորդ բանը, որ կարող եք անել՝ հրավիրելն է:

Քույր Մայրան Էկվադորից վերջերս է դարձի եկել: Նրա ուրախությունը ավետարանում շեշտակիորեն բարձրացավ իր մկրտությունից անմիջապես հետո, երբ նա հրավիրեց ընկերների և իր շրջապատի սիրելի մարդկանց իրեն միանալ սոցցանցերի միջոցով: Ընտանիքի շատ անդամներ և ընկերներ, ովքեր տեսան նրա հրապարակումները արձագանքեցին հարցերով: Մայրան կապվեց նրանց հետ՝ հաճախ հրավիրելով նրանց իր տուն, որ միասին հանդիպեն միսիոներներին:

Մայրայի ծնողները, նրա քույրերն ու եղբայրները, նրա մորաքույրը, երկու զարմիկները և նրա ընկերներից մի քանիսը մկրտվեցին, որովհետև նա խիզախորեն հրավիրեց նրանց «գալ և տեսնել», «գալ և ծառայել», և «գալ ու պատկանել»: Նրա սովորական և բնական հրավերների միջոցով ավելի քան 20 մարդ ընդունեցին Հիսուս Քրիստոսի Եկեղեցում մկրտված անդամներ դառնալու նրա հրավերը: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ քույր Մայրան պարզապես հրավիրեց ուրիշներին` զգալու այն ուրախությունը, որ ինքը զգաց՝ որպես Եկեղեցու անդամ:

Նկար
Քույր Մայրան և նրանք, ում նա հրավիրել էր` ճաշակելու ավետարանի ուրախությունը

Հարյուրավոր հրավերներ կան, որոնք կարող ենք ուղարկել ուրիշներին: Մենք կարող ենք հրավիրել ուրիշներին «գալ և տեսնել» հաղորդության արարողություն, ծխի միջոցառում, առցանց տեսահոլովակ, որը բացատրում է Հիսուս Քրիստոսի ավետարանը: «Եկեք և տեսեք» հրավերը կարող է հրավիրել կարդալ Մորմոնի գիրքը կամ այցելել մի նոր տաճար բաց դռների օրը՝ նախքան նվիրագործումը: Երբեմն հրավերը մի բան է, որը մենք ուղղում ենք ներս՝ հրավեր ինքներս մեզ, որը մեզ տալիս է մեզ շրջապատող հնարավորությունների գիտակցում և գործելու տեսլական:

Մեր թվայնացված դարում անդամները հաճախ կիսվում են ուղերձներով սոցիալական ցանցերի միջոցով: Կան հարյուրավոր, եթե ոչ հազարավոր վեհացնող բաներ, որոնցով գուցե արժե կիսվել: Այս գրքույկն առաջարկում է հրավերներ` «գալ և տեսնել», «գալ և ծառայել», և «գալ ու պատկանել»։

Երբ մենք հրավիրում ենք ուրիշներին ավելի շատ բան սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, մենք մասնակցում ենք Փրկիչի կոչին՝ ընդգրկվել Իր հանձնարարած աշխատանքում:

Եզրակացություն

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, այսօր մենք խոսեցինք երեք պարզ և հեշտ քայլերի մասին, որ ամեն ոք կարող է կատարել: Քայլեր, որոնք դուք կարո՛ղ եք կատարել: Հավանաբար դուք արդեն կատարում եք դրանք՝ առանց լիովին գիտակցելու, որ կատարում եք:

Հրավիրում եմ ձեզ մտածել ուղիներ, որոնցով կարող եք սիրել, կիսվել և հրավիրել: Երբ այդպես վարվեք, դուք որոշակի ուրախություն կզգաք՝ գիտենալով, որ ականջ եք դնում մեր սիրելի Փրկիչի խոսքերին:

Այն, ինչ հորդորում եմ ձեզ անել, նոր ծրագիր չէ: Դուք լսել եք այս սկզբունքները նախկինում: Սա «հաջորդ մեծ բանը» չէ, որ Եկեղեցին խնդրում է ձեզ անել: Այս երեք քայլերը պարզապես արտահայտում են, թե ով ենք մենք արդեն՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

Ոչ մի կրծքանշան կամ նամակ չի պահանջվում:

Ոչ մի պաշտոնական կանչ հարկավոր չէ:

Երբ այս երեք քայլերը դառնան մեր ով լինելու և ինչպես ապրելու բնական մասը, դրանք կդառնան անկեղծ սիրո ինքնաբուխ, ոչ ստիպողական արտահայտություն:

Ինչպես Քրիստոսի այն աշակերտները, որոնք հավաքվեցին միասին` սովորելու Նրանից Գալիլեայում 2000 տարի առաջ, մենք ևս կարող ենք ընդունել Փրկիչի հանձնարարությունը և գնալ քարոզելու ավետարանը ողջ աշխարհին:

Երբ մենք սիրում ենք, կիսվում և հրավիրում, մասնակցում ենք այդ մեծ փառահեղ աշխատանքին, որը Երկիրը նախապատրաստում է իր Մեսիայի վերադարձին:

Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք ականջ դնել Փրկիչի կոչին և ձգտենք մասնակցել Նրա մեծ հանձնարարությանը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մատթեոս 28․19:

  2. Ո՞րն էր վաղ Եկեղեցու աճի պատճառը: Պատմաբաններից մեկն ասում է. «Առաջին բանը, որը կարող էր լուրջ հետազոտություն առաջացնել հավատքի բնույթի վերաբերյալ, անձնական շփումն էր այլ հավատացյալների հետ։ … Ապրել և աշխատել նրանց կողքին, ովքեր հետևել են Հիսուսին, ականատես լինել նրանց վարքագծին մոտիկից և լսել, երբ նրանք խոսում էին ավետարանի մասին իրենց սովորական ամենօրյա գործունեության ընթացքում, նշանակում էր բախվել փոխված կյանքերի ապացույցի հետ: Այս իմաստով, քրիստոնեական հավատքի ձգողական ուժը հաճախ պետք է բաղկացած լիներ ոչ այնքան նրա ամենահայտնի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից, որքան Հիսուսի շարքային երկրպագողների հանդարտ վկայությունից, որոնք ապացուցում էին իրենց նվիրվածության վստահելիությունը` ուրիշների հանդեպ իրենց ազնվությամբ, հաստատակամությամբ, և սրտաբացությամբ» (Ivor J. Davidson, The Birth of the Church: From Jesus to Constantine, AD 30–312 [2005], 108–9):

  3. Տես Lucy Mack Smith, History, 1845, page 169, josephsmithpapers.org:

  4. Գաղատացիս 6.2:

  5. Տես Մատթեոս 22.39:

  6. Մատթեոս 5.16:

  7. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսվելով նրանով, ինչ կա ձեր սրտում», Լիահոնա, մայիս 2019, 17: