Գերագույն համաժողով
Սիրիր քո ընկերոջը
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Սիրիր քո ընկերոջը

Կարեկցանքը Քրիստոսի հատկանիշն է: Այն ծնվում է ուրիշների հանդեպ սիրուց և սահմաններ չի ճանաչում:

Այսօր ես հրավիրում եմ, որ ինձ հետ ճամփորդեք Աֆրիկայով: Դուք չեք տեսնի առյուծներ, զեբրեր կամ փղեր, բայց, հավանաբար, ճամփորդության ավարտին կտեսնեք, թե ինչպես են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հազարավոր անդամներ արձագանքում Քրիստոսի՝ «Սիրիր քո ընկերին» երկրորդ մեծ պատվիրանին (Մարկոս 12.31):

Մի պահ պատկերացրեք Աֆրիկայի գյուղերի կարմիր հողը: Չորացած ու անպտուղ հողից կարող եք նկատել, որ շատ տարիներ բավարար չափով անձրև չի տեղացել: Ճանապարհը հատող սակավաթիվ կովերի վրա ավելի շատ ոսկոր է երևում, քան միս, իսկ նրանց քշում է ծածկոցով փաթաթված «Կարամաջոնգ» ցեղի հովիվը, որը, սանդալները ոտքերին, թափառում է բուսականություն և ջուր գտնելու հույսով:

Անհարթ ու քարքարոտ ճանապարհով քայլելիս տեսնում եք գեղեցիկ երեխաների խմբեր և զարմանում, թե նրանք ինչու դպրոցում չեն: Երեխաները ժպտում են ու ձեռքով անում, իսկ դուք արտասվում ու ժպիտով ձեռքով եք անում։ Մանկահասակ երեխաների իննսուներկու տոկոսը, որ դուք տեսնում եք այս ճամփորդության ընթացքում, ուտելիքի սղության մեջ է ապրում, և ձեր սիրտը հառաչում է ցավից:

Առջևում տեսնում եք, թե ինչպես է մի մայր խնամքով հավասարակշռված 19 լիտրանոց տարայով ջուրը տեղափոխում իր գլխին, իսկ մյուսը՝ ձեռքին: Նա ներկայացնում է այս տարածաշրջանի ամեն երկրորդ ընտանիքին, որտեղ կանայք՝ երիտասարդ և տարեց, մի ուղղությամբ ավելի քան երեսուն րոպե քայլում են ամեն օր, որ հասնեն իրենց ընտանիքի ջրի աղբյուրին։ Վշտի ալիքը ողողում է ձեզ:

Նկար
Ջուր կրող աֆրիկացի մի կին

Երկու ժամից դուք հասնում եք մեկուսի և ստվերոտ մի բացատ։ Ժողովի վայրը ոչ թե դահլիճ է կամ նույնիսկ վրան, այլ մի քանի մեծ ծառերի շվաք, որոնք պատսպարում են սողացող արևից: Դուք նկատում եք, որ այս վայրում չկա հոսող ջուր, չկա էլեկտրականություն, չկան քաղաքակիրթ զուգարաններ: Դուք նայում եք ձեր շուրջը և հասկանում, որ գտնվում եք Աստծուն սիրող մարդկանց մեջ և անմիջապես զգում եք Աստծո սերը նրանց հանդեպ: Նրանք հավաքվել են օգնություն և հույս ստանալու համար, իսկ դուք եկել եք կիսվելու այդ լույսով ու հույսով:

Այդպիսին էր իմ և քույր Արդերնի ճամփորդությունը, որի ընթացքում մեզ ուղեկցում էին Սփոփող միություն գերագույն նախագահ քույր Քամիլ Ջոնսոնը և նրա ամուսինը՝ Դագը, ինչպես նաև Եկեղեցու հումանիտար ծառայությունների տնօրեն քույր Շերոն Յուբենկը, երբ մենք ճամփորդում էինք Ուգանդայում՝ 47 միլիոնանոց մի երկրում, որը գտնվում է Եկեղեցու կենտրոնական Աֆրիկայի տարածաշրջանում։ Այդ օրը՝ ծառերի ստվերի տակ, մենք քննարկեցինք համայնքի մի առողջապահական ծրագիր, որը համատեղ ֆինանսավորվում է Եկեղեցու հումանիտար ծառայությունների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ուգանդայի կառավարության առողջապահության նախարարության կողմից: Դրանք հուսալի կազմակերպություններ են, որոնք զգուշորեն ընտրվել են՝ ապահովելու Եկեղեցու անդամների նվիրաբերված հումանիտար միջոցների շրջահայց օգտագործումը:

Նկար
Խնամք ստացող աֆրիկացի մի երեխա։

Որքան էլ սրտաճմլիկ էր տեսնել թերսնված երեխաներին և տուբերկուլյոզի, մալարիայի և մշտական փորլուծության հետևանքները, մեզանից յուրաքանչյուրը հույս ուներ, որ մեր հանդիպած մարդիկ ունեն ավելի լավ ապագա։

Նկար
Մայրը կերակրում է երեխային։

Այդ հույսը մասամբ բխում էր ամբողջ աշխարհի Եկեղեցու անդամների բարությունից, որոնք ժամանակ և գումար են նվիրաբերում Եկեղեցու հումանիտար ջանքերին: Երբ տեսա, թե ինչպես են հիվանդներին ու տառապյալներին օգնում և բարձրացնում, ես երախտագիտությամբ խոնարհեցի գլուխս: Այդ պահին ես ավելի լավ հասկացա, թե ինչ նկատի ուներ Թագավորների թագավորը, երբ ասաց.

«Եկե՛ք, իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք ․․․ ձեզ համար պատրաստված թագավորությունը։

Որովհետև քաղցած էի, և դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ ձեզ մոտ ընդունեցիք» (Մատթեոս 25․34–35

Մեր Փրկչի խնդրանքն է․ «Թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5․16, տես նաև 14–15 հատվածները)։ Երկրի այդ հեռավոր անկյունում ձեր բարի գործերը լուսավորեցին կյանքը և թեթևացրին հուսահատ կարիքի մեջ գտնվող ժողովրդի բեռը, իսկ Աստված փառավորվեց:

Ես կցանկանայի, որ այդ շոգ ու փոշոտ օրը դուք լսեիք նրանց անկեղծ երախտագիտության և փառաբանման աղոթքները առ Աստված: Նրանք ցանկացել են, որ ես իրենց հայրենի Կարամաջոնգ լեզվով ձեզ ասեմ «Ալաքարա»: Շնորհակալություն:

Մեր ճամփորդությունն ինձ հիշեցնում է Բարի Սամարացու առակը, որը Երուսաղեմից քայլում էր Երիքով՝ ձգվող փոշոտ ճանապարհով, որն այդքան էլ չէր տարբերվում իմ նկարագրած ճանապարհից: Այս սպասավորող Սամարացին մեզ ուսուցանում է, թե ինչ է նշանակում սիրել քո ընկերին:

Նա տեսավ «մի մարդու, [ով] Երուսաղեմից Երիքով էր իջնում և ավազակների ձեռքն ընկավ։ Նրանք էլ նրան մերկացրին, վիրավորեցին ու կիսամեռ թողեցին գնացին» (Ղուկաս 10․30): Սամարացին «գթաց նրան» (Ղուկաս 10.33):

Կարեկցանքը Քրիստոսի հատկանիշն է: Այն ծնվում է ուրիշների հանդեպ սիրուց և սահմաններ չի ճանաչում: Հիսուսը՝ աշխարհի Փրկիչը, կարեկցանքի մարմնացումն է: Երբ մենք կարդում ենք, որ «Հիսուսն արտասվեց» (Հովհաննես 11.35), մենք, ինչպես Մարիամն ու Մարթան, ականատեսն ենք դառնում Նրա գթասրտության, որը ստիպեց Նրան հոգով խռովվել և հուզվել (տես Հովհաննես 11.33): Մորմոնի Գրքում Քրիստոսի կարեկցանքի օրինակ է այն, երբ Հիսուսը հայտնվեց մի բազմության և ասաց.

«Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, կամ խեղվածներ … որ խուլ են, կամ, որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերեք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա․․․

Եվ նա բժշկեց նրանցից ամեն մեկին» (3 Նեփի 17․7, 9

Անկախ մեր բոլոր ջանքերից, ես և դուք չենք բուժի բոլորին, բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել այն մեկը, որը կարող է ինչ-որ մեկի կյանքում լավ փոփոխություն մտցնել: Նա ընդամենը մի տղա էր, հասարակ մի տղա, որը հինգ հաց ու երկու ձուկ առաջարկեց, որոնք կերակրեցին հինգ հազարին։ Մենք կարող ենք մեր զոհաբերության մասին ասել այն, ինչ որ Անդրեաս աշակերտն ասաց հացերի և ձկների մասին. «Դա ի՞նչ է այսքան մարդու համար» (Հովհաննես 6․9)։ Ես ձեզ վստահեցնում եմ․ բավական է տալ այն, ինչ կարող եք, իսկ հետո թույլ տվեք, որ Քրիստոսը բազմապատկի ձեր ջանքերը:

Այս առիթով երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հրավիրել է մեզ, որ «հարուստ թե աղքատ, պետք է «անենք, ինչ կարող ենք», երբ մյուսները կարիքի մեջ են»։ Այնուհետև նա, ինչպես ես, վկայեց, որ Աստված «կօգնի ձեզ և կառաջնորդի ձեզ աշակերտի [ձեր] կարեկցող արարքներում» («Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք», Լիահոնա, նոյ. 2014, 41)։

Այդ հեռավոր երկրում, այդ անմոռանալի օրը, ես կանգնած էի այն ժամանակ և կանգնած եմ հիմա՝ որպես Եկեղեցու և հարուստ, և աղքատ անդամների հոգեհարազատ ու կյանքը փոխող կարեկցանքի վկա:

Բարի Սամարացու առակը շարունակվում է, երբ նա «[մարդու] վերքերը կապեց ․․․ ու խնամեց նրան» (Ղուկաս 10.34): Եկեղեցու մեր հումանիտար ջանքերի շնորհիվ մենք արագ արձագանքում ենք բնական աղետներին և կապում ենք՝ հիվանդության, սովի, թերսնման, տեղահանության և հուսահատության ու հիասթափության հաճախ չերևացող վերքերը:

Որից հետո Սամարացին «երկու դինար հանեց, իջևանատիրոջը տվեց ու ասաց. «Խնամիր նրան» (Ղուկաս 10․35)։ Մենք՝ որպես Եկեղեցի, երախտապարտ ենք այլ «իջևանատերերի» կամ կազմակերպությունների հետ համագործակցելու համար, ինչպիսիք են՝ Catholic Relief ծառայությունները, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կարմիր Խաչը/Կարմիր մահիկը, որոնք օգնում են մեր հումանիտար ջանքերին: Մենք հավասարապես երախտապարտ ենք ձեր «երկու դինարի» կամ երկու եվրոյի, երկու պեսոյի կամ երկու շիլլինգի համար, որոնք թեթևացնում են այն բեռը, որն ամբողջ աշխարհում շատերը ստիպված են կրել: Քիչ հավանական է, որ դուք ճանաչեք ձեր ժամանակի դրամներ ստացողներին, բայց կարեկցելու համար մեզանից չի պահանջում ճանաչել նրանց, այլ պահանջվում է միայն սիրել նրանց:

Շնորհակալություն, նախագահ Ռասսել Մ. Նելսոն, որ հիշեցրել եք մեզ, որ «երբ մենք սիրում ենք Աստծուն մեր ողջ սրտով, Նա մեր սիրտը դարձնում է դեպի ուրիշների բարեկեցությունը» («Երկրորդ մեծ պատվիրանը», Լիահոնա, նոյ. 2019, 97)։ Ես վկայում եմ, որ մենք բոլորս ավելի շատ ուրախություն, խաղաղություն, խոնարհություն և սեր կունենանք, երբ արձագանքենք նախագահ Նելսոնի՝ մեր սրտերը ուրիշների բարեկեցությունը դարձնելու կոչին և Ջոզեֆ Սմիթի հետևյալ խնդրանքին. «Կերակրենք քաղցածին, հագցնենք մերկին, օգնենք այրիին, սրբենք որբի արցունքները, սփոփենք չարչարվածին, լինի այս թե այլ եկեղեցում, կամ ամենևին էլ ոչ եկեղեցում» (Joseph Smith, Times and Seasons, 15 March,1842)։

Նկար
Երեց Արդերնը և նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը աֆրիկացի երեխաների հետ:

Անցած այդ ամիսներին մենք քաղցածներին ու տառապյալներին գտանք չոր ու փոշոտ հարթավայրում և նայեցինք նրանց օգնություն հայցող աչքերին։ Մեր հոգին յուրովի խռովվում և հուզվում էր (տես Հովհաննես 11.33), սակայն այդ զգացմունքները մեղմվում էին, երբ մենք տեսնում էինք Եկեղեցու անդամների կարեկցանքը, երբ քաղցածները սնվում էին, այրիները աջակցություն ստանում, տառապյալները մխիթարվում, և նրանց արցունքները չորանում էին:

Թող որ մենք միշտ ականատես լինենք ուրիշների բարօրությանը և խոսքով ու գործով ցույց տանք, որ «պատրաստ ենք կրելու մեկը մյուսի բեռը» (Մոսիա 18.8), «բժշկելու կոտրած սիրտ ունեցողներին» (Վարդապետություն և Ուխտեր 138․42), և պահելու Քրիստոսի՝ «սիրիր քո ընկերին» երկրորդ մեծ պատվիրանը (Մարկոս 12.31): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: