Գերագույն համաժողով
Մենք Նրա զավակներն ենք
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Մենք Նրա զավակներն ենք

Մենք ունենք նույն աստվածային ծագումը և նույն անսահման ներուժը Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով։

Հիշու՞մ եք Սամուել մարգարեի փորձառությունը, երբ Տերը նրան ուղարկեց Հեսսեի տուն՝ օծելու Իսրայելի նոր թագավորին: Սամուելը տեսավ Եղիաբին՝ Հեսսեի առաջնեկին։ Էղիաբը, գուցե, բարձրահասակ էր և առաջնորդի տեսք ուներ։ Սամուելը տեսավ դա և շտապեց եզրակացություն անել։ Պարզվեց, որ դա սխալ եզրակացություն էր, և Տերը սովորեցրեց Սամուելին. «Մի նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։1

Հիշու՞մ եք Անանիա աշակերտի փորձառությունը, երբ Տերն ուղարկեց նրան՝ օրհնելու Սողոսին: Սողոսի համբավն արդեն հասել էր Անանիային, և նա լսել էր Սողոսի, ինչպես նաև սրբերի հանդեպ նրա դաժան, անողոք վերաբերմունքի մասին: Երբ Անանիան լսեց, շտապեց եզրակացնել, որ գուցե չպետք է ծառայեր Սողոսին։ Պարզվեց, որ դա սխալ եզրակացություն էր, և Տերը ուսուցանեց Անանիային. «Նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ հեթանոս ազգերի և թագավորների, Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու»։2

Ի՞նչ դժվարություններ ունեցան Սամուելը և Անանիան այս երկու դեպքերում։ Նրանք տեսնում էին իրենց աչքերով և լսում իրենց ականջներով, և արդյունքում, նրանք դատում էին ուրիշներին՝ ելնելով արտաքինից ու պտտվող լուրերից:

Երբ դպիրներն ու փարիսեցիները տեսան շնության մեջ բռնված կնոջը, նրանք ի՞նչ տեսան։ Մահվան արժանի, մեղավոր ու անբարո կնոջ։ Երբ Հիսուսը տեսավ այդ կնոջը, Նա ի՞նչ տեսավ: Մի կնոջ, որը որոշ ժամանակ տեղի էր տվել մարմնի թուլությանը, բայց կարող էր ուղղվել ապաշխարության և Իր Քավության միջոցով: Երբ մարդիկ տեսան հարյուրապետին, որի ծառան անդամալույծ էր, նրանք ի՞նչ տեսան։ Երևի տեսան մի անկոչ հյուրի, օտարականի՝ արժանի արհամարհանքի։ Երբ Հիսուսը տեսավ նրան, Նա ի՞նչ տեսավ: Մեկին, որը մտահոգված էր իր տան անդամի բարօրությամբ, որը սրտանց ու հավատքով փնտրում էր Տիրոջը: Երբ մարդիկ տեսան արյան հիվանդությամբ տառապող կնոջը, նրանք ի՞նչ տեսան։ Երևի անմաքուր, վտարանդի կնոջ, որից պետք էր խուսափել։ Երբ Հիսուսը տեսավ նրան, Նա ի՞նչ տեսավ: Հիվանդ մի կնոջ, միայնակ ու մեկուսի՝ իր անվերահսկելի հանգամանքների պատճառով, որը բուժվելու և նորից հասարակության մասը լինելու հույս ուներ:

Այս բոլոր դեպքերում Տերը տեսավ այդ անհատներին այնպիսին, ինչպիսին նրանք կային, և սպասավորեց յուրաքանչյուրին: Ինչպես ասել են Նեփին ու նրա եղբայր Հակոբը․

«Նա հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ… սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. և նա հիշում է հեթանոսներին. և բոլորը նույնն են Աստծո համար»:3

«Եվ մի արարածը նույնքան թանկ է նրա աչքում, որքան մյուսը»։4

Եկեք մենք էլ թույլ չտանք, որ մեր աչքերը, մեր ականջները կամ մեր վախերը մոլորեցնեն մեզ, այլ բացենք մեր սրտերն ու մտքերը և ազատ ծառայենք մեր շրջապատի մարդկանց, ինչպես Նա էր անում:

Մի քանի տարի առաջ կինս՝ Իզաբելը, արտասովոր մի սպասավորության հանձնարարություն ստացավ։ Նրան խնդրեցին այցելել մեր ծխից մի տարեց այրի քրոջ, որը առողջական խնդիրներ ուներ, և որի կյանքը դառնացել էր մենակության պատճառով։ Նրա տան վարագույրները քաշված էին, բնակարանում տոթ էր. նա չէր ցանկանում, որ իրեն այցելեին և պարզ ասաց, որ ինքը «ոչինչ չի կարող անել որևէ մեկի համար»: Իզաբելը համարձակորեն պատասխանեց. «Կարող եք։ Դուք կարող եք ինչ-որ բան անել մեզ համար՝ թույլ տալ, որ այցելենք Ձեզ»։ Եվ այսպես, Իզաբելը հավատքով գնաց այցելության։

Որոշ ժամանակ անց այս բարի քրոջ ոտքերը վիրահատեցին, և ամեն օր պետք էր փոխել վիրակապերը, ինչն ինքը չէր կարող անել։ Օրեր շարունակ Իզաբելը գնում էր նրա տուն, լվանում նրա ոտքերը և փոխում վիրակապերը։ Նա չէր տեսնում տհաճ երևույթներ, չէր զգում գարշահոտություն։ Նա տեսել է միայն Աստծո գեղեցիկ դստերը, որը սիրո և հոգատար խնամքի կարիք ուներ:

Տարիների ընթացքում ես և անթիվ ուրիշներ օրհնվել ենք Իզաբելի պարգևով՝ տեսնել այնպես, ինչպես Տերն է տեսնում: Անկախ նրանից՝ դուք ցցի նախագահն եք, թե ծխի ողջունողը, Անգլիայի թագավորն եք, թե ապրում եք խրճիթում, խոսում եք նրա լեզվով, թե՝ ուրիշ լեզվով, անկախ նրանից՝ պահում եք բոլոր պատվիրանները, թե՝ ոչ բոլորը, նա կծառայի ձեզ՝ մատուցելով իր ունեցած լավագույն կերակուրը՝ լավագույն սպասքով: Տնտեսական կարգավիճակը, մաշկի գույնը, մշակութային ծագումը, ազգությունը, արդարակեցության աստիճանը, սոցիալական դիրքը կամ որևէ այլ ցուցիչ կամ պիտակ որևէ նշանակություն չունեն նրա համար: Նա նայում է իր սրտով և բոլորի մեջ տեսնում է Աստծո զավակին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«Հակառակորդը ուրախանում է պիտակներ դնելով, քանի որ դրանք բաժանում են մեզ և սահմանափակում են մեր կարծիքը՝ ինքներս մեր և միմյանց մասին: Ցավալի է, երբ մենք ավելի շատ հարգում ենք պիտակները, քան՝ միմյանց:

Պիտակները կարող են հանգեցնել քննադատության և թշնամանքի: Ազգության, ռասայի, սեռական կողմնորոշման, սեռի, կրթական աստիճանի, մշակույթի կամ այլ նշանակալի որակավորումների պատճառով ուրիշների նկատմամբ ցանկացած բռնություն կամ նախապաշարմունք վիրավորական է մեր Արարիչի համար»:5

Ֆրանսերենն այն չէ, ինչ ես եմ․ դա այն է, որտեղ ես ծնվել եմ: Սպիտակը այն չէ, ինչ ես եմ. դա իմ մաշկի գույնն է կամ դրա բացակայությունը: Պրոֆեսորն այն չէ, ինչ ես եմ. դա այն է, ինչ ես արել եմ ընտանիքս պահելու համար: Գերագույն իշխանություն յոթանասունականն այն չէ, ինչ ես եմ. դա այն տեղն է, որտեղ ես ծառայում եմ թագավորությունում այս պահին:

Ինչպես մեզ հիշեցրել է նախագահ Նելսոնը՝ «Առաջին հերթին, [ես] Աստծո զավակն եմ»:6 Դուք՝ նույնպես, և մեզ շրջապատող բոլոր մարդիկ՝ նույնպես: Ես աղոթում եմ, որ մենք ավելի լավ գնահատենք այս հրաշալի ճշմարտությունը: Դա փոխում է ամեն ինչ:

Գուցե մենք մեծացել ենք տարբեր մշակույթներում, սոցիալ-տնտեսական տարբեր հանգամանքներում, մեր մահկանացու ժառանգությունը, ներառյալ մեր ազգությունը, մաշկի գույնը, սննդի նախասիրությունը, քաղաքական կողմնորոշումը և այլն, կարող են շատ տարբեր լինել։ Բայց մենք Նրա զավակներն ենք, բոլորս՝ առանց բացառության: Մենք ունենք նույն աստվածային ծագումը և նույն անսահման ներուժը Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով։

Ք․ Ս․ Լյուիսն այսպես է ասել․ «Լուրջ բան է ապրել հնարավոր աստվածների և աստվածուհիների մի հասարակության մեջ, հիշել, որ ամենաձանձրալի և ամենից անհետաքրքիր անձը, որի հետ դուք խոսում եք, մի օր կարող է լինել այն էակը, որին, եթե տեսնեիք այժմ, երկրպագելու ուժեղ գայթակղություն կզգայիք։ Չկան հասարակ մարդիկ։ Չի եղել այնպես, որ դուք խոսեք հասարակ մահկանացուի հետ: Ազգեր, մշակույթներ, արվեստներ, քաղաքակրթություն. այս բաները մահկանացու են, և դրանց կյանքը մերի համեմատ մժեղի կյանք է։ Բայց հենց անմահներն են, ում հետ մենք կատակում ենք, աշխատում, ամուսնանում, արհամարհում ու շահագործում»։7

Մեր ընտանիքը պատիվ է ունեցել ապրելու տարբեր երկրներում և մշակույթներում։ Մեր երեխաները օրհնվել են՝ ամուսնանալով տարբեր ազգության մարդկանց հետ։ Ես հասկացել եմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը մեծն հավասարեցնողն է: Երբ իսկապես ընդունում ենք դա, «նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք»։8 Այս հրաշալի ճշմարտությունը ազատում է մեզ, և բոլոր պիտակներն ու տարբերությունները, որոնք այլապես կարող էին տառապանք պատճառել մեզ և վնասել միմյանց հետ մեր հարաբերությունները, պարզապես «կուլ [են գնացել] Քրիստոսում»:9 Արդեն պարզ է դառնում, որ մենք, ինչպես նաև մյուսները, «այլևս օտար ու պանդուխտ [չենք], այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ»։10

Վերջերս բազմամշակութային, բազմալեզու միավորներից մեկի ճյուղի նախագահն անդրադարձել է այն բանին, ինչը երեց Գերիտ Վ. Գոնգը բնութագրել է որպես պատկանելություն ուխտին։11 Ի՜նչ հրաշալի գաղափար է: Մենք պատկանում ենք մարդկանց այն խմբին, որոնք Փրկչին և իրենց ուխտերը փորձում են դնել իրենց կյանքի կենտրոնում և ուրախությամբ ապրել ավետարանով: Ուստի, մահկանացու կյանքի աղավաղված ոսպնյակով միմյանց նայելու փոխարեն, ավետարանն ընդլայնում է մեր տեսադաշտը և թույլ է տալիս, որ տեսնենք միմյանց մեր սուրբ ուխտերի անթերի, անփոփոխ ոսպնյակի միջով: Այդ դեպքում մենք սկսում ենք վերացնել մեր բնական նախապաշարմունքներն ու կողմնակալ վերաբերմունքը ուրիշների հանդեպ, ինչն էլ իր հերթին օգնում է նրանց՝ նվազագույնի հասցնել իրենց նախապաշարմունքներն ու կողմնակալությունը մեր հանդեպ,12 և դա կատարվում է մի հրաշալի, շղթայական ձևով: Իսկապես, մենք հետևում ենք մեր սիրելի մարգարեի հրավերին. «Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իսկապես կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում միմյանց։ Իսկապես կարևոր է, թե մենք ինչպես ենք խոսում մարդկանց հետ և նրանց մասին՝ տանը, եկեղեցում, աշխատավայրում և առցանց: Այսօր ես խնդրում եմ, որ մենք շփվենք ուրիշների հետ ավելի վեհ, ավելի սուրբ ձևով»։13

Այսօր, այդ հրավերի ոգով, ես ցանկանում եմ ավելացնել իմ խոստումը մեր հրաշալի Երեխաների միության երգի խոստմանը․

Եթե մյուսների պես չես քայլում,

Ոմանք քեզանից կհեռանան,

Բայց ոչ ես, Ոչ ես։

Եթե մյուսների պես չես խոսում,

Ոմանք կծիծաղեն քեզ վրա,

Բայց ոչ ես, Ոչ ես։

Քեզ հետ կքայլեմ, կխոսեմ։

Ցույց կտամ քո հանդեպ սերն իմ։

Հիսուսն ամենքին սիրեց,

Նա ոչ ոքից հետ չշրջվեց։

Ես էլ կսիրեմ։14

Ես վկայում եմ, որ Նա, ում մենք դիմում ենք որպես մեր Երկնային Հայր, իսկապես մեր Հայրն է, որ Նա սիրում է մեզ, որ Նա շատ լավ գիտի Իր զավակներից յուրաքանչյուրին, որ Նա խորապես հոգ է տանում յուրաքանչյուրի մասին, և որ մենք բոլորս իսկապես նման ենք Նրան։ Ես վկայում եմ, որ այն, թե մենք ինչպես ենք վերաբերվում միմյանց, ուղիղ արտացոլումն է այն բանի, թե մենք ինչպես ենք հասկանում ու գնահատում Նրա Որդու՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անսահման զոհաբերությունը։ Ես աղոթում եմ, որ մենք սիրենք մարդկանց Նրա նման ոչ թե այն պատճառով, որ նրանք ճիշտ են վարվում կամ համապատասխանում են «ճիշտ» ձևանմուշին, այլ որովհետև այդպես է ճիշտ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։