Գերագույն համաժողով
Տասանորդը բացում է երկնքի պատուհանները
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Տասանորդը բացում է երկնքի պատուհանները

Երկնքի պատուհանները բաց են շատ առումներով: Վստահեք Տիրոջ ժամանակացույցին և օրհնությունները միշտ կգան։

Վերջերս, երբ Հարավային Ամերիկայում էի, եղբայր Ռոջեր Պառան Վենեսուելայից ինձ հետ կիսվեց հետևյալ փորձառությամբ․

«2019 թվականին Վենեսուելան մեծ խնդիրներ ունեցավ հինգ օր հոսանքազրկման հետևանքով։

Փողոցներում տիրում էր քաոս և ամենաթողություն, հուսալքված մարդիկ սննդի պակաս ունեին։

Ոմանք սկսեցին թալանել սննդի կետերը՝ իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ։

Ես՝ որպես փոքր հացի փռի սեփականատեր, մեծապես անհանգստացած էի իմ բիզնեսի համար։ Ընտանիքով մենք որոշեցինք մեր փռում ունեցած ամբողջ սնունդը բաժանել կարիքավորներին։

Մի շատ խավար գիշեր անկարգությունները հատկապես թեժացել էին ամենուրեք։ Իմ միակ մտահոգությունը սիրելի կնոջս և երեխաներիս անվտանգությունն էր։

Լուսաբացին գնացի մեր փուռը։ Դժբախտաբար, մոտակայքում գտնվող բոլոր սննդի կետերը ավերվել էին կողոպտիչների կողմից, սակայն, ի մեծ զարմանս ինձ, մեր փուռն իր տեղում էր։ Ոչինչ վնասված չէր։ Ես խոնարհաբար շնորհակալություն հայտնեցի իմ Երկնային Հորը:

Տուն հասնելուն պես ընտանիքիս պատմեցի Աստծո օրհնությունների և պաշտպանության մասին։

Նրանք բոլորը շատ երախտապարտ էին:

Ավագ որդիս՝ Ռոջելիոն, որն ընդամենը 12 տարեկան էր, ասաց․ «Պապա, Ես գիտեմ, թե ինչու մեր խանութը պահպանվեց։ Դու և Մաման միշտ վճարում եք ձեր տասանորդը»:

Եղբայր Պառան եզրափակեց․ «Միտքս եկան Մաղաքիայի խոսքերը․ «Ես պիտի կշտամբեմ ձեզ համար և ուտողին, որ նա չապականէ ձեզ համար երկրի արդյունքը» [Մաղաքիա 3.11]: Մենք ծնկի իջանք և երախտագիտությամբ շնորհակալություն հայտնեցինք մեր Երկնային Հորը Նրա հրաշքի համար»։1

Նկար
Պառայի ընտանիքը։

Ինձ մեկ փորձեցեք սորանով

Այն ամենը, ինչ մենք ունենք, և այն, ինչ մենք մեզանից ներկայացնում ենք, գալիս է Աստծուց։ Մենք՝ որպես Քրիստոսի աշակերտներ, պատրաստակամորեն կիսում ենք դրանք մյուսների հետ։

Ամեն ինչ տալով՝ Տերը խնդրում է մեզ դրա դիմաց Իրեն և Իր արքայությանը վերադարձնել մեր եկամտի տասը տոկոսը։ Նա խոստացել է մեզ, որ եթե մենք ազնիվ լինենք մեր տասանորդը վճարելիս, Նա կբացի «երկնքի պատուհանները և օրհնություն կթափի … մինչև որ նորա համար տեղ չլինի»:2 Նա խոստացել է մեզ, որ կպաշտպանի մեզ չարիքից։3 Այդ խոստումները շատ որոշակի են։4 Տերը հայտարարում է․ «Ինձ մեկ փորձեցեք սորանով».5 արտահայտություն, որը սուրբ գրություններում որևէ այլ տեղ չի հանդիպում, այլ միայն Մաղաքիայի գրքում է։

Երկնքի պատուհանները բաց են շատ առումներով: Որոշ դեպքերում դրանք նյութական են, որոշ դեպքերում՝ հոգևոր։ Երբեմն չերևացող և հեշտ անտեսվող։ Վստահեք Տիրոջ ժամանակացույցին, օրհնությունները միշտ կգան։

Մենք վիշտ ենք ապրում նրանց հետ, ովքեր պայքարում են կյանքի կարիքները հոգալու համար։ Եկեղեցին վերջերս 54 միլիոն ԱՄՆ դոլար է օգնություն է հատկացրել խոցելի խմբերի երեխաներին ու մայրերին ողջ աշխարհում։6 Իսկ ձեր ամսական ծոմից ստացված նվիրատվություններով մեր բարի եպիսկոպոսներն ամեն շաբաթ օգնում են հազարավորներին, որոնք ուտելիքի կարիք ունեն իրենց սեղանին, հագուստի կարիք՝ իրենց մեջքին և ծածկի կարիք՝ գլխավերևում: Այս աշխարհի աղքատության միակ մշտական լուծումը Հիսուս Քրիստոսի ավետարանն է։7

Հավատքի հարց

Պողոս առաքյալը նախազգուշացրել է, որ մարդկանց իմաստությունը մարդու բաները հասկանալու համար է, բայց դրանով դժվար է հասկանալ Աստծո բաները։8 Աշխարհը խոսում է տասանորդի մասին միայն փողի առումով, բայց տասանորդի սուրբ օրենքը սկզբունքորեն հավատքի խնդիր է: Տասանորդ վճարելիս ազնիվ լինելը մի եղանակ է, որով մենք ցույց ենք տալիս մեր Տիրոջը մեր կյանքում առաջին տեղում դնելու մեր պատրաստակամությունը՝ մեր սեփական հոգսերից և շահերից վեր: Ես խոստանում եմ, որ եթե ապավինեք Տիրոջը, երկնքի օրհնությունները կգան:

Հիսուսն ասել է. «Կայսրինը տվեք կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»:9 Հարություն առած Փրկիչը խնդրեց նեփիացիներին իրենց հիշատակարանում գրի առնել Իր խոստումները, որոնք այժմ գրված են Մաղաքիայի գրքում։10 Մեր օրերում Տերը վերահաստատեց տասանորդի աստվածային օրենքը՝ հայտարարելով. «Սա կլինի իմ ժողովրդի տասանորդի սկիզբը: Եվ նրանք պետք է վճարեն իրենց տարեկան ամբողջ եկամուտի մեկ տասներորդը. և սա մնայուն օրենք պիտի լինի նրանց համար հավիտյան»։11

Տերը հստակ ուղղորդել է տասանորդի հատկացման հարցը, ասելով, որ բոլոր տասանորդը բերվի գանձատուն,12 ինչը նշանակում է տասանորդը բերել Իր վերականգնված արքայություն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:13 Նա պատվիրել է, որ այս սուրբ տասանորդի օգտագործումը աղոթքով որոշվի Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի, Նախագահող Եպիսկոպոսության կողմից «և իմ սեփական ձայնով նրանց, ասում է Տերը»:14

Տիրոջ սրբազան ֆոնդերը

Այս սրբազան ֆոնդերը չեն պատկանում Եկեղեցու ղեկավարներին։ Դրանք պատկանում են Տիրոջը։ Նրա ծառաները քաջատեղյակ են իրենց ծառայության սրբազան բնույթից։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին պատմել է մանկության իր այս փորձառության մասին. «Երբ ես տղա էի, հորս հարցրի … Եկեղեցու միջոցների ծախսման մասին: Նա հիշեցրեց ինձ, որ Աստծո կողմից տրված իմ պարտավորությունն է՝ վճարել իմ տասանորդն ու նվիրատվությունները: Դրանից հետո [հայրս ասաց]՝ այն, ինչ ես տվեցի, այլևս իմը չէ: Այն պատկանում է Տիրոջը, որին ես նվիրագործեցի այն»։ Ապա նրա հայրն ավելացրեց. «Այն, ինչ Եկեղեցու իշխանությունները անում են դրա հետ, չպետք է անհանգստացնի [քեզ, Գորդոն]: Նրանք պատասխանատու են Տիրոջ առջև, որը նրանցից հաշիվ կպահանջի»:15

Մենք խորապես զգում ենք Տիրոջը հաշիվ տալու պատասխանվությունը։

Ձեր առատ տասանորդը և նվիրատվությունները

Տիրոջը նվիրաբերած ձեր առատաձեռն տասանորդներից և նվիրատվություններից անցյալ տարի ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար օգտագործվել է կարիքավորներին օրհնելու համար:16

Վերականգնված ավետարանը աշխարհով մեկ տարածելու մեր պարտականության շրջանակներում մենք ունենք ավելի քան 71000 միսիոներ, որոնք ծառայում են 414 միսիաներում:17 Ձեր տասանորդների և նվիրատվությունների շնորհիվ միսիոներները, անկախ իրենց ընտանիքի ֆինանսական վիճակից, կարողանում են ծառայել:

Աննախադեպ թվով տաճարներ են կառուցվում ամբողջ աշխարհում։ Ներկայումս մենք ունենք 177 գործող տաճար, 59՝ կառուցման կամ վերանորոգման փուլում, և 79՝ պլանավորման և նախագծման փուլում։18 Ձեր տասանորդները հնարավորություն են տալիս, որ տաճարի օրհնությունները հասանելի լինեն այն վայրերում, որոնք միայն Տերը կարող է կանխատեսել։

Ավելի քան 30000 համայնքներում մենք ունենք հազարավոր հավաքատներ և այլ շինություններ 195 երկրներում և տարածքներում:19 Ձեր հավատարիմ տասանորդների շնորհիվ Եկեղեցին հիմնվում է հեռավոր վայրերում, որտեղ դուք գուցե երբևէ չայցելեք և չհանդիպեք այդ արդար Սրբերին, որոնց չեք ճանաչում։

Եկեղեցին ներկայումս հովանավորում է հինգ բարձրագույն ուսումնական հաստատություն:20 Դրանք սպասարկում են ավելի քան 145000 ուսանողների: Մեր սեմինարիաներում և ինստիտուտներում ամեն շաբաթ դասավանդվում է հարյուր տասը հազար դաս։21

Այս օրհնությունները և շատ ավելին մեծ չափով գալիս են երիտասարդների և ծերերի ազնիվ տասանորդից՝ անկախ նրանց տնտեսական վիճակից:

Տասանորդի աստվածային օրենքի հոգևոր ուժը չի չափվում նվիրաբերվող գումարի չափով, քանի որ և բարեկեցիկներին, և աղքատներին Տիրոջ կողմից պատվիրված է նվիրաբերել իրենց եկամտի 10 տոկոսը:22 Զորությունը գալիս է Տիրոջը ապավինելու արդյունքում։23

Տիրոջ ավելացող առատությունը, որը լրացվում է ձեր առատաձեռն տասանորդների միջոցով, ամրապնդում է Եկեղեցու պահուստները՝ հնարավորություններ ընձեռելով առաջ տանելու Տիրոջ աշխատանքը աննախադեպ ձևով։ Տիրոջն ամեն ինչ հայտնի է, և ժամանակի ընթացքում մենք կտեսնենք Նրա սուրբ նպատակների իրականացումը։24

Օրհնությունները գալիս են շատ ուղիներով

Տասանորդի օրհնությունները գալիս են շատ ուղիներով: 1998 թվականին ես ուղեկցում էի Երեց Հենրի Բ. Այրինգին Եկեղեցու մի մեծ ժողովի ժամանակ Յուտայի տարածքում, որն այժմ հայտնի է որպես Silicon Slopes (սիլիկոնե լանջեր)՝ տեխնոլոգիական նորարարությունների խոշոր համայնքում: Դա ծաղկման ու բարգավաճման ժամանակաշրջան էր, և երեց Այրինգը Սրբերին կոչ արեց զգույշ լինել ուրիշների հետ համեմատվելիս և ավելինին ձգտելիս: Ես միշտ կհիշեմ նրա խոստումը, որ եթե նրանք վճարեն ազնիվ տասանորդ, նյութական ունեցվածքը մեծացնելու իրենց ցանկությունը կնվազի: Երկու տարվա ընթացքում տեխնոլոգիական փուչիկը պայթեց։ Շատերը կորցրին իրենց աշխատանքը, և ընկերությունները ստիպված էին ֆինանսական կրճատումների գնալ։ Նրանք, ովքեր հետևեցին երեց Այրինգի խորհրդին, օրհնվեցին:

Նրա խոստումը հիշեցրեց ինձ մեկ այլ պատմության մասին․ Ես հանդիպեցի տասներկուամյա Շառլոտ Հլիմիին 1990 թվականին Ֆրանսիայի Կարկասոն քաղաքի մոտակայքում, երբ ծառայում էի որպես միսիայի նախագահ: Հլիմիների հավատարիմ ընտանիքը՝ ութ երեխաներով ապրում էր մեկ բնակարանում։ Նրանց պատին փակցված էին Փրկչի և մարգարեի նկարները: Հայրապետական օրհնության հարցազրույցի ժամանակ ես Շառլոտին հարցրի՝ արդյոք նա վճարում է ազնիվ տասանորդ: Նա պատասխանեց. «Այո, նախագահ Անդերսեն: Մայրս ուսուցանել է ինձ, որ կան նյութական օրհնություններ և հոգևոր օրհնություններ, որոնք գալիս են մեր տասանորդը վճարելու արդյունքում: Մայրս ինձ սովորեցրել է, որ եթե միշտ վճարենք մեր տասանորդը, ապա ոչինչ չենք ուզենա: Եվ նախագահ Անդերսեն, մենք ոչինչ չենք ուզում»:

Նկար
Հլիմիների ընտանիքը

Թույլ տալով ինձ կիսվել իր պատմությամբ՝ Շառլոտը, որն այժմ 45 տարեկան է և կնքված է տաճարում, ասաց․ «Տասանորդի մասին իմ վկայությունը այդ ժամանակ շատ իրական էր, իսկ այսօր՝ ավելի ամուր։ Ես մեծապես շնորհակալ այդ պատվիրանի համար։ Ապրելով դրանով՝ ես շարունակում եմ առատորեն օրհնվել»:25

Մի օր մեզանից յուրաքանչյուրը կավարտի իր երկրային ճամփորդությունը: Քսանհինգ տարի առաջ զոքանչս՝ Մարթա Վիլյամսը, քաղցկեղից մահանալուց մի քանի օր առաջ, փոստով մի փոքր գումարի չեկ ստացավ։ Նա անմիջապես խնդրեց կնոջս՝ Քեթիին բերել իր չեկի գրքույկը, որպեսզի վճարեր իր տասանորդը: Քեթին առաջարկեց լրացնել չեկը Մարթայի փոխարեն, քանի որ վերջինս շատ թուլացած էր և հազիվ էր կարողանում գրել։ Մարթան պատասխանեց. «Ոչ, Քեթի: Ես ուզում եմ ինքս դա անել»: Եվ հետո նա կամացուկ ավելացրեց. «Ես ուզում եմ ուղիղ լինել Տիրոջ առջև»: Վերջին բաներից մեկը, որ Քեթին արեց նրա համար, այդ տասանորդի ծրարը եպիսկոպոսին հանձնելն էր:

Աստծո կարևոր աշխատանքը

Իմ եղբայրներ և քույրեր, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այժմ «անհայտությունից դուրս է»,26 և երկրագնդով մեկ մեծ օրհնություններ է բերում բոլորին։ Կլինեն մարդիկ, որոնք կոգևորեն մեզ առաջ ընթանալ, և կլինեն ոմանք, որ չեն խրախուսի մեզ: Ես մտածել եմ իմաստուն Գամաղիելի խոսքերի մասին, որը, լսելով Պետրոս և Հովհաննես առաքյալների հրաշքների մասին, զգուշացրեց Երուսաղեմի խորհրդին.

«Թող [այս մարդկանց], որովհետև եթե … այս գործը մարդկանցից է, այն զրոյանալու է.

Բայց եթե դա Աստծուց է, դուք չեք կարող տապալել այն. որպեսզի … չգտնվեք, որ նույնիսկ կռվեք Աստծո դեմ»:27

Ես և դուք Երկրի վրա Աստծո կարևոր աշխատանքի մասն ենք: Այն զուր չի լինի, այլ կշարունակի տարածվել աշխարհով մեկ՝ ճանապարհ պատրաստելով Փրկչի վերադարձի համար: Ես վկայում եմ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերով․ «Առաջիկա օրերին մենք ականատես կլինենք Փրկչի զորության ամենամեծ դրսևորումներին, որոնք երբևէ տեսել է աշխարհը: Ներկայիս և Նրա վերադարձի միջև ընկած ժամանակահատվածում Նա անհամար արտոնություններ, օրհնություններ և հրաշքներ կշնորհի հավատարիմներին»:28

Սա իմ վկայությունն է։ Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա սուրբ գործն է: Նա կրկին կգա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Personal correspondence from Roger Parra, Aug. 4, 2023.

  2. Մաղաքիա 3.10:

  3. Տես Մաղաքիա 3.11: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է․ «Օրինակ, իմ կյանքում ես տեսել եմ՝ ինչպես է իրականանում Աստծո խոստումն այն մասին, որ Նա «կկշտամբի ուտողին» ինձ համար [Մաղաքիա 3․11]։ Չարիքի դեմ այդ պաշտպանության օրհնությունը թափվել է ինձ վրա և իմ հարազատների վրա այնքան առատորեն, որ ես ունակ չեմ եղել պատշաճ գնահատել։ Բայց ես հավատում եմ, որ աստվածային ապահովությունը, մասամբ, տրվում է տասանորդ վճարելու մեր վճռականության շնորհիվ՝ անհատապես և ընտանիքով» («Ջրած այգու նման», Liahona, Jan. 2002, 38)։

  4. «Տերը կբացի երկնքի պատուհանները ըստ մեր կարիքի, ոչ թե ըստ մեր ագահության։ Եթե մենք տասանորդ ենք վճարում հարստանալու ակնկալիքով, ապա մեր նպատակը սխալ է։ … Տվողին բաժին ընկնող օրհնությունը, միշտ չէ, որ արտահայտվում է ֆինանսական կամ նյութական ձևով» (Teachings of Gordon B. Hinckley [1997], 657)։

  5. Մաղաքիա 3․10, 3 Նեփի 24․10։

  6. Sես The Church of Jesus Christ Is Helping Alleviate Global Malnutrition, Aug. 11, 2023, newsroom.ChurchofJesusChrist.org; տես նաև How the Church of Jesus Christ and UNICEF Are Keeping Mothers and Children Healthy and Safe, Aug. 17, 2023, newsroom.ChurchofJesusChrist.org։

  7. «Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18):

  8. Sես Ա Կորնթացիս 2.14: Մարդու տրամաբանությունը միշտ չէ, որ համաձայնեցված Աստծո իմաստության հետ։ Մաղաքիայի ժամանակներում շատերը հեռացել էին Տիրոջից։ Իր ուխտի ժողովրդին Տերը կոչ էր անում․ «Ետ դարձէք դէպի ինձ, եւ ես էլ կ’դառնամ դէպի ձեզ»։ Այս մեղմ հրավերից բխում է յուրաքանչյուրիս համար մի կարևորագույն հարց․ «Ի՞նչ բանում ետ դառնանք» (Մաղաքիա 3․7)։ Այլ կերպ ասած․ «Ի՞նչը պիտի փոխեմ: Ինչպե՞ս ավելի մոտենամ Քեզ»: Տերը պատասխանում է, ուսուցանելով տասանորդի կարևորությունը՝ ոչ թե որպես ֆինանսական օրենք, այլ շոշափելի եղանակ՝ դարձնելու մեր սրտերի ցանկությունները առ Նա։

    Մենք դա տեսել ենք մեր ընտանիքում։ Քեթիի մայրը միացել էր Եկեղեցուն 22 տարեկանում։ Մարթա և Բերնարդ Վիլիամսները կարճ ժամանակով եկեղեցի էին հաճախում, բայց այլ նահանգ տեղափոխվելուց հետո նրանք դարձան ոչ ակտիվ։ Բեռնարդը ռազմական տեղակայում էր ստացել արտասահմանում, և Մարթան տեղափոխվեց տուն Թամպա, Ֆլորիդա, որտեղ նա ընդունեց առատաձեռն հրավերը ապրելու իր մորաքրոջ ընտանիքի հետ, որոնք դեմ էին Եկեղեցուն: Ապրելով շատ համեստ, սպասելով իր առաջնեկին և չհաճախելով եկեղեցի, Մարթա Վիլյամսը որոշեց իր տասանորդի չեկերը ուղարկել եպիսկոպոսին: Ավելի ուշ, երբ նրան հարցրին, թե ինչու, նա պատմեց, թե ինչպես էին միսիոներները սովորեցրել իրեն տասանորդի և Աստծո օրհնությունների մասին. «Մեզ ծայրահեղ անհրաժեշտ էին Աստծո օրհնությունները, և ես սկսեցի իմ տասանորդի չեկերը ուղարկել եպիսկոպոսին» Մարթա և Բեռնարդ Վիլյամսները վերադարձան Եկեղեցի: Նրանց ամենամեծ օրհնությունը վեց սերունդների օրհնություններն էին՝ շնորհիվ նրա, որ նա որոշեց իր տասանորդը վճարել, երբ ոչինչ չուներ, բացի հավատքից առ Աստված և Նրա խոստումներն ունենալու հույսից։

  9. Մատթեոս 22․21։

  10. Տես 3 Նեփի 24։

  11. Վարդապետություն և Ուխտեր 119․3-4։ Տասանորդը անդամի եկամտի մեկ տասներորդի նվիրատվությունն է Աստծո Եկեղեցուն (տես Վարդապետություն և Ուխտեր 119․3–4, եկամուտը այստեղ նշանակում է շահույթ)։ Եկամուտ ունեցող բոլոր անդամները պետք է տասանորդ վճարեն» (General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 34.3.1, Gospel Library)։

  12. Մաղաքիա 3.10:

  13. «Մենք վճարում ենք մեր տասանորդը, ինչպես ուսուցանել է Փրկիչը, բերելով այն «գանձատուն» [Մաղաքիա 3․10, 3 Նեփի 24․10]։ Մենք վճարում են մեր տասանորդը մեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին։ Մենք տասանորդ չենք վճարում՝ նվիրաբերելով մեր նախընտրած մարդասիրական օգնության կազմակերպություններին։ Մարդասիրական օգնությանը մեր նվիրատվությունները կատարվում են մեր ֆոնդերից, ոչ թե տասանորդից, որը մեզ պատվիրված է վճարել Տիրոջ գանձատուն» (Dallin H. Oaks, «Տասանորդ», Ensign, May 1994, 35)։

  14. Վարդապետություն և Ուխտեր 120․1։

  15. Գորդոն Բ. Հինքլի, «Բարձրանալ դեպի աշխատանքի ավելի մեծ տեսլական», Ensign, May 1990, 96:

  16. Sես «The 2022 Report on How the Church of Jesus Christ Cared for Those in Need», Mar. 22, 2023, newsroom.ChurchofJesusChrist.org։

  17. Էլ․ փոստով Միսիոներական բաժնից, հուլիսի 31, 2023թ․։

  18. Sես «Տաճարի ցուցակ», ChurchofJesusChrist.org/temples/list։

  19. Էլ փոստով Անդամների և վիճակագրության գրանցումներից, հուլիսի 28, 2023թ․։

  20. Ներառում է՝ Բրիգամ Յանգի համալսարանը, Բրիգամ Յանգի Այդահոյի համալսարանը, Բրիգամ Յանգի Հավայյան կղզիների համալսարանը, Էնսայն քոլեջը, և ԲՅՀ Pathway Worldwide։

  21. Էլ հաղորդագրություն սեմինարիաներից և ինստիտուտներից, հուլիսի 28, 2023թ․։

  22. Տես Ընդհանուր ձեռնարկ, 34.3.1:

  23. Նախագահ Դալլին Հ. Օուքսը պատմել է Տիրոջն ապավինելու մասին այս պատմությունը․ «Այրի մայրս չնչին աշխատավարձով երեք երեխա էր մեծացնում: … Ես հարցրեցի մորս, թե ինչու էր նա այդքան շատ իր աշխատավարձից որպես տասանորդ վճարում։ Երբեք չեմ մոռանա նրա բացատրությունը․ «Դալլին, կան մարդիկ, որ կարող են ապրել առանց տասանորդ վճարելու, բայց մենք չենք կարող։ Տերը որոշեց վերցնել հորդ և ինձ թողնել երեխաներին մեծացնելու պարտականությունը։ Ես չեմ կարող դա անել առանց Տիրոջ օրհնությունների, իսկ դրանք ստանալու համար ես պետք է վճարեմ ազնիվ տասանորդ» («Տասանորդ,» 33)։

  24. «Որ իմ նախախնամության միջոցով, չնայած նեղություններին, որոնք կիջնեն ձեր վրա, որ եկեղեցին կարողանա կանգնել անկախ՝ սելեստիալ աշխարհի տակ գտնվող բոլոր մյուս արարածներից բարձր» (Վարդապետություն և Ուխտեր 78․14

  25. Personal correspondence from Charlotte Hlimi Martin, Aug. 30, 2023.

  26. Վարդապետություն և Ուխտեր 1․30։

  27. Գործք 5․38–39։

  28. Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», Լիահոնա, նոյ. 2022, 95։