Գերագույն համաժողով
Այստեղ խոսում են սիրո մասին
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Այստեղ խոսում են սիրո մասին

Թող որ մեզանից յուրաքանչյուրը սովորի խոսել և լսել Նրա սիրո մասին այստեղ՝ մեր սրտերում և տներում, մեր ավետարանի կոչումներում, միջոցառումների ժամանակ, սպասավորելիս և ծառայելիս։

Երեխաների միության մեր փոքրիկները երգում են՝ «Այստեղ խոսում են սիրո մասին»։1

Մի անգամ ես Քույր Գոնգին նվիրեցի մի փոքրիկ մեդալիոն։ Ես մակագրել էի այն․ կետ-կետ, կետ-կետ, կետ-կետ-գծիկ։ Մորզեի կոդին ծանոթ մարդիկ այստեղ կտեսնեն հետևյալ տառերը՝ I, I, U։ Բայց ես ներառել էի երկրորդ կոդը։ Չինարեն «ai» նշանակում է «սեր»։ Ուստի, կրկնակի վերծանված հաղորդագրությունն էր «Ես սիրում եմ քեզ»։ Սյուզան, թանկագինս, «Ես, ai (爱), քեզ»։

Մենք խոսում ենք սիրո մասին շատ լեզուներով։ Ըստ իմ ստացած տեղեկությունների մարդկային ընտանիքը խոսում է 7168 կենդանի լեզուներով։2 Եկեղեցում մենք խոսում ենք 575 փաստագրված հիմնական լեզուներով՝ ներառելով բազմաթիվ բարբառներ։ Մենք նաև հաղորդում ենք մտադրություն, ապրումներ և զգացմունքներ արվեստի, երաժշտության, պարի, տրամաբանական խորհրդանիշների, միջանձնային և ներանձնային արտահայտման միջոցով։3

Այսօր եկեք խոսենք ավետարանական սիրո երեք լեզուների մասին․ ջերմության և ակնածանքի լեզվի, ծառայության և զոհաբերության լեզվի և ուխտի պատկանելիության լեզվի մասին։

Առաջինը ավետարանի ջերմության և ակնածանքի լեզուն է։

Ջերմությամբ և ակնածանքով Քույր Գոնգը երեխաներին և երիտասարդներին հարցնում է. «Ինչպե՞ս եք իմանում, որ ձեր ծնողներն ու ընտանիքները սիրում են ձեզ»։

Գվատեմալայում երեխաներն ասում են. «Ծնողներս քրտնաջան աշխատում են մեր ընտանիքը կերակրելու համար»։ Հյուսիսային Ամերիկայում երեխաներն ասում են. «Ծնողներս ինձ համար պատմություններ են կարդում և խաղաղ գիշեր ապահովում»։ Սուրբ Երկրում երեխաներն ասում են. «Ծնողներս պահում են ինձ ապահովության մեջ»։ Գանայում (Արևմտյան Աֆրիկա) երեխաներն ասում են. «Ծնողներս օգնում են ինձ իրագործել երեխաների և պատանիների նպատակները»։

Մի երեխա ասել է. «Չնայած մայրս շատ հոգնած է լինում ամբողջ օրը աշխատելուց հետո, նա դուրս է գալիս բակ՝ ինձ հետ խաղալու»։ Նրա մայրը արտասվեց, երբ լսեց, որ իր ամենօրյա զոհաբերությունները կարևոր են։ Մի երիտասարդ աղջիկ ասել է. «Թեև ես ու մայրս երբեմն համաձայնության չենք գալիս, ես վստահում եմ մորս»։ Նրա մայրը նույնպես արտասվեց։

Երբեմն մենք պետք է իմանանք, որ երբ այստեղ խոսում ենք սիրո մասին, այն լսվում և գնահատվում է այստեղ։

Ջերմությամբ և ակնածանքով մեր հաղորդության և այլ ժողովները կենտրոնանում են Հիսուս Քրիստոսի վրա։ Մենք ակնածանքով ենք խոսում Հիսուս Քրիստոսի Քավության մասին՝ անձնական և իրական, ոչ միայն վերացական քավության մասին։ Մենք կոչում ենք Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին Նրա անունով՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։ Մենք օգտագործում ենք աղոթքի ակնածալից լեզու, երբ դիմում ենք Երկնային Հորը, և ջերմ հարգանք, երբ խոսում ենք միմյանց հետ։ Երբ տաճարային ուխտերի հիմքում մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին, ավելի քիչ ենք անդրադառնում «տաճար գնալուն» և ավելի շատ՝ «Տիրոջ տանը Հիսուս Քրիստոսի մոտ գալուն»։ Յուրաքանչյուր ուխտ շշնջում է՝ «Այստեղ խոսում են սիրո մասին»։

Նոր անդամներն ասում են, որ Եկեղեցու բառապաշարը հաճախ պահանջում է վերծանում։ Ծիծաղելի է այն միտքը, որ «ցցի տունը» կարող է նշանակել տավարի մսով համեղ ընթրիք, «ծխի շենքը»` հիվանդանոց, «բացման վարժությունները» կարող են մեզ հրավիրել գլխի, ուսերի, ծնկների և ոտքերի մատների վերաբերյալ երգը երգել եկեղեցու կայանատեղիում։ Բայց, խնդրում եմ, եկեք ըմբռնող և սիրալիր լինենք, երբ միասին սովորենք սիրո նոր լեզուներ։ Եկեղեցու մի նորադարձի ասացին, որ նրա կիսաշրջազգեստը չափազանց կարճ է։ Վիրավորվելու փոխարեն նա պատասխանեց. «Իմ սիրտը դարձի է եկել. խնդրում եմ համբերատար եղեք, մինչև իմ կիսաշրջազգեստներն էլ կհասնեն դրան»։4

Մեր բառապաշարը կարող է մեզ ավելի մոտեցնել կամ հեռացնել մյուս քրիստոնյաներից և ընկերներից։ Երբեմն մենք խոսում ենք միսիոներական աշխատանքի, տաճարային աշխատանքի, մարդասիրական և բարօրության աշխատանքի մասին այնպես, որ ուրիշները կարող են մտածել, թե մենք ինքնուրույն ենք անում այդ ամենը։ Եկեք միշտ ջերմ ու ակնածալից երախտագիտությամբ խոսենք Աստծո աշխատանքի ու փառքի, Հիսուս Քրիստոսի արժանիքների, ողորմության և շնորհի ու Նրա քավիչ զոհաբերության մասին։5

Երկրորդը ավետարանի ծառայության և զոհաբերության լեզուն է։

Երբ ամեն կիրակի մենք կրկին հավաքվենք եկեղեցում՝ ուրախ սրտով պատվելու հանգստության օրը, կարող ենք արտահայտել մեր հաղորդության ուխտի հանձնառությունը Հիսուս Քրիստոսի և միմյանց հանդեպ՝ Եկեղեցու մեր կոչումների, ընկերակցության, հաղորդասիրության և ծառայության միջոցով։

Երբ ես հարցնում եմ Եկեղեցու տեղական ղեկավարներին, թե ինչն է մտահոգում նրանց, և եղբայրները, և քույրերն ասում են. «Մեր անդամներից ոմանք չեն ընդունում Եկեղեցու կոչումները»։ Տիրոջ Եկեղեցում Նրան և միմյանց ծառայելու կոչումները հնարավորություն են տալիս զարգացնել կարեկցանք, կարողություն և խոնարհություն։ Երբ ձեռնադրվում ենք, մենք կարող ենք ստանալ Տիրոջ ոգեշնչումը` բարձրացնելու և զորացնելու ուրիշներին և ինքներս մեզ։ Իհարկե, մեր կյանքի փոփոխվող հանգամանքներն ու շրջանները կարող են ազդել ծառայելու մեր ունակության վրա, բայց հուսով ենք՝ ոչ երբեք մեր ցանկության։ Բենիամին թագավորի հետ մենք ասում ենք՝ «եթե ունենայի, կտայի»6 և առաջարկում ենք ամենը, որ ունենք։

Ցցի և ծխի ղեկավարներ, եկեք անենք մեր մասը։ Երբ մենք կանչում ենք (և ազատում) եղբայրներին ու քույրերին ծառայելու Տիրոջ Եկեղեցում, ես խնդրում եմ անել դա արժանապատվորեն և ոգեշնչված։ Օգնեք յուրաքանչյուրին գնահատված զգալ և հաջողելու միտում ունենալ։ Խնդրում ենք խորհրդակցել քույր ղեկավարների հետ և լսել նրանց։ Եկեք հիշենք, որ, ինչպես ասել է Նախագահ Ջ․ Ռուբեն Քլարկը, Տիրոջ Եկեղեցում մենք ծառայում ենք այնտեղ, որտեղ կանչվում ենք, «տեղ, որին ոչ ձգտում ենք, ոչ էլ հրաժարվում»։7

Երբ ես և քույր Գոնգը ամուսնացանք, Երեց Դեյվիդ Բ. Հեյթը խորհուրդ տվեց. «Միշտ կոչում ունեցեք Եկեղեցում։ Հատկապես, երբ առօրյան զբաղված է, - ասաց նա, - դուք պետք է զգաք Տիրոջ սերը նրանց հանդեպ, ում ծառայում եք և ձեր հանդեպ, երբ ծառայում եք»։ Ես խոստանում եմ, որ այստեղ, այնտեղ և ամենուր խոսում ենք սիրո մասին, երբ այո ենք ասում Եկեղեցու ղեկավարներին՝ ծառայելու Տիրոջը Իր Եկեղեցում Իր Հոգով և մեր ուխտերով։

Տիրոջ վերականգնված Եկեղեցին կարող է ինկուբատոր լինել Սիոնի համայնքի համար։ Երբ մենք միասին երկրպագում ենք, ծառայում, վայելում և սովորում ենք Նրա սիրո մասին, մենք խարսխում ենք միմյանց Նրա ավետարանում։ Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ քաղաքական կամ սոցիալական հարցերի շուրջ, բայց ներդաշնակություն ենք գտնում, երբ միասին երգում ենք ծխի երգչախմբում։ Մենք սնուցում ենք կապը և պայքարում մեկուսացման դեմ, երբ պարբերաբար սրտանց ծառայում ենք միմյանց տներում և համայնքներում։

Ցցերի նախագահների հետ անդամներին այցելելու ընթացքում ես զգում եմ նրանց մեծ սերը անդամների հանդեպ բոլոր հանգամանքներում։ Ցցի անդամների տների կողքով մեքենայով անցնելիս ցցի նախագահը նշեց, որ անկախ նրանից՝ մենք ապրում ենք լողավազանով, թե կեղտոտ հատակով տանը, Եկեղեցու ծառայությունը արտոնություն է, որը հաճախ ներառում է զոհաբերություն։ Այնուամենայնիվ, նա խելամտորեն նկատեց, որ երբ մենք միասին ծառայում և զոհաբերում ենք ավետարանի համաձայն, մենք ավելի քիչ թերություններ և ավելի մեծ խաղաղություն ենք գտնում։ Երբ մենք թույլ ենք տալիս, Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ այստեղ խոսել Իր սիրո մասին։

Այս ամառ մեր ընտանիքը հանդիպեց Եկեղեցու հրաշալի անդամների և ընկերների Լաֆբորոյում և Օքսֆորդում (Անգլիա)։ Այս բովանդակալի հավաքույթներն ինձ հիշեցրին, թե շփումներ և ծառայություն ներառող ծխի միջոցառումներն ինչպես կարող են կառուցել ավետարանի նոր և հարատև կապեր։ Որոշ ժամանակ ես զգացել եմ, որ Եկեղեցու շատ վայրերում ծխի մի քանի միջոցառումներ ևս, իհարկե ծրագրված և իրականացված ավետարանի նպատակներով, կարող են մեզ միավորել ավելի մեծ պատկանելությամբ և միասնությամբ։

Ծխի միջոցառումների ոգեշնչված կազմակերպիչները դաստիարակում են անհատներ և Սրբերի համայնք։ Նրանց լավ ծրագրված միջոցառումները օգնում են բոլորին զգալ իրենց գնահատված, ներառված և հրավիրված՝ խաղալու անհրաժեշտ դերը։ Նման միջոցառումները կամրջում են տարիքն ու ծագումը, ստեղծում մնայուն հիշողություններ և կարող են իրականացվել նվազագույն ծախսով կամ առանց դրա։ Ավետարանական հաճելի միջոցառումները նաև հրավիրում են հարևաններին և ընկերներին։

Հաղորդասիրությունը և ծառայությունը հաճախ միասին են գործում։ Երիտասարդները գիտեն, որ եթե դուք իսկապես ցանկանում եք ճանաչել մեկին, ապա կանգնեք կողք կողքի սանդուղքի վրա և միասին ներկեք ծառայելու նախագծի ընթացքում։

Նկար
Չափահաս երիտասարդները ներկում են ծառայության նախագծի ընթացքում։

Իհարկե, ոչ մի անհատ և ոչ մի ընտանիք կատարյալ չէ։ Մենք բոլորս օգնության կարիք ունենք, որպեսզի այստեղ ավելի լավ կարողանանք սեր հնչեցնել։ «Կատարյալ սերը հեռացնում է վախը»։8 Հավատքը, ծառայությունը և զոհաբերությունը մեզ ավելի են մոտեցնում մեր Փրկչին։ Որքան ավելի կարեկից, հավատարիմ և անշահախնդիր լինի մեր ծառայությունն ու զոհաբերությունը հանուն Նրա, այնքան ավելի շատ մենք կարող ենք սկսել ըմբռնել Հիսուս Քրիստոսի անսահման կարեկցանքն ու շնորհը մեր հանդեպ։

Եվ դա մեզ բերում է ավետարանի պատկանելության ուխտի լեզուն։

Մենք ապրում ենք եսակենտրոն աշխարհում, որի կարգախոսն է՝ «ես ընտրում եմ ինձ»։ Այն ենթադրում է, որ մենք լավագույնս գիտենք մեր սեփական շահը և ինչպես հետևել դրան։

Բայց, ի վերջո, դա ճիշտ չէ։ Հիսուս Քրիստոսը մարմնավորում է այս հզոր, հավերժական ճշմարտությունը․

«Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն։

Մարդուն ի՞նչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա»։9

Հիսուս Քրիստոսն առաջարկում է ավելի լավ ճանապարհ՝ աստվածային ուխտի վրա հիմնված հարաբերություններ, որոնք ավելի ամուր են, քան մահվան պարանները։ Աստծուն և միմյանց պատկանելու ուխտը կարող է բուժել և սրբացնել մեր ամենաթանկ հարաբերությունները։ Իրականում, Նա մեզ ավելի լավ է ճանաչում և ավելի շատ է սիրում մեզ, քան մենք ենք ճանաչում կամ սիրում ինքներս մեզ։ Հիրավի, երբ մենք ուխտ ենք կապում ենք այն ամենով, ինչ մենք ունենք, մենք կարող ենք դառնալ ավելին, քան մենք կանք։ Աստծո զորությունն ու իմաստությունը կարող են օրհնել մեզ ամեն բարի պարգևով՝ Իր ժամանակին և Իր ճանապարհով։

Գեներատիվ արհեստական բանականությունը (AI) էապես լուծել է լեզուների թարգմանության խնդիրը։ Վաղուց անցել են այն ժամանակները, երբ համակարգիչը կարող էր թարգմանել «Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» արտահայտությունը որպես «Գինին լավն է, բայց միսը՝ փչացած»։ Հետաքրքիր է, որ ընդարձակ օրինակները կրկնելը համակարգչին լեզու է սովորեցնում ավելի արդյունավետ, քան համակարգչին քերականության կանոններ սովորեցնելը։

Նմանապես, մեր անմիջական, կրկնվող փորձառությունները կարող են լինել մեր լավագույն հոգևոր ճանապարհը՝ սովորելու ջերմության և ակնածանքի, ծառայության և զոհաբերության և ուխտի պատկանելության ավետարանի լեզուները։

Այսպիսով, որտե՞ղ և ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը խոսում ձեզ հետ սիրո լեզվով։

Որտե՞ղ և ինչպե՞ս է հնչում Նրա սերն այստեղ։

Թող որ մեզանից յուրաքանչյուրը սովորի խոսել և լսել Նրա սիրո մասին այստեղ՝ մեր սրտերում և տներում, մեր ավետարանի կոչումներում, միջոցառումների ժամանակ, սպասավորելիս և ծառայելիս։

Աստծո ծրագրի համաձայն՝ մենք յուրաքանչյուրս մի օր կանցնենք այս կյանքից հաջորդ կյանք։ Երբ մենք հանդիպենք Տիրոջը, ես պատկերացնում եմ Նրան՝ այս խոստումնալից հրահանգն արտասանելիս․ «Այստեղ խոսում են Իմ սիրո մասին»։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։