Գերագույն համաժողով
Եղբայրներ և քույրեր Քրիստոսում
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Եղբայրներ և քույրեր Քրիստոսում

Թող որ մենք ավելի շատ վայելենք մեր միջև գոյություն ունեցող հոգևոր ազգակցական կապը և գնահատենք մեր բոլորի տարբեր հատկանիշներն ու բազմազան շնորհները:

Իմ սիրելի ընկերներ, մենք այսօր հրաշալի համաժողովի նիստեր ունեցանք: Մենք բոլորս զգացինք Տիրոջ Հոգին և Նրա սերը՝ մեր ղեկավարների կողմից կիսված հրաշալի ուղերձների միջոցով: Մեծ պատիվ եմ համարում, որ ինձ հնարավորություն է տրվել այս երեկո դիմել ձեզ՝ որպես այս նստաշրջանի ամփոփիչ խոսնակ: Ես աղոթում եմ, որ Տիրոջ Հոգին շարունակի մեզ հետ լինել, մինչ մենք միասին ուրախանում ենք որպես ճշմարիտ եղբայրներ և քույրեր՝ Քրիստոսում:

Մեր թանկագին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է. «Այսօր ես կոչ եմ անում մեր աշխարհասփյուռ անդամներին հրաժարվել նախապաշարմունքի վերաբերմունքից և գործողություններից: Ես խնդրում եմ ձեզ հարգանք ցուցաբերել Աստծո բոլոր զավակների հանդեպ»:1 Որպես համաշխարհային և մշտապես աճող Եկեղեցի՝ մեր մարգարեի այս հրավերին հետևելը կարևոր նախապայման է աշխարհի բոլոր ազգերի մեջ Փրկչի արքայությունը կառուցելու համար:

Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանում է, որ մենք բոլորս հոգևոր որդիներն ու դուստրերն ենք երկնային ծնողների, որոնք մեզ իսկապես սիրում են,2 և որ մենք՝ որպես ընտանիք, ապրել ենք Աստծո ներկայության մեջ՝ նախքան այս երկրի վրա ծնվելը: Ավետարանը նաև ուսուցանում է, որ մենք բոլորս ստեղծվել ենք Աստծո պատկերով և նմանությամբ:3 Հետևաբար, մենք հավասար ենք Նրա առաջ,4 քանի որ Նա «մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերի [տղամարդկանց և կանանց]»:5 Ուստի, մենք բոլորս ունենք աստվածային բնույթ, ժառանգություն և ներուժ, քանի որ կա «մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու [մեր] մեջ է»:6

Մենք՝ որպես Քրիստոսի աշակերտներ, հրավիրված ենք մեծացնելու մեր հավատքն ու սերը մեր հոգևոր եղբոր և քրոջ հանդեպ՝ անկեղծորեն միավորելով մեր սրտերը միության և սիրո մեջ՝ անկախ մեր տարբերություններից: Դրանով իսկ կմեծացնենք Աստծո բոլոր որդիների և դուստրերի արժանապատվության հանդեպ հարգանքը խթանելու մեր կարողությունը:7

Մի՞թե դա հենց այն պայմանը չէր, որով Նեփիի ժողովուրդն ապրեց գրեթե երկու դար այն բանից հետո, երբ Քրիստոսը ծառայեց նրանց:

«Եվ, անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով: …

Չկային ո՛չ ավազակներ, ո՛չ մարդասպաններ, ո՛չ էլ կային Լամանացիներ կամ որևէ այլ տեսակի -ացիներ. այլ նրանք մեկ էին՝ Քրիստոսի զավակները և Աստծո արքայության ժառանգները:

Եվ որքան օրհնված էին նրանք»:8

Նախագահ Նելսոնը հետագայում ընդգծել է մեր մերձավորների հանդեպ արժանապատվությունն ու հարգանքը տարածելու կարևորությունը. «Բոլորիս Արարիչը կոչ է անում մեզանից յուրաքանչյուրին հրաժարվել Աստծո զավակների ցանկացած խմբի հանդեպ նախապաշարմունքներից: Մեզանից յուրաքանչյուրը, ով նախապաշարմունք ունի մեկ այլ ռասայի հանդեպ, պետք է ապաշխարի: … Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել հնարավոր ամեն ինչ մեր ազդեցության ոլորտներում, որպեսզի պահպանվի Աստծո յուրաքանչյուր որդու և դստեր արժանապատվությունն ու հարգանքը»:9 Իրականում մարդկային արժանապատվությունը ենթադրում է հարգանք մեր տարբերությունների հանդեպ:10

Նկատի ունենալով սուրբ կապը, որը միավորում է մեզ Աստծո հետ՝ որպես Նրա զավակների, Նախագահ Նելսոնի կողմից տրված այս մարգարեական ուղղությունը, անկասկած, հիմնարար քայլ է՝ մեր միջև նախապաշարմունքների տարանջատման պատեր ստեղծելու փոխարեն փոխըմբռնման կամուրջներ կառուցելու համար:11 Սակայն, ինչպես Պողոսը նախազգուշացրեց եփեսացիներին, մենք պետք է գիտակցենք, որ այս նպատակին հասնելու համար կպահանջվի անհատական և հավաքական ջանքեր գործադրել՝ միմյանց հանդեպ խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ գործելու համար։12

Կա մի հեքիաթ մի հրեա ռաբբիի մասին, որը երկու ընկերների հետ վայելում էր արևածագը։ Ռաբբին հարցրեց նրանց. «Ինչպե՞ս եք իմանում, որ գիշերն ավարտվել է, և նոր օր է սկսվել»:

Նրանցից մեկը պատասխանեց. «Երբ դու կարող ես նայել արևելք և կարող ես տարբերել ոչխարը այծից»:

Մյուսը պատասխանեց. «Երբ կարող ես նայել հորիզոնին և տարբերել ձիթենին թզենուց»:

Հետո նրանք նույն հարցը ուղղեցին իմաստուն ռաբբիին: Երկար մտածելուց հետո վերջինս պատասխանեց. «Երբ դու կարող ես նայել արևելք և տեսնել կնոջ կամ տղամարդու դեմքը և կարող ես ասել՝ նա իմ քույրն է, իսկ նա իմ եղբայրն է»։13

Իմ սիրելի ընկերներ, ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ նոր օրվա լույսն ավելի պայծառ է փայլում մեր կյանքում, երբ մենք տեսնում և վերաբերվում ենք մեր մերձավորներին հարգանքով և արժանապատվությամբ և որպես Քրիստոսի ճշմարիտ եղբայրներ ու քույրեր:

Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը կատարելապես ցույց տվեց այս սկզբունքը, երբ Նա «շրջում էր՝ բարիք գործելով»14 բոլոր մարդկանց համար՝ հրավիրելով գալ Իր մոտ և ճաշակել Իր բարիքներից՝ անկախ նրանց ծագումից, սոցիալական դասից կամ մշակութային առանձնահատկություններից։ Նա ծառայում էր, բժշկում և միշտ ուշադիր էր բոլորի կարիքների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր այդ ժամանակ համարվում էին տարբեր, նսեմացված կամ բացառված: Նա ոչ ոքի չէր մերժում, այլ նրանց հետ վարվում էր արդարությամբ և սիրով, քանի որ Նա դիտարկում էր նրանց որպես Իր եղբայրներ և քույրեր՝ նույն Հոր որդիներ և դուստրեր:15

Ամենից զարմանալի դեպքերից մեկն այն էր, երբ Փրկիչը մեկնեց Գալիլեա՝ միտումնավոր անցնելով Սամարիայի միջով անցնող ճանապարհով։16 Ապա Հիսուսը որոշեց նստել Հակոբի ջրհորի մոտ՝ հանգստանալու։ Մի սամարացի կին մոտեցավ՝ իր սափորը ջրով լցնելու։ Իր ամենագիտությամբ Հիսուսը դիմեց նրան. «Ինձ ջուր տուր՝ խմեմ»:17

Այս կինը զարմացավ, որ մի հրեա օգնություն էր խնդրել սամարացի կնոջից և իր զարմանքն արտահայտելով՝ ասաց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձանից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում». որովհետև հրեաները սամարացիների հետ չէին շփվում»:18

Բայց Հիսուսը, թողնելով սամարացիների և հրեաների միջև թշնամանքի վաղեմի ավանդույթները, սիրով ծառայեց այս կնոջը՝ օգնելով նրան հասկանալ, թե Ինքն ով է իրականում. այսինքն՝ Մեսիան, որն ամեն ինչ կպատմի, և որի գալուն կինը սպասում էր:19 Այդ քնքուշ ծառայության ազդեցությունը ստիպեց կնոջը վազել քաղաք՝ ժողովրդին հայտնելու կատարվածի մասին. «Եկեք տեսեք մի մարդու, որն ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը»:20

Ես խոր կարեկցանք եմ տածում նրանց հանդեպ, ովքեր վատ վերաբերմունքի են արժանացել, նսեմացվել կամ հալածվել են անզգա և անխոհեմ մարդկանց կողմից, որովհետև իմ կյանքի ընթացքում ես անձամբ եմ տեսել այն ցավը, որից տառապում են լավ մարդիկ, երբ նրանց դատում կամ մերժում են, քանի որ նրանք պատահաբար խոսել են, նայել են, կամ ապրել են այլ կերպ: Իմ սրտում նաև անկեղծ վիշտ եմ զգում նրանց համար, ում միտքը մնում է խավար, ում տեսողությունը սահմանափակ է, իսկ սիրտը մնում է կարծրացած՝ իրենից տարբերվողների հանդեպ թերարժեքության համոզվածությամբ: Ուրիշների նկատմամբ նրա սահմանափակ տեսակետն իրականում խոչընդոտում է, որ կարողանա տեսնել նրանց որպես Աստծո զավակներ:

Ինչպես կանխագուշակել են մարգարեները, մենք ապրում ենք վտանգավոր օրերում, որոնք նախորդում են Փրկչի Երկրորդ Գալուստին:21 Աշխարհն ընդհանուր առմամբ բևեռացված է ուժեղ բաժանումներով, որոնք ընդգծված են ռասայական, քաղաքական և սոցիալ-տնտեսական գծերով: Նման բաժանումները երբեմն ազդեցություն են թողնում մարդկանց մտածելակերպի և գործելակերպի վրա՝ իրենց մերձավորի հետ ունեցած հարաբերություններում: Այդ պատճառով հաճախ ենք տեսնում, երբ մարդիկ այլ մշակույթների, ռասաների և էթնիկական պատկանելության մասին մտածելակերպը, գործելակերպը և խոսքը բնութագրում են որպես ստորադաս, օգտագործելով կանխակալ, սխալ և հաճախ հեգնական գաղափարներ, դրանց նկատմամբ առաջացնելով արհամարհանքի, անտարբերության, անհարգալից վերաբերմունք և նույնիսկ նախապաշարմունքներ: Նման վերաբերմունքի արմատները գոռոզության, ամբարտավանության և նախանձի մեջ են, որոնք մարմնական էություն ունեն,22 որոնք լիովին հակասում են Քրիստոսանման հատկանիշներին: Այս վարքը անպատշաճ է նրանց համար, ովքեր ձգտում են դառնալ Նրա իսկական աշակերտները:23 Իրականում, Սրբերի համայնքում նախապաշարված մտքերի և գործողությունների տեղ չկա:

Մենք՝ որպես ուխտի որդիներ և դուստրեր, կարող ենք օգնել վերացնել այս տեսակի վարքագիծը՝ Փրկչի աչքերով նայելով մեր միջև առկա ակնհայտ տարբերություններին24 և հիմնվելով մեր ընդհանրությունների վրա՝ մեր աստվածային ինքնության և հարազատության վրա: Ավելին, մենք կարող ենք ձգտել մեզ արտացոլված տեսնել մեր մերձավորի երազանքների, հույսերի, վշտերի ու ցավերի մեջ: Մենք՝ որպես Աստծո զավակներ, ուղեկից-ճամփորդներ ենք, հավասար՝ մեր անկատար վիճակում և աճելու ունակությամբ: Մենք հրավիրված ենք քայլելու միասին՝ խաղաղությամբ, Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ սիրով լցված մեր սրտերով, կամ, ինչպես նշել է Աբրահամ Լինքոլնը՝ «ոչ մեկի հանդեպ չարությամբ և բոլորի հանդեպ գթությամբ լցված»:25

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է դրսևորվում մարդկային արժանապատվության և հավասարության նկատմամբ հարգանքի սկզբունքը Տիրոջ տանը մեր հագուստի պարզ ոճի միջոցով: Մենք բոլորս գալիս ենք տաճար՝ միավորված մեկ նպատակով և լցված Նրա սուրբ ներկայության մեջ մաքուր ու սուրբ լինելու ցանկությամբ: Սպիտակ հագնված՝ մեզ բոլորիս ընդունում է Ինքը՝ Տերը, որպես Իր սիրելի զավակներ, Աստծո տղամարդիկ և կանայք՝ Քրիստոսի սերունդ:26 Մենք արտոնություն ունենք կատարելու նույն արարողությունները, կապելու նույն ուխտերը, պարտավորվելով ապրել ավելի բարձր և սուրբ կյանքով և ստանալ նույն հավերժական խոստումները: Նպատակով միավորված՝ մենք տեսնում ենք միմյանց նոր աչքերով և մեր միասնության մեջ նշում ենք մեր տարբերությունները՝ որպես Աստծո աստվածային զավակներ:

Վերջերս ես օգնեցի առաջնորդել բարձրաստիճան պաշտոնյաներին և պետական պաշտոնյաներին Բրազիլիայի (Բրազիլիա) տաճարի բաց դռների ժամանակ: Բրազիլիայի փոխնախագահի հետ ես կանգ առա հանդերձարանի տարածքում, և մենք քննարկեցինք սպիտակ հագուստը, որը բոլորը կրում են տաճարի ներսում: Ես բացատրեցի նրան, որ սպիտակ հագուստի այս համընդհանուր օգտագործումը խորհրդանշում է, որ մենք բոլորս նման ենք Աստծուն, և տաճարում մեր ինքնությունը ոչ թե երկրի փոխնախագահն է կամ եկեղեցու ղեկավարը, այլ մեր հավերժական ինքնությունը՝ որպես սիրող Երկնային Հոր որդիներ:

Նկար
Իգուաչու ջրվեժը

Իգուաչու գետը հոսում է հարավային Բրազիլիայի միջով և թափվում է մի բարձրավանդակի մեջ, որը ձևավորում է ջրվեժների մի համակարգ, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես Իգուաչու ջրվեժ: Դա երկրի վրա Աստծո ամենագեղեցիկ և տպավորիչ ստեղծագործություններից է, որը համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Ջրի հսկայական ծավալը հոսում է մեկ գետի մեջ, այնուհետև առանձնանում՝ ձևավորելով հարյուրավոր անզուգական ջրվեժներ։ Փոխաբերական իմաստով ջրվեժների այս բացառիկ համակարգը երկրի վրա Աստծո ընտանիքի արտացոլումն է, քանի որ մենք կիսում ենք նույն հոգևոր ծագումն ու նյութը, որոնք բխում են մեր աստվածային ժառանգությունից և հարազատությունից: Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրը «հոսում» է տարբեր մշակույթների, էթնոսների և ազգությունների մեջ՝ տարբեր կարծիքներով, փորձառություններով և զգացմունքներով: Չնայած դրան՝ մենք առաջ ենք շարժվում որպես Աստծո զավակներ և որպես Քրիստոսի եղբայրներ ու քույրեր՝ չկորցնելով մեր աստվածային կապը, որը մեզ դարձնում է յուրահատուկ ժողովուրդ և սիրված համայնք։27

Թող որ մենք մեր սրտերն ու մտքերը համապատասխանեցնենք այն գիտելիքին ու վկայությանը, որ մենք բոլորս հավասար ենք Աստծո առջև, որ լիովին օժտված ենք նույն հավերժական ներուժով ու ժառանգությամբ: Թող որ մենք ավելի շատ վայելենք մեր միջև գոյություն ունեցող հոգևոր ազգակցական կապը և գնահատենք մեր բոլորի տարբեր հատկանիշներն ու բազմազան շնորհները: Եթե այդպես վարվենք, ես ձեզ խոստանում եմ, որ մենք «կհոսենք» մեր ճանապարհով, ինչպես Իգուաչու ջրվեժի ջուրը, առանց կորցնելու աստվածային կապը, որը մեզ բնորոշում է որպես յուրահատուկ ժողովուրդ՝ «Քրիստոսի զավակները և Աստծո արքայության ժառանգները»։28

Ես վկայում եմ ձեզ, որ երբ մենք շարունակենք «հոսել» այս ճանապարհով մեր մահկանացու կյանքում, մի նոր օր կսկսվի նոր լույսով, որը կպայծառացնի մեր կյանքը և կընձեռի հիանալի հնարավորություններ՝ ավելի արժևորելու և լիարժեք օրհնվելու Աստծո կողմից Իր զավակների միջև ստեղծված բազմազանությամբ:29 Մենք, անշուշտ, գործիքներ կդառնանք Նրա ձեռքում՝ Նրա բոլոր որդիների և դուստրերի միջև հարգանքն ու արժանապատվությունը խթանելու համար: Աստված ապրում է: Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է: Նախագահ Նելսոնը Աստծո մարգարեն է մեր օրերում: Ես վկայում եմ այս ճշմարտությունների մասին Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: