Գերագույն համաժողով
Տեր, ուզում ենք Հիսուսին տեսնել
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Տեր, ուզում ենք Հիսուսին տեսնել

Մենք ուզում ենք տեսնել Հիսուսին այնպիսին, ինչպիսին Նա է և ուզում ենք զգալ Նրա սերը:

Դեմքերը չճանաչելու կուրություն

1945 թվականի գարնանային մի օր, մի երիտասարդ արթնացավ զինվորական հոսպիտալում։ Նրան բախտ էր վիճակվել ողջ մնալ. նրան կրակել էին հենց ականջի հետևից, բայց բժիշկները վիրահատել էին, և նա այժմ կարող էր նորմալ քայլել և խոսել:

Դժբախտաբար, գնդակը վնասել էր նրա ուղեղի այն հատվածը, որը ճանաչում էր դեմքերը։ Այժմ նա իր կնոջը նայում էր առանց նրան ճանաչելու․ նա անգամ չէր ճանաչում իր մորը։ Նույնիսկ հայելու մեջ իր դեմքը խորթ էր նրա համար, նա չէր կարող ասել՝ դա տղամարդ է, թե կին:1

Նա ձեռք էր բերել դեմքերը չճանաչելու կուրություն՝ մի հիվանդություն, որով տառապում են միլիոնավոր մարդիկ:2

Մարդիկ, որոնք ունեն այդ հիվանդությունը, փորձում են ճանաչել ուրիշներին՝ հիշելով որոշակի կանոններ. դստերը՝ իր պեպեններով կամ ընկերոջը՝ իր խառնաշփոթ քայլվածքով:

Մանկությունս

Ահա երկրորդ պատմությունը․ երեխա ժամանակ ես հաճախ մայրիկիս տեսնում էի մեր տան կանոնները սահմանելիս: Նա էր որոշում, թե երբ կարող եմ խաղալ և երբ պետք է գնամ քնելու կամ որն ավելի վատ էր, թե երբ պետք է բակի մոլախոտերը մաքրեի:

Նա անկասկած սիրում էր ինձ: Բայց շատ հաճախ, և ի ամոթ ինձ, ես նրան տեսնում էի միայն որպես «Մարդ, ում պետք է հնազանդվել»:

Միայն տարիներ անց ես տեսա նրան որպես իրական մարդ: Ես ամաչում եմ, որ իրականում երբեք չեմ նկատել նրա զոհաբերությունը կամ չեմ մտածել, թե նա ինչու տարիներ շարունակ կրում էր նույն երկու հին կիսաշրջազգեստը (մինչ ինձ նոր դպրոցական հագուստ էին տալիս), կամ ինչու էր օրվա վերջում այդքան հոգնած և ցանկանում էր, որ ես շուտ գնամ քնելու:

Մենք գուցե ունենք դեմքերը չճանաչելու կուրություն

Հավանաբար, դուք նկատեցիք, որ այս երկու պատմություններն իրականում նույն բանի մասին են. շատ տարիներ ես, ըստ էության, հիվանդ էի դեմքերը չճանաչելու կուրությամբ։ Ես մայրիկիս չէի տեսնել որպես իրական մարդ: Ես տեսնում էի նրա կանոնները, բայց դրանց մեջ ես չէի տեսնում նրա սերը:

Ես պատմում եմ ձեզ այս երկու պատմությունները՝ մի ասելիք կարևորելու համար. ես կարծում եմ, որ դուք ճանաչում եք մեկին (գուցե դուք եք այդ ինչ-որ մեկը), որը տառապում է այսպես կոչված դեմքերը չճանաչելու հոգևոր կուրությամբ:

Գուցե դուք դժվարանում եք Աստծուն տեսնել որպես սիրող Հայր: Դուք գուցե նայում եք երկինք և տեսնում ոչ թե սիրո և ողորմության դեմքը, այլ կանոնների թավուտը, որի միջով դուք պետք է անցնեք: Հավանաբար դուք հավատում եք, որ Աստված իշխում է Իր երկնքում, խոսում է Իր մարգարեների միջոցով և սիրում է ձեր քրոջը, բայց մտքում մտածում եք՝ արդյոք Նա սիրում է ձեզ:3 Միգուցե դուք զգացել եք երկաթյա ձողը ձեր ձեռքում, բայց դեռ չեք զգացել ձեր Փրկչի սերը, որին այն տանում է:4

Ես կարծում եմ, որ դուք ճանաչում եք նման մարդկանց, քանի որ երկար ժամանակ ես այդպիսի մարդ էի. ես հոգևորապես կույր էի:

Ես կարծում էի, որ իմ կյանքը կանոններին հետևելու և վերացական չափանիշներին համապատասխանելու հետ է կապված: Ես գիտեի, որ Աստված ձեզ կատարյալ սիրով է սիրում, բայց ինքս դա չէի զգում: Վախենում եմ, որ ավելի շատ մտածում էի երկինք հասնելու մասին, քան իմ Երկնային Հոր հետ լինելու մասին:

Եթե դուք ինձ նման եք, երբեմն կարող եք միայն բերանը փակել և բացել, բայց չերգել «քավիչ սիրո երգը»։5 Ի՞նչ կարող ենք անել:

Ինչպես Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հիշեցնում է մեզ, պատասխանը միշտ Հիսուսն է:6 Եվ դա լավ նորություն է։

Տեր, ուզում ենք Հիսուսին տեսնել

Հովհաննեսի գրքում մի կարճ հատված կա, որը ես սիրում եմ։ Այն պատմում է մի խումբ մարդկանց մասին, որոնք կարևոր խնդրանքով գնում են նրա աշակերտի մոտ։ «Տեր, - ասացին նրանք, - ուզում ենք Հիսուսին տեսնել»։7

Դա այն է, ինչ մենք բոլորս ենք ուզում․ մենք ուզում ենք տեսնել Հիսուսին այնպիսին, ինչպիսին Նա է և ուզում ենք զգալ Նրա սերը: Սա պետք է լինի պատճառը այն ամենի, ինչ մենք անում ենք եկեղեցում, և իհարկե հաղորդության ժողովների պատճառը։ Եթե դուք մտածում եք, թե ինչպիսի դաս ուսուցանել, ինչպիսի ժողով ծրագրել, և գուցե սարկավագների միջոցառման ժամանակ պարզապես խաղալ գնդակով, ապա կարող եք այս հատվածը վերցնել որպես ձեզ ուղեցույց. արդյոք դա կօգնի՞ մարդկանց տեսնել և սիրել Հիսուս Քրիստոսին։ Եթե ոչ, ապա մի ուրիշ բան փորձեք։

Երբ ես հասկացա, որ հոգևորապես կույր եմ, որ տեսնում եմ կանոնները, բայց ոչ Հոր ողորմածության դեմքը, ես հասկացա, որ դա Եկեղեցու մեղքը չէ: Դա Աստծո մեղքը չէր, և դա չէր նշանակում, որ ամեն ինչ կորած էր. դա մի բան է, որ մենք բոլորս պետք է սովորենք: Նույնիսկ Հարության վաղ օրերի վկաները հաճախ դեմ առ դեմ էին հայտնվում հարություն առած Տիրոջ հետ, բայց չէին ճանաչում Նրան. Պարտեզի գերեզմանից մինչև Գալիլեայի ափերը, Նրա առաջին հետևորդները «տեսան Հիսուսին կանգնած, սակայն չհասկացան, որ Հիսուսն է»:8 Նրանք պետք է սովորեին ճանաչել Նրան, և մենք նույնպես պետք է սովորենք դա:9

Գթություն

Երբ ես հասկացա, որ հոգևորապես կույր էի, սկսեցի հետևել Մորմոնի խորհրդին և աղոթել «սրտի ողջ կորովով», որպեսզի լցվեմ Հիսուսի աշակերտներին խոստացված սիրով՝ իմ սերը Նրա հանդեպ և Նրա սերը իմ հանդեպ, և «տեսնել նրան այնպիսին, ինչպիսին նա կա և այս հույսն ունենալ»:10 Տարիներ շարունակ ես աղոթում էի, որ կարողանամ հետևել Աստծուն սիրելու առաջին մեծ պատվիրանին և զգալ այդ «առաջին մեծ ճշմարտությունը ․․․ որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով»:11

Ավետարանները

Ես նաև կարդացի ու վերընթերցեցի չորս Ավետարանները և այս անգամ ոչ թե Նրա կանոններն առանձնացնելու, այլ տեսնելու համար, թե ով է Նա և ինչ է Նա սիրում: Եվ որոշ ժամանակ անց ինձ քշեց սիրո գետը, որը հոսում էր Նրանից:

Հիսուսը հայտարարեց, որ եկել է «բուժելու սրտով կոտրվածներին, գերիներին ազատություն հռչակելու և կույրերին՝ տեսողություն»:12

Սա պարզապես անելիքների ցանկ կամ գովազդ չէր. դա Նրա սիրո ձևն է:

Պատահականորեն բացեք Ավետարանները․ Գրեթե յուրաքանչյուր էջում տեսնում ենք, որ Նա հոգ է տանում այն մարդկանց մասին, որոնք տառապում են՝ սոցիալապես, հոգևորապես և ֆիզիկապես: Նա դիպչում է աղտոտված և անմաքուր համարվող մարդկանց13 և կերակրում քաղցածներին:14

Ո՞րն է ձեր սիրելի պատմությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Ես կարծում եմ, որ դա այն մասին է, թե ինչպես է Աստծո Որդին ձեռք մեկնում և գրկում ու հույս տալիս՝ մեկուսացված բորոտին,15 ատելի սամարացուն,16 մեղադրյալ և սկանդալային մեղավորին,17 կամ ազգային թշնամուն:18 Այդ տեսակի շնորհը զարմանալի է։

Փորձեք գրել ամեն անգամ, երբ Նա գովաբանում է, բժշկում է կամ ուտում է օտարի հետ, և ձեր թանաքը չի բավականացնի դեռ Ղուկասի ավետարանը չավարտած։

Երբ տեսա դա, ես հուզվեցի մարդկանց ընդունելու Նրա սիրուց, և սկսեցի զգալ, որ Նա կարող է սիրել ինձ: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Որքան շատ սովորեք Փրկչի մասին, այնքան ավելի հեշտ կլինի վստահել Նրա ողորմածությանը, Նրա անսահման սիրուն»։19 Եվ այնքան ավելի շատ կվստահեք և կսիրեք ձեր Երկնային Հորը:

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ուսուցանել է մեզ, որ Հիսուսը եկավ մեզ ցույց տալու «թե ով է Աստված և ինչպիսին է մեր Հավիտենական Հայրը, որքան լիովին նվիրված է Նա Իր զավակներին ամեն տարիքում և ամեն ազգի մեջ»։20

Պողոսն ասում է, որ Աստված «[բոլոր] գթությունների Հայրն է և ամեն մխիթարության Աստվածն է»:21

Եթե այլ կերպ եք տեսնում Նրան, շարունակեք փորձել։

Ուխտերը և Աստծո գրկախառնությունը

Մարգարեները հրավիրում են մեզ փնտրել Նրա դեմքը:22 Ես սա ընդունում եմ որպես հիշեցում, որ մենք երկրպագում ենք մեր Հորը, ոչ թե որևէ բանաձևի, և որ մենք կավարտենք այս կյանքը, երբ Հիսուսին տեսնենք մեր Հոր սիրո դեմքով23 և հետևենք Նրան, այլ ոչ միայն հետևենք Նրա կանոններին։24

Երբ մարգարեներն ու առաքյալները խոսում են ուխտերի մասին, նրանք դա չեն ասում խիստ մարզիչների նման, կամ չեն ասում, որ մենք պետք է «ավելի ուժեղ փորձենք»։ Նրանք ցանկանում են, որ մենք տեսնենք, որ մեր ուխտերը հիմնականում վերաբերում են հարաբերություններին25 և կարող են բուժում լինել դեմքերը չճանաչելու հոգևոր կուրության համար:26 Դրանք կանոններ չեն Նրա սերը վաստակելու համար. Նա արդեն ձեզ սիրում է կատարյալ սիրով։ Մեր մարտահրավերն է հասկանալ և ձևավորել մեր կյանքը այդ սիրով:27

Մենք փորձում ենք տեսնել մեր ուխտերի միջով, կարծես ապակու միջով, տեսնել Հոր ողորմածության երեսը մյուս կողմում։

Ուխտերը Աստծո գրկախառնության մի ձևն են:

Աստծո սիրո գետը

Ի վերջո, մենք կարող ենք սովորել տեսնել Նրան՝ ծառայելով Նրան: «Քանզի ի՞նչպես է մարդ ճանաչում իր տիրոջը»:28

Մի քանի տարի առաջ ես մի կոչում ստացա, որին ես պատրաստ չէի: Ես շուտ արթնացա, նյարդայնացած էի, բայց մի միտք ծագեց իմ գլխում, որը նախկինում չէի լսել. որ այս Եկեղեցում ծառայելը նշանակում է կանգնել Իր զավակների հանդեպ Աստծո սիրո գետի մեջ: Այս Եկեղեցին խոզանակներով և բահերով զինված մարդկանց աշխատանքային մի խումբ է, որը փորձում է մաքրել Աստծո սիրո գետի հունը, որպեսզի ջրերը հասնեն հեռավոր վայրերի Իր զավակներին։

Ով էլ որ լինեք, ինչ էլ որ լինի ձեր անցյալը, ձեզ համար տեղ կա այս Եկեղեցում:29

Վերցրեք բահը և միացեք թիմին: Օգնեք բացել դեպի Իր զավակները հոսող Նրա սիրո ճանապարհը, և այդ ջրի մի մասը կցայտի ձեզ վրա:30

Եկեք փնտրենք Նրա սիրառատ դեմքը, ընդունենք Նրա ուխտը, և հետո ձեռք-ձեռքի տված միանանք Նրա զավակներին, և միասին երգենք «Փրկիչն Իսրայելի».

Լուսավորիր դեմքդ դարձրու մեզ

Իմ Փրկիչ,

Հոգիներիս խոսքդ տուր սփոփիչ,

Եվ թող իմ թշվառ սրտի փափագը կատարվի՝

Սուրբ վայրում

Հոգիս Քեզ հետ ապրի։31

Թող որ մենք փնտրենք Նրա սիրառատ դեմքը և ապա լինենք Նրա ողորմության անոթները Նրա զավակների համար:32 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. See Hadyn D. Ellis and Melanie Florence, “Bodamer’s (1947) Paper on Prosopagnosia,” Cognitive Neuropsychology, vol. 7, no. 2 (1990), 84–91; Joshua Davis, “Face Blind,” Wired, Nov. 1, 2006, wired.com.

  2. See Dennis Nealon, “How Common Is Face Blindness?,” Harvard Medical School, Feb. 24, 2023, hms.harvard.edu; Oliver Sacks, “Face-Blind,” New Yorker, Aug. 23, 2010, newyorker.com.

  3. «Եկեղեցու որոշ անդամներ որպես ճշմարտություն են ընդունում վարդապետությունը, սկզբունքները և վկայությունները, որոնք բազմիցս հռչակվել են այս ամբիոնից՝ Համաժողովների կենտրոնում և տեղական ժողովներում ամբողջ աշխարհում, և, այնուամենայնիվ, դժվարանում են հավատալ, որ այս հավերժական ճշմարտությունները կիրառելի են հատկապես իրենց կյանքում և իրենց հանգամանքներում» (Դեյվիդ Ա. Բեդնար, «Մնա ինձ հետ և ես քեզ հետ, հետևաբար, քայլիր ինձ հետ», Լիահոնա, մայիս 2023)։

  4. Տես 1 Նեփի 8.19, 15.23: «Դժվար է պահել Տիրոջ պատվիրանները՝ առանց Նրա հանդեպ հավատք և վստահություն ունենալու» (Հենրի Բ․ Այրինգ, «Հավատք՝ խնդրելու, իսկ հետո գործելու համար», Լիահոնա, նոյ. 2021, 75)։

  5. Ալմա 5․26։

  6. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Պատասխանը միշտ Հիսուս Քրիստոսն է», Լիահոնա, մայիս. 2023, 127-28:

  7. Հովհաննես 12․21։

  8. Հովհաննես 20․14։ Նրանք տեսան, բայց չճանաչեցին Նրան Էմմաուս տանող ճանապարհին (տես Ղուկաս 24.16), կողպված սենյակում (տես Ղուկաս 24.37), Գալիլեայի ափերին (տես Հովհաննես 21.4) և Պարտեզի գերեզմանի մոտ (տես Հովհաննես 20.14):

  9. Եթե մենք փնտրենք Նրան մեր ամբողջ սրտով և շարունակենք հավատքով ընթանալ, Նա կգտնվի:

    «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի․․․

    Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք» (Երեմիա 29․11, 13

    «Օրը կգա, երբ դուք կըմբռնեք նույնիսկ Աստծուն՝ կենդանացված լինելով նրանով և նրա կողմից:

    Այն ժամանակ դուք կիմանաք, որ տեսել եք ինձ, որ ես եմ» (Վարդապետություն և Ուխտեր 88.49–50):

    «Ամեն հոգի, որ թողնում է իր մեղքերը և գալիս է ինձ մոտ, և կանչում է իմ անունը, և հնազանդվում է իմ ձայնին, և պահում է իմ պատվիրանները, պիտի տեսնի իմ երեսը և իմանա, որ ես եմ» (Վարդապետություն եվ Ուխտեր 93․1

  10. Մորոնի 7.48։ Պողոսը գթությունը նաև կապում է մեր պարզ տեսնելու ունակության հետ: Գթության մասին իր մեծ քարոզի վերջում նա գրում է, որ թեև «այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, հետագայում կտեսնենք դեմառդեմ ․․․ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի» (Ա Կորնթացիս 13․12

  11. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու», Լիահոնա, մայիս 2016, 127: «Ավելի մեծ սահմանումը «Քրիստոսի մաքուր սիրո» … այն չէ, ինչ մենք, որպես քրիստոնյաներ, փորձում ենք, բայց հիմնականում թերանում ենք ցուցաբերել ուրիշների հանդեպ, այլ այն, ինչ Քրիստոսին լիարժեք կերպով հաջողվեց ցուցադրել մեր հանդեպ: Ճշմարիտ գթությունը հայտնի է եղել միայն մեկ անգամ: Այն ցույց է տրվել մեր հանդեպ կատարելապես և անբիծ կերպով Քրիստոսի անսպառ, բարձրագույն և քավիչ սիրո մեջ» (Jeffrey R. Holland, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 336)։

  12. Ղուկաս 4.18, Նոր Ջեյմս Թագավորի տարբերակը։

  13. Տես Մատթեոս 8․3, 9․25։

  14. Տես Մատթեոս 14․13-21:

  15. Տես Մատթեոս 8․1-3։

  16. Տես Հովհաննես 4․7–10, Նա գովաբանեց սամարացուն (տես Ղուկաս 10․25–37

  17. Տես Մատթեոս 21․31, Ղուկաս 7․27–50, 15․1–10, Հովհաննես 8․2–12։

  18. Տես Մատթեոս 8․5-13։

  19. Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021, 103։

  20. Ջեֆրի Ռ. Հոլլանդ «Աստծո վեհությունը», Լիահոնա, նոյեմբեր 2003 թ․, 70։ «Ինձ տեսնողը Հորը տեսավ» (Հովհաննես 14.9):

  21. Բ Կորնթացիս 1․3։

  22. Տես Սաղմոս 27․8, Վարդապետություն և Ուխտեր 88․68։

  23. Տես Բ Կորնթացիս 4.6, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, «Misericordiae Vultus: Bull of Indiction of the Extraordinary Jubilee of Mercy», Apostolic Letters, vatican.va։

  24. Սա կարևոր թեմա է։ Դա ոչ միայն փրկության և վեհացման աշխատանքն է, այլև Նրա փրկության ու վեհացման աշխատանքն է (տես Ընդհանուր Ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում [1.2], 1.2, Ավետարանի գրադարան)։ Ես պարզապես տաճար չեմ գնում, այլ Տիրոջ տուն. դա մորմոնների եկեղեցին չէ, այլ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին (տես Ռասել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյ. 2018, 87-89)։ Չկա «Քավություն» անունով որևէ անկերպ էակ, որին մենք կարող ենք դիմել բժշկվելու, օգնության, ներողամտության կամ զորության համար: Այդ ամենի աղբյուրը Հիսուս Քրիստոսն է» (Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 40)։

  25. «Ուխտի ուղին կապված է Աստծո հետ մեր հարաբերությունների հետ». դա «սիրո ուղին է … կարեկցանքով հոգ տանելն ու միմյանց օգնության հասնելն է» «Հավերժական ուխտը», Լիահոնա, հոկտ. 2022, 11)։

    Տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Օրհնված և Երջանիկ մի վիճակ» (Ելույթ միսիայի նոր նախագահների սեմինարին, 24 հունիսի, 2022 թ.)։ Սքոթ Թեյլոր, «Երեց Բեդնարը կիսվում է 7 դասերով հնազանդության «օրհնված և երջանիկ վիճակի» մասին», Church News, 2022 թվականի հունիսի 27, thechurchnews.com:

    «Սրբազան ուխտեր կապելով և քահանայության արարողություններն արժանիորեն ստանալով՝ մենք կապվում ենք Տեր Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր հետ և Նրանց հետ լծվում նույն գործին։ Սա պարզապես նշանակում է, որ մենք վստահում ենք Փրկչին՝ որպես մեր Բարեխոսի և Միջնորդի, և ապավինում ենք Նրա արժանիքներին, ողորմությանը և շնորհին՝ այս կյանքի ճամփորդության ընթացքում։ ․․․

    Ուխտի պարտավորությունները պահելն ու սիրելը կապ է ստեղծում Տիրոջ հետ, որը խիստ անձնական է և հոգևորապես զորեղ: ․․․ Հիսուսն այնուհետև ավելին է դառնում, քան սուրբգրային պատմությունների գլխավոր հերոսը. Նրա օրինակը և ուսմունքները ազդում են մեր յուրաքանչյուր ցանկության, մտքի և գործողության վրա» (Դեյվիդ Ա. Բեդնար, «Բայց մենք ուշադրություն չդարձրինք նրանց», Լիահոնա, մայիս 2022):

    Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մեր հարաբերությունը Աստծո հետ», Լիահոնա, նոյեմբեր 2022, 78–80։

  26. «Եվ առանց նրա արարողությունների և քահանայության իշխանության, աստվածայնության զորությունը չի բացահայտվում մարդկանց՝ մարմնում.

    Քանզի առանց դրա, ոչ ոք չի կարող տեսնել Աստծո, այսինքն՝ Հոր երեսը, և ապրել» (Վարդապետություն եվ Ուխտեր 84․21–22

  27. Պատրիսիա Հոլլանդ, «Հույսով լցված ապագա», (Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 8 հունվարի 2023 թ․) Ավետարանի գրադարան:

    «Դուք ստպված չեք վազել՝ հետապնդելով [հույսը, որ Նա կօգնի ձեզ]. դուք չեք կարող այն արտադրել: Ինչպես շնորհի շատ դրսևորումների դեպքում, դուք ձեռք չեք բերի այն՝ հենվելով ձեր կամ այլ մահկանացուների ուժի վրա։ Չկան գաղտնի բանաձևեր կամ անհրաժեշտ օրհնությունները ստանալու հեշտ ու հստակ ուղիներ։

    Իսկապես, մեր դերը կարևոր է, բայց իրականում շատ փոքր. Աստծունն է առաջադրանքի ավելի մեծ մասը։ Մեր մասը Նրա մոտ խոնարհությամբ ու պարզությամբ գալն է, իսկ հետո մենք չպետք է անհանգստանանք կամ վախենանք։

  28. Մոսիա 5․13, տես նաև Հովհաննես 17․3։

  29. Նախագահ Նելսոնը անընդհատ մեզ կոչ է արել «ընդլայնել մեր սիրո շրջանակը և ընդգրկել ամբողջ մարդկային ընտանիքը» («Օրհնված են խաղաղարարները, Լիահոնա, մայիս 2002)։ 2022 թվականի մայիսին նա երիտասարդներին ասաց, որ «պիտակները կարող են հանգեցնել քննադատության և թշնամանքի: … Ազգության, ռասայի, սեռական կողմնորոշման, սեռի, կրթական աստիճանի, մշակույթի կամ այլ նշանակալի որակավորումների պատճառով ուրիշների նկատմամբ ցանկացած բռնություն կամ նախապաշարմունք վիրավորական է մեր Արարիչի համար» («Ընտրություններ հավերժության համար», [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 15 մայիսի 2022], Ավետարանի գրադարան)։ Եվ կարևորը, նա ասաց․ «Ես ցավում եմ, որ ամբողջ աշխարհում մեր սևամորթ եղբայրներն ու քույրերը տառապում են ռասիզմի և նախապաշարմունքների ցավոտ խտրականությունից: Այսօր ես կոչ եմ անում մեր անդամներին ամենուր՝ հրաժարվել նախապաշարմունքների վերաբերմունքից և գործողություններից: Ես խնդրում եմ ձեզ հարգանք ցուցաբերել Աստծո բոլոր զավակների հանդեպ» («Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյ. 2020)։

    «Նախապաշարմունքը չի համապատասխանում Աստծո կողմից տրված խոսքին։ Աստված հավանում է կամ չի հավանում մարդուն՝ կախված Իրեն և Իր պատվիրաններին նվիրվածությունից, այլ ոչ թե մարդու մաշկի գույնից կամ այլ հատկանիշներից կախված:

    Դա ներառում է ռասայի, էթնիկության, ազգության, ցեղի, սեռի, տարիքի, հաշմանդամության, սոցիալ-տնտեսական կարգավիճակի, կրոնական հավատքի կամ անհավատության և սեռական կողմնորոշման վրա հիմնված նախապաշարմունքները (Ընդհանուր ձեռնարկ, 38.6.14, Ավետարանի գրադարան)։

  30. Տես 1 Նեփի 11․25:

  31. «Փրկիչն Իսրայելի», Հիմներ, հր. 5։

  32. Տես Հռովմայեցիս 9․23։