2019
Բիզնեսը զարգանում է
Ապրիլ 2019


Ինքնապահովման օրհնությունները

Բիզնեսը զարգանում է

Ինքնապահովման դասերին ձեռք բերած գիտելիքների շնորհիվ, երբ մի դուռը փակվեց Թեդդի Ռեյեսի համար, շուտով բացվեց մյուսը:

Նկար
couple preparing food

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՌԱՈՒԼ ՍԱՆԴՈՎԱԼԻ

Սանտո Դոմինգոյում (Դոմինիկյան Հանրապետություն) ժամը 4:00-ն է, իսկ Թեդդի Ռեյեսը արդեն վեր է կացել և աշխատում է: Այսօր նա շատ գործ ունի անելու, որպեսզի պահի իր զարգացող բիզնեսը: Նա սկսում է կտրատել լոլիկներն ու հացը: Ապա նա պատրաստում է իր հատուկ սոուսը:

Ժամը 6:00-ին նրան միանում է ևս երկու աշխատակիցներ և պատրաստություններն արագանում են: Ժամը 8:00-ին պատրաստ է լինում 300 սենդվիչ, յուրաքանչյուրը պոլիէթիլենային փաթեթավորմամբ և ամբողջը տեղավորված պայուսակներում: Հայտնվում են ևս վեց աշխատակիցներ և ամբողջ անձնակազմը գնում է վաճառելու:

Ժամը 9.00-ի դրությամբ բոլոր սենդվիչները վաճառված են լինում, բացի մի քանիսից, որոնք Թեդդին պահում է իր թիմին կերակրելու համար:

Բիզնեսը բարեհաջող է Թեդդիի համար: Բայց գործը միշտ չէ, որ հեշտ է: Իրականում, վերջին հինգ տարիների ընթացքում, նա չէր կարողանում կայուն աշխատանք գտնել իր մասնագիտությամբ՝ որպես իրավաբան:

Ուստի, Թեդդին ինչպե՞ս կարողացավ անցում կատարել հաճախորդներին խորհուրդներ տալուց դեպի սենդվիչներ վաճառելը: Անշուշտ, շատ ջանքեր պահանջվեցին, պահանջվեց նաև սկզբունքների պատշաճ կիրառում, որոնք նա սովորել էր Եկեղեցու ինքնապահովման ծառայությունների նախաձեռնությամբ անցկացվող դասերի ժամանակ:

Կորցնելով աշխատանքը

Հինգ տարի առաջ կյանքը Թեդդիի համար հրաշալի էր թվում: Նա իրավաբանի լավ աշխատանք ուներ, նոր էր ամուսնացել և մկրտել էր կնոջը: «Բայց մենք որոշ դժվարություններ ունեցանք, - ասում է նա, - և ես կորցրեցի աշխատանքս»:

Հաջորդ չորս տարիների ընթացքում Թեդդին ջանում էր աշխատանք գտնել: «Շատ գործեր կային, որ կարող էի անել, բայց ոչ ոք չէր ուզում ինձ վճարել: Ես փորձեցի տարբեր գործեր անել ինքնուրույն, բայց դա ապարդյուն էր»:

Նրա կինը՝ Ստեֆանին լավ աշխատանք ուներ, բայց միայն նրա աշխատավարձը բավարար չէր ապրուստի ծախսերը հոգալու համար: Շուտով նրանք երեխա ունեցան: Նրանք ցնծության մեջ էին, բայց նրանց ֆինանսները ավելի ու ավելի էին պակասում: Նրանք կորցրին իրենց տունը, ստիպված էին վաճառել մեքենան և սպառեցին իրենց բոլոր խնայողությունները: Վերջապես, նրանք պետք է տեղափոխվեին մի փոքր տուն, որը Թեդդիի կնոջ մորն էր պատկանում:

Բայց Թեդդին չէր հանձնվում: Շուտով մի անսպասելի հնարավորություն առաջացավ:

Ինքնապահովման զորությունը

Տարիներ տևած պայքարից հետո Թեդդին գիտեր, որ եկել է փոփոխության ժամանակը:

«Ես որոշեցի մասնակցել Եկեղեցու ինքնապահովման դասընթացներին»,- ասում է նա: «Ես լսել էի դրանց մասին, բայց միշտ մտածում էի, որ դրանք ինձ համար չեն: Ես մտածում էի, թե դրանք ինչ-որ բաներ ինքնուրույն անելու դասեր են: Դասերը հրաշալի էին:

Նախ, Թեդդին միացավ «Անձնական ֆինանսներ» խմբին: Այնուհետև նա մասնակցեց «Ինչպես սկսել և մեծացնել իմ բիզնեսը» խմբի դասերին: Խմբային դասընթացները օգնեցին Թեդդիին ձեռք բերել գիտելիքներ բիզնեսի վերաբերյալ, բայց նաև օգնեցին նրան զարգանալ հոգևորապես:

«Այս դասերի մասնակցությունն ամեն ինչ փոխեց»,- ասում է նա: «Ես որոշեցի կյանքի կոչել այնտեղ սովորած բոլոր բաները: Եվ իմ ֆինանսական վիճակն անմիջապես փոխվեց: Ես սկսեցի վճարել լրիվ տասանորդ, ամեն օր աղոթել, ուսումնասիրել սուրբ գրությունները և հավատք գործադրել: Եվ ամեն ինչ փոխվեց՝ ես սկսեցի գումար խնայել և Հանգստության օրը սուրբ պահել: Յուրաքանչյուր սկզբունք օրհնեց ինձ:

«Ինչպես սկսել և մեծացնել իմ բիզնեսը» խմբում Թեդդին սովորեց, թե ինչպես բացահայտել այն հնարավոր արտադրանքը, որը կգոհացնի իր բնակության վայրում ապրող հաճախորդներին: Երբ նա պարզեց, թե ինչ են փնտրում մարդիկ, ոգեշնչումը սկսեց ներգործել: Նրա տարածքի մարդիկ սիրում էին թարմ սենդվիչներ, բայց նրանք նաև ցանկանում էին, որ սենդվիչները պատվերով պատրաստվեին և առաքվեին:

«Շատ ռեստորաններ ունեն մի հատուկ սոուս, որն իրենց կերակուրը համեղ է դարձնում»,- ասում է Թեդդին: «Ուստի, ես մշակեցի իմ սենդվիչների հատուկ սոուսը»:

Մեծացնելով բիզնեսը

Բիզնեսի առաջին օրը Թեդդին պատրաստեց 30 սենդվիչ:

«Երեսուն րոպե անց տուն վերադարձա»,- ասում է նա: «Կինս անհանգստացավ, երբ տեսավ ինձ՝ թախտին նստած: Նա հարցրեց, թե ինչ եմ անում այս ժամին տանը, չէ՞ որ պիտի սենդվիչներ վաճառեի: «Ես արդեն բոլորը վաճառել եմ»:

Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում Թեդդին կապվեց տեղական ձեռնարկությունների և դպրոցների հետ: Շատերը ցանկացան գնել նրա սենդվիչները և բիզնեսը սկսեց աճել: Նա արագ սովորեց, թե ինչպես պահել թարմ բանջարեղենը, որպեսզի դրանք թարմ մնան: Նա նաև հստակ գիտի, թե որքան է պահպանվում իր հատուկ սոուսը: Ամեն երեկո նա հաց է պատվիրում և ստանում: Շաբաթ օրերին նա գնում է զեղչված բանջարեղեն, որն էժան է, բայց մինչ երկուշաբթի չի փչանա:

Շուտով նա սենդվիչների հատուկ տեսականիի պատվերներ էր ստանում որոշակի առիթների և նույնիսկ մեծաքանակ պատվերներ՝ հատուկ իրադարձությունների համար: Նա օգնության կարիք ուներ և սկսեց աշխատողներ ընդունել:

Տեղական դպրոցների և ձեռնարկությունների հետ դրական հարաբերություններ ստեղծելով, Թեդդին ձեռք բերեց ակտիվ, մշտական հաճախորդներ: Չորս ամսվա ընթացքում նա ընդունել էր ութ աշխատող և վաճառում էր օրական 300 սենդվիչ, շաբաթը հինգ օր: Նրա վաճառքի թիմն այնքան արդյունավետ էր աշխատում, որ սենդվիչները նույնիսկ ամռանը վաճառեցին, երբ դպրոցները փակ էին: Այժմ Թեդդին նորից է պատրաստվում ընդլայնվել:

Քանի որ նա մասնակցել էր ինքնապահովման դասերին, նա ոգեշնչվել էր՝ գործի դնելով սենդվիչների բիզնեսի գաղափարը: Նա ասում է. «Եկեղեցու այս առաջնորդության և ստացած օրհնությունների շնորհիվ ես շատ հզոր վկայություն ունեմ Եկեղեցու և Հիսուս Քրիստոսի մասին»: