2019
Հուսահատության պահերին հիշեք Նայինի որբևայրուն
Ապրիլ 2019


Հուսահատության պահերին հիշեք Նայինի որբևայրուն

Հատկապես երբ մոռացված կամ անտեսված ենք զգում մեզ, մենք պետք է հիշենք, որ Հիսուսը գնաց որբևայրուն օգնելու ճիշտ այն ժամանակ, երբ նա դրա կարիքն ուներ, և Նա մեզ նույնպես կօգնի:

Նկար
the widow of Nain

Երբեմն կյանքի թռիչքների ու անկումների ժամանակ, մեզ կթվա, թե Աստված այդքան էլ ակտիվ չէ մեր առօրյա կյանքում: Մեր կեցությունը թվում է հոգնեցուցիչ ու միապաղաղ: Փոփոխություններ տեղի չեն ունենում և երբեմն մեր հանգամանքներից դժվար է նշել առնվազն մի ասպարեզ, որտեղ Աստված միջամտել է: Ամեն անգամ, երբ ես համակվում եմ կյանքում անկարևոր լինելու այսպիսի զգացումներով, հաճախ մտածում եմ Նոր Կտակարանի այդ կնոջ մասին, ով նույն բանն էր զգում: Նրա անունը չի շոշափվում սուրբ գրություններում, բայց նա հայտնի է իր ապրելավայրի անվամբ և ամուսնական կարգավիճակով:

Կինը՝ Նայինի որբևայրին է, և միայն Ղուկաս ավետարանիչն է գրի առել նրա զարմանալի պատմությունը: Իմ կարծիքով, նա ներկայացնում է Փրկիչի անհատական սպասավորության էությունը, և թե ինչպես է Նա օգնության հասնում Իր հասարակության հուսալքված ու հասարակ մարդկանց: Այս պատմությունն անվերապահորեն պատասխանում է այն հարցին՝ թե արդյո՞ք Աստված գիտի մեզ և հոգ է տանում մեր մասին:

Ղուկասի 7-րդ գլխի կարճ տեքստը, որտեղ գրված է հրաշքի մասին, նկարագրում է Հիսուսին, ով ընդհատում է թաղման երթը, և կրկին կյանքի է կոչում մահացած երիտասարդին: Սակայն այս իրադրությունում ավելի շատ բան կա հասկանալու: Ինչպես բոլոր հրաշքների դեպքում, իսկ այս մեկի դեպքում հատկապես, համատեքստը կարևոր է միջադեպը հասկանալու համար: Որպես Բրիգամ Յանգի Համալսարանի Երուսաղեմի Կենտրոնի դասախոս, ես կկիսվեմ ձեզ հետ այս հրաշքի մասին որոշ անձնական պատկերացումներով:

Նայինը Հիսուսի ժամանակ գյուղատնտեսական փոքր գյուղ էր, որը տեղակայված էր Մորեյ լեռան դիմաց՝ Եզրայելի հովտի արևելյան կողմում: Գյուղն ինքնին մի գողտրիկ վայր էր: Այնտեղ հասնելու համար միայն մի ճանապարհ կար: Հիսուսի ժամանակներում այս բնակավայրը փոքր ու համեմատաբար աղքատ է եղել և այդպիսին է մնացել մինչ օրս: Իր պատմության մեջ որոշակի ժամանակահատվածում այս գյուղում եղել է մոտավորապես 34 տուն՝ ընդամենը 189 մարդ:1 Այսօր այն մոտավորապես 1500 բնակիչ ունի:

Ղուկասը սկսում է պատմությունը, նշելով, որ մեկ օր առաջ Հիսուսը Կափառնայումում էր, որտեղ բժշկեց հարյուրապետի ծառային (տես Ղուկաս 7.1–10): Հետո մենք իմանում ենք, որ «հետևյալ օրը» (հատված 11, շեշտադրումն ավելացված է), Փրկիչը գնում է Նային կոչվող քաղաքը, աշակերտների մի մեծ խմբի ուղեկցությամբ: Այս հաջորդականությունը շատ կարևոր է: Կափառնայումը գտնվում է Գալիլեայի ծովի հյուսիսային ափին, ծովի մակարդակից 183 մետր բարձրության վրա: Նայինը Կափառնայումից մոտ 48 կիլոմետր հեռավորության վրա է դեպի հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 213 մետր բարձրությամբ, ինչը ենթադրում է դժվարին վերելք դեպի Նային: Կափառնայումից քայլելով Նային հասնելու համար կպահանջվեր առնվազն մեկ-երկու օր: Վերջերս ԲՅՀ Երուսաղեմի կենտրոնի մի խումբ ուսանողներից 10 ժամ պահանջվեց՝ այդ ուղին սալապատ ճանապարհներով անցնելու համար: Սա նշանակում է, որ Հիսուսը, գուցե, շատ վաղ էր արթնացել, կամ նույնիսկ գիշերով էր քայլել, որպեսզի ընդհատի թաղման երթը «հետևյալ օրը»:2

Նկար
map of Galilee

Երբ Քրիստոսը մոտեցավ քաղաքին շատ տանջալից ճամփորդությունից հետո, մոտ մի 20 տարեկան երիտասարդի3 տանում էին թաղման պատգարակով: Ղուկասն ասում է մեզ, որ այս երիտասարդը այրու միակ որդին էր, և որոշ գիտնականներ հունարեն տեքստը մեկնաբանում են այս կերպ, որ կինը չուներ այլ սերունդ:4 Համագյուղացիների մի մեծ խումբ ուղեկցում էր նրան ընտանիքի այդ ծանր ողբերգության ժամանակ:

Ակնհայտ է, որ որդի կորցնելը ցանկացած մարդու համար ողբերգություն է, բայց պատկերացրեք այդ այրու ապրումները: Պարզապես ինչ կնշանակեր սոցիալական, հոգևոր և ֆինանսական առումներով առանց ժառանգի այրի լինել հին Իսրայելում: Հին Կտակարանի մշակույթի համաձայն, երբ ամուսինը մահանում էր նախքան ծերության հասակին հասնելը, համարվում էր Աստծո դատաստանի նշան մեղքի համար: Այսպիսով, ոմանք հավատում էին, որ Աստված պատիժ է ուղարկել այս այրուն: Հռութի գրքում, երբ Նոեմին այրիացավ երիտասարդ տարիքում, նա ողբաց. «Տէրն ինձ նկուն դարձրեց, եւ Ամենակարողը չարչարեց ինձ» (Հռութ 1.21, Միջազգային ստանդարտ տարբերակ):5

Հոգևոր և զգացմունքային ցավ ապրելուց բացի, Նայինի այս այրին կանգնած էր նաև ֆինանսական կործանման առաջ՝ նույնիսկ քաղցի մատնվելու:6 Ամուսնության ժամանակ կնոջ ֆինանսական պաշտպանությունը՝ ամուսնու ընտանիքի պարտականությունն էր: Եթե ամուսինը մահանում էր, ապա նրա մասին հոգատարությունը լիազորվում էր նրա առաջնեկ որդուն: Այժմ, երբ նրա առաջնեկ և միակ որդին մահացած էր, այդ կինը կտրված էր ապրուստի համար անհրաժեշտ ֆինանսավորումից: Եթե որդին 20 տարեկան էր, ապա նա, հավանաբար, միջին տարիքի կին էր, որն ապրում էր փոքրիկ, մեկուսացված գյուղատնտեսական քաղաքում, և այժմ բացարձակ կտրված էր հոգևոր, սոցիալական և ֆինանսական աջակցությունից:

Նկար
widow of Nain with the Savior

Ճիշտ այն պահին, երբ գյուղացիներն այդ կնոջ որդուն տանում էին թաղելու, Հիսուսը հանդիպեց թաղման երթին և «գթաց նորա վերայ» (Ղուկաս 7.13): Իրականում, սա կարող էր լինել Ղուկասի կողմից այս հանգամանքի թեթև մատուցումը: Հիսուսն ինչ-որ կերպ զգում էր այս այրի կնոջ ծայրահեղ հուսահատ վիճակը: Գուցե կինն այդ գիշեր անցկացրել էր կեղտոտ հատակին փռված, աղաչելով Երկնային Հորը իմանալու համար, թե ինչու այդպես պատահեց: Գուցե նա բացահայտ հարցադրում էր արել, թե ինչու էր Նա պահանջում իրենից այսուհետ ապրել այս երկրի վրա: Կամ գուցե նա սարսափած էր միայնությունից, որն իրեն սպասվում էր: Մենք չգիտենք։ Բայց մենք գիտենք, որ Փրկիչն անմիջապես լքեց Կափառնայումը, ինչն Իրենից կպահանջեր քայլել նույնիսկ գիշերով, որպեսզի հասներ և ընդհատեր թաղման երթը, նախքան նրանք հողին կհանձնեին տղայի մարմինը:

Այո՛, տեսնելով երթի ետևից քայլող կնոջ արցունքոտ դեմքը, Հիսուսը խորը կարեկցանք զգաց նրա հանդեպ, սակայն ակնհայտ է, որ Նրա կարեկցանքն առաջացել էր զգացմունքներից, որոնք Նա շատ ավելի վաղ էր զգացել, քան այդ թաղման երթն ընդհատելու պահը: Նա ՀԱՍԱՎ ԱՅՆՏԵՂ հենց կնոջ կարիքի պահին:

Հիսուսը հետո ասաց այրուն՝ «Մի լար» (հատված 13): Չվախենալով խախտել ծիսակատարությունը, Նա «դագաղին դպավ» և երթը «կանգնեց»: Այնուհետև Նա հրամայեց․ «Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց:

Նկար
widow with son

Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել: Եւ [Հիսուսը] նորան տուաւ իր մօրը» (հատվածներ 14–15): Պարզ է, որ գյուղացիների և Հիսուսի հետևորդների բազմությունը ապշահար էր, քանի որ ընդհանուր վիշտը վերածվեց մաքուր ուրախության: Բոլորը «Աստուծուն փառք էին տալիս եւ ասում, թէ Մի մեծ մարգարէ է վեր կացել մեր մէջ» (հատված 16): Բայց այս հրաշքը մի հուսահատ հոգի փրկելու մասին էր: Հիսուսը տեղյակ էր, որ ինչ-որ բան շատ սխալ էր այդ կնոջ նկատմամբ, մեկի, ով նվաստացված էր իրենց մշակույթում: Նրա իրադրությունը ճչացող էր Հիսուսի անհապաղ ուշադրության համար, նույնիսկ, եթե Նա պետք է երկար ճանապարհ անցներ, որ այդտեղ լիներ ճիշտ պահին: Հիսուսը գիտեր նրա հուսահատ վիճակը և Նա շտապեց գալ: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) անժխտելի ճշմարտություն է ասել. «Մի օր, երբ հետ նայենք մեր կյանքի այդ թվացյալ զուգադիպություններին, մենք կհասկանանք, որ միգուցե, դրանք այդքան էլ պատահական չեն եղել»:7

Այժմ, այսպիսի վեհացնող միջադեպը մեզ համար պետք է շատ ավելին դառնա, քան Աստվածաշնչից զվարճալի մի պատմություն: Սա ակնհայտորեն հաստատում է, որ Հիսուսը գիտեր այս խեղճ, մոռացված և ունեզուրկ այրու մասին: Հատկապես, երբ մոռացված, անտեսված կամ անկարևոր ենք մեզ զգում, մենք պետք է հիշենք՝ Հիսուսը եկավ որբևայրու մոտ ծայրահեղ կարիքի պահին, և մեզ մոտ Նա նույնպես կգա: Բացի այդ, երկրորդ դասը որ կարող ենք քաղել մեր Փրկիչի օրինակից, մարդկանց օգնության հասնելու կարևորությունն է՝ օրհնելու նրանց, ովքեր մեր շուրջն են: Ձեր շրջապատից շատերը հուսահատ վիճակում կլինեն ժամանակ առ ժամանակ: Եթե պատմեք նրանց «Նայինի քրոջ» պատմությունը, որ Տերը հստակ գիտեր նրա հուսահատության և անձնական մեծ ճգնաժամի մասին՝ գիշերը կփոխարինվի ցերեկով: Հիշենք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985) նրբանկատ դիտարկումը. «Աստված իրոք նկատում է մեզ, և հետևում է մեզ: Բայց, սովորաբար, մեկ այլ անձնավորության միջոցով է, որ նա հոգում է մեր կարիքները»:8

Նկար
widow hugging her son

Հիսուսի հրաշքներից, որոնք Նա գործել էր երկրի վրա եղած ժամանակ, մի քանիսն ինձ համար առավել նրբանկատ ու գթառատ են. դրանցից է Նրա սպասավորությունը Նայինի որբևայրուն: Դա հիշեցնում է մեզ, որ մենք կարևոր ենք Նրա համար, և որ Նա երբեք մեզ չի մոռանա: Մենք պետք է դա հիշենք:

Հղումներ

  1. See E. Mills, Census of Palestine 1931: Population of Villages, Towns, and Administrative Areas (1932), 75.

  2. See S. Kent Brown, The Testimony of Luke (2015), 364.

  3. See Brown, The Testimony of Luke, 365.

  4. See Brown, The Testimony of Luke, 365.

  5. Եսայիա 54.4-ում Տերն ասում է Իսրայել այրուն, որ նա «[իր] որբեւայրութեան նախատինքը այլեւս պիտի չ’յիշե» (Նոր Անգլերեն Թարգմանություն):

  6. See Brown, The Testimony of Luke, 365.

  7. Thomas S. Monson, in Joseph B. Wirthlin, “Lessons Learned in the Journey of Life,” Liahona, May 2001, 38.

  8. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 82.