2019
Կորած վերարկուն
Ապրիլ 2019


Կորած վերարկուն

Հեղինակն ապրում է Այովայում, ԱՄՆ:

«Ես Տերս կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» (Վարդապետություն և Ուխտեր 64.10):

Նկար
The Missing Coat

«Մայրիկ, վերարկուս չկա»,- ասաց Բրեդը: Ժամանակն էր Եկեղեցուց տուն վերադառնալու, բայց Բրեդը չէր կարողանում գտնել իր վերարկուն կախիչի վրա:

«Դու վստա՞հ ես, որ այստեղ էիր կախել այն»,- հարցրեց մայրը:

«Այո: Այն հենց այստեղ էր»: Բրեդի վերարկուն բաց կապույտ և կարմիր գույներով էր: Դժվար էր չնկատել:

«Գուցե այն ուրիշ տեղ են տեղափոխել: Եկեք շենքում փնտրենք»,- ասաց հայրը:

Մայրը, հայրը և Բրեդը բաժանվեցին, որպեսզի տարբեր սենյակներում նայեն: Նրանք նայեցին կորած իրերի արկղում, հավաքատանը, Բրեդի Կիրակնօրյա դպրոցի դասարանում, Երեխաների Միության դասասենյակում և բոլոր տեղերում, որտեղ վերարկուների կախիչներ կային: Նրանք նույնիսկ զուգարաններում նայեցին, սակայն վերարկուն չգտան:

«Հավանաբար ինչ-որ մեկը սխալմամբ է վերցրել: Համոզված եմ, որ հաջորդ շաբաթ կվերադարձնեն, հենց գլխի ընկնեն, որ դա իրենցը չէ»,-ասաց հայրը:

«Մինչ այդ դու կարող ես քո հին վերարկուն հագնել»,-ասաց մայրը:

Բրեդը մռայլվեց: Նա չէր սիրում իր հին վերարկուն: Այն բարակ էր, խունացած և փոքր էր իր հագով: Նրան դուր էր գալիս իր նոր կարմիր-կապույտ գույներով վերարկուն, որը հագնելիս նա իսկական հերոսի էր նմանվում:

«Հավանաբար, ինչ-որ մեկը, տեսնելով իմ գեղեցիկ վերարկուն, գողացել է այն», - մտածեց Բրեդը: Ինչպե՞ս դա կարող էր պատահել Եկեղեցում: Այստեղ բոլորը պետք է ազնիվ լինեն: Բրեդը թույլ չէր տա, որ այդ կողոպտիչը հեռանար: Նա մի ծրագիր ուներ: Հաջորդ կիրակի օրը, նա ուշադիր կնայի, թե ով է կախելու իր վերարկուն: Այնուհետև նա հետ կխլի իր վերարկուն և կգոռա՝ «կանգնի՛ր, գող»: Նրանք կփոշմանեն, որ վերցրել են դա:

Բրեդը անհամբեր սպասում էր կիրակի օրվան, որպեսզի իրականացներ իր մտածածը: Սակայն հաջորդ կիրակին այնքան տաք էր վերարկուի համար, նույնը՝ մյուս կիրակին էր:

Դրանից հետո, կիրակի օրը Բրեդը Երեխաների Միությունում կասկածամտությամբ դիտում էր բոլոր տղաներին, մտածելով, թե ով տարած կլինի իր վերարկուն: Գուցե այն բարձրահասակ տղա՞ն է: Կամ միգուցե աղջիկ է եղել: Նա զգում էր, որ ոչ մեկին չէր կարող վստահել: Բրեդին այդ զգացումը դուր չէր գալիս:

Եկեղեցուց հետո Բրեդը շտապեց պտտվել շենքի շուրջբոլորը, դիտելով ընտանիքներին՝ թե ով ինչ է հագնելու: Սակայն նա ոչ մի տեղ չէր տեսնում իր վերարկուն: Նա նույնիսկ մի անգամ էլ նայեց կորած իրերի արկղի մեջ … բայց վերարկուն չկար: Որտե՞ղ կարող է այն լինել:

Տան ճանապարհին Բրեդը մի նոր ծրագիր մտածեց: Նա կաղոթեր դրա համար: Նա գիտեր, որ Երկնային Հայրը կարող էր գտնել կորած իրերը: Այդ գիշեր Բրեդը աղոթեց և ասաց. «Երկնային Հայր, խնդրում եմ, ասա ինձ, թե ով է վերցրել իմ վերարկուն: Ես ցանկանում եմ հետ ստանալ այն»:

Բրեդը սպասում էր, որ գողի անունը կամ դեմքը կհայտնվի իր մտքում: Բայց փոխարենը սկսեց մտածել իր ընկեր Կարլի մասին: Երեխաների Միությունում Բրեդը հաճախ Կարլի կողքին է նստում: Նրանք միասին շատ են կատակում և ծիծաղում: Բայց Կարլը մի քանի շաբաթ էր, ինչ չկար Եկեղեցում: Բրեդը նրան կարոտել էր:

Իսկ եթե Կարլը վերցրած լիներ իր վերարկո՞ւն: Գուցե Կարլը վախենում էր գալ Եկեղեցի, մտածելով, որ Բրեդն այլևս իր ընկերը չի լինի: Բրեդը ցանկանում էր, որ Կարլը նորից գար Եկեղեցի: Եթե Կարլը վերցրած լիներ իր վերարկուն, Բրեդը որոշել էր, որ չէր բարկանա նրա վրա: Նա կներեր նրան:

Բրեդը բարձրացավ մահճակալի վրա՝ մի փոքր թեթևացած զգալով:

Հաջորդ կիրակի Կարլը չկար Երեխաների Միությունում, բայց մի նոր տղա էր եկել: Նա կապել էր կարմիր-կապույտ գույներով փողկապ:

«Գեղեցիկ փողկապ է», - ասաց Բրեդը, նստելով նոր տղայի կողքին: «Դրանով դու նմանվում ես իսկական հերոսի»:

Տղան ժպտաց:

Բրեդը նույնպես ժպտաց: Նա այլևս չէր փնտրում գողերին: Նա ընկերներ էր փնտրում: