Գրադարան
Մաս 27, Օր 4. Եբրայեցիս 1–4


Մաս 27. Օր 4

Եբրայեցիս 1–4

Նախաբան

Պողոս Առաքյալն ուսուցանել է եբրայեցի Սրբերին կամ հրեա քրիստոնյաներին Հիսուս Քրիստոսի իսկական բնույթի մասին։ Նա նրանց ուսուցանել է նաև Փրկիչի Քավության և որոշ օրհնությունների մասին, որոնք գալիս են Քավության արդյունքում։ Պողոսը կիսվեց անապատում թափառող հին իսրայելացիների փորձառությամբ, որ սովորեցնի Սրբերին, թե ինչ պետք է անեն նրանք, որպեսզի մտնեն Տիրոջ հանգստի մեջ։

Եբրայեցիս 1

Պողոսն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի բնույթի մասին

Կարդացեք հետևյալ պատմությունները.

  • Մի երիտասարդ կին հոգնել է «լավ» աղջիկ կոչվելուց, քանի որ նա իր ընկերների հետ չի մասնակցում նրանց որոշ միջոցառումներին։ Նա մտածում է փոխել իր չափանիշները, որպեսզի դառնա այդ խմբի մի մասնիկը։

  • Լիաժամկետ միսիայում ծառայող մի երիտասարդ տղա հասկանում է, որ միսիոներական աշխատանքն ավելի դժվար է, քան նա ակնկալում էր, և նա մտածում է տուն վերադառնալու մասին։

Ի՞նչ ընդհանուր բան կա այս երկու պատմություններում: Նշեք մի քանի պատճառներ, թե ինչո՞ւ մարդիկ կարող են թուլացնել իրենց ջանքերը, որ գործադրում են` անելու այն, ինչն ըստ իրենց, ճիշտ է։

Պողոս Առաքյալը գրել է առ Եբրայեցիս իր Թուղթն այն ժամանակ, երբ որոշ հրեա (կամ եբրայեցի) նորադարձներ Եկեղեցու ժողովներին չէին հաճախում հալածանքի կամ այլ տեսակի ճնշումների պատճառով։ Նրանք վերադառնում էին ավանդական հրեական երկրպագության սովորությանը և, այսպիսով, հարաբերական ապահովությանը, որը չէր ներառում հավատ Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես Եբրայեցիս 10.25, 38–39)։ Պողոսը գրել է այս թուղթը Եկեղեցու այս անդամներին քաջալերելու համար` հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին։

Եբրայեցիներին ուղղված այս թուղթն ուսումնասիրելիս, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հավատարիմ մնալ Քրիստոսին, երբ ունենաք այնպիսի զգացողություն, որ կարծես հանձնվում եք։

Կարդացեք Եբրայեցիս 1.1–3, 10 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Պողոսի ուսուցանած վարդապետություններին Փրկիչի մասին։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն վարդապետությունները Հիսուս Քրիստոսի մասին, որոնք կգտնեք Եբրայեցիս 1.1–3, 10 հատվածներում։ Օրինակ, 2-րդ և 10-րդ հատվածներում դուք կարող եք բացահայտել հետևյալ վարդապետությունը՝ Հիսուս Քրիստոսն արարել է երկինքն ու երկիրը։ Երբ դուք ուշադրություն դարձնեք, կհայտնաբերեք, որ այս հատվածներն ուսուցանում են մի քանի լրացուցիչ կարևոր վարդապետություններ Փրկիչի մասին:

Եբրայեցիս 1.3 հատվածում ուշադրություն դարձրեք «նորա էութեան նկարագիրը» արտահայտության վրա։ Այս արտահայտությունը նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր նման է և կիսում է Նրա աստվածային հատկանիշը։ «Որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է» արտահայտությունը նույն հատվածում նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը ամենազոր է։

Մտածեք, թե Եբրայեցիս 1.1–3, 10 հատվածներում բացահայտված ո՞ր ճշմարտությունները կարող են ձեզ օգտակար լինել, եթե գայթակղվեք հրաժարվել Տիրոջ կամքը կատարելուց։

Եբրայեցիս թղթում հաճախ հանդիպող թեման Հիսուս Քրիստոսի ավագությունն է։ Օրինակ, Եբրայեցիս 1.4–14 հատվածներում, Պողոսը ցույց է տվել, որ Փրկիչն ավելի մեծ է, քան հրեշտակները։ Հաջորդ գլուխներում նա շարունակել է ցույց տալ Քրիստոսի գերազանցությունն ու ավագությունը։

Գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսն ավելի մեծ է, քան բոլոր բաները, ինչպե՞ս կօգնի որևէ մեկին, ով պայքարում է Նրան հավատարիմ մնալ։

Շարունակեք հայտնաբերել այս թեման, ուսումնասիրելով եբրայեցիներին ուղղված Պողոսի նամակը։

Եբրայեցիս 2

Պողոսն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը մեր փրկության Առաջնորդն է

Մտածեք այն գործընթացի մասին, որում ընտրվում է ավագ կամ ղեկավար տարբեր թիմերի կամ խմբերի համար, որոնցում դուք կարող եք մասնակցել (օրինակ՝ ատլետիկա, բանավեճ, թատերական խմբակ կամ դպրոցական ակումբներ)։ Ի՞նչ որակավորումներ հաշվի կառնեիք, եթե ընտրեիք ավագ կամ ղեկավար։

Եբրայեցիս 2 գլխում Պողոս Առաքյալը հրեա նորադարձներին ավելի շատ բացատրել է Հիսուս Քրիստոսի բնույթի և ինքնության մասին, որ օգնի նրանց հասկանալ, թե ինչու պետք է շարունակեն հետևել Նրան։ Կարդացեք Եբրայեցիս 2.10 հատվածը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչի Առաջնորդն է Հիսուս Քրիստոսը Պողոսի ուսուցանածի համաձայն։

Այս հատվածից մենք կարող ենք իմանալ, որ Հիսուս Քրիստոսը մեր փրկության Առաջնորդն է։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ի՞նչ իմաստով է Հիսուս Քրիստոսը մեր փրկության Առաջնորդը։

Կարդացեք Եբրայեցիս 2.8–9, 14–18 հատվածները՝ ուշադրություն դարձնելով արտահայտություններին, որոնք պատմում են, թե ինչու է Փրկիչը ի զորու դառնալ մեր փրկության Առաջնորդը։ Գուցե կամենաք նշել այն, ինչ կգտնեք:

Եբրայեցիս 2.9 հատվածում Պողոսի ուսուցումը, որ Հիսուս Քրիստոսը «հրեշտակներից մի քիչ ցածացած [էր]», վերաբերում է Փրկիչի բարեհաճությանը` հեռանալու Իր նախաերկրային գահից և ճաշակելու մահկանացու կյանքը և Իր տառապանքն ու մահը, որոնցով Նա «վայր իջավ բոլոր բաներից ցած» (ՎևՈւ 88.6)։ «Արիւնի եւ մարմնի մասնակից» արտահայտությունը Եբրայեցիս 2.14 հատվածում նշանակում է, որ մենք մահկանացու ենք։ «Որ ժողովրդի մեղքերը քաւէ» արտահայտությունը Եբրայեցիս 2.17 հատվածում նշանակում է, որ Քրիստոսն ի զորու էր քավել մեր մեղքերը։

Ըստ 9-րդ հատվածի, ի՞նչ է արել Հիսուսը բոլոր մարդկանց համար։ Համաձայն 14-րդ հատվածի, ո՞ւմ է Նա հաղթել Իր Քավությամբ:

Ուշադրություն դարձրեք, որ Պողոսը ոչ միայն վկայակոչեց Փրկիչին որպես մեր փրկության Առաջնորդ, այլև կոչեց Նրան «ողորմած … եւ հաւատարիմ քահանայապետ» (Եբրայեցիս 2.17): Պողոսը Հիսուս Քրիստոսին նմանեցրել է հրեա քահանայապետին, որովհետև քահանայապետը դիտվում էր որպես միջնորդ ժողովրդի և Աստծո միջև։

Ըստ Եբրայեցիս 2.18 հատվածի, ինչո՞ւ է Փրկիչն ի զորու սատարել (մխիթարել կամ օգնել) մեզ։

Կարդացեք Եբրայեցիս 4.14–16 հատվածները, հայտնաբերելով Պողոսի տված լրացուցիչ մտքերն այն մասին, թե ինչպես է Փրկիչը հանդես գալիս որպես ողորմած ու հավատարիմ քահանայապետ։

Եբրայեցիս 2.17–18 և 4.14–16 հատվածներից մենք կարող ենք բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Քանի որ Հիսուս Քրիստոսը տառապեց և փորձվեց ամեն բանով, Նա կատարելապես հասկանում է մեզ և կարող է օգնել դժվարին պահերին։ (Տես նաև Ալմա 7.11–13։)

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր զգացումներն այն մասին, թե ինչպես կարող են Եբրայեցիս 2 գլխում հայտնաբերված ճշմարտություններն օգնել ձեզ վստահ լինել՝ Հիսուս Քրիստոսին որպես ձեր ղեկավար հետևելու ձեր որոշման մեջ։

Եբրայեցիս 3–4

Պողոսն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք մենք մտնել Տիրոջ հանգստի մեջ

Ինչո՞վ եք դուք երբեմն մտահոգվում։ Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ցնցումների և անհանգստության այս և այլ աղբյուրներից գտնել խաղաղություն և հանգիստ։

Պողոսի ժամանակ հրեա Սրբերը հալածվում էին Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու համար։ Ինչպես արձանագրված է Եբրայեցիս 3–4 գլուխներում, Պողոսն ակնարկել է մի փորձառություն Հին Կտակարանից, որպեսզի ուսուցանի Սրբերին` ինչպես հանգիստ գտնել այս և հաջորդ կյանքում։

Հին ժամանակներում Եգիպտոսից ազատվելուց հետո Իսրայելի զավակները բարկացրին Տիրոջը իրենց անհնազանդությամբ։ Որպես հետևանք, նրանց թույլ չտրվեց մտնել Տիրոջ հանգստի մեջ (տես Թվոց 14, Հակոբ 1.7–8, Ալմա 12.33–37, 13.6, 12–13, 28–29

Կարող եք նշել «իմ հանգստի մեջ» արտահայտությունը Եբրայեցիս 3.11 հատվածում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.24-ը՝ պարզելով, թե ինչ է ուսուցանում այդ հատվածը Տիրոջ հանգստի մասին։

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է. «Ճշմարիտ Սրբերը մտնում են Տիրոջ հանգստի մեջ, քանի դեռ այս կյանքում են, և հաստատուն մնալով ճշմարտության մեջ, նրանք շարունակում են մնալ այդ օրհնված վիճակում, մինչև որ նրանք երկնքում հանգստանան Տիրոջ հետ: … Ինչ վերաբերում է Տիրոջ հանգստի մեջ մտնող մահկանացուներին, նրանք վերջին օրերի մեծ աշխատանքի աստվածայնության մասին պիտի կատարյալ գիտելիք ստանան։ … Հավերժության մեջ Տիրոջ հանգիստը դա հավերժական կյանքի ժառանգումն է` Տիրոջ փառքի լիությունը ձեռք բերելն է» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 633).

Կարդացեք Եբրայեցիս 4.1 հատվածը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչն էր մտահոգում Պողոսին, որ Եկեղեցու որոշ անդամներ թերանում էին անել։

Ընթերցեք հետևյալ հատվածները. Եբրայեցիս 3.7–8, 12–15, 18–19, 4.2–3, 6–7, 11։ Ընթերցեք նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 4.3 հատվածը (Աստվածաշնչի հավելվածում)։ Այս հատվածները կարդալիս, ուշադրություն դարձրեք, թե Պողոսը բազմիցս ինչ է ուսուցանել այն մասին, թե ինչպես կարող ենք մտնել Տիրոջ հանգիստը։

Ուշադրություն դարձրեք «Մի խստացնէք ձեր սրտերը» արտահայտության վրա (Եբրայեցիս 3.8, 15, 4.7)։ Այս արտահայտությունը նշանակում է, որ մենք չպիտի փակենք մեր սրտերը ճշմարտության ու ոգեշնչման համար. մենք պիտի պահենք մեր սրտերը բաց, պատրաստակամ և հնազանդ Աստծուն ու Նրա պատվիրաններին։

Պողոսի ուսմունքներից մենք կարող ենք սովորել, որ եթե մնանք հավատարիմ Փրկիչին և չկարծրացնենք մեր սրտերը, կմտնենք Տիրոջ հանգստի մեջ։

Փրկիչին հավատալով և Աստծո նպատակի ու ծրագրի համար մեր սրտերը բաց պահելով, ինչպե՞ս կարող ենք Տիրոջը հավատարիմ մնալ։ Մտածեք ձեզ ծանոթ որևէ մեկի մասին, ով այս սկզբունքի լավ օրինակ է հանդիսանում: Ի՞նչ կոնկրետ բան է անում այս մարդը հավատարիմ մնալու համար։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի մնաք հավատարիմ Հիսուս Քրիստոսին և ձեր սիրտը բաց պահեք Նրա հանդեպ։

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ.

    Ես ուսումնասիրեցի Եբրայեցիս 1–4 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.