Գրադարան
Մաս 28, Օր 3. Եբրայեցիս 11


Մաս 28. Օր 3

Եբրայեցիս 11

Նախաբան

Պողոս Առաքյալն ուսուցանել է Եկեղեցու անդամներին հավատի և առ Հիսուս Քրիստոս հավատ գործադրելու մասին։ Նա Հին Կտակարանից մեջբերել է արդարակյաց տղամարդկանց ու կանանց օրինակներ, ովքեր գործադրել են հավատ առ Քրիստոս և այդպես հրաշքներ են գործել, կրել են դժվարություններ և ստացել են մեծ օրհնություններ։

Եբրայեցիս 11.1–6

Պողոս Առաքյալը Եկեղեցու անդամներին ուսուցանում է առ Հիսուս Քրիստոս հավատ գործադրելու կարևորությունը

Կարդացեք հետևյալ պատմությունը և ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց երիտասարդ կինը հավատ գործադրելու համար.

Մի երիտասարդ կին Ֆիլիպիններից բացատրել է, որ մի ամառ իր հայրը պիտի մեկներ աշխատանքի։ Երբ նա ստանում էր իր աշխատավարձը, ուղարկում էր այն տուն` իր ընտանիքին։ Մի շաբաթ օր այդ ընտանիքը ծախսել էր ամբողջ փողը, բացառությամբ երկու թղթադրամի՝ յուրաքանչյուրը 20 պեսո արժողությամբ։ Իր ընտանիքին անհրաժեշտ իրերի ցուցակին նայելիս, այդ երիտասարդ կինը գիտեր, որ նրանք բավական գումար չունեն բոլոր իրերը գնելու և հաջորդ օրը եկեղեցի գնալու ճանապարհածախսի համար։ Նա հարցրեց իր մորը, թե ինչ պետք է անի։ Նրա մայրը պատասխանեց, որ գնի բոլոր իրերը, իսկ Աստված կապահովի ճանապարհածախսը։

Երիտասարդ կինն աղոթեց, որ կարողանա գնել ցուցակում նշված իրերը և դեռ բավական գումար ունենա հաջորդ օրը եկեղեցի գնալու ճանապարհածախսի համար։ Նախ, նա պիտի գներ քարածուխ, որ իր ընտանիքը ունենար վառելիք սնունդ պատրաստելու համար։ Նա ցնցվեց, երբ իմացավ, որ մի պարկ քարածուխի գինը կրկնապատկվել էր 5 պեսոյից 10 պեսոյի։ Իմանալով, որ այդ վառելիքն իր ընտանիքին անհրաժեշտ էր իրենց սննդի պատրաստման համար, նա գնեց երկու պարկ քարածուխ` ընդամենը 20 պեսոյով։ Այս երիտասարդ կինն էլ ավելի ջերմեռանդ աղոթեց, որ իր ընտանիքը դեռ կարողանա գնալ եկեղեցի։ Երբ նա աղոթում էր, ինչ-որ բան հուշեց նրան. «Գնա և գնիր ձեզ անհրաժեշտ բաները։ Ամեն ինչ կարգին է»։ Այսպիսով նա շարունակեց գնալ շուկա՝ ունենալով միայն մնացած 20 պեսոն (հարմարեցված է հետևյալ տեսանյութից՝ «Մաքուր և պարզ հավատ» LDS.org

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Այդ երիտասարդ կինը ինչպե՞ս հավատ գործադրեց դեպի Հիսուս Քրիստոս։

Կարդացեք Եբրայեցիս 11.1 հատվածը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է ուսուցանել հավատի մասին Պողոս Առաքյալը։ Ընթերցեք նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 11.1 հատվածը (Եբրայեցիս 11.1-ում, ծանոթագրություն բ

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը օգտագործել է Եբրայեցիս 11.1 հատվածը, ինչպես նաև այլ աղբյուրներ՝ բացատրելու համար հավատի երեք հիմնական բաղադրիչները.

Նկար
Elder David A. Bednar

«Պողոս Առաքյալը նկարագրել է հավատը որպես «յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւեցող բաենրի ապացոյց[ը]» (Եբրայեցիս 11.1)։ Ալման հայտարարել է, որ հավատը կատարյալ գիտելիք չէ. ընդհակառակը, եթե մենք ունենք հավատ, «հույս ունեք բաների համար, որոնք տեսանելի չեն, [բայց] որոնք ճշմարիտ են» (Ալմա 32.21)։ Բացի այդ, Lectures on Faith աշխատությունից մենք սովորում ենք, որ «հավատքը հայտնությամբ տրված կրոնի առաջին սկզբունքն է և ողջ արդարակեցության հիմքը» և այն նաև «բոլոր խելացի էակների գործողության սկզբունքն է» [Lectures on Faith (1985), 1]։

«Այս ուսմունքները նշանակություն են տալիս հավատի երեք հիմնական բաղադրիչներին. (1) հավատքը որպես հավաստիացում ակնկալված բաների մասին, որոնք ճշմարիտ են, (2) հավատը որպես չերևացող բաների ապացույց, և (3) հավատքը որպես բոլոր խելացի էակների գործողության սկզբունք։ Ես բնորոշում եմ Փրկչի հանդեպ հավատի այդ երեք բաղադրիչները որպես մի գործընթաց, որը միաժամանակ ուղղված է դեպի ապագան, դեպի անցյալը և գործողություն է մեկնարկում ներկայում։

«Հավատը, որպես ակնկալված բաների մասին հավաստիացում, ուղղված է դեպի ապագան։ …

«Հավատն առ Քրիստոս անխզելիորեն կապված է այն բանի հետ, որ մեր փրկության և վեհացման համար հույսը դնում ենք Քրիստոսի վրա։ Իսկ հավաստիացումը և հույսը մեզ համար հնարավոր են դարձնում մոտենալ լույսի շեմին և մի քանի քայլ անել դեպի մթությունը` սպասելով և վստահելով, որ լույսը կշարժվի և կլուսավորի ճանապարհը [տես Boyd K. Packer, ‘The Candle of the Lord,’ Ensign, Jan. 1983, 54]։ Հավաստիացման և հույսի համակցությունը գործողություն է նախաձեռնում ներկայում։

«Հավատը, որպես չերևացող բաների ապացույց, ուղղված է դեպի անցյալը և հաստատում է մեր ապավինումն Աստծուն և մեր վստահությունը չերևացող բաների ճշմարտացիության հանդեպ։ Մենք մտել ենք խավարի մեջ հավաստիացմամբ և հույսով և ապացույց ու հաստատում ենք ստացել, երբ լույսը իրականում շարժվել է և ապահովել է մեզ անհրաժեշտ լուսավորությունը։ Այդ վկայությունը, որը մենք ստացել ենք մեր հավատի փորձությունից հետո, (տես Եթեր 12.6) ապացույց է, որը ընդլայնում և ամրացնում է մեր հավաստիացումը։

«Հավաստիացումը, գործողությունը և ապացույցը ազդում են մեկը մյուսի վրա` շարունակվող գործընթացում» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 61–63):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Գրեք համառոտ մեկնաբանություն այն մասին, թե ինչ է նշանակում հավատ ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ։

    2. Ավարտեք հավատի հետևյալ սահմանումը, ինչպես այն տրված է Հակոբոս Առաքյալի կողմից՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 11.1 հատվածում. Հավատը հավաստիացում է … համար, վկայություն` … համար: (Կարող եք նշել կամ գրի առնել այս ճշմարտությունը Եբրայեցիս 11.1 հատվածում։)

Մտածեք մի դեպքի մասին, երբ ձեզ խնդրեցին անել որևէ բան, ինչը նյարդայնացնում էր ձեզ կամ ձեր կարողությունից վեր էր թվում։ Թերևս ձեր վստահությունը ամրացավ, երբ հիշեցիք մի բան, ինչը դուք արել կամ զգացել էիք անցյալում։ Այդ նախորդ փորձառությունը ապահովեց մի ապացույց, որը գուցե օգնել է ձեզ դիմակայել նոր դժվարությանը՝ հավաստիացմամբ, որ կարող եք հասնել հաջողության։ Հոգևոր հարցերում Աստծո օգնության ապացույցն անցյալում մեզ հավաստիացում է տալիս դեպի ապագան նայելիս, և այն մեզ օգնում է գործել վստահությամբ՝ ներկայի հանդեպ հավատով։ Ինչպես ուսուցանել է Երեց Բեդնարը, հավաստիացումը, ապացույցը և գործողությունը՝ հավատքի երեք բաղադրիչները, աշխատում են միասին, երբ մենք նայում ենք դեպի ապագան, դեպի անցյալը և գործի ենք անցնում ներկայում։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալին.

    1. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի գործադրումը տարբերվում միայն Նրան հավատալուց։

    2. Ինչպե՞ս է երիտասարդ Ֆիլիպինցի կնոջ պատմությունը բացատրում Երեց Բեդնարի նկարագրած հավատի երեք բաղադրիչները։

    3. Նկարագրեք մի դեպք, երբ դուք հավատք եք գործադրել Տիրոջ հանդեպ։

Կարդացեք Եբրայեցիս 11.2–5 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Պողոսի օրինակների վրա, որոնք նա օգտագործել է պարզաբանելու համար, թե ինչ կարող է պատահել, երբ մարդիկ հավատ են գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ։ «Առաջինները վկայութիւն ընդունեցին» արտահայտությունը 2-րդ հատվածում նշանակում է, որ երեցները ստացան վկայություն։

Կարդացեք Եբրայեցիս 11.6 հատվածը՝ պարզելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը հավատի մասին։

Եբրայեցիս 11.6 հատվածից սովորում ենք մեկ սկզբունք, որ Աստծուն գոհացնելու համար մենք պետք է գործադրենք մեր հավատը՝ գալով դեպի Նա, հավատալով Նրան և հավատալով, որ Նա հատուցում է նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են Իրեն։ Կարող եք գրքում նշել կամ գրի առնել 6-րդ հատվածի այս ճշմարտությունը:

Կարդացեք երիտասարդ Ֆիլիպինցի կնոջ պատմության հետևությունը՝ փնտրելով, թե ինչ տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի հանդեպ նրա գործադրած հավատի շնորհիվ.

Երբ երիտասարդ կինը գնաց իր ընտանիքին անհրաժեշտ մյուս գնումները կատարելու, նա ձեռք տարավ գրպանը և շոշափեց թղթի մի մեծ գունդ։ Երբ բացեց այն, նա գտավ լրացուցիչ հինգ թղթադրամ՝ յուրաքանչյուրը 20 պեսո արժողությամբ, որոնք փաթաթված էին նրա մոտ մնացած մի 20 պեսոյանոց թղթադրամի մեջ։ Այդ պահին նա հասկացավ, որ բավակաչափ գումար ուներ իր ընտանիքին անհրաժեշտ մյուս իրերը գնելու և եկեղեցի գնալու ճանապարհածախսը վճարելու համար։ Այս երիտասարդ կինը բացատրեց, որ այդ փորձառության ժամանակ նա զգաց Աստծո օգնությունը և Նրա սերը իր հանդեպ։ Երբ նա վերադարձավ տուն, շնորհակալություն հայտնեց Երկնային Հորը այդ հրաշքի համար (հարմարեցված է հետևյալ տեսանյութից՝ «Մաքուր և պարզ հավատ» LDS.org)։ Մենք կարող ենք հավատ ունենալ, որ Տերը պատասխանում է աղոթքներին Իր ձևով և Իր ժամանակին։

Եթե դուք ունեք մուտք համացանց, կարող եք դիտել «Մաքուր և պարզ հավատ» տեսանյութը (5:22), որը մատչելի է LDS.org կայքում:

Ի՞նչ ապացույց ստացավ այդ երիտասարդ կինը Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատը գործադրելուց։

Ինչպե՞ս կարող է այդ փորձառությունն օգնել երիտասարդ կնոջը` հավատ գործադրել ապագայում։

Երբ մենք նայում ենք անցյալ ապացույցներին, որ Աստված օգնել է մեզ, կարող ենք հավաստիացած լինել, որ Նա կրկին կօգնի մեզ ապագայում։ Այդ ապացույցի ու հավաստիացման շնորհիվ մենք այժմ կարող ենք հավատ ունենալ գործի անցնելու համար։ Եթե մենք շարունակենք գործել հավատով, ապա այդ գործընթացը կշարունակվի և մեր հավատքն ավելի կհզորանա։

Մտածեք այն մասին, թե ինչ ճիշտ գործեր պիտի կատարեք ձեր կյանքում։ Հավատո՞ւմ եք, որ Աստված կօգնի ձեզ, երբ այդպես վարվեք: Դուք գուցե ցանկանաք մի նպատակ գրել՝ գործելու ըստ այն հուշումներից մեկի, որը երևի ունեցել եք այս դասի ժամանակ։ Երբ դուք իրականացնեք ձեր նպատակը, կստանաք Աստծո սիրո ապացույցը ձեր հանդեպ:

Եբրայեցիս 11.7–40

Պողոսը Հին Կտակարանից արդարակյաց մարդկանց օրինակներ է բերում, ովքեր գործել են հավատով

Որո՞նք են այն իրավիճակները, որոնց դուք հանդիպում եք հիմա կամ կհանդիպեք ապագայում, որ ձեզանից պահանջում են հավատ գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Երբ ուսումնասիրեք Եբրայեցիս 11.7–40 հատվածները, փնտրեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ գործադրելու օրհնությունները։

Պողոս Առաքյալը Հին Կտակարանից արդարակյաց մարդկանց օրինակներ է բերում, ովքեր գործել են հավատով: Սա պետք է հավաստիացներ իր ընթերցողներին, որ նրանք նույնպես կօրհնվեն հավատ գործադրելով։ Արագ աչքի անցկացրեք Եբրայեցիս 11 գլուխը՝ ուշադրություն դարձնելով «հավատքով» բառին։ Կարող եք նշել կամ գրի առնել այս բառը ձեր սուրբ գրություններում:

Կարդացեք Եբրայեցիս 11.7 հատվածը` փնտրելով, թե ինչպես է Նոյը հավատ գործադրել Աստծո հանդեպ։ Ի՞նչ օրհնություններ է ստացել Նոյը հավատով գործելու շնորհիվ:

  1. Կարդացեք՝ երեք կամ ավելի շատ հատվածներում գտնվող հավատի օրինակներ, ներառյալ ուղեկցող աղյուսակի մեջ։ Դրանք կարդալիս, ուշադրություն դարձրեք, թե ինչպես են այդ անհատները հավատ գործադրել, և ինչ օրհնություններ են նրանք ստացել։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք ձեր ընտրած հատվածներով աղյուսակը և նշեք ձեր մտքերն այն անհատների վերաբերյալ, որոնց մասին կարդում եք։ Նշեք նաև նմանատիպ օրհնություններ, որոնք հույս ունեք, որ կստանաք, հավատ գործադրելով դեպի Փրկիչը։

Սուրբ գրքերի հղումներ

Անհատներ, ովքեր հավատ են գործադրել

Մտքեր

Օրհնություններ, որոնք ես հույս ունեմ` կստանամ

Եբրայեցիս 11.8–10

Աբրահամ

Եբրայեցիս 11.11–12

Սառա (Սարրայ, Աբրահամի կինը)

Եբրայեցիս 11.17–19

Աբրահամ, Իսահակ

Եբրայեցիս 11.20–21

Իսահակ, Հակոբ

Եբրայեցիս 11.23–28

Մովսես

Եբրայեցիս 11.29–31

Իսրայելացիներ, Ռահաբ (տես Հեսու 2.1–22)

Կարդացեք Եբրայեցիս 11.13–16 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ կարող ենք մենք սովորել հավատ գործադրելու մասին՝ Աբրահամի, Սառայի և այլոց օրինակից։ 16-րդ հատվածի «աւելի ազնիւին» արտահայտությունը վերաբերում է հավերժական կյանքին:

Աբրահամին ու Սառային տրված խոստումներից շատերը չիրականացան նրանց կյանքի ընթացքում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ են նրանք հավատարիմ մնացել, չնայած նրան, որ այս կյանքում չեն ստացել Աստծո բոլոր խոստումները։ Ինչպե՞ս կարող է նրանց օրինակն օգնել մեզ հավատարիմ մնալ։

Կարդացեք Եբրայեցիս11.32–35 հատվածները՝ ուշադրություն դարձնելով լրացուցիչ օրհնություններին, որոնք տրվել են նրանց, ովքեր հավատ էին գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Գուցե կամենաք նշել կամ գրի առնել այն, ինչ գտնեք:

Կարդացեք Եբրայեցիս 11.36–40 հատվածները՝ հայտնաբերելով, թե ինչ է պատահել շատ անհատների հետ, չնայած, որ նրանք հավատարիմ են եղել։

Եբրայեցիս 11.40 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ասում է. «Աստված տվել է նրանց ավելի լավ բաներ իրենց տառապանքների միջոցով, քանի որ առանց տառապանքների նրանք չէին կարող դառնալ կատարյալ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 11.40 [Եբրայեցիս 11.40 հատվածում, ծանոթագրություն ա])։ Ուշադրություն դարձրեք այն օրհնությանը, որը խոստացված է բոլոր նրանց, ովքեր հավատ են գործադրում Քրիստոսի հանդեպ։

Այս հավատարիմ մարդկանց օրինակից մենք կարող ենք բացահայտել մեկ ճշմարտություն, որ «երբ մենք հավատ ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք դիմանալ տառապանքներին, գործել հրաշքներ, ստանալ աստվածային խոստումներ, ամրացնել մեր վկայությունը Նրա մասին և առաջ ընթանալ դեպի կատարելություն»։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեզ ծանոթ մեկի մասին, ով օրինակ է այն բանի, որ հավատ է գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ի՞նչ օրհնություններ եք տեսել, որ մտել են այդ մարդու կյանքը հավատ գործադրելու շնորհիվ։

Կրկին մտածեք իրավիճակների մասին, որոնք ձեզանից պահանջում են հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս։ Փնտրեք հնարավորություններ՝ վստահելու Նրա խոստումներին և հավատարմորեն գործեք այնպես, որ հրավիրեք Նրա առաջնորդությունը և օրհնությունները։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Եբրայեցիս 11 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.