Գրադարան
Եբրայեցիս թղթի նախաբանը


Եբրայեցիս թղթի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Պողոս Առաքյալի առ Եբրայեցիս թուղթը վկայում է Հիսուս Քրիստոսի գլխավորության մասին։ Նա ավելի մեծ է, քան հրեշտակները և ունի ավելի գերազանց անուն և ավելի բարձր կոչում։ Հրեշտակները Աստծո ծառաներ են, բայց Հիսուս Քրիստոսը Նրա Որդին է։ Այս գիրքն ուսուցանում է նաև, որ Հիսուսն ավելի մեծ է, քան Մովսեսը, և որ Նրա ծառայությունը նոր ուխտ է բերել, որը վեր է հին ուխտից Մովսեսի օրենքով։ Որպես Մելքիսեդեկյան Քահանայության Մեծ Քահանայապետը, Նրա քահանայությունն ավելի մեծ է, քան Մովսեսի օրենքի ներքո գտնվող քահանայապետերինը։

Չնայած սուրբ գրությունները լի են Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության, Նրա Հարության և դեպի երկինք Համբարձման վերաբերյալ հղումներով, առ Եբրայեցիս թուղթը շեշտում է Փրկիչի շարունակվող աշխատանքը բոլոր նրանց կյանքում, ովքեր ապավինում են Նրան հնազանդությամբ և հավատով։ Եբրայեցիս գրքի ուսումնասիրությունը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Քավության վարդապետությունը և ոգեշնչել ձեզ ապրել հավատով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Վերջին Օրերի Սրբերից շատերն ընդունում են Պողոսին որպես Եբրայեցիս թղթի հեղինակի (տես Աստվածաշնչի Բառարան, «Պողոսի թղթերը»)։ Սակայն ոմանք հարցականի տակ են դնում, թե արդյոք այդ թուղթը Պողոսն է գրել, քանի որ դրա ոճը և լեզուն տարբերվում են նրա այլ նամակներից։ Ընդհանուր առմամբ ընդունված է, որ նույնիսկ, եթե գրիչը Պողոսինը չէր, այդ գաղափարները նրանն էին, որովհետև Եբրայեցիս թղթում պարունակվող վարդապետությունները համահունչ են նրա այլ նամակներում պարունակվող վարդապետությունների հետ։ Ջոզեֆ Սմիթ Մարգարեն վերագրել է Եբրայեցիս թղթից հայտարարությունները Պողոս Առաքյալին (տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 105)։ Այս ձեռնարկի նպատակի համար մենք ընդունում ենք Պողոսին որպես դրա հեղինակը։

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մենք չգիտենք, թե որտեղ է գրվել առ Եբրայեցիս Պողոսի նամակը։ Մենք հաստատ չգիտենք նաև, թե երբ է այն գրվել։ Սակայն շատերը ենթադրում են, որ այն գրվել է շուրջ Ք.հ. 60–62 թվականներին, մոտավորապես նույն ժամանակ, երբ գրվել են առ Ֆիլիպպեցիս, Կողոսացիս, Եփեսացիս, և Ֆիլիմոն Պողոսի նամակները (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Պողոսի թղթերը», scriptures.lds.org

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Պողոսը գրել է առ Եբրայեցիս թուղթը՝ քաջալերելու Եկեղեցու հրեա անդամներին, պահպանել իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ և չվերադառնալ իրենց նախկին ուղիներին (տես Եբրայեցիս 10.32–38)։ Տարբեր նեղությունների ճնշման տակ այս հրեա քրիստոնյաներից շատերն, ըստ երևույթին, հեռանում էին Եկեղեցուց և վերադառնում հրեական ժողովարաններում կատարվող պաշտամունքի հարաբերական ապահովությանը (տես Եբրայեցիս 10.25, 38–39)։ Պողոսը ցանկանում էր ցույց տալ այդ հրեա քրիստոնյաներին, որ Մովսեսի օրենքն ինքնին մատնանշում էր Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը որպես փրկության ճշմարիտ աղբյուր։

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Նեղ իմաստով թուղթ լինելու փոխարեն, Եբրայեցիս աշխատությունը ավելի շուտ ընդարձակ քարոզ է, որը բազմիցս ակնարկում է Իսրայելացիների սուրբ գրությունները և սովորույթները։ Այն սուրբ գրություններում ամենաերկար քարոզն է այն մասին, թե Հիսուս Քրիստոսը ինչու և ինչպես է վեր բոլոր բաներից։

Եբրայեցիս թուղթն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսն ավելի մեծ է, քան օրենքը, որովհետև Նա է տվել այդ օրենքը։ Եբրայեցիս գիրքը սովորեցնում է նաև, որ մարգարեները զորություն էին ստանում Նրա հանդեպ հավատի շնորհիվ, որ Նա եղել է մեծ Քահանայապետը, ում մեջ իրականացել էին Հին Կտակարանի զոհաբերությունները, որ Նա ավելի մեծ է, քան հրեշտակները, և որ Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ է, որ մենք կարող ենք ստանալ մեղքերի թողություն։

Եբրայեցիս գիրքը Աստվածաշնչում այն մի քանի գրքերից է, որտեղ մենք կարող ենք կարդալ Մելքիսեդեկ մարգարեի (տես Եբրայեցիս 7.1–4) և նրա անունով կոչված քահանայության մասին (տես Եբրայեցիս 5.5–6, 10, 6.20, 7.11–17)։ Եբրայեցիս գիրքը սովորեցնում է, որ Մելքիսեդեկյան Քահանայությունը մեծ է Ահարոնյանից և այն ցույց է տալիս, որ փրկությունը գտնվում է ոչ թե Մովսեսի օրենքում կամ Ղեվտական քահանաների կողմից սպասարկվող արարողություններում, այլ Հիսուս Քրիստոսում և Մելքիսեդեկյան Քահանայության արարողություններում (տես Եբրայեցիս 7.5–28Եբրայեցիս 11.1–12.4 հատվածները տալիս են հատկանշական դատողություններ հավատի վերաբերյալ և սովորեցնում են, թե անհատներն ինչպես կարող են ապավինել Հիսուս Քրիստոսին։ (Տես Աստվածաշնչի բառարանը, «Պողոսի թղթերը»։)

Համառոտ շարադրանք

Եբրայեցիս 1–6: Հիսուս Քրիստոսը Հոր էության նկարագիրն է։ Նա ավելի մեծ է, քան հրեշտակները և Նրան նախորդող բոլոր մարգարեները` ներառյալ Մովսեսը: Հին իսրայելացիները, ովքեր դուրս էին բերվել Եգիպտոսից, չկարողացան մտնել Տիրոջ հանգստի մեջ, որովհետև նրանք կարծրացրին իրենց սրտերը Հիսուս Քրիստոսի և Նրա ծառա Մովսեսի հանդեպ։ Որպես Մեծ Քահանայապետ, Հիսուսը վեր է Մովսեսի բոլոր քահանայապետերից։ Իր տառապանքների շնորհիվ Քրիստոսը կատարելագործվել է։ Մենք կարող ենք մտնել Տիրոջ հանգստի մեջ և «դէպի կատարեալը գանք» ավետարանի վարդապետությունների և արարողությունների շնորհիվ (Եբրայեցիս 6.1

Եբրայեցիս 7–13: Մելքիսեդեկյան Քահանայությունը սովորեցնում է ավետարանը և ավելի մեծ է Ահարոնյան Քահանայությունից։ Խորանը և Մովսեսի արարողությունները նախանշան են հանդիսացել Քրիստոսի ծառայությանը։ Հիսուս Քրիստոսը կատարեց Մովսեսի օրենքը, հեղելով Իր արյունը, ինչի շնորհիվ մենք կարող ենք ստանալ փրկություն և մեր մեղքերի թողություն։ Հավատով է, որ մարգարեները և ուրիշ տղամարդիկ և կանայք կատարել են արդար գործեր և գործել են հրաշքներ։