Գերագույն համաժողով
Սրտի հզոր փոփոխություն. Քեզ ավելին տալու բան չունեմ
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Սրտի հզոր փոփոխություն․

Քեզ ավելին տալու բան չունեմ

Սրտի այս փոփոխությունը արագ ընթացող իրադարձություն չէ․ այն պահանջում է հավատք, ապաշխարություն և մշտական հոգևոր աշխատանք:

Նախաբան

1588 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ուրբաթ օրը, ղեկը կորցրած և միայն թիավարով կառավարվող Իսպանական Մեծ Զինանշանին պատկանող «Լա Ժիրոնա» նավը բախվեց Հյուսիսային Իռլանդիայի Լակադա Փոյնթ ժայռերին։1

Նավը շուռ եկավ։ Կյանքի համար պայքարող նավաբեկյալներից մեկը ոսկե մատանի էր կրում, որը մի քանի ամիս առաջ իրեն էր նվիրել նրա կինը այս փորագրությամբ՝ «Քեզ ավելին տալու բան չունեմ»:2

«Քեզ ավելին տալու բան չունեմ». խոսքեր և մատանի՝ սիրտը ձեռքի մեջ պատկերով․ սիրո խոստովանություն կնոջից իր ամուսնուն:

Սուրբգրային կապը

Երբ ես կարդացի այս պատմությունը, այն խորապես ազդեց ինձ վրա, և ես մտածեցի Փրկիչի խնդրանքի մասին. «Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի»:3

Մտածեցի նաև Բենիամին թագավորի խոսքերի և մարդկանց արձագանքի մասին․ «Այո՛, մենք հավատում ենք այն բոլոր խոսքերին, որ դու մեզ ասացիր, … որը հզոր փոփոխություն է մտցրել մեր մեջ կամ մեր սրտերում, որ մենք այլեւս չենք կարող չարություն անել, այլ անընդհատ բարիք անել»:4

Անձնական կապը

Թույլ տվեք պատմել մի դեպք, որը պատահեց ինձ հետ 12 տարեկանում, և որը դեռ այսօր ազդեցություն է գործում իմ կյանքում։

«Էդուարդո, շտապիր», - ասաց մայրս։ «Մենք ուշանում ենք Եկեղեցու ժողովներին»։

«Մամ, ես այսօր հայրիկի հետ կմնամ», - պատասխանեցի ես։.

«Համոզվա՞ծ ես։ Դու պետք է մասնակցես քահանայության քվորումի ժողովին» - ասաց նա:

Ես ասացի․ «Խե՜ղճ հայրիկ։ Նա մենակ է լինելու: Այսօր ես նրա հետ կմնամ»։

Հայրիկը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէր։

Մայրս ու քույրերս գնացին կիրակնօրյա ժողովներին։ Այնպես որ ես գնացի հայրիկիս արհեստանոցը, որտեղ նա սիրում էր անցկացնել կիրակիները, և, ինչպես մայրիկիս ասել էի, ես մի որոշ ժամանակ, այսինքն՝ մի քանի րոպե նրա հետ մնացի, իսկ հետո հարցրի. «Հայրիկ, ամեն ինչ լա՞վ է»:

Նա շարունակում էր զբաղվել ռադիո և ժամացույց վերանորոգելու իր սիրելի գործով, և միայն ժպտաց ինձ։

Ես ասացի նրան. «Ես գնում եմ ընկերներիս հետ խաղալու»:

Հայրս, առանց վեր նայելու, ասաց ինձ. «Այսօր կիրակի է։ Չէ՞ որ պետք է Եկեղեցում լինես»:

«Այո, բայց այսօր մայրիկին ասացի, որ չեմ գնա», - պատասխանեցի ես։ Հայրս շարունակեց իր գործը, և ինձ համար դա թույլտվություն էր։

Այդ առավոտ ֆուտբոլային կարևոր խաղ էր, և ընկերներս ինձ ասել էին, որ բաց չթողնեի այն․ մենք պետք է հաղթեինք:

Իմ խնդիրն այն էր, որ ֆուտբոլի դաշտ հասնելու համար ես պետք է անցնեի հավաքատան դիմացի մասով։

Վճռականորեն ես վազեցի դեպի ֆուտբոլի դաշտը և կանգ առա մեծ պատնեշի առաջ՝ դա հավաքատունն էր։ Ես վազեցի դեպի հակառակ մայթը, որտեղ մի քանի մեծ ծառեր կային, և որոշեցի վազել նրանց միջով, որպեսզի ոչ ոք ինձ չտեսներ․ այդ պահին անդամները սկսում էին ժամանել ժողովներին։

Ես հասա հենց խաղի սկզբին։ Ես կարողացա խաղալ և գնալ տուն մայրիկիս վերադարձից առաջ։

Ամեն ինչ լավ անցավ, մեր թիմը հաղթեց, ես ուրախ էի: Սակայն այդ լավ կազմակերպված վազքը դեպի դաշտ աննկատ չմնաց սարկավագների քվորումի խորհրդատուի կողմից։

Եղբայր Ֆելիքս Էսպինոզան տեսել էր, թե ինչպես էի ես արագ մի ծառից մյուսը վազում՝ փորձելով չբացահայտվել։

Շաբաթվա սկզբում Եղբայր Էսպինոզան եկավ իմ տուն՝ ցանկանալով ինձ հետ խոսել։ Նա ոչինչ չասաց կիրակի օրը իր տեսածի մասին, ոչ էլ հարցրեց ինձ, թե ինչու եմ բաց թողել իմ ժողովը։

Նա միայն տվեց ինձ ձեռնարկը և ասաց․«Ես կցանկանայի, որ դու կիրակի օրը քահանայության դաս վարեիր։ Դասը նշել եմ քեզ համար։ Այնքան էլ դժվար չէ։ Ուզում եմ, որ դու կարդաս այն, իսկ ես երկու օրից կգամ, որ օգնեմ քեզ դասին նախապատրաստվել»։ Ասաց, ինձ տվեց ձեռնարկը և հեռացավ:

Ես չէի ուզում դաս վարել, բայց չկարողացա մերժել նրան։ Այդ կիրակի ես որոշել էի կրկին հորս հետ մնալ, այսինքն՝ մեկ այլ կարևոր խաղ էլ կար:

Եղբայր Էսպինոզան երիտասարդների հիացմունքի առարկան էր։5 Նա գտել էր վերականգնված ավետարանը և փոխել իր կյանքը, այլ կերպ ասած՝ իր սիրտը:

Երբ շաբաթ օրը եկավ, կեսօրից հետո մտածեցի. «Լավ, գուցե վաղը հիվանդանամ և ստիպված չեմ լինի եկեղեցի գնալ: Այլևս ֆուտբոլի խաղը չէր, որ ինձ անհանգստացնում էր․ դա այն դասն էր, որը ես պետք է վարեի, առավել ևս, որ այն Հանգստության օրվա թեմայով էր։

Կիրակին եկավ, և ես արթնացա ավելի առողջ, քան երբևէ։ Ես ոչ մի արդարացում չունեի՝ ոչ մի փախուստ։

Առաջին անգամ էի դաս տալիս, բայց եղբայր Էսպինոզան կողքիս էր, և դա սրտի հզոր փոփոխության օր դարձավ ինձ համար։

Այդ պահից ի վեր ես սկսեցի սուրբ պահել Հանգստության օրը, և ժամանակի ընթացքում, նախագահ Նելսոնի խոսքերով, Հանգստության օրը բերկրանք դարձավ:6

«Տե՛ր, ես քեզ ամեն ինչ եմ տալիս․ Քեզ ավելին տալու բան չունեմ»։

Ինչպես ձեռք բերենք

Ինչպե ՞ս կարող ենք ձեռք բերել սրտի այդ հզոր փոփոխությունը։ Այն սկսվում է և, ի վերջո, տեղի է ունենում․

  1. երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները՝ ձեռք բերելով գիտելիք, որն ամրացնում է մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչն էլ ստեղծում է փոխվելու ցանկություն:7

  2. երբ մենք այդ ցանկությունը զարգացնում ենք աղոթքի և ծոմապահության միջոցով։8

  3. երբ մենք գործում ենք համաձայն մեր սովորածի կամ ստացած խոսքի, և ուխտ ենք կապում հանձնել մեր սրտերը Նրան, ինչպես Բենիամին թագավորի ժողովուրդը։9

Հասկանանք և ուխտեր կապենք

Ինչպե՞ս ենք իմանում, որ մեր սիրտը փոխվում է։10

  1. երբ ցանկանում ենք ամեն ինչում գոհացնել Աստծուն։11

  2. երբ ուրիշներին վերաբերվում ենք սիրով, հարգանքով ու հոգատարությամբ։12

  3. երբ տեսնում ենք, որ Քրիստոսի հատկանիշները դառնում են մեր բնավորության մասը:13

  4. երբ մշտապես զգում ենք Սուրբ Հոգու առաջնորդությունը:14

  5. երբ պահում ենք մի պատվիրան, որը դժվար է եղել մեզ համար, և շարունակում ենք ապրել ըստ դրա:15

Արդյո՞ք սրտի հզոր փոփոխություն չենք զգում, երբ ուշադիր լսում ենք մեր ղեկավարների խորհուրդները և ուրախությամբ որոշում ենք հետևել դրանց։

«Տե՛ր, ես քեզ ամեն ինչ եմ տալիս․ Քեզ ավելին տալու բան չունեմ»։

Պահպանենք և օգուտներ քաղենք

Ինչպե՞ս ենք մենք պահպանում սրտի հզոր փոփոխությունը.

  1. երբ մենք ամեն շաբաթ ճաշակում ենք հաղորդությունը և նորոգում ուխտը, որպեսզի մեզ վրա վերցնենք Քրիստոսի անունը, միշտ հիշենք Նրան և պահենք Նրա պատվիրանները:16

  2. երբ մեր կյանքը ուղղում ենք դեպի տաճար:17 Կանոնավոր հաճախելով տաճար՝ կօգնենք մեզ պահպանել նոր և նորոգված սիրտը՝ արարողություններին մասնակցելու միջոցով։

  3. երբ մենք սիրում և ծառայում ենք մեր մերձավորներին՝ սպասավորության և միսիոներական աշխատանքով։18

Այդժամ՝ ի ուրախություն մեզ, այդ ներքին փոփոխությունն ավելի է ամրանում և տարածվում, մինչև որ ուղեկցվում է բարի գործերի առատությամբ։19

Սրտի այդ հզոր փոփոխությունը մեզ ազատության, վստահության և խաղաղության զգացում է պարգևում։20

Սրտի այս փոփոխությունը արագ ընթացող իրադարձություն չէ․ այն պահանջում է հավատք, ապաշխարություն և մշտական հոգևոր աշխատանք: Այն սկսվում է այն ժամանակ, երբ մենք ցանկանում ենք մեր կամքը ենթարկել Տիրոջը, և այն իրականացվում է, երբ Նրա հետ մտնում ենք ուխտերի մեջ և պահում ենք այդ ուխտերը։

Այդ անհատական գործողությունը դրական ազդեցություն է թողնում թե՛ մեր, թե՛ շրջապատի մարդկանց վրա։

Ըստ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի. «Պատկերացրեք, թե որքան արագ կլուծվեն կործանարար հակամարտությունները ողջ աշխարհում, ինչպես նաև մեր անհատական կյանքում, եթե մենք բոլորս որոշենք հետևել Հիսուս Քրիստոսին և ուշք դարձնել Նրա ուսմունքներին»:21 Փրկիչի ուսմունքներին հետևելը հանգեցնում է սրտի հզոր փոփոխության։

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, երիտասարդնե՛ր և երեխանե՛ր, մինչ այս շաբաթ և կիրակի օրերին մենք մասնակցում ենք համաժողովին, թող մեր մարգարեների խոսքերը, որոնք գալու են Տիրոջից, մտնեն մեր սրտերը և այնտեղ հզոր փոփոխություն առաջացնեն:

Նրանց, ովքեր դեռ չեն միացել Տիրոջ վերականգնված Եկեղեցուն, ես հրավիրում եմ լսել միսիոներներին անկեղծ ցանկությամբ, որպեսզի իմանաք, թե ինչ է Աստված ակնկալում ձեզանից, և զգալ այդ ներքին փոխակերպումը։22

Այսօր է Տեր Հիսուս Քրիստոսին հետևելու որոշման օրը: «Տե՛ր, քեզ եմ տալիս, իմ սիրտը․ Քեզ ավելին տալու բան չունեմ»։

Ինչպես մատանին փրկվեց այդ նավաբեկությունից, մենք փրկվում ենք այս կյանքի մոլեգնող ծովերից, երբ մեր սիրտը տալիս ենք Աստծուն, և այդ ընթացքում մենք կատարելագործվում և մաքրվում ենք Քրիստոսի Քավության միջոցով ու դառնում «Քրիստոսի զավակները»՝ հոգևոր առումով «ծնվելով Նրանից»:23 Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: