Գերագույն համաժողով
Դասեր ջրհորի մոտ
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Դասեր ջրհորի մոտ

Մենք կարող ենք դիմել Փրկիչին այն ուժի և բժշկության համար, որը մեզ հնարավորություն կտա իրականացնելու այն ամենը, ինչի համար մենք այստեղ ենք:

Ես շատ ուրախ եմ, որ ձեզ հետ հավաքվել ենք այս գերագույն համաժողովի կանանց նիստում:

Ես մեծացել եմ արևմտյան Նյու Յորքում և հաճախել եմ Եկեղեցու մի փոքր ճյուղ՝ մեր տնից մոտ 32 կմ հեռավորության վրա: Երբ ես նստած էի Կիրակնօրյա դպրոցի դասարանում՝ մեր հին, վարձակալած հավաքատան նկուղում իմ ընկեր Փեթի Ջոյի հետ, ես երբեք չէի կարող պատկերացնել, որ միլիոնավոր կանանց համաշխարհային քույրերի միության մաս եմ կազմում:

Հինգ տարի առաջ, երբ մենք նվիրյալ սրբերի հետ ծառայում էինք Արևելյան Եվրոպայի Տարածքում, ամուսինս՝ Բրյուսը, ծանր հիվանդացավ։ Մենք վերադարձանք տուն, և նա մահացավ ընդամենը մի քանի շաբաթ անց։ Իմ կյանքն անսպասելիորեն փոխվեց: Ես ինձ թույլ ու խոցելի էի զգում: Ես աղաչեցի Տիրոջը, որ ուղղորդի իմ ճանապարհը. «Ի՞նչ ես ցանկանում, որ ես անեմ»:

Մի քանի շաբաթ անց ես նայում էի իմ Է-փոստը, երբ մի փոքրիկ նկար գրավեց իմ ուշադրությունը: Երբ ավելի մոտիկից նայեցի, հասկացա, որ դա ջրհորի մոտ տեղի ունեցած սամարացի կնոջ և Հիսուսի հանդիպման վերարտադրումն է: Այդ պահին Հոգին հստակ խոսեց ինձ հետ. «Դա այն է, ինչ դու պետք է անես»: Սիրող Երկնային Հայրը հրավիրեց ինձ, որ գամ Փրկիչի մոտ և սովորեմ:

Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել երեք դասերով, որոնք ես սովորում եմ, երբ շարունակում եմ խմել Նրա «կենդանի ջրի» ջրհորից:1

Առաջին. մեր անցյալ ու ներկա հանգամանքները չեն որոշում մեր ապագան

Քույրե՛ր, ես գիտեմ, որ ձեզնից շատերը նույն կերպ են զգում, քանի որ չգիտեք, թե ինչպես դիմագրավել դժվարին մարտահրավերներին ու կորուստներին, քանի որ ձեր կյանքը չի ընթանում այնպես, ինչպես որ դուք հույս ունեիք, աղոթում էիք և ծրագրել էիք:

Անկախ մեր հանգամանքներից, մեր կյանքը սուրբ է և ունի իմաստ ու նպատակ: Մեզանից յուրաքանչյուրը Աստծո սիրելի դուստրն է, և մենք ծնվել ենք մեր Երկնային Հորը նմանվելու ներուժով:

Իր քավիչ զոհաբերության միջոցով մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը հնարավորություն տվեց մեզ մաքրվել և բժշկվել՝ արտոնելով մեզ իրականացնել մեր նպատակը երկրի վրա՝ անկախ ընտանիքի անդամների որոշումներից, մեր ամուսնական կարգավիճակից, ֆիզիկական և մտավոր առողջությունից կամ որևէ այլ իրավիճակից:

Դիտարկենք ջրհորի մոտ գտնվող կնոջը: Ինչպիսի՞ն էր նրա կյանքը: Հիսուսը հասկացավ, որ նա հինգ ամուսին էր ունեցել և այժմ ամուսնացած չէր այն տղամարդու հետ, ում հետ ապրում էր: Եվ այնուամենայնիվ, չնայած նրա կյանքի դժվարություններին, Փրկիչի առաջին հրապարակային հայտարարությունը, որ Ինքը Մեսիան է, ուղղված էր նրան: Նա ասաց. «Ես եմ, որ քեզ հետ խօսում եմ»:2

Այդ կինը դարձավ հզոր վկա՝ իր քաղաքում գտնվողներին հայտարարելով, որ Հիսուսը Քրիստոսն է: «Եւ Սամարացիների այն քաղաքիցը շատերը հաւատացին նորան այն կնկայ խօսքի համար»։3

Նրա անցյալ ու ներկա հանգամանքները չէին որոշում նրա ապագան։ Նրա նման մենք կարող ենք ընտրել՝ այսօր դիմել Փրկիչին այն ուժի և բժշկության համար, որը մեզ հնարավորություն կտա իրականացնելու այն ամենը, ինչի համար մենք այստեղ ենք:

Երկրորդ. զորությունը մեր մեջ է

Վարդապետություն և Ուխտերի հայտնի հատվածում Տերը խրախուսում է կանանց և տղամարդկանց, որ «ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ, և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն, քանզի զորություն կա նրանց մեջ»:4

Քույրե՛ր, զորություն կա մեր մեջ, որ շա՛տ արդարություն գործենք:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է. «Յուրաքանչյուր կին և յուրաքանչյուր տղամարդ, որն Աստծո հետ ուխտ է կապում և պահում այդ ուխտերը, և արժանիորեն մասնակցում է քահանայության արարողություններին, նրանց ուղղակիորեն մատչելի է Աստծո զորությունը»:5

Ես հասկացել եմ, որ երբ մենք ձգտում ենք հարգել սուրբ ուխտերը, որոնք կնքվել են մկրտության ժամանակ և սուրբ տաճարներում, Տերը կօրհնի մեզ «Իր բժշկող, ամրապնդող զորությամբ» և այնպիսի «հոգևոր ըմբռնումով ու զարթոնքով, որ [մենք] երբևէ չենք ունեցել նախկինում»:6

Երրորդ. «Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է»7

Լեռան քարոզում Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին. «Դուք երկրի աղն էք»8 և «Դուք աշխարհի լոյսն էք»:9 Ավելի ուշ երկնքի արքայության աճը Նա համեմատեց թթխմորի հետ, «որ մի կնիկ առաւ՝ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց մինչեւ որ բոլորը խմորուեցաւ»:10

  • Աղ

  • Թթխմոր

  • Լույս

Նույնիսկ շատ փոքր քանակությամբ, սրանցից յուրաքանչյուրն ազդում է իր շուրջը եղած ամեն ինչի վրա: Փրկիչը հրավիրում է մեզ օգտագործել Իր զորությունը և լինել աղ, թթխմոր և լույս:

Աղ

Զարմանալի է, թե որքան մեծ է համի տարբերությունը, երբ կերակուրի մեջ չնչին քանակությամբ աղ ենք ավելացնում: Եվ այնուամենայնիվ, աղը ամենից էժան ու պարզ բաղադրիչներից մեկն է:

Դ Թագավորաց գրքում մենք կարդում ենք, որ «մի փոքր աղջիկ»,11 որը գերեվարվեց ասորիների կողմից, դարձավ ասորական բանակի զորավար Նեեմանի կնոջ ծառան: Նա աղի նման էր. նա երիտասարդ էր, աշխարհիկ կյանքի փորձ չուներ, և օտար երկրում ստրուկի նրա կյանքը ակնհայտորեն այն չէր, ինչի հույսը նա ուներ:

Այնուամենայնիվ, Աստծո զորությամբ նա երկու նախադասություն ասաց՝ վկայելով Նեեմանի կնոջը. «Երանի թէ իմ տէրը Սամարիայումն եղող մարգարէի առաջին լինէր. Այն ժամանակ նա նորան կ’բժշկէր իր բորոտութիւնիցը»։12

Նրա հավատքի խոսքերը փոխանցվեցին Նեեմանին, ով գործեց ըստ նրա խոսքերի, ինչը հնարավորություն տվեց նրան բուժվել՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես:

Մենք հաճախ կենտրոնանում ենք այն ծառաների վրա, ովքեր համոզեցին Նեեմանին լողանալ Հորդանան գետում, ինչպես որ Եղիսե մարգարեն էր հրահանգել, բայց Նեեմանը նույնիսկ Եղիսեի դռան մոտ չէր լինի առանց «փոքր աղջկա»։

Գուցե դուք երիտասարդ եք կամ ձեզ կարևոր չեք համարում, բայց դուք կարող եք լինել որպես աղ ձեր ընտանիքում և ձեր համայնքում:

Թթխմոր

Երբևէ առանց թթխմորի հաց կերե՞լ եք։ Ինչպե՞ս կնկարագրեիք այն։ Խի՞տ: Ծա՞նր: Կո՞շտ: Նույնիսկ փոքր քանակությամբ թթխմորով հացը բարձրանում է, ընդարձակվում և դառնում ավելի թեթև ու փափուկ:

Երբ մեր կյանք ենք հրավիրում ենք Աստծո զորությունը, կարող ենք «հանգուած սիրտը» փոխարինել13 ոգեշնչված հեռանկարներով, որոնք բարձրացնում են ուրիշներին և տեղ են տալիս, որ սրտերը բժշկվեն:

Վերջերս իմ ընկերուհին Սուրբ ծննդի առավոտյան պառկած էր անկողնում՝ վշտից ընկճված: Նրա երեխաները աղաչում էին նրան վեր կենալ, սակայն նա լցված էր իրեն սպասվող ամուսնալուծության ցավով: Անկողնում պառկած՝ նա հեկեկալով իր հոգին բացեց իր Երկնային Հոր առաջ՝ պատմելով Նրան իր հուսահատության մասին:

Երբ նա ավարտեց աղոթքը, Հոգին շշնջաց նրան, որ Աստված գիտի նրա ցավի մասին: Նա լցված էր իր հանդեպ Նրա կարեկցանքով: Այս սուրբ փորձառությունը հաստատեց նրա զգացմունքները և հույս տվեց, որ նա միայնակ չէր իր վշտի մեջ: Նա վեր կացավ, դուրս եկավ և իր երեխաների հետ ձնեմարդ պատրաստեց՝ առավոտյան ընկճվածությունը փոխարինելով ծիծաղով և ուրախությամբ։

Լույս

Որքա՞ն լույս է անհրաժեշտ սենյակի խավարը ցրելու համար: Մի փոքրիկ ճառագայթ: Եվ այդ լույսի ճառագայթը մութ տեղում կարող է բխել ձեր մեջ եղած Աստծո զորությունից:

Թեև դուք կարող եք ձեզ միայնակ զգալ, երբ մոլեգնում են կյանքի փոթորիկները, դուք կարող եք լույս սփռել թյուրիմացության, շփոթության և անհավատության խավարի մեջ: Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի լույսը կարող է կայուն և հաստատուն լինել՝ ձեր շուրջը գտնվողներին առաջնորդելով դեպի ապահովություն և խաղաղություն:

Քույրե՛ր, սրտերը կարող են փոխվել, և կյանքերը օրհնվել, երբ մենք առաջարկում ենք մի պտղունց աղ, մի գդալ թթխմոր և լույսի մի շող:

Ես վկայում եմ, որ Փրկիչը մեր կյանքի աղն է, և հրավիրում է մեզ ճաշակել Իր ուրախությունից և սիրուց:14 Նա է մեր թթխմորը, երբ մեր կյանքը ծանր է, և բերում է մեզ հույս՝15 կրելով մեր բեռները16 Իր անզուգական ուժի և փրկագնող սիրո միջոցով:17 Նա է մեր լույսը,18 որ լուսավորում է մեր տունդարձի ճամփան:

Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք գալ Փրկիչի մոտ, ինչպես կինը ջրհորի մոտ, և խմենք Նրա կենդանի ջրից: Ապա, Սամարիայի ժողովրդի հետ մենք կարող ենք հայտարարել. «Այլ եւս քո խօսքերի պատճառով չենք հաւատում. … որովհետեւ մենք ինքներս լսեցինք, եւ գիտենք որ ճշմարտապէս սա է աշխարհի Փրկիչը՝ Քրիստոսը»։19 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։