Գերագույն համաժողով
Ինքնապահովում ուսուցանենք երեխաներին և երիտասարդներին
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Ինքնապահովում ուսուցանենք երեխաներին և երիտասարդներին

Եկեք հետևենք մեր Փրկիչին` Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին, դառնանք ինքնապահով մեր ողջ կյանքի ընթացքում, և ուսուցանենք այն մեր երեխաներին ու երիտասարդներին:

Ես կխոսեմ ինքնապահովման մասին, և ինչպես կարելի է այն ուսուցանել երեխաներին և երիտասարդներին: Ինքնապահովումը կարող է մեծահասակների համար ընկալվել որպես հիմնական թեմա: Ես հասկացա, որ մեծահասակաները կարող են լավագույնները լինել ինքնապահովման ուղու վրա, երբ տանը նրանց ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի ավետարանը, և նրանք կիրառում են դրա վարդապետությունն ու սկզբունքները մանկությունից և պատանեկությունից սկսած:

Լավագույն բացատրությունը իրական կյանքի հիանալի օրինակն է։ Ուիլֆրիդ Վեյնին, նրա յոթ եղբայրներն ու քույրերը և նրա մայրը միացան Եկեղեցուն Աբիջանում՝ Այվորի Քոստում, երբ նա վեց տարեկան էր: Նա մկրտվեց, երբ ութ տարեկան էր: Նրա հայրը՝ ընտանիքի ապրուստ վաստակողը, մահացավ, երբ նա տասնմեկ տարեկան էր:

Չնայած Ուիլֆրիդը վշտացած էր ընտանեկան իրավիճակով, սակայն որոշեց շարունակել դպրոցը իր մոր խրախուսանքով և Եկեղեցու աջակցությամբ: Նա ավարտեց միջնակարգ դպրոցը և լիաժամկետ միսիան ծառայեց Գանա Քեյփ Քոստի միսիայում, որտեղ նա սովորեց անգլերեն: Միսիայից հետո նա գնաց համալսարան և դիպլոմ ստացավ հաշվապահության և ֆինանսների բնագավառում: Չնայած դժվար էր աշխատանք գտնել այդ բնագավառում, նա աշխատանք գտավ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում:

Նա սկսեց որպես մատուցող՝ հինգ աստղանի հյուրանոցում, բայց կատարելագործվելու ձգտումը ստիպեց նրան ավելի շատ սովորել, մինչև նա դարձավ ընդունարանի երկլեզու աշխատակից: Երբ նոր հյուրանոց բացվեց, նրան աշխատանքի ընդունեցին որպես գիշերային վերստուգող: Ավելի ուշ նա ընդունվեց BYU–Pathway Connect-ը և այժմ սովորում է տուրիզմի և հյուրանոցների կառավարման դասընթացի վկայական ստանալու համար: Նրա ցանկությունն է մի օր բարձրակարգ հյուրանոցի կառավարիչ դառնալ: Ուիլֆրիդը կարողանում է ապահովել իր հավերժական զուգընկերոջը և երկու երեխաներին, ինչպես նաև օգնել իր մայրիկին և քույրերին ու եղբայրներին: Ներկայումս նա ծառայում է Եկեղեցում որպես ցցի բարձրագույն խորհրդի անդամ:

Ինքնապահովումը սահմանվում է որպես «իր և ընտանիքի հոգևոր և կենսական կարիքները հոգալու ունակություն, պարտավորվածություն և ջանք»։1 Ինքնապահով լինելու ձգտումը մեր աշխատանքի մասն է կազմում ուխտի արահետի վրա, որն առաջնորդում է մեզ hետ` դեպի Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը: Այն կամրացնի մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և փրկության ու վեհացման ուխտերի ու արարողությունների միջոցով ուրախությամբ կկապի մեզ Նրա հետ: Ինքնապահովումը Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետություն է, և ոչ թե ծրագիր: Դա գործընթաց է ողջ կյանքի համար, և ոչ թե իրադարձություն:

Մենք ինքնապահով ենք դառնում մեր կյանքի ընթացքում` աճելով մեր հոգևոր ուժով, բարելավելով մեր ֆիզիկական և հուզական առողջությունը, հետամուտ լինելով մեր կրթությանը և աշխատանքին և նախապատրաստվելով աշխարհիկ կյանքին:2 Մի՞թե այս առաջադրանքը երբևէ ավարտվում է մեր կյանքում: Ոչ, դա ողջ կյանքում սովորելու, աճի և աշխատանքի շարունակական գործընթաց է: Այն երբեք չի ավարտվում, այն շարունակական, ամենօրյա գործընթաց է:

Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել ինքնապահովման վարդապետությունը և սկզբունքները մեր երեխաներին և երիտասարդներին: Երեխաների և երիտասարդների զարգացման ծրագրի կանոնավոր կիրառումը մեր տներում կարևոր եղանակ է: Ծնողները և երեխաները սովորում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, մասնակցում ծառայությունների և միջոցառումների և միասին աշխատում են անձնական զարգացման չորս ոլորտներում, որոնք առանձնահատուկ են յուրաքանչյուր երեխայի համար: Այն այլևս բոլորի համար նշանակված նույն ծրագիրը չէ:

Երեխաների ուղեցույցում ասվում է. «Երբ Հիսուսը ձեր տարիքին էր, Նա սովորեց և աճեց: Դուք նույնպես սովորում և աճում եք։ Սուրբ գրություններն ասում են. «Հիսուսը զարգանում էր իմաստութիւնով և հասակով, և շնորհքով` Աստուծոյ և մարդկանց մոտ»: (Ղուկաս 2.52)»:3 Այս սուրբ գրությունը վերաբերում է Աստծո բարեհաճությանը՝ աճին և ուսուցմանը հոգևոր առումով, հասարակական առումով` բարեհաճություն մարդկանց հանդեպ, ֆիզիկական առումով` հասակին, իսկ մտավոր առումով՝ իմաստությանը։ Զարգացման այս ոլորտները վերաբերում են մեզ բոլորիս՝ անկախ մեր տարիքից: Ե՞րբ ենք մենք ուսուցանում դրանք: Երկրորդ Օրինաց 6.6–7 հատվածներում կարդում ենք.

«Եվ այս խոսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մեջ լինեն:

Եւ կրկնիր Տիրոջ խոսքերը քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս»։

Մենք այս ամենն ուսուցանում ենք երեխաներին մեր լավ օրինակով՝ աշխատելով և ծառայելով նրանց հետ, ուսումնասիրելով սուրբ գրությունները և հետևելով Հիսուս Քրիստոսի ուսմունքներին՝ ինչպես ուսուցանվում է մարգարեների կողմից:

Ես նշեցի, որ Երեխաների և երիտասարդների զարգացման ծրագրում երեխաներն ընտրում են տարբեր նպատակներ` զարգացման չորս ոլորտներից յուրաքանչյուրում: Կարևոր է, որ նրանք ստեղծեն իրենց անձնական նպատակները յուրաքանչյուր ոլորտում: Ծնողները և ղեկավարները կարող են ուսուցանել, խորհուրդ տալ և աջակցել:

Օրինակ՝ մեր թոռնուհի Միրանդան շատ ոգեշնչված է հոգևոր աճ ունենալու հարցում, ուստի ամեն օր մասնակցում է վաղ առավոտյան սեմինարիայի դասերին: Նա սկսեց հետաքրքրվել՝ լսելով դրական մեկնաբանություններ իրենց ծխի սեմինարիայի մյուս ուսանողների կողմից: Նրա մայրը ստիպված չէ արթնացնել նրան դասի համար: Նա ինքնուրույն վեր է կենում և միանում առավոտյան 6:20-ին նշանակված տեսահամաժողովին, քանի որ նա զարգացրել է լավ սովորություններ, որոնք օգնում են նրան անել այդ: Իմ ծնողները պատմեցին ինձ, որ Միրանդան այժմ ավելի շատ է խոսում, երբ այցելում է իրենց, քանի որ նա ինքնավստահություն է ձեռք բերել: Սրանք դասեր են կյանքի և աճի համար՝ նկատելի արդյունքներով:

Ծնողները, տատիկները, պապիկները, ղեկավարները և ընկերները օգնում են երեխաների աճին և զարգացմանը: Ծխի քահանայության և կազմակերպության ղեկավարների հետ միասին լիովին ներգրավված սպասավորող եղբայրներն ու քույրերը աջակցություն են ցույց տալիս: «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրն ասում է. «Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ: … Անհրաժեշտության դեպքում [ազգակցական] ընտանիքները պետք է աջակցություն ցույց տան»:4 Այդ վերջին տողը մյուսների շարքում վերաբերում է տատիկներին և պապիկներին:

Քանի որ մենք ծառայում ենք Արևմտյան Աֆրիկայում, կինս` Նուրիան, հրաշալի գործ է արել` սպասավորելով և կապված մնալով մեր ընտանիքի և օվկիանոսի մյուս կողմում գտնվող թոռնիկների հետ: Նա այդ անում է` օգտագործելով տեխնոլոգիաները: Նա գրքեր է կարդում փոքր թոռնիկների համար` օգտագործելով տարբեր հավելվածներ: Նա ուսուցանում է մեծ թոռնուհիներին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օրինակ` մեր ընտանիքի պատմությունը, գիտություն, Պուերտո Ռիկոյի պատմությունը, Հավատո Հանգանակը և Հիսուս Քրիստոսի ավետարանը: Հեռավորությունները ներկայումս չեն սահմանափակում մեր ընտանիքների աճող սերնդի հետ կապը, պատկանելությունը, սպասավորումն ու ուսուցանումը: Ես ևս միանում եմ Նուրիային, երբ կարողանում եմ` ուսուցանելով մեր թանկագին թոռնիկներին, սիրելով նրանց և երես տալով ու ծիծաղեցնելով:

Դուք պետք է նկատեք Երեխաների և Երիտասարդների զարգացման ծրագրի և ինքնապահովման ձևավորման միջև առկա ոգեշնչված նմանությունները: Աճի չորս ոլորտները շատ նման են: Ինքնապահովման ոլորտում հոգևոր ուժը կապված է Երեխաների և երիտասարդների հոգևորի հետ: Ֆիզիկական և հուզական առողջությունը կապված է Երեխաների և երիտասարդների ֆիզիկական և հասարակական կողմերի հետ: Կրթությունը, աշխատանքը և աշխարհիկ կյանքի նախապատրաստվածությունը ինքնապահովման ոլորտում նման են երեխաների և երիտասարդների զարգացման ծրագրի մտավոր մասին:

Եզրափակելով՝ եկեք հետևենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին` դառնալով ինքնապահով մեր ողջ կյանքում, և ուսուցանելով այն մեր երեխաներին և երիտասարդներին: Մենք լավագույնս կարող ենք դա անել.

  1. լավ օրինակներ լինելով ուրիշներին ծառայելիս:

  2. ապրելով և ուսուցանելով ինքնապահովման վարդապետությունն ու սկզբունքները, և

  3. հնազանդվելով ինքնապահովում ձևավորելու պատվիրանին, որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի մաս:

Վարդապետություն և Ուխտեր 104․15-16 հատվածներն ասում են.

«Եվ իմ նպատակն է՝ ապահովել իմ սրբերին. քանզի բոլոր բաներն իմն են:

Սակայն դա անպայման պետք է արվի իմ իսկ ձևով. և ահա, սա է այն ձևը, որը ես՝ Տերս, որոշել եմ իմ սրբերին ապահովելու համար, որ աղքատը պիտի բարձրացվի, նրանով, [ինչով] հարուստը կխոնարհեցվի»:

Սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է: Նրա ավետարանն օրհնում է ընտանիքներին այստեղ երկրի վրա և հավերժությունների մեջ: Այն առաջնորդում է մեզ մեր կյանքում, երբ մենք ձգտում ենք դառնալ հավերժական ընտանիքներ: Ես գիտեմ, որ սա ճշմարիտ է։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։