Գերագույն համաժողով
Մե՛նք ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Մե՛նք ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին

Եկեղեցին ավելին է, քան շենքերն ու եկեղեցական կառույցը. Եկեղեցին մենք ենք՝ անդամներս, Քրիստոսի գլխավորությամբ, իսկ մարգարեն՝ Նրա խոսնակն է:

«Եկեք և տեսեք»1 հրավերը ստանալուց հետո ես 26 տարեկանում առաջին անգամ այցելեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։ Ես վերջերս էի բաժանվել իմ առաջին ամուսնուց։ Ես ունեի երեք տարեկան որդի։ Եվ ես վախից անզոր էի զգում ինձ։ Երբ շենք մտա, ես լցվեցի ջերմությամբ և զգացի ինձ շրջապատող մարդկանց հավատքն ու ուրախությունը: Դա իսկապես «ապավեն [էր] փոթորիկից»։2 Երեք շաբաթ անց ես մկրտության ուխտ կապեցի Երկնային Հոր հետ և սկսեցի իմ ճամփորդությունը՝ որպես Քրիստոսի աշակերտ, թեև իմ կյանքն այդ ճամփորդության ընթացքում կատարյալ չէր:

Այդ հավերժական օրհնությունները ստանալու համար տարբեր ֆիզիկական և հոգևոր տարրեր պետք է իրենց տեղը գտնեին: Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել և քարոզվել էր, այդ հավաքատունը կառուցվել և պահպանվել էր, կար հոգևոր կառույց՝ մարգարեից մինչև տեղական ղեկավարներ, իսկ ուխտ կապած անդամներով լի մի ճյուղ պատրաստ էր գրկել ինձ և իմ որդուն, երբ մեզ բերեցին Փրկիչի մոտ՝ «սնուցված Աստծո բարի խոսքով»,3 ինչպես նաև ինձ հնարավորություն տրվեց ծառայելու:4

Ի սկզբանե Աստված ձգտել է հավաքել և կազմակերպել Իր զավակներին,5 որպեսզի իրականացնի մարդու անմահությունն ու հավերժական կյանքը:6 Այդ նպատակի համար Նա հրահանգել է մեզ կառուցել երկրպագության վայրեր,7 որտեղ մենք ստանում ենք գիտելիք և փրկության ու վեհացման արարողությունները, կապում և պահում ենք ուխտերը, որոնք միավորում են մեզ Հիսուս Քրիստոսի հետ,8 և որոնք օժտված են «աստվածայնության զորությամբ»,9 ինչպես նաև հաճախ հավաքվում ենք միասին՝ հիշելու Հիսուսին և զորացնելու միմյանց Նրանում:10 Եկեղեցու կազմակերպությունը և նրա շենքերը գոյություն ունեն մեր հոգևոր օգտի համար: «Եկեղեցին … այն տախտակամածն է, որի վրա մենք հավերժական ընտանիքներ ենք կառուցում»:11

Երբ խոսեցի մի ընկերոջ հետ, որը դժվար ժամանակներ էր ապրում, հարցրի, թե ինչպես է նա դիմանում ֆինանսապես: Արցունքներն աչքերին նա պատասխանեց, որ իր եպիսկոպոսն օգնում է իրեն ծոմապահության միջոցներով: Նա ավելացրեց. «Ես չգիտեմ, թե որտեղ կլինեինք ես և իմ ընտանիքը, եթե չլիներ Եկեղեցին»: Ես պատասխանեցի. «Եկեղեցին՝ անդամներն են: Նրանք են, ովքեր պատրաստակամորեն և ուրախությամբ ծոմի նվիրատվություններ են տալիս՝ օգնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են: Դուք ստանում եք նրանց հավատքի և Հիսուս Քրիստոսին հետևելու վճռականության պտուղները»:

Քրիստոսի իմ ընկերակից աշակերտնե՛ր, եկեք չթերագնահատենք այն սքանչելի աշխատանքը, որը, անկախ մեր թերություններից, Տերն անում է մեր՝ Իր Եկեղեցու միջոցով: Երբեմն մենք տալիս ենք, երբեմն էլ՝ ստանում, բայց մենք բոլորս մեկ ընտանիք ենք Քրիստոսում: Նրա Եկեղեցին այն կառույցն է, որը Նա տվել է, որպեսզի առաջնորդի և օրհնի մեզ, երբ մենք երկրպագենք Նրան և ծառայենք միմյանց:

Որոշ քույրեր ներողություն են խնդրել ինձնից՝ մտածելով, որ իրենք Սփոփող միության ակտիվ անդամներ չեն, քանի որ ծառայում են Երեխաների միության կամ Երիտասարդ կանանց կազմակերպություններում: Այդ քույրերը Սփոփող միության ամենաակտիվ անդամներից են, քանի որ նրանք օգնում են մեր թանկագին երեխաներին և երիտասարդներին ամրացնել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Սփոփող միությունը չի սահմանափակվում սենյակի սահմաններով, կիրակնօրյա դպրոցի դասով, միջոցառումով կամ տեղական և ընդհանուր մակարդակի նախագահությամբ: Սփոփող միությունը Եկեղեցու ուխտի կանայք են. դա մենք ենք՝ մեզանից յուրաքանչյուրը և բոլորս։ Դա մեր «կարեկցանքի և ծառայության միջազգային համայնքն է»:12 Ուր էլ որ գնանք, մենք միշտ մաս ենք կազմելու Սփոփող միության, երբ ձգտենք իրականացնել նրա աստվածային նպատակը, որն է՝ կատարել Աստծո աշխատանքը անհատական, ինչպես նաև հավաքական ձևերով,13 ապահովելով ազատում՝ «աղքատությունից ազատում, հիվանդությունից ազատում, կասկածից ազատում, անգիտությունից ազատում՝ բոլոր բաներից ազատում, ․․․ ուրախություն ունենալ և զարգանալ»:14

Նման պատկանելություն գոյություն ունի Եկեղեցու երեցների քվորումներում և բոլոր տարիքի կազմակերպություններում, ներառյալ՝ մեր երեխաների և երիտասարդների: Եկեղեցին ավելին է, քան շենքերն ու հոգևոր կառույցը. Եկեղեցին մենք ենք՝ անդամներս։ Մենք ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին՝ Քրիստոսի գլխավորությամբ, իսկ մարգարեն՝ Նրա խոսնակն է: Տերն ասել է․

«Ահա, սա իմ վարդապետությունն է,– ով ապաշխարում և գալիս է ինձ մոտ, նա իմ եկեղեցին է: …

Եվ ով որ իմ եկեղեցուց է, և իմ եկեղեցում համբերում է մինչև վերջ, նրան ես կհաստատեմ իմ վեմի վրա»։15

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, եկեք գիտակցենք, թե ինչ մեծ պատիվ է լինել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ, որտեղ մենք կարող ենք հանուն Նրա միավորել մեր հավատքը, սրտերը, ուժերը, միտքը և ձեռքերը՝ կատարելու Նրա հզոր հրաշքները: «Որովհետեւ [Քրիստոսի եկեղեցու] մարմինն էլ մէկ անդամ չէ, այլ շատ»։16

Մի դեռահաս տղա մորն ասաց. «Երբ ես փոքր էի, ամեն անգամ, երբ մեկ դոլար էի տասանորդ տալիս, մտածում էի, որ այդ մեկ դոլարով մի ամբողջ հավաքատուն կկառուցվի: Արդյո՞ք դա երեխայություն չէր»:

Հուզված մայրը պատասխանեց. «Դա հիանալի է: Դու պատկերացրե՞լ ես դրանք քո մտքում»։

Տղան բացականչեց․ «Այո, դրանք գեղեցիկ էին, և դրանք միլիոնավոր էին»:17

Իմ սիրելի ընկերնե՛ր, եկեք երեխայի նման հավատք ունենանք և ուրախանանք՝ իմանալով, որ նույնիսկ մեր ամենափոքր ջանքերը նշանակալի փոփոխություն են բերում Աստծո արքայությունում:

Նրա արքայությունում մեր նպատակը պետք է լինի միմյանց Քրիստոսի մոտ բերելը: Ինչպես կարդում ենք սուրբ գրություններում, Փրկիչն այս հրավերն ուղղեց նեփիացիներին.

«Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են: Բերե՛ք նրանց այստեղ: Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք … որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերե՛ք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա. իմ սիրտը լցված է ողորմությամբ:

․․․ ես տեսնում եմ, որ ձեր հավատքը բավարար է, որ ես բժշկեմ ձեզ»:18

Արդյո՞ք մենք բոլորս չարչարանքներ չունենք, որոնք կարող ենք բերել Փրկիչի ոտքերի մոտ: Թեև մեզանից ոմանք ֆիզիկական դժվարություններ ունեն, շատերը պայքարում են հուզականորեն, մյուսները պայքարում են սոցիալական կապերը զարգացնելու համար, և մենք բոլորս հանգստություն ենք փնտրում, երբ մեր հոգին խնդիրների է հանդիպում: Մենք բոլորս չարչարված ենք ինչ-որ ձևով։

Մենք կարդում ենք, որ «ողջ բազմությունը, միախմբված գնաց առաջ՝ իրենց հիվանդներով և ․․․ բոլոր նրանց հետ, որոնք չարչարված էին ինչ-որ ձևով. և նա բժշկեց նրանցից ամեն մեկին, երբ նրանք առաջ բերվեցին՝ նրա մոտ:

Եվ նրանք բոլորը՝ և՛ նրանք, ովքեր բժշկվել էին, և՛ նրանք, ովքեր առողջ էին, վար խոնարհվեցին նրա ոտքերի մոտ և երկրպագեցին նրան»:19

Սկսած փոքրիկ տղայից, որը հավատքով տասանորդ է վճարում, միայնակ մորից, որը Տիրոջ զորացնող շնորհի կարիք ունի, հորից, որը մաքառում է իր ընտանիքը ապահովելու համար, մեր նախնիներից, որոնք կարիք ունեն փրկության և վեհացման արարողությունների, և մեզանից յուրաքանչյուրից, ով նորոգում է ուխտերն Աստծո հետ, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք և կարող ենք իրար արժանացնել Փրկիչի քավիչ բժշկմանը:

Իմ սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր, եկեք հետևենք Հիսուս Քրիստոսի հրավերին և ինքներս մեզ և մեր չարչարանքները բերենք Նրա ոտքերի մոտ։ Երբ մենք գալիս ենք Նրա մոտ և բերում նրանց, ում սիրում ենք, Նա տեսնում է մեր հավատքը: Նա կառողջացնի նրանց և Նա կառողջացնի մեզ։

Որպես «Քրիստոսի խաղաղ հետևորդներ»,20 մենք ձգտում ենք դառնալ «մեկ սրտի և մեկ մտքի»21 և լինել խոնարհ, հլու ու մեղմ, պատրաստակամ՝ աղերսելու համար, լի համբերությամբ ու երկայնամտությամբ՝ լինելով ժուժկալ բոլոր բաներում, լինելով ջանասեր ամեն ժամանակ Աստծո պատվիրանները պահելիս, որ դուք ունենաք հավատք, հույս և գթություն, և այն ժամանակ դուք միշտ կհարստանաք բարի գործերով։22 Մենք ձգտում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին:

Ես վկայում եմ, որ Քրիստոսի Եկեղեցում մենք այն միջոցն ենք, որի օգնությամբ, ինչպես նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն է ուսուցանել․ «Մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը, կկատարի Իր հզորագույն գործերից մի քանիսը՝ ներկայիս և Իր Երկրորդ Գալուստի միջև»։23

Տերն ասել է․

«Ահա, ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին:

Եվ ձեզ … ես տալիս եմ պատվիրան, որ դուք հավաքվեք միասին, և կազմակերպեք ձեզ, և պատրաստեք ձեզ, և սրբագործեք ձեզ. այո, մաքրագործեք ձեր սրտերը, և մաքրեք ձեր ձեռքերն ու ոտքերն իմ առաջ, որ ես կարողանամ ձեզ մաքուր դարձնել»։24

Թող որ մենք արձագանքենք այս աստվածային հրավերին և ուրախությամբ հավաքվենք, կազմակերպվենք, պատրաստվենք և սրբագործվենք․ դա իմ խոնարհ աղոթքն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: